Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-753-26.12.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ,4-րդ, 5-րդ, 6-րդ,
7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով.

«3. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի մասնակցության հնարավորության եւ հասանելիության արգելափակման դեպքերը եւ կարգը:

5. Օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կայքերն ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:

6. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկերը հաստատվում են Լիազոր մարմնի ղեկավարի կողմից, արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:

7. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է ՀՀ վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են սույն օրենքով եւ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի 5-րդ մասի խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կրում են պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ լիազոր մարմնի դիմումի համաձայն:

9. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը հրապարակում է սույն հոդվածի 6-րդ մասի համապատասխան արգելման ենթակա կայքերի ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի զ1) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«զ1) հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրումն (համալրումն), խաղադրույքների կատարումն եւ դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) փոխանցվում (վճարվում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով: Հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրումն (համալրումն), խաղադրույքների կատարումն եւ դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) փոխանցվում (վճարվում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով կամ արտարժույթով, երբ խաղի մասնակիցը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, նույնականացման ընթացքում խաղի մասնակցի կողմից նշված բնակության վայրը (գրանցման հասցեն) չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում եւ գործարքը կատարվել է ոչ Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեյից (գործարքի կատարման պահին չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում), եւ դրամական միջոցների մուտքագրման (համալրման), խաղադրույքների կատարման եւ դրամական (փողային) շահումների հանձնման (ելքագրման) փոխանցումը (վճարումը) չի իրականացվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով, ընդ որում, դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում է նույն արժույթով, որով կատարվել են խաղադրույքները, հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրումը (համալրումը):»

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում.

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր տարի շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, ընդ որում պայմանագիր միեւնույն աուդիտորական կազմակերպության հետ կարող է կնքվել անընդմեջ առավելագույնը 3 տարի:

2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով՝

«3. Կազմակերպիչների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը.

1) պետք է ունենա առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա:

2) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաեւ՝ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում եւ միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ):

4. Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ անկախ աուդիտորական եզրակացության հետ միասին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին չբավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից տրված անկախ աուդիտորական եզրակացության դեպքում ֆինանսական հաշվետվությունները կհամարվեն չհրապարակված:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին եւ 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը ընդունում է օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում: