Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7611-15.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1.2.-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ դրա մարմինների վարչական ակտերը, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:»:

Հոդված 2. Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1.-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.7-րդ եւ 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2.-րդ մասով՝

«1.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ դրա մարմինների դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունն՝ անկախ ներկայացված հայցատեսակից իրականացվում է գրավոր ընթացակարգով:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կատարված իրավախախտումներից բխող իրավահարաբերությունների նկատմամբ:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների քննության կապակցությամբ իրականացվող դատավարական գործողությունների նկատմամբ: