Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած» բառերը փոխարինել «զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ» բառերով.
2) հանել «` սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման պահանջներին եւ այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցման անհրաժեշտությամբ:
2. Առկա իրավիճակը
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի գործող խմբագրության համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի կամ անդամի պաշտոն զբաղեցրած անձի` նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:
Սահմանադրական դատարանն իր դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման հիմքում դրել է դատավորների, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորների անկախության եւ դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարեւորող սոցիալական ապահովության ոլորտին առնչվող մի շարք միջազգային իրավական չափորոշիչներ, որպեսզիք են՝
1) դատավորների անկախությանը համապատասխան թոշակը եւ թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձեւով երաշխավորվեն օրենքով (Միավորված ազգերի կազմակերպության` հանցագործությունների կանխմանը եւ իրավախախտների հետ վարվելակերպի հիմնախնդիրներին նվիրված յոթերորդ կոնգրեսի կողմից 1985 թվականին ընդունված` Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներ, 11-րդ կետ),
2) լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքով կենսաթոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ լինի որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին («Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիա, 6.4-րդ կետ),
3) դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ (Դատավորների անկախության, արդյունավետության եւ պատասխանատվության վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ Rec (2010)12 հանձնարարական, 54-րդ կետ),
4) կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով (Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված` «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիա, 7-րդ կետ):
Այսինքն, վերոնշյալ իրավական ակտերում կենսաթոշակի չափի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներից (կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ պետք է լինի որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին, կենսաթոշակի չափը պետք է աշխատավարձի հետ գտնվի ողջամիտ հարաբերակցության մեջ) բխում է, որ դատավորի կենսաթոշակի իրավունքի իրացման առանձնահատկությունները սահմանելիս պետությունն ինքնուրույն է որոշում կենսաթոշակի չափը:
Սակայն, կենսաթոշակի իրավունքի իրացման տարբեր պայմաններ են սահմանված հատկապես Սահմանադրական դատարանի այն դատավորների համար, որոնք նշանակվել են մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը՝ այսինքն մինչեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, ինչը պայմանավորված է հետեւյալով.
Մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված, այնուհետեւ՝ 2014 թվականի հուլիսի 1-ից մինչեւ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը եւ Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետի կրճատման արդյունքում 12-ամյա ժամկետն ավարտած կամ պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակային գումարների համաչափությունը չի պահպանվել:
Այսպես, եթե մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված Սահմանադրական դատարանի անդամին (դատավորի) տրվում էր կենսաթոշակ՝ Սահմանադրական դատարանի անդամի՝ իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի 75 տոկոսի չափով («Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի օրենքի 12-րդ հոդված, մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը խմբագրված տարբերակ):
Միաժամանակ, նույն ժամանակաշրջանի համար Սահմանադրական դատարանի դատավորին վճարվում էր հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի առաջին 5 տարիների համար՝ յուրաքանչյուր տարի 2-ական տոկոսի (ընդամենը 10 տոկոս), իսկ 6-րդ եւ դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ 5-ական տոկոսի չափով (2007 թվականի փոտրվարի 21-ի ՀՀ դատական օրենսգիրք, հոդվ. 75):
Այնուհետեւ, օրենսդրական հետագա փոփոխությունների արդյունքում, «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի օրենքի (2014 թվականի հուլիսի 1-ը խմբագրված տարբերակով) 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվեց, որ՝
«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձին (..,) իր լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվում է կենսաթոշակ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով: (...) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած (..,) լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է սահմանադրական դատարանի անդամի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: (..,) Եթե սույն պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով:»:
Միաժամանակ, նույն 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ դատական օրենսգրքով սահմանվեց հավելավճար՝ յուրաքանչյուր տարվա համար՝ 5 տոկոսի փոխարեն 2 տոկոսի չափով, այն դեպքում, երբ նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում էր, որ դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում:
Այսինքն, 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետի կրճատման արդյունքում 12-ամյա ժամկետի պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի 2 դատավորների համար, որոնք նշանակվել են 2010 թվականի դեկտեմբերի 9-ին, 2022 թվականի դեկտեմբերի 10-ին լիազորությունների ժամկետի ավարտման հիմքով կենսաթոշակի չափի հաշվարկման հիմքում դրվում է 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աշխատավարձի չափը, այն դեպքում, որ հետագա 2014-2022 թթ. ընթացքում հավելավճարի ու պաշտոնային դրույքաչափերը փոփոխվել են:
Առաջարկվող փոփոխությամբ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավորի կենսաթոշակը մոտենում է (սակայն չի հավասարվում) մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կենսաթոշակավորված դատավորների թոշակին, ինչով ապահովվում է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ (անկախ կենսաթոշակի անցնելու պահից) հավասար վերաբերմունքը:
Բացի այդ, Սահմանադրության 2020 թվականի փոփոխությամբ Սահմանադրական դատարանում ամբողջությամբ հավասարեցվել են դատավորների կարգավիճակները, սակայն դրանց կենսաթոշակային ապահովման անհամաչափությունն դարձյալ պահպանվելու է հատկապես Սահմանադրության այդ փոփոխությամբ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի կրճատման արդյունքում 2022 թվականի դեկտեմբերի 10-ին պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի 2 դատավորների համար վճարվելիք կենսաթոշակի չափը մի քանի հարյուր հազար դրամով պակաս է նշանակվելու, քան 20 օր հետո՝ այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակի իրավունք իրացնող դատավորներին:
3. Նախագծերի նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը, այն է՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով, նպատակ ունի օրենքը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշմամբ արձանագրված պահանջներին եւ այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին (կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ պետք է լինի որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին, կենսաթոշակի չափը պետք է աշխատավարձի հետ գտնվի ողջամիտ հարաբերակցության մեջ):
Նախագծով նախատեսվում է նաեւ հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի երկու պաշտոնաթող դատավորի (նաեւ կենսաթոշակի չափի վերահաշվարկ կատարելով) եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով լիազորությունների դադարման դեպքում Սահմանադրական դատարանի մեկ գործող դատավորի վրա: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն վերոնշյալ երեք պաշտոնատար անձինք են 2014 թվականի հուլիսի 1-ի՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված եղել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանի միայն պաշտոնաթող երկու դատավորի եւ մեկ գործող դատավորի կենսաթոշակի չափն էականորեն նվազ է լինելու Սահմանադրական դատարանի պաշտոնաթող մյուս դատավորների եւ գործող դատավորների (ապագա) կենսաթոշակի չափից:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծերի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման 10,507,719 ՀՀ դրամի չափով:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի մշակումը չի բխում որեւէ ռազմավարությունից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման, բայց չի հանգեցնի եկամուտների նվազեցման:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում