Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7371-01.12.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-294 օրենքի 4.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4.1. Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը, ազատումը եւ կարգավիճակը

1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:

3. Լիազորված մարմնում նախատեսվում են լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

4. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը՝ լիազորված մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-րդ հոդվածով սահմանված կարգով եւ նշանակվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք: Սույն կետով նախատեսված պաշտոնատար անձանց ազատումը եւ նշանակումը կատարվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայության պաշտոններից ազատված եւ հանրային պաշտոնների նշանակված Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալները տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում պահպանում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները, որոնք վերջիններիս տրամադրվել են զինվորական ծառայության ընթացքում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան հանրային պաշտոններում նշանակված Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալները նշանակվելուց հետո օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից, իսկ տվյալ հանրային պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: