Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-294 օրենքի 4.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4.1. Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը, ազատումը եւ կարգավիճակը
1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:
3. Լիազորված մարմնում նախատեսվում են լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
4. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը՝ լիազորված մարմնի ղեկավարի առաջարկությամբ:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-րդ հոդվածով սահմանված կարգով եւ նշանակվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք: Սույն կետով նախատեսված պաշտոնատար անձանց ազատումը եւ նշանակումը կատարվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայության պաշտոններից ազատված եւ հանրային պաշտոնների նշանակված Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալները տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում պահպանում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները, որոնք վերջիններիս տրամադրվել են զինվորական ծառայության ընթացքում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան հանրային պաշտոններում նշանակված Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալները նշանակվելուց հետո օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից, իսկ տվյալ հանրային պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Անձի՝ հավասարության պայմաններում հանրային ծառայության անցնելու իրավունքը երաշխավորված է տարբեր միջազգային ակտերով, ինչպես օրինակ, «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» դաշնագրի 25-րդ հոդվածով:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն թիվ 25 մեկնաբանությամբ, անդրադառանալով «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» դաշնագրի 25-րդ հոդվածին, նշել է, որ պետությունը անձի՝ հավասարության պայմաններում հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացումն ապահովելու համար պետք է սահմանի հանրային ծառայության անցնելու պայմանների, ընթացակարգերի, առաջխաղացման, լիազորությունների կասեցման եւ դադարեցման օբյեկտիվ եւ խելամիտ չափանիշներ: Հանրային ծառայության անցնելու մատչելիությունն ապահովելու միջոցներ եւս պետք է ձեռնարկվեն:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածը «վարչական պաշտոն» հասկացությունը սահմանել է որպես հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը եւ պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական վարչական պաշտոններն են, ի թիվս այլնի, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնները:
Այս առումով հարկ է նկատել, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի հաշվառմամբ՝ վարչապետին ենթակա մարմիններ են հանդիսանում Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ Պետական պահպանության ծառայությունը:
Անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի կարգավորումներին՝ հարկ է նկատել, որ վերջինիս 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
«2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին՝ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Նշված կարգավորման համանմանությամբ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:»:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն.
«9. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալները պաշտոնի են նշանակվում եւ ազատվում սույն հոդվածով սահմանված կարգով` լիազորված մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:»:
Ընդ որում, վերոգրյալ օրենքների իմաստով պետական լիազոր մարմին է հանդիսանում Ազգային անվտանգության ծառայությունը:
Մեջբերված իրավանորմերից ակնհայտ է դառնում, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներին եւս պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, սակայն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրավոր միջնորդության հիման վրա:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տնօրենի եւ տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Հաշվի առնելով այն, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Ծառայությունը Վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը եւ տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են Նախագահի կողմից, անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի եւ պաշտոնից ազատի Վարչապետը՝ նկատի ունենալով Ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը: Այդպիսով կապահովվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պետական վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց ինչպես նշանակման եւ ազատման կարգի, այնպես էլ կարգավիճակի համապատասխանությունը հանրային ծառայության ընդհանուր տրամաբանությանը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը եւ տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք, Ազգային անվտանգության ծառայության առաքելության, գործառույթների եւ նպատակների պատշաճ կյանքի կոչումն ապահովելու համար անհրաժեշտ է հստակեցնել նաեւ ԱԱԾ տնօրենի կողմից զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորությունը՝ համապատասխան լրացում կատարելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում:
Միեւնույն ժամանակ, Նախագծերն անհրաժեշտ է համարել անհետաձգելի՝ պայմանավորված նրանով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների ինչպես նշանակման եւ ազատման, այնպես էլ կարգավիճակի հետ կապված դրույթների՝ «Հանրային ծառայության մասին», ինչպես նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքների կարգավորումների հետ համապատասխանության ապահովումը կրում է հրատապ բնույթ:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կվերանայվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների ինչպես նշանակման եւ ազատման, այնպես էլ կարգավիճակի հետ կապված դրույթները, որպիսի պայմաններում հնարավոր կլինի ապահովել համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին», ինչպես նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքների կարգավորումներին:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերն ուղղակիորեն չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, այլ մշակվել են՝ հիմք ընդունելով Վարչապետի 14.06.2023 թվականի թիվ 02/10.36/20045-2023 եւ 29.05.2023 թվականի թիվ 02/10.36/18071-2023 հանձնարարականները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում