Armenian ARMSCII Armenian
Կ-717-20.11.2023,10.01.2024-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձեւավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության, թանգարանների աշխատողների իրավունքների եւ պարտականությունների, թանգարանային կրթության իրավական հիմքերը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) թանգարան ` ոչ առեւտրային կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում եւ հանրայնացնում է նյութական պատմամշակութային ժառանգության առարկաներ եւ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներ, հասանելի է հանրությանը եւ իրականացնում է սոցիալ-մշակութային, գիտահետազոտական, կրթական գործունեություն.

2) մշակութային արժեք ՝ մարդկային կենսագործունեության արգասիք համարվող առարկաներ եւ ստեղծագործություններ, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, ունեն հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարեւոր նշանակություն եւ մշակութային արժեքի կարգավիճակ են ստացել փորձաքննության հիման վրա.

3) թանգարանային առարկա ` թանգարանային հաշվառում անցած եւ կարգավիճակ ստացած բնօրինակ մշակութային արժեք կամ գիտական սկզբնաղբյուր, որի հատուկ որակական հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում դրա ներառումը թանգարանային հավաքածուում, մշտական պահպանությունն ու կիրառումը գիտության, կրթության առաջընթացի, ինքնության, արժեհամակարգերի ձեւավորման եւ զարգացման նպատակով.

4) թանգարանային նշանակության առարկա ` մշակութային նշանակության առարկա, որը կրկնօրինակ է, գիտելիքի եւ զգայության սկզբնաղբյուր չէ եւ չունի թանգարանային առարկային բնորոշ հատկանիշներ ու որակ, ուստի այն չի ընդգրկվում թանգարանային հավաքածուի հիմնական մասնաբաժնում.

5) թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառում ՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաստատված կարգով գրանցում, ուսումնասիրություն եւ փաստաթղթավորում.

6) թանգարանի գլխավոր մատյան ՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառման հիմնական փաստաթուղթ, որը տվյալներ է պարունակում թանգարանային առարկայի եւ հավաքածուի մասին.

7) թանգարանային հավաքածու ՝ թանգարանի տիրապետության տակ գտնվող, թանգարանային առարկաների հաշվառման գլխավոր մատյանում ներառված թանգարանային առարկաների ամբողջություն, որն ունի գիտական, պատմական, գեղարվեստական եւ մշակութային արժեք.

8) Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածու ՝ մշտապես Հայաստանի Հանրապետության պահպանության ներքո գտնվող, թանգարանների գլխավոր մատյաններում հաշվառված եւ շարունակաբար համալրվող թանգարանների առարկաների եւ հավաքածուների ամբողջություն, որն անօտարելի է (բացառությամբ ոչ պետական թանգարանների թանգարանային առարկաների) եւ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության անբաժանելի մասն է.

9) Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր եւ բացառիկ կարեւորության թանգարանային հավաքածու ` Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մաս կազմող բացառիկ թանգարանային առարկաներ, որոնք ենթակա են հաշվառման հատուկ պահպանության համապատասխան պայմանակարգով.

10) Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակ ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ներառված յուրաքանչյուր թանգարանային առարկայի եւ հավաքածուի մասին հիմնական տեղեկություններ պարունակող շտեմարան (ռեեստր), որն ստեղծում է պետությունը մշակութային արժեքների պետական հսկողության նպատակով.

11) թանգարանային առարկայի եւ հավաքածուի պահպանում, անվտանգության ապահովում ՝ թանգարանային առարկայի եւ հավաքածուի ամբողջության ապահովման համար գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ ռեժիմի ստեղծում, բոլոր տեսակի ռիսկերից պաշտպանում եւ վտանգների կանխարգելում.

12) թանգարանային առարկայի եւ հավաքածուի ուսումնասիրում ՝ թանգարանագիտության բնագավառում ընդունված տարբեր մեթոդների կիրառմամբ թանգարանային առարկաների եւ հավաքածուների բովանդակության բացահայտում, արձանագրում եւ համակարգում.

13) թանգարանային առարկայի եւ հավաքածուի հանրայնացում ՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների ներկայացումը հասարակությանը՝ հանրային ցուցադրման, գիտակրթական գործունեության, տպագիր եւ էլեկտրոնային վերարտադրման եղանակներով.

14) թանգարանի հիմնական ցուցադրություն ` թանգարանի հավաքածուից ընտրված թանգարանային առարկաների եւ դրանց բացահայտման օժանդակ ու աջակցող միջոցներից ստեղծված հաղորդակցության միջավայր, որը գիտական, գեղարվեստական նախագծման, միջմասնագիտական համագործակցության շնորհիվ ստեղծվում է որպես թանգարանային հավաքածուի նպատակային հանրայնացման հիմնական հարթակ եւ թանգարանի գիտակրթական առաքելության իրականացման առաջնային միջոց.

15) թանգարանային գործ ՝ սոցիալ-մշակութային գործունեության մասնագիտական ոլորտ, որը ներառում է գիտատեսական, մեթոդական գիտելիքների, գործնական հմտությունների, կառավարչական օղակների ձեւավորում եւ կիրառում, միջգիտակարգային ու միջմասնագիտական համագործակցություն՝ ուղղված թանգարանային առարկաների եւ հավաքածուների բացահայտմանը, ձեռքբերմանը, հաշվառմանը, պահպանմանը, ուսումնասիրմանը, հանրայնացմանը, թանգարանների արդյունավետ կառավարմանն ու դրանց հասարակական նշանակության բարձրացմանը, թանգարանային ոլորտի մասնագետների պատրաստմանն ու թանգարանային գործունեության տարբեր ուղղությունների մեթոդաբանության մշակմանն ու դրանց կատարելագործմանը, թանգարանների արդիականացմանը.

16) մշակութային արժեքների փորձաքննություն ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող մշակութաբանական կամ արվեստաբանական հետազոտություն, որի շնորհիվ տրվում է առարկայի մշակութային արժեք համարվելու կամ չհամարվելու վերաբերյալ փորձագիտական եզրակացություն.

17) թանգարանի հավատարմագրում ՝ թանգարանի հավատարմագրման չափորոշիչներին եւ թանգարանային ոլորտի օրենսդրության պահանջներին թանգարանի համապատասխանության ճանաչում.

18) թանգարանային կրթություն ՝ ոչ ֆորմալ ուսումնառություն, որն իրականացնում է թանգարանային գործառույթներ իրականացնող կազմակերպությունը եւ ապահովում է թանգարանային հավաքածուների զգայական եւ ճանաչողական հաղորդակցումը եւ մեկնաբանությունը.

19) արգելոց-թանգարան ՝ բացօթյա թանգարանի տեսակ կամ մշակութային համալիր կազմակերպություն, որն ստեղծվել է մշակութային ժառանգության թանգարանացման նպատակով հնագույն ժամանակներում պատմականորեն ձեւավորված տարածքների վրա հստակ տեղայնացված հուշարձանների սահմաններում` ապահովելու դրանց հնագիտական, մշակութային եւ բնական ամբողջական արժեքների պահպանությունը, հետազոտումը եւ հանրահռչակումը:

Հոդված 3. Թանգարանների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին», «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքներով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ԳԼՈՒԽ 2

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 4. Թանգարանների տեսակները

1. Թանգարանները կարող են լինել պետական, ոչ պետական ու համայնքային եւ ունենալ օրենքով չարգելված ցանկացած ոչ առեւտրային կազմակերպաիրավական ձեւ:

2. Թանգարանի գործունեության եւ թանգարանային առարկաների ու հավաքածուի բնույթով պայմանավորված՝ թանգարանները լինում են`

1) պատմության թանգարաններ. հավաքածուն ներառում է երկրի, ազգի, ժողովրդի, մարզի որեւէ պատմական ժամանակաշրջանին կամ իրադարձությանը վերաբերող թանգարանային առարկաներ ու հավաքածուներ. դասակարգվում են հնագիտական, ազգագրական, երկրագիտական, գրականության եւ ճարտարապետության թանգարանների.

2) արվեստի թանգարաններ. հավաքածուն ներառում է համաշխարհային եւ ազգային կերպարվեստի նմուշներ. դասակարգվում են պատկերասրահ, ժամանակակից արվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, ժողովրդական արվեստի, լուսանկարչական արվեստի թանգարանների.

3) բնագիտական թանգարաններ. հավաքածուն ներառում է երկրաբանական, բուսական եւ կենդանական աշխարհի նմուշներ, հնէաբանական գտածոներ, տեխնիկայի առաջընթացը ներկայացնող առարկաներ եւ այլ վավերագրեր. դասակարգվում են բնության, երկրաբանության, բժշկության, տիեզերքի, կապի, տեխնիկայի թանգարանների.

4) հուշային թանգարաններ. հավաքածուն ներառում է մեկ կամ մի քանի անձանց նվիրված թանգարանային առարկաներ եւ հավաքածուներ.

5) արգելոց-թանգարաններ. հուշարձանախմբի հենքի վրա ստեղծված բացօթյա թանգարան՝ նրա պատմական, գիտական, գեղարվեստական արժեք ունեցող մշակութային ժառանգության ամբողջական պահպանության եւ հանրահռչակման նպատակով.

6) թանգարան-ինստիտուտներ. գիտահետազոտական գործունեությանը զուգահեռ իրականացնում են թանգարանային գործառույթներ, ունեն թանգարանին բնորոշ հավաքածու.

7) կազմակերպության պատմությանը եւ գործունեությանը նվիրված թանգարաններ:

3. Թանգարանների դասակարգումն ըստ հավաքածուի բնույթի կատարվում է թանգարանային ոլորտում Կառավարության լիազորած պետական մարմնին (այսուհետ՝ լիազոր պետական մարմին) կից գործող թանգարանային խորհրդի եզրակացության հիման վրա` լիազոր պետական մարմնի սահմանած կարգով:

Հոդված 5. Թանգարանի գործունեության նպատակները եւ գործառույթները

1. Թանգարանի գործունեության նպատակներն են՝

1) բնության, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը եւ փոխանցումը սերունդներին.

2) գիտականորեն համակարգված, հաշվառված թանգարանային առարկաների եւ հավաքածուների ձեւավորումը.

3) ազգային արժեհամակարգի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելը.

4) հասարակության գեղագիտական ժամանցի եւ մշակութային կրթության իրավունքի ապահովումը:

2. Թանգարանի գործառույթներն են՝

1) թանգարանային առարկաների եւ հավաքածուների հավաքումը, համալրումը, հաշվառումը, պահպանությունը եւ պաշտպանությունը.

2) թանգարանային առարկաների եւ հավաքածուների դասակարգումը, հետազոտումը, հրատարակումը եւ թվայնացումը.

3) թանգարանային առարկաների եւ հավաքածուների հանրայնացումը (ցուցադրումը, հրապարակումը).

4) գիտահետազոտական եւ կրթամշակութային ծառայությունների մատուցումը.

5) մշակութային, զբոսաշրջային եւ ժամանցային ծրագրերի իրականացումը.

6) թանգարանագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:

Հոդված 6. Թանգարանի հավատարմագրման չափորոշիչները

1. Թանգարանը կամ թանգարանի կարգավիճակ ստանալու ցանկություն ունեցող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այսուհետ՝ հավակնորդ), անկախ հիմնադրից եւ կազմակերպաիրավական ձեւից, կարող է հավատարմագրվել: Թանգարանի հավատարմագրումն իրականացնում է լիազոր պետական մարմինը՝ մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:

2. Հավատարմագրումն իրականացվում է հետեւյալ չափորոշիչների առկայության դեպքերում.

1) հավակնորդը տիրապետում է թանգարանին բնորոշ հավաքածուների եւ իրականացնում է առկա հավաքածուների ուսումնասիրություն, հաշվառում, պահպանություն, համալրում եւ հանրայնացում՝ ըստ լիազոր պետական մարմնի հաստատած պայմանակարգերի.

2) հավակնորդը տնօրինում է թանգարանի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների, թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանման եւ ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազայի, ապահովված է թանգարանային առարկաների ջերմախոնավային ռեժիմով եւ անվտանգության միջոցներով, թանգարանային տարածքների եւ ցուցասրահների հասանելիությամբ եւ խելամիտ հարմարեցմամբ.

3) հավակնորդն ունի լիազոր պետական մարմնի սահմանած՝ թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված աշխատակազմ.

4) հավակնորդը տիրապետում է թանգարանի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին կամ դրանց մուտքերի աղբյուրին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափանիշների առկայության դեպքում տրվում է հավատարմագրված թանգարանի կարգավիճակ՝ 10 տարի ժամկետով վերահավատարմագրման հնարավորությամբ:

4. Հավատարմագրված ոչ պետական թանգարանների նկատմամբ լիազոր պետական մարմինն իրականացնում է մշտադիտարկում:

Հոդված 7. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառումը

1. Թանգարանի կողմից թանգարանային առարկաները եւ հավաքածուները ենթակա են հաշվառման: Դրանց հաշվառման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:

2. Պետական կամ համայնքային թանգարանի հավաքածուում հաշվառված պետական կամ համայնքային սեփականություն համարվող թանգարանային առարկաները եւ հավաքածուները հիմնադիրն ամրացնում է թանգարանին որոշակի ժամկետով կամ անժամկետ` անհատույց օգտագործման իրավունքով:

3. Պետական կամ համայնքային թանգարանի գործունեության դադարեցման դեպքում թանգարանի հաշվառած թանգարանային առարկաներն ու հավաքածուները հիմնադիրը ամրացնում է այլ պետական կամ համայնքային թանգարանի:

4. Պետական թանգարանի հաշվառած թանգարանային հավաքածուները բաժանման (մասնատման) ենթակա չեն:

5. Հավատարմագրված ոչ պետական թանգարանի կամ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանի գործունեության դադարեցման դեպքում թանգարանային առարկաներն ու հավաքածուները տնօրինում է հիմնադիրը՝ այդ մասին տեղեկացնելով լիազոր պետական մարմնին:

Հոդված 8. Թանգարանի հավաքածուի ձեւավորումը եւ համալրումը

1. Թանգարանի հավաքածուն ձեւավորվում է մեկ կամ մի քանի թեմայի (կամ գաղափարի) շուրջ` ըստ անհրաժեշտության համալրվող թանգարանային առարկաների եւ հավաքածուների հիման վրա:

2. Պետական թանգարանի հավաքածուն համալրվում է օրենքով չարգելված միջոցներով՝ թանգարանի նպատակներին եւ համալրման ռազմավարությանը համապատասխան, որը հաստատում է լիազոր պետական մարմինը, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի:

3. Պետական եւ համայնքային թանգարանի ղեկավարն իր հավաքածուների համալրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծում է ֆոնդային-գնահատող հանձնաժողով, որի ձեւավորման եւ գործունեության կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:

Հոդված 9. Պետական կամ համայնքային թանգարանների հավաքածուի համալրման հիմնական եղանակները

1. Պետական կամ համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուները համալրվում են հետեւյալ եղանակներով.

1) Կառավարության կողմից թանգարանին թանգարանային առարկայի ամրացում.

2) թանգարանի կողմից գնում.

3) նվիրատվության ստացում.

4) հնագիտական պեղումներ իրականացնող անձի կամ կազմակերպության հայտնաբերած գտածոների անհատույց ստացում.

5) աճուրդների միջոցով.

6) պետական բյուջեով եւ օրենքով չարգելված այլ եղանակներով:

2. Ոչ պետական թանգարանների թանգարանային հավաքածուները համալրում է հիմնադիրը՝ օրենքով չարգելված եղանակներով:

Հոդված 10. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունն ու անվտանգության ապահովումը

1. Թանգարանային առարկաները եւ հավաքածուները ենթակա են մշտական պահպանության:

2. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունն ապահովելու համար թանգարաններում սահմանվում է պայմանակարգ, եւ պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության իրականացվում են թանգարանային առարկաների եւ հավաքածուների ամրակայում եւ վերականգնում՝ ամրակայման եւ վերականգնման միջազգային չափանիշներին համապատասխան:

3. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների ամրակայման եւ վերականգնման աշխատանքներն իրականացնում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետը (վերականգնողը):

Հոդված 11. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների ժամանակավոր պահպանությունը

1. Թանգարանները կարող են պայմանագրի հիման վրա վճարովի կամ անվճար հիմունքներով իրականացնել թանգարանային առարկաների եւ հավաքածուների ժամանակավոր պահպանություն՝ դրանք չընդգրկելով տվյալ թանգարանի գլխավոր մատյանում:

2. Պետական կամ համայնքային թանգարանները թանգարանային առարկաները եւ հավաքածուները կարող են ժամանակավոր պահպանության հանձնել այլ թանգարանների կամ կազմակերպությունների` պայմանագրի հիման վրա առավելագույնը երեք տարի ժամկետով՝ պայմանով, որ ապահովվեն թանգարանային առարկաների տեղափոխման, ցուցադրման եւ պահպանման համար անհրաժեշտ անվտանգությունը, ջերմախոնավային ռեժիմը, հասանելիությունը, եւ դրանք համահունչ լինեն թանգարանային առարկայի միջավայրին: Սահմանված նորմերի համապատասխանությունը գնահատում եւ հետագայում դիտարկում է լիազոր պետական մարմինը: Սահմանված նորմերի անհամապատասխանությունը հիմք է ժամանակավոր պահպանության հանձնելու հարցը մերժելու համար:

3. Պետական թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումն իրականացվում է լիազոր պետական մարմնի որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումը` մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, համայնքի ավագանու որոշմամբ:

4. Պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության են հանձնվում միայն Հանրապետության նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովի նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, փոխվարչապետի գրասենյակին եւ արտաքին գործերի նախարարությանը արարողակարգային եւ նստավայրերում ցուցադրության նպատակով՝ պայմանով, որ ապահովվեն թանգարանային առարկաների տեղափոխության, ցուցադրության եւ պահպանության պայմանակարգը, դրանց անվտանգությունը:

Հոդված 12. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների մատչելիության ապահովումը եւ հանրայնացման (հրապարակման) իրավունքը

1. Թանգարանային առարկաները եւ հավաքածուները հասանելի են հանրությանը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր եւ բացառիկ կարեւորության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային եւ մշակութային արժեք ներկայացնող առարկաների վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության նպատակով:

3. Թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թանգարանի ներքին կանոնակարգով: Թանգարանի ներքին կանոնակարգի օրինակելի ձեւը հաստատում է լիազոր պետական մարմինը:

4. Պետական թանգարանի գույքամատյանը հասանելի է միայն թանգարանի ղեկավարին եւ գլխավոր ավանդապահին (ֆոնդապահին): Բացառիկ դեպքերում գլխավոր մատյանին հասանելիություն թույլատրվում է լիազոր պետական մարմնի կողմից կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա: Գույքամատյանում գրանցումներ կատարում է միայն թանգարանի գլխավոր ավանդապահը:

5. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների հասանելիությունը կարող է սահմանափակվել`

1) դրանց պահպանվածության ոչ բավարար վիճակի դեպքում.

2) դրանց վերականգնման ընթացքում լինելու դեպքում.

3) որոշակի անվտանգային նկատառումներից ելնելով:

6. Բացառությամբ «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված դեպքերի, թանգարանային առարկաների եւ հավաքածուների, թանգարանի շենքերի կամ նրա համալիրի մասերի գծապատկերները, տեսապատկերները, կրկնօրինակները եւ դրանց վերաբերյալ տեղեկույթը գովազդային նպատակով որպես խորհրդանիշ հուշանվերների կամ այլ ապրանքների արտադրության համար տրամադրելը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարվում է պետական կամ համայնքային թանգարանի դեպքում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, իսկ ոչ պետական թանգարանների դեպքում՝ սեփականատիրոջ կամ գործադիր մարմնի ղեկավարի թույլտվությամբ:

7. Այն թանգարանային շենքերը, որոնք պատմամշակութային հուշարձաններ են, երրորդ անձանց կողմից դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների եւ այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով:

8. Թանգարանին հանձնված շենքերում եւ տարածքներում արգելվում է իրականացնել այնպիսի գործունեություն, որը կարող է վտանգել թանգարանային առարկաները եւ հավաքածուն կամ հակասում է թանգարանի օգտագործման նպատակներին:

9. Արգելվում է թանգարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով:

Հոդված 13. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների օտարումը, նվիրատվությունը, հաշվառումից հանելը եւ փոխանակումը

1. Պետական կամ համայնքի uեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն օտարման ենթակա չէ: Արգելվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաների կամ դրանց առանձին մասերի (պատկանելիքների) օտարումը կամ օգտագործումը որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա: Դրանց օտարման վերաբերյալ չեն կարող կնքվել գործարքներ:

2. Արգելվում է պետական սեփականություն համարվող եւ թանգարանային հավաքածուներում հաշվառված թանգարանային առարկաների նվիրատվությունը:

3. Պետական կամ համայնքի uեփականություն համարվող թանգարանային առարկաների փոխանակումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե, համաձայն մշակութաբանական եւ արվեստաբանական փորձաքննության եզրակացության, փոխանակվող առարկան համարժեք է թանգարանային այլ առարկայի: Փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է համապատասխան գործունեություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությանը:

4. Պետական թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումն իրականացվում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` Կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումը` համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ լիազոր պետական մարմնի փորձագիտական դրական եզրակացության հիման վրա:

5. Պետական կամ համայնքի uեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն թանգարանի հավաքածուի հաշվառումից կարող է հանվել`

1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում` մշակութաբանական եւ արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա (բացառությամբ բնագիտական թանգարանների).

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.

3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման եւ մեկ այլ թանգարանի փոխանցման դեպքում.

4) երբ այն այլեւս գոյություն չունի կամ կորցրել է իր մշակութային եւ գիտական արժեքը:

6. Պետական սեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն (բացառությամբ բնագիտական թանգարանների) հաշվառումից հանվում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` Կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկան՝ համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ լիազոր պետական մարմնի դրական եզրակացության հիման վրա:

7. Պետական կամ համայնքային uեփականություն համարվող թանգարանային հավաքածուներից կորած (գտնվելու վայրը անհայտ) առարկաները չեն հանվում հաշվառումից եւ մնում են հաշվառված:

8. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված հավատարմագրված ոչ պետական թանգարանի կամ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները եւ հավաքածուները (ամբողջական կամ առանձին) կարող են հանվել հաշվառումից սեփականատիրոջ կամ հիմնադրի որոշմամբ` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով լիազոր պետական մարմնին:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն՝ որպես Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ եւ անբաժանելի մասն է:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը (ռեեստրը) վարում է լիազոր պետական մարմինը:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգը եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում թանգարանային առարկաները եւ հավաքածուներն ընդգրկելու եւ դրանից հանելու կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:

4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված, պետական թանգարանների հավաքածուներում ընդգրկված եւ համայնքներին հանձնված թանգարանային առարկաները, հավաքածուները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացնում է լիազոր պետական մարմինը:

5. Պետական կամ համայնքային թանգարանների վերակազմակերպումից եւ գործունեության դադարեցումից հետո Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները մնում են Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում: Վերակազմակերպված եւ գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման եւ պահպանության կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը եւ դրանում թանգարանների հավաքածուների ընդգրկումը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն կազմված է պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված ոչ պետական թանգարանների թանգարանային առարկաներից եւ հավաքածուներից:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի համայնքային մաս են կազմում այն թանգարանների հիմնական հավաքածուներում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները, որոնք սեփականության իրավունքով պատկանում են համայնքին:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգին համապատասխան, համալրվում է թանգարանների հավաքածուի առարկայացուցակում գրանցվելու պահից:

4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանի հավաքածուի սեփականատիրոջը լիազոր պետական մարմնի կողմից տրվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում դրա ընդգրկված լինելու մասին վկայական: Վկայականի ձեւը սահմանում է լիազոր պետական մարմինը:

5. Ոչ պետական թանգարանային առարկաների ընդգրկումը Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում իրականացվում է կամավոր սկզբունքով: Ոչ պետական թանգարանի հավատարմագրման դեպքում թանգարանային առարկաների ընդգրկումը Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում պարտադիր է:

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը կազմված է պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանների թանգարանային առարկաներից եւ հավաքածուներից:

2. Առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման եւ տրամադրման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում փոփոխություն կատարելը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմից թանգարանային առարկան հանված է համարվում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում այդ մասին նշում կատարելու օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է Կառավարության սահմանած կարգով:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի համայնքային մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է տնօրինողի որոշմամբ՝ լիազոր պետական մարմնի դրական եզրակացության հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է սեփականատիրոջ դիմումի համաձայն:

5. Պետական կամ համայնքային թանգարանների սեփականություն համարվող մշակութային արժեքները եւ հավաքածուները հինգ տարին մեկ ենթակա են վերագնահատման, որի ընթացակարգը սահմանում է լիազոր պետական մարմինը: Վերագնահատումն իրականացվում է մշակութային, գիտական եւ գնի որոշման նպատակով:

6. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում փոփոխություն կատարվում է թանգարանային առարկաների հետազոտման, դրանց պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային նշանակությամբ ձեռք բերված փաստերի ճշգրտման, ինչպես նաեւ դրանց համակողմանի մեկնաբանման բացահայտման նպատակով՝ լիազոր պետական մարմնի թույլտվությամբ՝ հիմքերի եւ ժամկետի մասին նշում կատարելով գրանցամատյանում:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը եւ ժամանակավոր արտահանումը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունն ապահովում է Կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները կարող են ժամանակավոր արտահանվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Թանգարանային առարկաների ժամանակավոր արտահանումն իրականացվում է «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքով եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր եւ բացառիկ կարեւորության թանգարանային հավաքածուի կազմը

1. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր եւ բացառիկ կարեւորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են պետական կամ համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանների բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաները եւ հավաքածուները՝ համաձայն դրանց ընտրության չափորոշիչների: Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները եւ հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր եւ բացառիկ կարեւորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատում է Կառավարությունը:

2. Ոչ պետական թանգարանների սեփականություն համարվող բացառիկ արժեք ունեցող առարկաները եւ հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր եւ բացառիկ կարեւորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ՝ սահմանելով, որ առարկայի օտարման դեպքում Հայաստանի Հանրապետությունն ունի գնման նախապատվություն:

Հոդված 20. Թանգարանների օգտագործումը

1. Թանգարանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային, ժամանցային եւ բնապահպանական նպատակներով, ինչպես նաեւ իրենց գործառնական նշանակությամբ:

2. Թանգարանների օգտագործումը տնտեսական նպատակներով թույլատրվում է, եթե չի հակասում թանգարանի նպատակներին եւ չի խոչընդոտում թանգարանի բուն գործունեությունը:

3. Պետական թանգարանների օգտագործումը տնտեսական նպատակներով կարող է կազմակերպվել լիազոր պետական մարմնի համաձայնությամբ:

Հոդված 21. Թանգարանային կրթությունը

1. Թանգարանային կրթությունը թանգարանի մշակութային ներուժի եւ այցելուի ինտելեկտուալ-զգայական հաղորդակցումն է որպես ոչ ֆորմալ կրթական փորձառություն:

2. Թանգարանային կրթությունը սահմանում է հետազոտահենք ուղղվածություն ունեցող թանգարանային բովանդակություն, գիտելիքների եւ հմտությունների ծավալ, որոնց հաղորդակից են լինում այցելուն եւ (կամ) այցելուների խումբը տեսական եւ գործնական տարբեր մեթոդների եւ աշխատաձեւերի միջոցով:

3. Թանգարաններում իրականացվող կրթական ծրագիրը կարող է իրականացվել ֆիզիկական տարածքում եւ (կամ) առցանց:

4. Թանգարանային կրթական ծրագիրը կարող է բաղկացուցիչ մաս կազմել հանրակրթական եւ մասնագիտական ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի:

5. Թանգարանը հաստատում է իր կրթական հայեցակարգը եւ գործընթացը համակարգող պատասխանատուին (անձ, աշխատակազմ):

Հոդված 22. Թանգարանի ձեռնարկատիրական գործունեությունը

1. Թանգարանը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում եւ գործունեության տեսակներով:

2. Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

3. Պետական թանգարանների ձեռնարկատիրական գործունեությունը կարող է իրականացնել նաեւ լիազոր պետական մարմնի ընտրած կազմակերպությունը, եթե այդ լիազորությունը կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի:


ԳԼՈՒԽ 4

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


Հոդված 23. Թանգարանների ոլորտում Կառավարության լիազորությունները

1. Կառավարությունը`

1) սահմանում է թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պահպանության եւ օգտագործման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասի եւ Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր եւ բացառիկ կարեւորության թանգարանային հավաքածուի պահպանությունը, համալրումը եւ օգտագործումը.

3) հաստատում է թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները.

4) ստեղծում է պետական թանգարաններ, արգելոց-թանգարաններ եւ թանգարան-ինստիտուտներ:

Հոդված 24. Լիազոր պետական մարմնի լիազորությունները

1. Լիազոր պետական մարմինը`

1) հսկողություն է իրականացնում իր ենթակայության պետական թանգարանների գործունեության նկատմամբ.

2) վարում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը (ռեեստրը)՝ Կառավարության սահմանած կարգով.

3) հաստատում է պետական թանգարանների զարգացման հայեցակարգերը, ծրագրերը, հիմնական ցուցադրության գիտական պլանը եւ գեղարվեստական նախագծերը.

4) հսկողություն է իրականացնում թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության կանոնների նկատմամբ՝ մասնագիտական հանձնաժողովների միջոցով.

5) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետությանը տիրազուրկ ճանաչված եւ ժառանգության իրավունքով պետությանն անցած, անտնտեսվար պահվող մշակութային արժեքների եւ հավաքածուների՝ պետական թանգարաններ մշտական պահպանության հանձնումը.

6) սահմանում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների վերականգնման չափանիշները եւ ապահովում դրանց ամրակայումը եւ վերականգնումը.

7) սահմանում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները.

8) սահմանում է իր ենթակայության թանգարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը.

9) կազմակերպում է թանգարանի աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման, համակարգի զարգացման ծրագրերի մշակումը եւ դրանց իրականացումը.

10) հաստատում է թանգարանների ֆոնդային-գնահատող հանձնաժողովի աշխատակարգի օրինակելի ձեւը.

11) հսկողություն է իրականացնում թանգարաններին ամրացված պետական սեփականության օգտագործման եւ պահպանության նկատմամբ, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի.

12) հաստատում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձեւը.

13) հաստատում է պետական թանգարանների, արգելոց-թանգարանների հիմնական ցուցադրության այցելության տոմսերի, մասնագիտական լուսանկարման, տեսագրման, անվճար օգտվողների եւ թանգարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկերը եւ սակագները, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի.

14) հաստատում է արգելոցների, արգելոց-թանգարանների եւ թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգը.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային արժեքների հաշվառման, ուսումնասիրման աշխատանքներ այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում.

16) սահմանում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության եւ ժամանակավոր պահպանության ընթացակարգը եւ պայմանակարգը.

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պահպանության նկատմամբ հսկողություն.

18) հաստատում է թանգարանային առարկաները եւ հավաքածուները վերականգնողի որակավորման կարգը եւ չափորոշիչները.

19) հաստատում է ռազմական դրության ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուներում եւ Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր եւ բացառիկ կարեւորության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների տարահանման եւ դրանց պաշտպանության կարգը.

20) հաստատում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվանշայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման եւ տրամադրման կարգը.

21) սահմանում է պետական եւ համայնքային թանգարանների հավաքածուի հասանելիության ապահովման կարգը.

22) հաստատում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառման, պահպանության, անվտանգության, ամրակայման եւ վերականգնման աշխատանքների իրականացման կարգը.

23) հաստատում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառման կարգը.

24) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական թանգարանային հավաքածուի համալրման կարգը.

25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 25. Թանգարանների ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

1. Թանգարանների ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով սահմանված լիազորությունները:

Հոդված 26. Թանգարանների ոլորտում տարածքային կառավարման եւ այլ պետական մարմինների լիազորությունները

1. Տարածքային կառավարման եւ այլ պետական մարմինները`

1) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 27. Թանգարանների խորհրդի լիազորությունները

1. Թանգարանների խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի նպատակն է թանգարանային գործունեության կազմակերպման հիմնարար հարցերի քննարկումը:

2. Թանգարանների խորհուրդը կազմված է 15 անդամից: Խորհուրդը բաղկացած է լիազոր պետական մարմնի հինգ, զբոսաշրջության բնագավառի լիազոր պետական մարմնի, տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի մեկական ներկայացուցչից, ինչպես նաեւ կարող են ռոտացիոն կարգով ընդգրկվել թանգարանների (անկախ ենթակայությունից եւ սեփականության ձեւից), մշակութային հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ, գիտնականներ, մասնագետներ: Ի պաշտոնե խորհրդի նախագահն է լիազոր պետական մարմնի ղեկավարը:

3. Թանգարանների խորհուրդը բնագավառի լիազոր պետական մարմին առաջարկություններ է ներկայացնում թանգարանների գործունեության եւ գործունեությանը նպաստող պետական ռազմավարության մշակման, թանգարանային քաղաքականության, գիտական ծրագրերի վերաբերյալ:

4. Թանգարանների խորհրդի աշխատակարգը եւ անհատական կազմը հաստատում է լիազոր պետական մարմինը երեք տարի ժամկետով:

Հոդված 28. Թանգարանի աշխատողի իրավունքները եւ պարտականությունները

1. Թանգարանի աշխատողն իրավունք ունի՝

1) իրականացնելու օրենքով սահմանված կարգով, կրթությանը, որակավորմանը եւ մասնագիտացմանը համապատասխան, իր իրավասությունների շրջանակներում թանգարանների բնագավառում մասնագիտական գործունեություն.

2) մասնակցելու օրենքով սահմանված կարգով շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

3) պաշտպանելու օրենքով սահմանված կարգով իր մասնագիտական համբավը, պատիվը եւ արժանապատվությունը.

4) աշխատանքին համարժեք վարձատրության՝ առանց որեւէ խտրականության.

5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ իրավունքներից եւ երաշխիքներից.

6) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

2. Թանգարանի աշխատողի պարտականություններն են՝

1) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազոր պետական մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

2) գործունեության ընթացակարգով կատարել սահմանված պահանջները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում.

3) պահպանել Հայաստանի Հանրապետության թանգարանի աշխատողի վարքագծի կանոնակարգի պահանջները:

Հոդված 29. Մշակույթի զարգացման հիմնադրամը

1. Մշակութային կազմակերպությունների զարգացման եւ լրացուցիչ ֆինանսական միջոցները ներգրավելու նպատակով Կառավարությունն ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ, որի նպատակները, լիազորությունները եւ գործունեության ու կառավարման հարցերը սահմանվում են կանոնադրությամբ:

ԳԼՈՒԽ 5

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 30. Թանգարանների ֆինանսավորումը

1. Պետական թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Համայնքային թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է համայնքի բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Ոչ պետական թանգարանները ֆինանսավորվում են հիմնադրի կողմից եւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

ԳԼՈՒԽ 6

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 31. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն:

Հոդված 32. Թանգարանային առարկաներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումն ու վնասի հատուցումը

1. Թանգարանային առարկաներին վնաս պատճառելու դեպքում կամ պահպանության կանոնները խախտելու հետեւանքով վնաս պատճառած քաղաքացիները, թանգարանի աշխատակիցները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը սեփական միջոցների հաշվին, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում՝ հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 33. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Հոդված 34. Անցումային դրույթներ

1. Գործող պետական կամ համայնքային թանգարանի՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հավատարմագրումն իրականացվում է պարզեցված կարգով:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող պետական կամ համայնքային թանգարանը Կառավարության սահմանած ժամանակացույցով (բայց ոչ պակաս տարեկան երկու թանգարան) համապատասխանեցվում է հավատարմագրման չափորոշիչներին: