«375.1. Առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելը
Լուծարված հորատանցքերը վերաբացելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացելը, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին, ջրերին կամ հասարակության կամ պետության այլ օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ քառասնապատիկից վաթսունապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 385-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի իմաստով սիգ ձկնատեսակի համար խոշոր չափ է համարվում 150 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում կլիմայի փոփոխության ազդեցությամբ, ինչպես նաեւ մարդու տնտեսական գործունեության (այդ թվում ապօրինի) արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակը եւ հիմք ընդունելով վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 4-ին շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության արձանագրություն 2.3 կետը մշակվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ:
Արարատյան դաշտի ջրահավաք ավազանը կազմված է Ախուրյանի (ներառյալ՝ Կարսի), Քասախի, Մեծամորի, Հրազդանի, Ազատի, Վեդիի գետավազաններից եւ Իգդիրի տարածքից: Ջրահավաք ավազանի մակերեսը ՀՀ տարածքում 11,075 կմ2 է: Գետավազանների խորքային հոսքի ջրերը սնում են Արարատյան արտեզյան ավազանը:
Արարատյան արտեզյան ավազանը զբաղեցնում է ՀՀ տարածքի Արարատի եւ Արմավիրի մարզերի Արաքս գետի ձախափնյա մասը՝սահմանափակվելով մինչեւ 890 մ ծովի մակերեւույթից բարձր նիշերով եւ զբաղեցնում է մոտ 1177 կմ2 տարածք: Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը: Գոգավորությունը շրջափակող լեռնալանջերի նշանակալի ծախսով բոլոր բնաղբյուրները կապտաժավորված են եւ օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար:
Արարատյան գոգավորության կենտրոնական մասի ազգային ցանցի դիտակետերում օրինաչափ հիդրոերկրաբանական մշտադիտարկումները վերսկսվել են 2010 թվականից, Արարատյան գոգավորության հյուսիս-արեւմտյան (Արմավիրի տարածաշրջան) եւ հարավ-արեւելյան (Արտաշատի եւ Արարատի տարածաշրջաններ) մասերում սկսվել են 2015 թվականից, իսկ Արարատյան դաշտի նախալեռնային շրջաններում՝ 2021 թվականից:
ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում առկա տվյալների օգտագործմամբ, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թվականի դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների եւ ընդհանուր շահագործական պաշարի արժեքները: Արարատյան դաշտի 2016 թվականի ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ մարդու գործունեության հետեւանքով Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի զգալի դեֆիցիտ: 2016 թվականին Արարատյան դաշտում առկա ջրային ռեսուրսների եւ ջրապահանջարկի միջեւ բացասական տարբերությունը կազմել է 1,120.46 մլն. մ3 : Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր շահագործական պաշարի արժեքը 2016 թվականի դրությամբ ավելի քան 15%-ով պակաս է 1984 թվականի Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված եւ 2015 թվականին «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,1 մլրդ. մ3 ծավալից:
2013-2016 թվականներին ընթացքում իրականացվեց տիրազուրկ եւ ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման եւ կոնսերվացման գործընթաց, ինչի արդյունքում լուծարվեցին 55 հորատանցքեր, կոնսերվացվեցին՝ 61-ը, որով խնայվեց ընդհանուր 4843լ/վ ջրաքանակ: Միաժամանակ բազմաթիվ չօգտագործվող հորատանցքեր փակվեցին փականներով, ինչպես նաեւ ձկնաբուծական տնտեսություններում վերանայվեցին ջրօգտագործման թույլտվությունները, իսկ փաստացի ջրառը համապատասխանեցվեց ջրօգտագործման թույլտվություներին՝հորատանցքերը փականային ռեժիմի բերելով եւ դրանք կնքելով, ինչի արդյունքում 2015-2017 թվականներին Արարատյան գոգավրությունում ստորերկրյա ջրերի մակարդակները սկսեցին բարձրանալ, մեծացավ շատրվանող գոտու մակերեսը եւ բազմաթիվ հորատանցքեր, այդ թվում՝ազգային ցանցի դիտակետերից սկսեցին կրկին շատրվանել:
Համաձայն 2016թ կատարված գույքագրման տվյալների` ավելի մեծ ջրառի (նախկինում կոնսերվացված, փականներով փակված կամ լուծարված, ինչպես նաեւ նոր հորատանցքերի գործարկման) արդյունքում նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակների իջեցումներ, ինչն անթույլատրելի է: Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը: Դիտարկումների համաձայն գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման եւ, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել: Անհետացան Սեւ ջուր գետի ակունքներում գտնվող եւ Զեյվա կոչվող աղբյուրները, որոնց գումարային ծախսը 1965 թվականին կազմել էր շուրջ 1400 լ/վ, իսկ Ակնա լիճը, որն իրենից ներկայացնում էր ճնշումային ջրերի բեռնաթափման արդյունք` ավելի քան 3000լ/վ ծախսով, ներկայումս դարձել է անհոսք լճակ: Նախկինում ԱԷԿ-ի տեխնիկական հովացման նպատակով օգտագործվող ջրառը կատարվում էր վերը նշված աղբյուրներից, սակայն դրանց ցամաքելու պատճառով ներկայումս ջրառն իրականացվում է հորատանցքերով:
Սական սկսած 2018 թվականից ստորերկրյա ջրառի քանակների ավելացման հետ կապված մակարդակը սկսել է իջնել, քանի որ բացվել են նախկինում փականներով փակված հորատանցքեր, վերագործարկվել են նախկինում փակված ձկնաբուծական տնտեսություններ:
Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների եւ ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի: Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի վարչական տարածքի N 198 դիտակետում 2010-2011 թվականներին նկատվել է շատրվան, որն անհետացել է 2011 թվականի վերջերին: Մինչեւ 2013 թվականը ճնշումային ջրերի միջին տարեկան մակարդակն իջել է մինչեւ 1,1մ երկրի մակերեւույթից ցածր: 2013-2016 թվականներին Արարատյան գոգավորության շատրվանող հորերի կարգաբերման, լուծարման եւ կոնսերվացման աշխատանքների արդյունքում վերոնշյալ հորատանցքում շատրվանն աննշան չափով վերականգնվել է: 2016-2017 թվականներին նկատվել է կտրուկ բարձրացում, որից հետո՝ 2018 թվականից ստորերկրյա ջրերի միջին տարեկան մակարդակը սկսել է իջնել 0,2մ-ով եւ դադարել է շատրվանել: 2020-2022 թվականներին ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 1.57 մետրով (+0.17մ- (-1.40)մ):
Համանման պատկեր է նկատվում Արարատյան գոգավորության կենտրոնական մասում (Արարատի մարզ)՝Սիս, Հայանիստ, Հովտաշատ, Դաշտավան բնակավայրերի NN78, 2005, 1523, 1526 դիտակետերում:
Հատկանշական է, որ Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի քանակական փոփոխություններն հանգեցնում են որակական փոփոխությունների՝ճնշումային ջրերի մակարդակի իջեցումներն ուղեկցվում են դրանց ընդհանուր հանքայնացման եւ ընդհանուր կոշտության բարձրացմամբ: Համաձայն «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի անալիզի տվյալների՝գոգավորության կենտրոնական մասում (N1523) ընդհանուր հանքայնացումը 2017-2021թ բարձրացել է 673մգ/լ-ից 850մգ/լ, իսկ ընդհանուր կոշտությունը՝ 6,16 մգ,համ/լ-ից 8,59 մգ,համ/լ: Համանման երեւույթներ են նկատվում Արտաշատ քաղաքի վարչական տարածքի N2069 դիտակետում: Այստեղ ընդհանուր հանքայնացումը 730մգ/լ-ից բարձրացել է 1154մգ/լ, իսկ ընդհանուր կոշտությունը՝6,55 մգ,համ/լ-ից 13.93 մգ,համ/լ:
Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով եւ մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝Արարատյան դաշտում եւ նրա ջրահավաք ավազանում ապօրինի ջրօգտագործման կարգավորումներ:
Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի N 131-Ա հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը 2023 թվականի ապրիլի 21-ից մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ իրականացրել է Արարատյան դաշտի խորքային հորերի հաշվառում: Արարատի մարզում ուսումնասիրված 721 խորքային հորերից համայնքային, վարչական տարածքների հաշվեկշռում ներառված առկա խորքային հորերը, որոնք օգտագործվում են խմելու-կենցաղային կամ ոռոգման նպատակով, չունեն ջրօգտագործման թույլտվություն կամ դրանք ժամկետանց են: Գրանցվել է 73 ապօրինի ջրօգտագործում, որում ներառված չեն նշված ջրօգտագործման թույլտվություն չունեցող համայնքային եւ վարչական պատկանելիության խորքային եւ գրունտային հորերը: Արմավիրի մարզում ուսումնասիրված 886 խորքային հորերից 250 խորքային հոր շահագործվում է առանց ջրօգտագործման թույլտվությունների: Կանխվել է 2 նոր խորքային հորերի հորատումը՝Վաղարշապատ քաղաքի եւ Նորապատ բնակավայրի վարչական տարածքներում, ինչի մասին տեղեկացվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին:
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն ՝Արարատի եւ Արմավիրի մարզերում 2022 թվականի ընթացքում գրանցվել է ապօրինի ջրօգտագործման իրավախախտման 28 դեպք, մինչդեռ 2023 թվականի միայն առաջին կիսամյակի ընթացքում՝29 դեպք, ինչը վկայում է իրավախախտումների տենդենցի ավելացման եւ իրավախախտման համար կիրառվող գործող վարչական պատասխանատվության անբավարար լինելու մասին: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ գործող տուգանքի չափերը, որոնք 2022 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում ավելացվել էին, զսպող հանգամանք չեն ապօրինի ջրօգտագործողների համար եւ խստացման անհրաժեշտություն ունեն:
Միաժամանակ, ներկայացված տեղեկատվության վերլուծությունից պարզ է դառնում, որ հասցված վնասի չափը հիմնականում գերազանցում է իրավախախտման համար կիրառված տույժի գումարի չափին, ինչը մեղմվել է տուգանքների բարձրացումից հետո՝ավելացնելով պետբյուջե մուտքերը, որոնք կարող են ուղղվել ջրային ռեսուրսների պահպանությանը:
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը: Բոլոր բնաղբյուրները օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի ապօրինի օգտագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է, ինչով էլ պայմանավորված է սույն կարգավորման անհրաժեշտությունը եւ հրատապությունը:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սեւանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից:
Սեւանա լճի պահպանության եւ դրա ռեսուրսների օգտոգործման հիմքում ընկած է երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը, այն է`
1) ռեսուրսի սահմանափակ լինելը,
2) ազգային անվտանգության եւ ռազմավարական նշանակությունը,
3) էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը եւ պահպանումը:
Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Նրա պահպանությունը բնապահպանական եւ տնտեսական կարեւոր հիմնախնդիր է, որի նպատակն է լճի բնական ռեժիմի փոփոխության հետեւանքով ֆիզիկաաշխարհագրական երեւույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումը:
Մասնավորապես, 1930-ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվել էր Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը, ինչը հանգեցրել էր մի շարք բացասական հետեւանքների, այդ թվում`
1) ջրի ծավալի կրճատում (58,5 մլրդ մ3- ից 32.9 մլրդ մ3 , 44%),
2) մակարդակի իջեցում (1916 մ-ից 1897 մ),
3) ջրի միջին ջերմաստիճանի բարձրացում,
4) ջրի աղտոտվածության բարձրացում` ջրի թափանցիկությունը կրճատվել է (13 մետրից` 3 մետր),
5) ճահճացման հետեւանքով լճի հատակում էականորեն պակասել էր լուծված թթվածնի քանակը,
6) լճում ձկնային պաշարները կրճատվել էին մոտ 50 անգամ, բնական ձվադրավայրերի ոչնչացման արդյունքում հատկապես տուժել էին էնդեմիկ տեսակները` իշխանի երկու ենթատեսակներ ձմեռային իշխանը եւ բոջակը իսպառ ոչնչացել են, իսկ ամառային եւ գեղարքունի ենթատեսակները պահպանվել են աննշան քանակությամբ:
Սեւանա լիճը իր եզակի ու հարուստ ֆլորայով եւ ֆաունայով արժեքավորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները կարեւոր տեղ են գրավում մարզի եւ հանրապետության բնակչության սննդաբաժնում, մասնավորապես` դրա ձկնային պաշարները: Մեր պետության պատմության բարդ ճգնաժամային, շրջափակման եւ պատերազմական ժամանակահատվածում Սեւանա լճի կենսառեսուրսները՝մասնավորապես սիգի պաշարները, առանցքային նշանակություն են ունեցել երկրի բնակչության պարենային ապահովման համար: Այդ իսկ պատճառով այս կենդանատեսակի նկատմամբ անհրաժեշտություն է առաջանում առանձնահատուկ կարգավորման դրույթներ սահմանել:
Լճում ձկնային պաշարների կրճատմանը նպաստել է նաեւ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում (մինչ 2019 թվականը) Սեւանա լճի կենսապաշարների նկատմամբ չկակնոնակարգված եւ սպառողական վերաբերմունքը, ինչի արդյունքում էապես նվազել են նաեւ արդյունագործական նշանակության ձկնապաշարները: Եվ այդ պատճառով էլ Սեւանա լճի հիմնախնդիրների կարգավորման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում լճում ձկան եւ խեցգետնի պաշարների ավելացումը:
Յուրաքանչյուր տարի Սեւանա լճում սիգի որսի արգելքի եւ սիգի ձվադրման ժամանակահատվածում մի շարք պատասխանատու գերատեսչությունների կողմից գրեթե 1 ամիս եւ ավել համատեղ իրականացվում է պահպանության խստացված միջոցառումներ: Աշխատանքներին ներգրավվում են շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի տեսչական մարմնի եւ Երեւանի քաղաքապետարանի մարդկային եւ տեխնիկական մեծածավալ ներուժը:
Չնայած պետության կողմից ձեռնարկված միջոցառումներին՝այդ միջոցները բավարար չեն կանխելու կենսապաշարի վրա տեղի ունեցող արդի ճնշումները: Եվ վերջնական վերլուծությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում խստացնել նաեւ պատասխանատվության միջոցները:
2019 թվականից մեկնարկած Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սեւանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սեւանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝600 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռեւս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչեւ 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա եւ ավել): Կարող ենք փաստել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում դեռեւս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում:
Հաշվի առնելով Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային եւ պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաեւ վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձեւավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետեւանքները կանխարգելելու, լճից մինչեւ վաճառք ողջ շղթայում պատշաճ վերահսկողության, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը եւ բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով խստացնել է գործող վարչական եւ քրեական պատասխանատվության դրույթները:
Վարչական տուգանքների սահմանաչափերի խստացման, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքում «մանր չափի» գույքային վնասի շեմը 150 000 դրամ սահմանելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանք, որ սիգ ձկնատեսակի համար պետությանը պատճառած վնասը հաշվարկվում է 1 կգ դիմաց 1000 դրամ, ինչը բնության հատուկ պահպանվող տարածքում իրականացվելու դեպքում 5-ապատկվում է՝սահմանվելով 5000 դրամ: Ստացվում է, որ 150 000 դրամ պետությանը պատճառված վնասի դեպքում լճից որսվել է շուրջ 30 կգ ձուկ, ինչը մոտավորապես 75-80 հատ ձուկ է (կախված ձկան քաշից, քանի որ սովորաբար ապօրինի որսի դեպքում հաճախ հանդիպում է նաեւ որսված մանրաձուկ):
Ըստ գիտական տվյալների 1 սիգ ձկնատեսակը ձվադրում է միջինում 10000-11000 ձկնկիթ, որի 0,1%-ն է որսավերադարձ ապահովում, այսինքն 1 ձկից ստացվում է 10 ձուկ, ինչը արդյունագործական չափի հասնելու դեպքում կկազմի 10x400գ=4 կգ: Ստացվում է 1 ձկան բնականոն աճի եւ վերատրադրության պարագայում պետության սպասվելիք օգուտը կկազմի 4 կգ: Ապօրինի որսի պարագայում 4 կգ սիգ ձկնատեսակի պետությանը պատճառված վնասը հաշվարկվում է 4x5000=20000 դրամ: Եթե այս հաշվարկը պրոյեկտենք 75-ից 80 ձկան դեպքի վրա, ապա ստացվում է միջինում 75x20000=1 500 000 դրամ: Հաշվի առնելով սիգի ապօրինի որս ծավալները, նման խստացնող հանգամանքի կիառումը կարող է որոշակի կանխարգելել ձկան ապօրինի որսն ու վաճառքը: Եթե նկատի ունենանք, որ միայն ձվադրման շրջանում տեսչական մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում մեկ ամսվա ընթացքում բռնագրավվում է շուրջ 1 տոննա ապօրինի որսված սիգ ձկնատեսակ՝ շուրջ 2500 հատ, ինչը բնականոն վերարտադրության դեպքում պետության սպասվելիք արդյունագործական պաշարը կավելացներ 25000 հատով՝ 10 տոննայով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝
- ամրագրվել է հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ.
- հստակեցվել է կոնսերվացված հորատանցքի վերաբացմամբ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը.
- նախատեսվել է արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է՝
- մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաեւ խստացված վարչական պատասխանատվություն լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաեւ Արտեզյան (ճնշումային) ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար.
- գործող պատասխանատվության հոդվածներից առանձնցվել են սիգի համար նախատեսված դեպքերը եւ դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է քրեական պատասխանատվություն՝
- լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացելու համար՝եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին, ջրերին կամ հասարակության կամ պետության այլ օրինական շահերին,
- սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Վերոնշյալ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, կկիրառվի մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական եւ քրեական պատասխանատվություն՝ ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով, ինչպես նաեւ կնպաստեն Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն եւ կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթություններից: Նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաեւ Սեւանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրինի արդյունահանումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում, իսկ պետական բյուջեի եկամուտներում կնախատեսվի ավելացում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում