Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-697-06.11.2023,04.12.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «2023 թվականի դեպտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «քաղաքացիությունը դադարեցնելու համար» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 4-րդ գլխով» բառերը:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 2-րդ նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«18 տարին չլրացած քաղաքացին իրավունք ունի փոխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ ծնողների կամ նրանցից մեկի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով եւ կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետությունում իր բնակությունն oրինականացնելու համար կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: