Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-754-26.12.2023-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 56-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն.».

2) 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության մասին Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն.»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող` Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

3. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի ընդունումը ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են գործող իրավակարգավորումներով:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ:

Մինչեւ ս.թ. մայիսի 4-ը գործել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի  հունվարի 13-ի N 01-Ն եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 24-Ն համատեղ հրամանը (այսուհետ` համատեղ հրաման), որով սահմանված է եղել մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:

Սակայն, համատեղ հրամանը ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 4-ի N 25-Ն եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի մայիսի 16-ի N 67-Ն համատեղ  հրամանով` լիազորող նորմի բացակայության պատճառով:

2022թ. մայիսի 4-ին հաստատվել է Առողջապահության նախարարի «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1917-Լ հրամանը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Միաժամանակ, 2022թ. կատարվել են փոփոխություններ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ, համաձայն որի ընդլայնվել եւ հստակեցվել է որոշմամբ սահմանած հիվանդությունների (վիճակների) ցանկը, ինչպես նաեւ հիվանդությունների ցանկը համապատասխանեցվել է Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի ՀԴ-014-2013 ծածկագրերին:

Ներկայում, գործող օրենսդրության համաձայն յուրաքանչյուր դեպքի համար Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որտեղ ներգրավվում են տարբեր բժշկական կազմակերպությունների բժիշկ-մասնագետներ, որոնց զբաղվածությունից ելնելով ոչ միշտ է հաջողվում արագ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները, հետեւաբար առավել արագ արձագանքել քաղաքացու դիմումին:

Առողջապահության նախարարությունը՝ որպես առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

ԱՆ հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովներն իրականացնում են ցանկով ներառված հիվանդությունների եւ քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթը, ինչն իր հերթին առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն եւ Առողջապահության նախարարության, որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթի իրականացում:

Դիտարկելով որոշումն ուժի մեջ մտնելուց (01.10.2015թ.) հետո մինչեւ 2023թ.-ի սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում Առողջապահության նախարարություն մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջով ներկայացված դիմումների քանակը, կարելի է փաստել, որ կապված որոշմամբ սահմանած հիվանդությունների (վիճակների) ցանկի ընդլայնման հետ, ինչպես նաեւ հաշվի առնելով վերջին տարիներին բնակչության իրազեկվածության բարձրացումը` որոշմամբ սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկի ընդլայնման վերաբերյալ, արձանագրվում է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով քաղաքացիների դիմելիության զգալի աճ, մասնավորապես.

2015թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2016թ.-ի ավարտը Առողջապահության նախարարությունում կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով քաղաքացու դիմում չի գրանցվել: 2017-2018թթ. ընթացքում  Առողջապահության նախարարությունում իրականացվել է 2 քաղաքացու դիմումի ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվել է հիվանդությունների (վիճակների) ցանկին չհամապատասխանելու մասին Առողջապահության նախարարության թվով 2 եզրակացություն:

2019թ.-ին Առողջապահության նախարարությունում ուսումնասիրվել է 5 քաղաքացու դիմում, որի արդյունքում տրամադրվել են հիվանդությունների (վիճակների) ցանկին չհամապատասխանելու մասին թվով 5 Առողջապահության նախարարության եզրակացություններ:

2020թ. ընթացքում Առողջապահության նախարարությունում իրականացվել է 10 քաղաքացու դիմումի ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվել է Առողջապահության նախարարության թվով 10 եզրակացություն, որից   հիվանդությունների (վիճակների) ցանկին համապատասխանելու մասին Առողջապահության նախարարության թվով 2 եզրակացություն ներկայացվել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:

2021թ. ընթացքում իրականացվել է 18 քաղաքացու դիմումի ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվել է Առողջապահության նախարարության թվով 18 եզրակացություն, որից հիվանդությունների (վիճակների) ցանկին համապատասխանելու մասին Առողջապահության նախարարության թվով 7 եզրակացություն ներկայացվել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:

2022թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ուսումնասիրվել է շուրջ 74 քաղաքացու դիմում, որի արդյունքում հիվանդությունների (վիճակների) ցանկին համապատասխանելու մասին Առողջապահության նախարարության թվով 31 եզրակացություն ներկայացվել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, իսկ 20.09.2023թ. դրությամբ ուսումնասիրվել է շուրջ 33 քաղաքացու դիմում:

Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն եւ լրացում  կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ, 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետերում` հիմք ընդունելով Սոցիալական նախարարական կոմիտեի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի նիստի թիվ ԿԱ/288-2023 արձանագրության 2-րդ կետի հանձնարարականը` վերոնշյալ գործառույթը վերապահելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետերում` սահմանելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն, մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության տրամադրման կարգը` գործառույթը վերապահելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կընդունվի նոր իրավական ակտ, որով կհաստատվի մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից եզրակացության տրամադրման կարգը, իսկ ներկայում գործող Առողջապահության նախարարի 2022թ. մայիսի 4-ի թիվ 1917-Լ հրամանն ուժը կորցրած կճանաչվի:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները` նշված գործառույթը վերապահելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր», ոլորտային եւ/կամ այլ ռազմավարությունների հետ կապը բացակայում է: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն