Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-762-15.01.2024-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «: Ուղեղի մահը համարժեք է մարդու մահվան» բառերը.

2) 1-ին մասի 6-րդ կետը «մահվան փաստի հաստատումից հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ կենսաբանական մահից հետո» բառերով.

3) 1-ին մասի 8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 1-ին մասը 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.

«կենսաբանական մահ՝ օրգանիզմի բոլոր հյուսվածքներում եւ բջիջներում կենսաբանական եւ ֆիզիոլոգիական գործունեության լրիվ եւ անդառնալի դադարում:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Փոխպատվաստման ենթակա» բառերը փոխարինել «Կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա» բառերով.

2) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հրաժարվել է» բառերը փոխարինել «ներկայացրել է իր անհամաձայնությունը՝» բառերով.

2) 2-րդ մասում «որոշման բացակայության դեպքում» բառերը փոխարինել «գրավոր անհամաձայնության բացակայության դեպքում» բառերով.

3) 5-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «գրավոր անհամաձայնության» բառերով.

4) 7-րդ մասը «այլ հարցերի շուրջ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում «մարդու ուղեղային» բառերից հետո լրացնել «կամ կենսաբանական» բառերը:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) «քաղաքացի» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «անձ» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձեւերով.

2) 1-ին մասի «բ» եւ «զ» կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է» կետով.

«է) անձը օրենքով սահմանված կարգով ճանաչված է անգործունակ:»:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «վիրահատությունը» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ» կետով.

«գ) օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայումս գործող «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է դեռեւս 2002 թվականի ապրիլի 16-ին: Օրենքի ընդունումից հետո առոողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերն ենթարկվել են բազմաթիվ էական փոփոխությունների: Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունների զգալի մասը ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում կարգավորում է ստացել նաեւ ոլորտային այլ օրենքների շրջանակներում: Ուստի, Օրենքի եւ այլ ոլորտային օրենքների միջեւ համապատասխանությունն ապահովելու եւ փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծով կատարվող փոփոխության շրջանակներում Օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի սահմանվում է նաեւ կենսաբանական մահի հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում:

Բացի այդ, բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգաններից ցանկից, ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին) տրվում է լիազորություն՝ սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը:

Նախագծով վերանայվել են նաեւ փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները եւ ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ: Դոնորի հիշյալ իրավունքի սահմանումը բխում է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին» կոնվենցիայի Լրացուցիչ արձանագրության 7-րդ հոդվածից, որի համաձայն՝ կենդանի դոնորներին եւ ռեցիպիենտներին առաջարկվում է հետփոխպատվաստումային բժշկական օգնություն եւ սպասարկում: Այս առումով հարկ է նշել, որ Լիազոր մարմնի սահմանած կարգով նախատեսվելու է դոնորի շարունակական (դիսպանսերային) հսկողության ապահովումը, որն իր մեջ ընդգրկելու է մասնագիտական խորհրդատվությունների ծավալները եւ դրանց անցկացման ժամկետները, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը եւ դրանց իրականացման պարբերականությունը՝ դոնորի լիարժեք հետվիրահատական բժշկական հսկողությունն ապահովելու նպատակով:

Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվել են դրույթներ անձի՝ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի եւ դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ՝ ուղղված բնակչության շրջանում այս իրավունքների իրազեկվածության բարձրացմանը:

Հաշվի առնելով, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի իմաստով փոխպատվաստումը եւս համարվում է բժշկական միջամտություն, կատարվել են համապատասխանեցումներ սույն օրենքով սահմանված դրույթների հետ:

Բացի այդ, նախագծում կատարվել են մի շարք այլ փոփոխություններ, որոնք բխում են այլ իրավական ակտերից, միջազգային նորմերից կամ ուղղված են փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրների կարգավորմանը: Նախագծի 11-րդ հոդվածից՝ կենդանի դոնորների ընտրության շրջանակից, հանվել է հաշմանդամություն ունեցող անձը, քանի որ Օրենքով սսահմանված սահմանափակումը հակասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային: Բացի այդ, նախագծի նույն հոդվածով կատարված այլ փոփոխության համաձայն՝ անձի 65 տարին լրանալը այլեւս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար:

3. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա կենսաբանական մահ հասկացությունը, ինչպես նաեւ օրենսդրական հիմք կսահմանվի Լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաեւ Լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին՝ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ:

Նախագծի ընդունման ադյունքում կապահովվի նաեւ Օրենքի դրույթների համապատասխանեցումը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի եւ այլ իրավական ակտերին դրույթներին:

4. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

5. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն