Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 71-րդ հոդվածի՝ 1-ին մասի
1. 6-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը,
2. 10-րդ կետի «կամ մերձավորի» բառերից հետո լրացնել «,զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1. 9-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը,
2. 15-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:
Հոդված 3. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ մասի 4-րդ կետերի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հղի կնոջ նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,
5) շահադիտական դրդումներով,
6) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ,
7) մերձավոր ազգականի,զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հղի կնոջ նկատմամբ,
2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
3) անչափահասի նկատմամբ,
4) շահադիտական դրդումներով,
5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ,
6) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1. 7-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել « , զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:
2. 13-րդ կետի «կրոնով» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:
Հոդված 7. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1. 9-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:
2. 15-րդ կետի «կրոնով» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:
Հոդված 8. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 188-րդ հոդվածի՝ 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հղի կնոջ նկատմամբ,
2) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
5) այլ պետություն տեղափոխելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:»:
Հոդված 10. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «մերձավոր ազգականի,» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի
1. 6-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել « , զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը,
2. 10-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:
Հոդված 12. Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի
3. 4-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել « , զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:
4. 8-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:
Հոդված 13. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի
1. 6-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել « , զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը,
2. 10-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:
Հոդված 14. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրույթամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
2) հղի կնոջ նկատմամբ,
3) անչափահասի նկատմամբ,
4) առանձին դաժանությամբ,
5) մի խումբ անձանց կողմից,
6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,
7) առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,
8) մերձավոր ազգականի,զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ
9) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:»:
Հոդված 15. Օրենսգրքի 196-րդ հոդվածից հետո լրացնել նոր 196.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 196.1 Հետամտումը
1. Հետամտելը՝ անձին հետեւելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար եւ անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար եւ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել
պատժվում է՝ հանրային աշխատանքներով՝ երկու հարյուրից երկու հարյուր յոթանասուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
2) հղի կնոջ նկատմամբ,
3) անչափահասի նկատմամբ կամ
4) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 16. Օ րենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով,
3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
4) անչափահասի նկատմամբ,
5) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ
կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 18. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի եւ 2-րդ մասի 1-ին կետի «կամ մերձավորի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:
Հոդված 19. Օրենսգրքի 260-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի «կամ մերձավորի» բառերից հետո լրացնել «զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը,
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
2) կատարվել է ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,
3) կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,
4) կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
5) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
6) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
7) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 20. Օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերերից որեւէ մեկով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որեւէ մեկով նախատեսված պահանջն ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝ պատժվում է հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով::»:
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն օրվան հարջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ կից օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանեկան բռնության բոլոր դեպքերի բացահայտման եւ արդյունավետ կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց՝ այդ թվում երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման եւ համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու անհրաժեշտությամբ:
2017 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկումը փաստում է, որ այս ոլորտում կարգավորումները բավարար չեն ընտանեկան բռնության կանխարգելման, բռնությունից տուժած անձանց արդյունավետ պաշտպանության համար:
Գործող օրենքի վերնագիրն ամբողջությամբ չի արտահայտում օրենքի կարգավորման դաշտը, մասնավորապես բռնության տեսակը, որը մատնանշում է վերնագրում կիրառվում է ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ նախկին ամուսինների միջեւ եւ զուգընկերային հարաբերություններում: Բացի այդ, «domestic violence» արտահայտությունը, որը հիմք է հանդիսացել օրենքի վերնագրի համար, թարգմանվում է՝ նաեւ տնային բռնություն, կենցաղային բռնություն, կենցաղում բռնություն, ներկենցաղային բռնություն:
Գործող օրենքում սահմանումների հստակեցման եւ լրացման կարիք կա, մասնավորապես՝ բռնության եւ դրանց տեսակների սահմանումները, ինչպես նաեւ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն անհրաժեշտ է համախատասխանեցնել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի սահմանումներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ուղեցույցներին եւ միջազգային չափանիշներին:
Ընտանեկան բռնության տարածված դրսեւորումներից է նաեւ վերահսկող վարքագծի կիրառումը կամ հետամտումը, որը ՄԱԿ-ի կողմից եւս սահմանվում է որպես ընտանեկան բռնության տեսակ, իսկ Եվրոպայի խորհուրդն այն առաջարկում է քրեականացնել որպես կանանց դեմ բռնության դրսեւորում: Սակայն այս հասկացությունը, որպես բռնության տեսակ եւ հանցակազմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, ինչի հետեւանքով բռնության տվյալ դրսեւորումը որեւէ իրավական հետեւանք չի ենթադրում: Չկան նաեւ նախատեսված պաշտպանական անհրաժեշտ իրավական հիմքեր՝ վերը նշված բռնության տեսակից զեհերին պաշտպանելու համար:
Գործող կարգավորումներով օրենքը տարանջատում է համատեղ բնակվող ընտանիքի անդամներին, համատեղ չբնակվող անդամներից, ինչը պրակտիկայում խնդիրներ է առաջացնում անձի պաշտպանական միջոցների դիմելու եւ ստանալու համար: Նկատի ունենալով Հայաստանում ընտանեկան հարաբերությունների համակարգը, ակնհայտ է, որ համատեղ չբնակվելու հանգամանքը միշտ չէ, որ կանխարգելող բնույթ է կրում բռնության համար: Ուստի օրենքը պետք է տարածվի ընտանիքի անդամների վրա՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից, ինչպես նաեւ կարգավորումներ ունենա զուգընկերների եւ նախկին զուգընկերներների համար:
«Զուգընկեր» հասկացությունն օրենքով սահմանված չէ եւ օրենքի գործողության շրջանակից դուրս է մնում հաճախ ընտանեկան բռնության սուբյեկտ հանդիսացող անձը: Ընդ որում, բռնությունը գործադրվում է զուգընկերոջ կողմից վերահսկողություն, ուժ, իշխանություն եւ ազդեցություն կիրառելու նպատակով, ինչը հնարավոր չէր լինի, եթե բռնության ենթարկված զուգընկեր հանդիսացող անձը՝ ելնելով հաստատված հարաբերությունների բնույթից (մտերիմ, սեռական) չունենար որոշակի կախվածություն բռնություն գործադրած անձից:
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Աջակցության կենտրոնի կարգավիճակ ունի միայն պետական կազմակերպությունը, մինչդեռ ներկայումս հասարակական կազմակերպության կարգավիճակով գործում են աջակցության կենտրոններ, որոնք մրցութային կարգով դրամաշնորհ են ստանում պետությունից, քաջատեղյակ են ոլորտի առանձնահատկություններին, ունեն ընտանեկան բռնության դեպքերով աշխատելու կազմակերպչական, նյութական եւ մարդկային (մասնագիտական) ռեսուրսներ, բռնության ենթարկված անձանց տրամադրում են աջակցություն՝ ընդհուպ ապահովելով ժամանակավոր կացարանով: Սակայն, պետության հետ հարաբերություններում այդ կենտրոնները չեն օգտվում Օրենքով սահմանված երաշխիքներից, օրինակ, իրավասու չեն դիմելու դատարան՝ պաշտպանության միջոց հայցելու պահանջով: Հետեւաբար, շահավետ եւ նպատակահարմար կլինի աջակցության կենտրոնի կարգավիճակ տրամադրել նաեւ ոչ առեւտրային կազմակերպության համար: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ոլորտի հասարակական կազմակերպությունների աշխատակիցները անընդհատ վերապատրաստումներ են անցնում կապված ընտանեկան բռնության կանխարգելման, պաշտպանական արդյունավետ միջոցների կիրառման, օրենքում առկա բացերի, ոլորտի իրավասու մարմինների հետ ավելի արդյունավետ համագործակցության ապահովման ուղղություններով եւ առավել պատրաստված են աշխատելու ընտանեկան բռնութան ենթարկված անձանց հետ:
Oրենքը որպես բռնության ենթարկված անձ չի դիտարկում երեխային, ով անմիջականորեն ականատես է եղել բռնության կիրառմանը եւ/կամ կրել է այդ բռնության բացասական հետեւանքներն իր վրա (անուղղակի զոհեր): Ֆիզիկական կամ սեռական բռնությանն ականատես լինելու կամ հոգեբանական հարկադրանքի անմիջական ազդեցությունը կրելու հետեւանքով երեխան՝ տարիքային առանձնահատկություններից ելնելով, հայտնվում է խիստ խոցելի, հոգեբանորեն ծանր վիճակում: Սակայն, երեխան՝ որպես բռնությունից տուժած անձ, չի ստանում իրավական պաշտպանություն եւ, գործնականում, հաճախ մնում է բռնարարի անմիջական ազդեցության տակ: Նման պայմաններում, անհրաժեշտ է բռնության հարաբերություններին ականատես կամ բռնության ազդեցությունն այլ կերպ կրած երեխայի իրավական պաշտպանվածությունը հավասարեցնել անմիջականորեն բռնության ենթարկված անձանց կարգավիճակին՝ Օրենքով սահմանված նույն երաշխիքների տրամադրմամբ:
Անհետաձգելի միջամտության ժամկետը գործող կարգավորումներով չի կարող գերազանցել 20 օրը: Այս նորմը ոստիկանությանը թույլ է տալիս այս գործերով սահմանել ավելի նվազ ժամկետներ, օրինակ՝ հինգ կամ տասը օր, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա անարդյունավետ է: Եվ համեմատելով արդեն օրենքով նախատեսված պաշտպանական որոշում կիրառելու վերաբերյալ անձի դատարան հայցադիմում ներկայացելու եւ դատարանի կողմից համապատասխան դատական ակտ կայացնելու ժամկետների հետ, գործնականում ընտանեկան բռնության ենթարկված անձը մնում է առանց պաշտպանության:
Օրենքով սահմանված չէ պարտադիր պահանջ գործերով իրավասու ծառայողների կողմից անհետաձգելի միջամտության որոշման պատճենը հանձնել ընտանեկան բռնության ենթարկված անձանց, ինչի բացակայության հետեւանքով մի շարք դեպքերում դատարանները մերժում են պաշտպանական որոշում կիրառել անհետաձգելի որոշման բացակայության պատճառաբանությամբ եւ նման իրավիճակում անձի դատարան դիմելու իրավունքը խախտվում է:
Օրենքով սահմանված չէ նաեւ պարտավորություն ոստիկանության աշխատակցի համար չլքելու բռնության տարածքը այնքան ժամանակ, քանի դեռ բռնության ենթարկված անձը չի հավաքել իրերը եւ չի տեղափոխվել ապաստարան, եթե այդպիսի որոշում կա:
Գործող կարգավորումների համաձայն պաշտպանական որոշումը կայացվում է մինչեւ 6 ամիս ժամկետով եւ կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ 2 անգամ երկարաձգվել՝ յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչեւ 3 ամիս ժամկետով: Միջազգային փորձը սակայն ցույց է տալիս, որ բռնարարների մոտ բռնության կիրառման ամենաակտիվ փուլը պաշտպանական որոշման կայացմանը հաջորդող 18 ամիսներն են, ուստի հենց այդ ժամանակահատվածում է որ բռնության ենթարկված անձը կարիք ունի պաշտպանության: Բացի այդ, հիմնավորված չէ երկարաձգման դեպքերի սահմանափակումը: Պաշտպանության բոլոր միջոցներում առաջնահերթությունը պետք է դրվի զոհի եւ նրա երեխաների անվտանգության վրա: Օրինակ՝ ամուսնալուծության եւ երեխայի խնամակալության վերաբերյալ գործերով դատական վարույթը, որը զոհի համար ամենավտանգավոր ժամանակահատվածն է, կարող է տեւել տարիներ: Առկա երկարաժամկետ պաշտպանական որոշումները պետք է կիրառվեն մեկ տարուց ավելի ժամկետով՝ կայուն լուծումներ ապահովելու համար: Գործող կարգավորումներն առանց պաշտպանության են թողնում այն զոհերին, որոնց համար բռնության սպառնալիքը տեւում է մեկ տարուց ավելի, ինչը օրենքի լուրջ բաց է:
Օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության եւ խախտված իրավունքի վերականգնման: Հաշտեցման գործընթացը հակադրվում է ընտանեկան բռնության դեպքերի բարձր հանրային վտանգավորության, տուժողի բողոքից անկախ քրեորեն հետապնդելի լինելու եւ համաչափ, արդարացի ներգործության միջոցներ պահանջելու սահմանված ուղենիշերի հետ: Հարկ է նկատել, որ Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ հաշտեցումն իրականացվում է անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների գործողության ընթացքում՝ ընտանիքում բռնություն գործադրած կամ բռնության ենթարկված անձի դիմումով՝ մյուս անձի գրավոր համաձայնությամբ: Միաժամանակ, նույն հոդվածի համաձայն՝ հաշտություն կնքելն անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների վերացման հիմք է: Ինչպես անհետաձգելի միջամտության, այնպես էլ պաշտպանական որոշման կայացման հիմքը ընտանիքում բռնության շարունակման կամ կրկնության վտանգի առկայությունն է եւ նման բռնությունը կանխելու անհրաժեշտությունը: Նման պարագայում առավել քան խնդրահարույց են գործող Օրենքի կարգավորումներն առ այն, որ անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների գործողության ընթացքում, երբ ոստիկանության ծառայողի կամ դատարանի որոշմամբ արձանագրվել է բռնության կրկնման ռիսկի առկայությունը, կարող է անցկացվել հաշտեցման ընթացակարգ: Այս առնչությաամբ հարկ է նկատել, որ ՄԱԿ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի թիվ 33 ընդհանուր հանձնարարականով կոմիտեն առաջարկում է Կոնվենցիայի անդամ պետություններին ապահովել, որ կանանց նկատմամբ բռնության, ներառյալ՝ ընտանեկան բռնության դեպքերը որեւէ պարագայում ենթակա չլինեն վեճերի լուծման այլընտրանքային ընթացակարգերով լուծման: Կոմիտեն նշում է, որ թեեւ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները կարող են ապահովել ավելի մեծ ճկունություն եւ նվազեցնել կանանց ծախսերը, դրանք նաեւ կարող են հանգեցնել կանանց իրավունքների հետագա խախտումների եւ բռնություն գործադրած անձանց անպատժելիության: Այսպիսով, հարկ է նկատել, որ ընտանեկան բռնության պարագայում հաշտեցման գործընթացը կարող է հանգեցնել խիստ բացասական հետեւանքների եւ նպաստել բռնության կրկնությանը:
Անհրաժեշտ է հստակեցնել Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում, քանի որ գործող կարգավորումների համաձայն լիազոր մարմնին վերապահված են այնպիսի գործառույթներ, որոնք գործնականում հնարավոր չէ իրականացնել ի սկզբանե իրեն վերապահված լիազորությունների, ինչպես նաեւ գործիքակազմի իմաստով: Մասնավորապես ըստ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 11-րդ կետերի լիազոր մարմինը համապատասխանաբար հաստատում է աջակցության կենտրոնի կողմից ընտանեկան բռնության ենթարկված եւ ընտանեկան բռնություն գործադրած անձանց միջեւ հաշտեցման կազմակերպման եւ իրականացման կարգը, հաստատում է ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը: Լիազոր մարմինը տվյալ պարագայում չունի գործիքակազմ անձանց հաշտեցնելու համար: Բացի այդ, ռեաբիլիտացիոն ծրագիրը ենթադրում է բազմակողմանի աշխատանք՝ միջգերատեսչական համագործակցության միջոցով, ուստի ծրագրի սահմանման լիազորությունը նպատակահարմար է, որ վերապահվի Կառավարությանը: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու օրենքով սահմանված ռեաբիլիտացիոն ծրագրի իրականացման պատասխանատուին, քանի որ դրա մշակման գործընթացից բացի ծրագրի իրականացումը եւս բազմակողմանի աշխատանք է պահանջում, ուստի ծրագրի տարբեր կոմպոնենտներ կարող են ունենալ տարբեր պատասխանատուներ, որոնց սահմանումը առավել նպատակահարմար է վերապահել Կառավարությանը:
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններին ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում, ապա գործող օրենքով սահմանվում է միայն առանջնային բժշկական օգնության տրամադրման դրույթը, ինչն ըստ էության որեւէ լրացուցիչ երաշխիք չի սահմանում բռնության ենթարկված անձանց համար, քանի որ բոլոր քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում առաջնային բուժօգնությունը տրամադրվում է անհատույց, ուստի անհրաժեշտ է ընդլայնել այս ոլորտի լիազոր մարմնի լիազորությունները եւ սահմանել, որ բռնության ենթարկված անձանց բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար:
Քրեական Օրենսգրքի մի շարք հոդվածներ պարունակում են ծանրացնող հիմք՝ հիմնված ռասսայական, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագման, կրոնական, քաղաքական կամ այլ հայացքների կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների վրա հիմնված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի դրդապատճառների վրա: Օրենսգիրքը չի ներառում սակայն սեռով պայմանավորված խտրականության ծանրացնող հիմքը: 2013 թվականի մայիսի 20-ին ընդունված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է՝ Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի եւ անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է: Նույն հոդվածը սահմանում է նաեւ գենդերային խտրականության ուղղակի եւ անուղղակի ձեւերը, որը ներառում է ինչպես ընտանեկան դրության, հղիության եւ ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը, այնպես էլ այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետեւանքներ՝ որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձեւով: Հարկ է նկատել, որ թեեւ վերը նշված օրենքով սահմանված է գենդերային խտրականության արգելքը, բայց դրանից պաշտպանվելու կամ դրա հետեւանքների վերացման համար սահմանված չեն պատասխանատվության միջոցներ: Այնինչ, ընտանեկան բռնությունը կարող է լինել եւ հաճախ դրդված է գենդերային կողմնակալությունից եւ գենդերային խտրականության ձեւ է:
Գործող կարգավորումներով պատժաչափերի քաղաքականությունը չի կարողանում պատշաճ կերպով անդրադառնալ գենդերահեն բռնությանը եւ համաչափ պատիժներ չի նախատեսում գենդերային կողմնակալությամբ կատարված հանցագործությունների համար:
ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն ՀՀ կառավարության 7-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներում (2022 թվականի հոտկետմբերի 31-ի ) մտահոգություն է հայտնել այն մասին, որ գենդերային հիմքով բռնության բոլոր ձեւերը քրեականացված չեն: Կոմիտեն առաջարկում է քրեականացնել դա եւ հատուկ ուշադրություն դարձնել խոցելի խմբերի կանանց:
Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեն հանցագործությունների զոհերի վերաբերյալ ըստ սեռերի տարանջատված վիճակագրություն չի վարում, ինչը թույլ չի տալիս վերլուծելու իրավիճակը եւ մշակելու արդյունավետ քաղաքականություն: Սա նաեւ օրենսդրական բացի հետեւանք է, որն էլ իր հերթին պատճառ է դառնում համապատասխան մեխանիզմների բացակայության:
Մերձավոր ազգականի կողմից կատարված արարքը ծանրացնող հանգամանք է սահմանված օրենսգրքի մի շարք հոդվածներում: Այնուամենայնիվ, վերը նշված ծանրացնող հիմքը դուրս է մնացել օրենսգրքի կարգավորումներից, մասնավորապես ինքնասպանության հակելուն, ինքնասպանության նպաստելուն, Մարդու թրաֆիքինգը կամ շահագործմանը, Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելուն առնչվող հոդվածներից:
Զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված արարքը եւս որպես ծանրացնող հիմք դուրս է մնացել Օրենսգրքի այնպիսի հոդվածներից, որոնք առնչվում են ընտանեկան բռնությանը: Մասնավորապես՝ Սպանությունը, Ինքնասպանության հասցնելը, Ինքնասպանության հակելը, Ինքնասպանությանը նպաստելը, Առողջությանը ծանր վնաս պատճառելը, Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, Առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, Ազատությունից ապօրինի զրկելը, Հոգեկան ներգործությունը, Ֆիզիկական ներգործությունը, Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, Շորթումը, Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով հոդվածներից:
Քրեական օրենսգիրքը սահմանում է պատիժ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջն ընտանեկան բռնություն գործադրած անձի կողմից չկատարելու դեպքում: Ըստ էության սահմանված կարգավորմամբ պատիժը կարող է կիրառվել վերը նշված օրենքի հոդվածի 1-ից 4-րդ կետերի բոլորի առկայության դեպքում, ինչը անհետաձգել միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու պատժից խուսփելու հնարավորություն է տալիս բռնարարին այն դեպքում, երբ նա որոշման որեւէ կետ է խախտել, բայց ոչ բոլոր կետերը միասին:
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի առկա կարգավորումներով դատարանները մի շարք դեպքերում պաշտպանական որոշում կիրառելու համար ներկայացված հայցադիմումները վերադարձնում են կից փաստաթղթերի ցանկից պատասխանողի եւ ընտանեկան բռնության ենթարկված անձին միջեւ ընտանեկան եւ /կամ/ արյունակցական կապերի մասին տեղեկատվության բացակայության պատճառաբանությամբ: Սակայն որոշ դեպքերում ամուսինները փաստացի ամուսնության մեջ են գտնվում կամ հանդիսանում են զուգընկերներ, ինչը նշանակում է, որ նման դեպքերում անհնար է ներկայացնել վերը նշված փաստաթղթերը: Բացի այդ, նույնիսկ համապատասխան կապը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում միշտ չէ, որ ընտանեկան բռնության ենթարված անձը կարող է դրանք ներկայացնել, մասնավորապես փախուստի դիմելու պատճառով: Ուստի անհրաժեշտ է նման փաստաթղթերի ներկայացնելու պահանջը ոչ պարտադիր սահմանել: Բացի այդ, արդեն իսկ օրենքով նախատեսված է, որ ընտանեկան բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաեւ ընտանեկան բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող չափահաս անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման:
Ուստի հայցադիմումի մեջ պատասխանողի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ ապացույցը ներառելը նպատակահարմար չէ եւ ավելորդ ծանրաբեռնվածություն է ստեղծում բռնության ենթարկված քաղաքացու համար:
Ըստ գործող կարգավորումների, դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին հայցադիմումը քննում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից՝ տասնօրյա ժամկետում, ինչը երկար ժամանակահատված է անձի առողջությունը եւ կյանքը պաշտպանելու համար: Այս ժամկետն անհրաժեշտ է կրճատել, ավելի արդյունավետ պաշտպանական միջոց ունենալու նպատակով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի առկա կարգավորումներով սահմանված տուգանքը չի համապատասխանում իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած «համաչափության սկզբունքին», չի ապահովում արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ: Սահմանված տուգանքի չափը չի համապատասխանում պատժի նպատակներին՝ չի վերականգնում սոցիալական արդարությունը, չի կանխում նմանատիպ արարքները եւ չի ներգործում հասարակության բարոյապես անկայուն անդամների վրա՝ ստիպելով պատասխանատվության սպառնալիքների ներքո չկատարել նմանատիպ պատժելի արարքներ: Արդյունքում, կիրառվող միջոցները խիստ անհամաչափ են արարքի ծանրության համեմատ եւ կրկնման ռիսկերը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով եւ նման արարք կրկնելու ռիսկը գնահատելու համար անհրաժեշտ է փոփոխել եւ առավել խիստ ներգործության միջոց կիրառել:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքում եւ կից օրենքների փաթեթում, մասնավորապես՝
1. լրացնել օրենքի վերնագիրը,
2. հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով,
3. վերանայել համատեղ բնակվող եւ համատեղ չբնակվող ընտանիքի անդամներին տարանջատելու կարգավորումը,
4. Oրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել երեխային, ով անմիջականորեն ականատես է եղել բռնության կիրառմանը եւ/կամ կրել է այդ բռնության բացասական հետեւանքներն իր վրա (անուղղակի զոհեր):
5. վերանայել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետները,
6. ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը,
7. հստակեցնել կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան բռնության դեպքերի մոնիթորինգի պատասխանատուների շրջանակը եւ մեխանիզմները, հստակեցնել ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի եւ մյուս դերակատարբերի լիազորությունները,
8. առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով,
9. սահմանել բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար,
10. վերանայել ՀՀ Քրեական Օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, մասնավորապես՝ ներառել սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաեւ արարքը մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված լինելու փաստը,
11. հստակեցնել եւ դյուրինացնել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող հայցադիմումի ընթացակարգերը, քննության եւ ծանուցման ժամկետները եւ պայմանները,
12. սահմանել ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված Անհետաձգելի միջամտության որոշումը կամ Պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում,
13. նոր կարգավորում նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքում՝ հետամտման համար:
3. Ակնկալվող արդյունքը
Օրենքի փաթեթի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ աջակցության արդյունավետ միջոցների իրականացման համար: