Հոդված 1.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-455-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել նոր 23-րդ կետով.
«23. Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, առանձին իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առեւտրային բանկերի, վարկային եւ ապահովագրական կազմակերպությունների (ֆինանսական կազմակերպություններ) դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց վերջիններիս օգտին թողարկել գանձապետական պարտատոմսեր առավելագույնը մինչեւ 225 մլրդ դրամ անվանակական արժեքով՝ յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպության գծով ՀՀ կառավարությանը զիջված դրամական պահանջների (գույքային իրավունքների) հանրագումարի 70 տոկոսի չափով՝ այդ նպատակով, ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելով սույն օրենքի N 1 եւ N 3 հավելվածներում, այդ թվում, բայց չսահմանափակվելով, սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերը եւ մուտքերն ավելացնելու, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը ոչ ավել, քան սույն մասով նախատեսված պարտատոմսերի անվանական արժեքի չափով ավելացնելու եղանակներով: Ընդ որում սույն մասում նշված պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման, մարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ առանձին իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2.
1. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
«Հոդված 9.1.
1. Սահմանել, որ սույն օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասի կիրառության առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի եւ վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման կարգի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի նվազեցումներ եւ համախառն եկամտի ավելացումներ չեն կատարվում:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից տասնօրյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Առկա իրավիճակը եւ առաջարկվող կարգավորումները
Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, Լեռնային Ղարաբաղի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր եւ վարկեր) ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը (մայր գումարի եւ տոկոսավճարների մարումները) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել: Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների եւ բանկերի վարկանիշների էական վատթարացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում ստեղծված սոցիալական ծանր պայմաններում: Միեւնույն ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների կողմից թողարկված պարտատոմսերը, որոնք կազմում են Լեռնային Ղարաբաղում ՀՀ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ պարտավորությունների զգալի մասը (ընդհանուր մոտ 268 մլրդ ՀՀ դրամ) ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ առեւտրային բանկերի կողմից մշտապես դիտարկվել են ՀՀ կառավարության նկատմամբ պահանջներին համարժեք կարգավորումներով:
Այս պարտավորությունները ենթակա են վերջնական ճշգրտման՝ հաշվի առնելով կոնկրետ չափանիշների ներքո ֆինանսական կազմակերպությունների հետ իրականացվելիք գույքագրման արդյունքները, ինչպես նաեւ վերակառուցման պահի դրությամբ վերակառուցման ենթակա ակտիվների գծով հաշվեգրված, սակայն դեռեւս չվճարված տոկոսները: Նախատեսվում է նշված պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70% եւ 30% համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70% չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը: Չափանիշների վերջնական եւ ամբողջական ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության մասնակցությունը նախնական քննարկված եւ վերը նշված չափանիշներով կլինի առավելագույնը 225 մլրդ ՀՀ դրամ:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային հետեւանքներ (եկամտի եւ շահույթի ավելացումներ եւ նվազեցումներ) չի առաջացնի ՀՀ ֆինանսական կամակերպությունների համար:
2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաեւ առանձին իրավաբանական (ներառյալ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական կազմակերպությունների) եւ ֆիզիկական անձանց հանդեպ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների դրամական պահանջների զիջման դիմաց վերջիններիս օգտին թողարկել գանձապետական պարտատոմսեր առավելագույնը մինչեւ 225 մլրդ դրամ անվանակական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը: Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել:
3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ կառաջանա գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման եւ մարման առանձնահատկությունները, առանձին իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման կարգը սահմանելու անհրաժեշտություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն, միաժամանակ կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի ավելացման:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում