ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման նպատակը
1. Սույն օրենքի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության խաղային գործունեության կարգավորման միջոցով խաղացողների շահերի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման խթանումը, նորարարության զարգացումը եւ ներդրումների ապահովումն է:
Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է խաղային գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում՝
1) ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով կազմակերպվող գովազդային վիճակախաղի վրա, որի շահումային ֆոնդը չի գերազանցում յուրաքանչյուր գովազդվող ապրանքի կամ ծառայության մասով նախորդ կամ ընթացիկ տարվա իրացման շրջանառության 8 տոկոսը : Եթե շահումային ֆոնդը գերազանցում է սույն մասում նշված առավելագույն չափը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես սույն օրենքով կարգավորվող վիճակախաղի կազմակերպման գործունեություն:
2) հմտություն, բանականություն, ճանաչողական ջանք, լայն կամ խորը գիտելիքներ պահանջող ինտելեկտուալ խաղերի վրա:
Հոդված 3. Խաղային գործունեության կարգավորման օրենսդրությունը
1. Խաղային գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը՝
1) Խաղ ՝ մոլեխաղ, ինտերնետ մոլեխաղ, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ, վիճակախաղ.
2) Խաղային գործունեություն ՝ մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի, բուքմեյքերային գործունեության, վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն.
3) Մոլեխաղ՝ շահումով խաղի տարատեսակ, որն իրենից ներկայացնում է ռիսկի վրա հիմնված շահումի վճարման մասին պայմանագրի կնքում երկու կամ ավելի անձանց, կամ անձի եւ խաղի կազմակերպչի միջեւ՝ կազմակերպչի սահմանած կանոնների համաձայն.
4) Ինտերնետ մոլեխաղ ՝ ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի կամ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով եւ խաղային արտադրանքների կիրառմամբ կազմակերպվող մոլեխաղ: Ինտերնետ մոլեխաղը կարող է կազմակերպվել նաեւ խաղասրահի միջոցով.
5) Բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ ՝ տոտալիզատորի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով իրականացվող սպորտային, խաղային, սոցիալական, քաղաքական կամ որեւէ այլ իրադարձությունների ելքերի հնարավոր տարբերակների կանխագուշակման վրա գրազների ընդունման, հաշվառման եւ շահումների հանձնման կազմակերպում կամ մասնակցին գրազադրում կատարելու հնարավորության ստեղծումը (որեւէ կերպ իրավունքի տրամադրումը): Բուքմեյքերային գործունեությունը կարող է կազմակերպվել նաեւ խաղասրահի միջոցով.
6) Վիճակախաղ՝ հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջեւ անցկացնում է շահումային ֆոնդի խաղարկում, ընդ որում, շահումները կախված չեն կազմակերպչի գործողություններից եւ կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության: Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաեւ խաղասրահի միջոցով.
7) Շահումով այլ խաղ (այդ թվում՝ ինտերնետ շահումով այլ խաղ) ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խաղ չհանդիսացող շահումով խաղ, որի կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքի 6-րդ գլխով.
8) Խաղային արտադրանք ՝ խաղային պարագա, սարքավորում, սաքավորման մաս կամ ծրագրային ապահովման միջոց, որով խաղացողին հնարավորություն է ընձեռնվում խաղադրույք կատարելու միջոցով կամ մասնակցության վճարի դիմաց մասնակցել մոլեխաղի, ինտերնետ մոլեխաղի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղի, վիճակախաղի կամ շահումով այլ խաղի.
9) Խաղային գործունեության կազմակերպիչ կամ կազմակերպիչ ՝ օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կազմակերպման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձ.
10) Խաղային գործունեության կազմակերպում ՝ խաղային գործունեության կազմակերպիչների կողմից խաղային արտադրանքների շահագործում՝ ստեղծելով ցանկացած ձեւով շահման կամ խաղին մասնակցելու հնարավորություն.
11) Խաղային գործունեության կազմակերպչի պաշտոնական կայք ՝ կազմակերպչի կանոնակարգով սահմանված տեղեկատվական ռեսուրս կամ ինտերնետ մոլեխաղերին, ինտերնետ վիճակախաղերին, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղին հեռահար եղանակով մասնակցություն ապահովող միջոց, այդ թվում՝ խաղացողների գրանցման կամ մուտքի կամ նույնականացման հնարավորություն ընձեռող ենթադոմենային անվանումներով կայքերը (սուբդոմենները): Սույն օրենքի իմաստով կազմակերպչի պաշտոնական կայքեր չեն կարող համարվել սոցիալական ցանցերի հարթակներում տեղակայվող կազմակերպչի ինտերնետային էջերը, ինչպես նաեւ տեսաձայնանախագծային կայքերում կազմակերպչի կողմից տեղակայվող ալիքները.
12) Խաղասրահ ՝ շինություն կամ շինության ներսում տարածք, որտեղ կազմակերպվում է խաղային գործունեություն.
13) Նախասրահ ՝ խաղասրահի մուտքին կից առանձնացված սրահ, որտեղ իրականացվում է խաղացողների նույնականացում եւ տվյալների մուտքագրում բազա նախքան խաղսրահ մուտք գործել թույլատրելը.
14) Խաղացող ՝ խաղային արտադրանքներից օգտվող ֆիզիկական անձ.
15) Վիճակախաղի մասնակից ՝ վիճակախաղի տոմսի տիրապետող ֆիզիկական անձ.
16) Խաղադրույք (մասնակցության վճար) ՝ խաղին մասնակցելու կամ խաղային համակցության համար վճարված (այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայությունների միջոցով) դրամային միջոց.
17) Խաղային ինտերակտիվ հարթակ ՝ էլեկտրոնային ծրագիր, որի միջոցով առաջարկվում է մեկ կամ մի քանի խաղային արտադրանք հանդիսացող ծրագրային ապահովման միջոց.
18) Շահում ՝ կանոնակարգով սահմանված՝ խաղի կանոններով եւ պայմաններով խաղային համակցությունների համընկնման սպորտային, սոցիալական, քաղաքական կամ որեւէ այլ նշանակալից իրադարձության ելքի կանխագուշակման խաղի կազմակերպչի կողմից խաղացողի կամ վիճակախաղի մասնակցի անվամբ հաշվեգրվող դրամային կամ բնամթերային տեսքով նյութական արժեք: Շահում են համարվում նաեւ խաղային գործունեության կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով նախատեսված կազմակերպիչների կողմից տրամադրվող բոնուսները.
19) Վիճակախաղի շահումային ֆոնդ ՝ վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարներից ձեւավորվող ֆոնդ, որը բաշխվում է վիճակախաղի մասնակիցների միջեւ՝ վիճակահանության արդյունքներին եւ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգին համապատասխան.
20) Խաղային օպերացիա ՝ խաղային արտադրանքի շահագործմանն ուղղված գործողությունների կատարում.
21) Օպերացիոն վկայագիր ՝ ֆիզիկական անձին խաղային օպերացիաներ իրականացնելու թույլտվություն վերապահող փաստաթուղթ.
22) Խաղային ոլորտի կարգավորման օպերատոր կամ օպերատոր ՝ սյուն օրենքի 7-րդ գլխով նախատեսված իրավաբանական անձ.
23) Մոնիտորինգային կենտրոն ՝ օպերատորի՝ ինտերնետային կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգ, որի միջոցով օպերատորն իրականացնում է մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղի խաղացողների եւ վիճակախաղերի մասնակիցների կողմից գնված խաղանիշերի, շահումների, խաղային արտադրանքների, ինչպես նաեւ խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության գրանցում, պահպանում եւ հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում.
24) Ռիսկերի գնահատումը խաղային ոլորտի կազմակերպչի գործունեությունից, գործողությունից կամ անգործությունից, ներկայացվող հաշվետվությունների եւ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների, սարքավորումների, ծրագրերի համապատասխանության վերլուծության արդյունքներից բխող կազմակերպչի գործունեության վարքագծի բնորոշումն է.
25) Կազմակերպչի պատասխանատու անձ ՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ կազմակերպչի կողմից սահմանած պատասխանատու այլ աշխատակից.
26) Նշանակալից մասնակցություն ՝ օպերատորի կամ կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս մասնակցություն.
27) Իրական շահառու ՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու.
28) Ընտանիքի անդամ ՝ հայրը, մայրը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, ամուսինը, ամուսնու ծնողները.
29) Վերահսկող մարմին ՝ խաղային գործունեությունը վերահսկող եւ օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.
30) Լիազոր մարմին ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակում եւ կատարելագործում, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակում եւ կատարելագործում, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորում, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացում, ինչպես նաեւ օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
31) Անձի նույնականացում ՝ նախքան խաղային արտադրանքներից (բացառությամբ այլ շահումով խաղերի արտադրանքների) օգտվելու կամ խաղին (բացառությամբ այլ շահումով խաղերին) մասնակցելու հնարավորություն ընձեռելը կազմակերպչի կողմից անձի նույնականացում՝ օրենքով նախատեսված սահմանափակումների կիրառման եւ սույն օրենքով նախատեսված դեպքում բազայում խաղացողների տվյալների մուտքագրման նպատակով.
32) Պատշաճ ձեւով ծանուցում կամ փաստաթղթերի ուղարկում ՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպիչներին էլեկտրոնային եղանակով իրականացվող ծանուցում կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում փաստաթղթերի էլեկտրոնային ուղարկում, որն իրականացվում է ծանուցումը կամ փաստաթղերը օպերատորի էլեկտրոնային կառավարման համակարգի՝ կազմակերպչի անձնական էջում տեղադրելու եղանակով: Կազմակերպիչը համարվում է պատշաճ ծանուցված օպերատորի՝ էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:
33) Արդար խաղի կանոններ /Fair game/ խաղային ոլորտի կարգավորման խաղի կանոններ, որոնք ուղղված են խաղացողների իրավունքների պաշտպանությանը, ծրագրային ապահովման արդարության, Խաղի մասնակիցների իրավունքների հավասարության, անչափահասների խաղերի մասնակցության արգելքի հիման վրա:
34) Պատասխանատու խաղի կանոններ /RESPONSIBLE GAMBԼING/ խաղային ոլորտի կարգավորման խաղի կանոններ, որոնք հիմնված են խաղացողի անվտանգության, խաղի անվտանգության, խաղային կախվածության կանխարգելման սկզբունքների վրա եւ միտված են խաղամոլությամբ տառապող անձանց օգնելուն, ինչպես նաեւ խաղացողներին հնարավոր բացասական հետեւանքներից պաշտպանելուն:
35) Օպերատորին ներկայացվող հիմնական պահանջներ ՝ ծրագրային եւ տեխնիկական միջոցների հագեցվածության, համապատասխան որակավորում եւ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձնակազմի առկայության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներ:
ԳԼՈՒԽ 2
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 5. Խաղային գործունեության կազմակերպումը
1. Խաղերի կազմակերպիչների եւ խաղացողների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա, որը կնքվում է կազմակերպչի կանոնակարգին համաձայն:
2. Խաղերի կազմակերպչի եւ խաղացողի միջեւ պայմանագիրը ձեւակերպվում է վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային, տալու միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը կնքելու մասին առաջարկը պետք է պայմաններ ներառի խաղերի անցկացման ժամկետի, շահումը որոշելու կարգի եւ դրա չափի մասին:
4. Խաղերի կազմակերպչի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանագրի պահանջները խախտելու, այդ թվում՝ խաղերի կազմակերպչի կողմից սահմանված ժամկետում դրանք անցկացնելուց հրաժարվելու դեպքում խաղացողներն իրավունք ունեն կազմակերպչից պահանջել խաղերի վերացմամբ կամ դրանց ժամկետի հետաձգմամբ պատճառված իրական վնասի հատուցում:
5. Կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը՝ խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձեւով եւ ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված պարտականությունները խաղերի կազմակերպչի կողմից չկատարվելու դեպքում շահած անձն իրավունք ունի խաղերի կազմակերպչից պահանջել վճարելու շահումը՝ ինչպես նաեւ հատուցելու կազմակերպչի կողմից պայմանագրի խախտմամբ պատճառված վնասները:
7. Խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա կարող է ստանալ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձը:
8. Խաղային գործունեության յուրաքանչյուր տեսակի կազմակերպման համար պահանջվում է առանձին լիցենզիա:
9. Հանձնարարության, կոմիսիայի, գործակալության, երաշխավորության պայմանագրերի կամ լիազորագրի կամ որեւէ այլ ձեւով խաղային գործունեության կազմակերպչի՝ սույն օրենքով նախատեսված գործառույթները երրորդ անձանց փոխանցվելու դեպքում տվյալ անձանց գործունեությունը ենթակա է լիցենզավորման սույն օրենքով նախատեսված ընդհանուր կարգով:
10. Խաղային գործունեության կազմակերպիչն ապահովում է՝
1) խաղային գործունեության իրականացումը բացառապես օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացված եւ սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ ունեցող խաղային արտադրանքներով,
2) խաղային օպերացիաների իրականացումը բացառապես վավեր օպերացիոն վկայագրեր ունեցող ֆիզիկական անձանց կողմից,
3) խաղասրահի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում՝
ա. խաղային գործունեության կազմակերպումը միայն լիցենզիայում նշված վայրում,
բ. խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը,
գ. Լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահներ,
դ. նախասրահում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած խաղացողների նույնականացման, տվյալների բազայի ստեղծման եւ պահպանման աշխատանքների իրականացումը,
ե. խաղասրահի պաշտպանությունը պահպանիչ եւ հակահրդեհային ազդարարման համակարգերով,
զ. խաղասրահներում տեսանելի տեղում խաղերի կանոնների (բացառությամբ այն խաղային արտադրանքների, որոնք իրենց վրա պարունակում են խաղերի կանոններ) առկայությունը,
է. պատասխանատու անձի մշտական ներկայությունը խաղասրահում,
ը. խաղասրահում խաղանիշերի /ժետոնների/ փոխանակումը միայն անկանխիկ եղանակով, բացառությամբ որպես օտարերկյա քաղաքացի նույնականացված խաղացողների,
զ. խաղասրահում խաղանիշերի /ժետոնների/ փոխանակումը միայն հայկական դրամով,
4) խաղերը կազմակերպում եւ անցկացնում է իր կողմից սահմանած, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված ընթացակարգով հաստատված կանոնակարգին համապատասխան,
5) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը, սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում,
6) խաղացողների կողմից, բացառությամբ որպես օտարերկրյա քաղաքացի նույնականացված խաղացողների, խաղադրույքներիի /խաղի մասնակցության վճարի / կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոց՟ների համալրումն անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային /այդ թվում քարտային/ հաշիվների միջոցով,
7) խաղային ինտերակտիվ հարթակի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում՝
ա. խաղի կազմակերպման գործունեությունն իրականացնում է միայն կանոնակարգում նշված համապատասխանության սերտիֆիկատ ունեցող կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) եւ խաղային հավելվածների միջոցով.
բ. խաղի կազմակերպման համար օգտագործվող սերվերում (Խաղային ինտերակտիվ հարթակում ) ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ՝ նույնականացման եւ նրա՝ օրենքով սահմանված տարիքը հասած լինելու հանգամանքը ստուգելու պարտադիր պայմանով.
գ. խաղացողների կողմից հատուկ խաղային հաշվի համալրումը բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում լիազոր մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով: Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում օտարերկյա քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից օգտագործվող եւ օտարերկրյա բանկերի թողարկված հաշիվների եւ քարտերի վրա.
դ. հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրումն (համալրումն), խաղադրույքների կատարումն եւ դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) փոխանցվում (վճարվում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով: Հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրումն (համալրումն), խաղադրույքների կատարումն եւ դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) փոխանցվում (վճարվում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով կամ արտարժույթով, երբ խաղի մասնակիցը հանդիսանում է օտարերկյա քաղաքացի, նույնականացման ընթացքում խաղի մասնակցի կողմից նշված բնակության վայրը (գրանցման հասցեն) չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում եւ գործարքը կատարվել է ոչ Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեից (գործարքի կատարման պահին չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում), եւ դրամական միջոցների մուտքագրման (համալրման), խաղադրույքների կատարման եւ դրամական (փողային) շահումների հանձնման (ելքագրման) փոխանցումը (վճարումը) չի իրականացվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով, ընդ որում, դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում է նույն արժույթով, որով կատարվել են խաղադրույքները, հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրումը (համալրումը).
ե. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում վճարում է խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը:
8) Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարի վճարումը,
9) «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը,
10) «Գովազդի մասին» օրենքի պահանջների կատարումը,
11) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը էլեկտրոնային տարբերակով համաձայնեցնում է Լիազոր մարմնի հետ, ընդ որում, վերջինս չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, օպերատորի կողմից հաստատված համապատասխան վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ: Լիազոր մարմինը ապահավում է Վերահսկող մարնի հասանելիությունը համաձայնեցման ենթակա եւ հաստատված գովազդներին:
12) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների կատարումը,
13) շահման փաստի եւ արժեքի հրապարակումը միայն շահողի համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված դեպքերի: Կազմակերպիչը կարող է շահման փաստը եւ արժեքը հրապարակել նաեւ առանց շահողի համաձայնության ապանձնավորված եղանակով,
14) շահումների տրամադրումը բացառապես անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության դրամով՝ խաղացողի անվամբ գործող այն բանկային հաշիվներին կամ էլեկտրոնային դրամապանակներին, որոնցից կատարվել են խաղադրույքները համալրվել են կամ խաղի մասնակցության վճարները կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոց՟ների համալրման միջոցով, բացառությամբ՝ սույն մասի 7-րդ կետի «գ» եւ «դ» ենթակետերով նախատեսված դեպքերի,
15) լիցենզիայի գործողության ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության բանկում պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդի առկայություն,
16) սույն օրենքով նախատեսված այլ պահանջների կատարումը:
Հոդված 6. Խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, իրական շահառուների, պատասխանատու անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց ներկայացվող սահմանափակումները
1. Խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը՝
1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, եւ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
3) սնանկ է ճանաչվել եւ ունի չմարված (չներված) պարտավորություններ.
4) նախկինում պատճառ է հանդիսացել խաղային գործունեության կազմակերպչի սնանկացմանը.
5) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն).
6) հանդիսացել է խաղային գործունեության այն կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ, որի՝ խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է՝ որպես պատասխանատվության միջոց:
2. Խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը՝
1) որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմինը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.
2) որը գտնվում է սնանկացման վարույթում.
3) որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել խաղային գործունեության կազմակերպչի սնանկացմանը.
4) որի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է՝ որպես պատասխանատվության միջոց.
5) որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն):
3. Կազմակերպչի պատասխանատու անձ չի կարող լինել այն անձը, որը կամ որի հետ փոխկապակցված անձը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված անձ:
Հոդված 7. Փոխկապակցված անձինք
1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝
1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քսան եւ ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները.
2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակից(ներ)ը (բաժնետեր(եր)ը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու (այդ թվում՝ առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության, հանձնարարության պայմանագրերի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
3) նրանցից մեկի որեւէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որեւէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.
4) նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
2. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
3. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի քսան տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
2) օրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
3) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ:
Հոդված 8. Խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը եւ պատասխանատու անձ համարվելը
1. Անձը կամ փոխկապակցված անձինք կարող են խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Լիազոր մարմնում սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների բացակայության ստուգում անցնելուց հետո՝ լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:
2. Խաղային գործունեության կազմակերպչի միջնորդությամբ պատասխանատու անձ նշանակված անձը պարտավոր է եռամսյա ժամկետում Լիազոր մարմնում անցնել սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված սահամանփակումների բացակայության ստուգում եւ ստանալ Լիազոր մարմնի դրական եզրակացությունը:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկությունների եւ փաստաթղթերի ներկայացման կարգը, տեղեկությունների եւ փաստաթղթերի ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Լիազոր մարմինը սահմանված կարգով պահանջվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրելու կամ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված համապատասխանության ստուգման ժամկետը չերկարաձգելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը Լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է կազմակերպիչը:
6. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքում Լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքեր, կամ Լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, որի ապացուցման պարտականությունը կրում է Լիազոր մարմինը:
Հոդված 9. Խաղային գործունեության կազմակերպման ընդհանուր սահմանափակումները
1. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված խաղերին մասնակցության հնարավորության եւ հասանելիության արգելափակման դեպքերը եւ կարգը:
3. Օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղերի կայքերն ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:
4. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկերը հաստատվում են Լիազոր մարմնի ղեկավարի կողմից, արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:
5. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կրում են պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ լիազոր մարմնի դիմումի համաձայն:
7. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը հրապարակում է սույն հոդվածի 4-րդ մասի համապատասխան արգելման ենթակա կայքերի ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը:
8. Խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե խաղային գործունեության կազմակերպչի սերվերները, ծրագրային եւ ապարատային միջոցները, խաղային ինտերակտիվ հարթակները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդագրի (IP) հասցե եւ տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» դոմենային տիրույթում:
9. Արգելվում է օպերատորի մոնիտորինգային կենտրոնին չմիացված կամ սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ չունեցող խաղային արտադրանքներով խաղային գործունեության կազմակերպումը:
10. Արգելվում է մոլեխաղ /այդ թվում «խաղատուն», «խաղասրահ» /, «ինտերնետ մոլեխաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» /այդ թվում «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր» / բառերի, դրանց ածանցյալները կամ թարգմանությունների օգտագործումը այն անձանց կողմից, որոնք չունեն սույն օրենքով սահմանված խաղային գործունեության համապատասխան լիցենզիա:
Հոդված 10. Խաղային գործունեության կազմակերպման տարածքային սահմանափակումները
1. Խաղասրահի միջոցով խաղային գործունեությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին (այդ թվում՝ կրթական, պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորության մասով), բավարարող տարածքներում՝ հետեւյալ վայրերում՝
1) Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում,
2) Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում,
3) Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում,
4) Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:
2. Մոլեխաղի եւ խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի գործունեություն, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարածքներից, կարող է կազմակերպվել նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:
3. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեություն կամ վիճակախաղի կազմակերպում, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարածքներից, կարող է կազմակերպվել նաեւ մարզերի յուրաքանչյուր վարչական կենտրոններում եւ Երեւան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ մեկական խաղասրահի միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարվելու դեպքում՝ մոլեխաղ կամ խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղ կարող է կազմակերպվել նաեւ սույն հոդվածի 1-ին մասում չնշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ վայրերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան: Ընդ որում, սույն կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակներում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) մեկ խաղատան կամ մեկ խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղ:Սույն մասով նախատեսված մոլեխաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի կազմակերպումը կարող է իրականացվել ներդրումը ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից իրականացվելու դեպքում՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության առկայությամբ:
Հոդված 11. Խաղային արտադրանքներին ներկայացվող պահանջները
1. Խաղային գործունեության կազմակերպումը կարող է իրականացվել օպերատորի կամ համապատասխան ԻՍՕ միջազգային ստանդարտների հավաստագիր ունեցող լաբորատորիայի կողմից սերտիֆիկացված խաղային արտադրանքներով:
2. Խաղային արտադրանքների ստանդարտները, խաղային արտադրանքների սերտիֆիկացման պայմաններն ու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածով նախատեսված սերտիֆիկացված խաղային արտադրանքները կարող են շահագործվել բացառապես օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միանալուց հետո, որով ապահովվում է՝
1) խաղային գործունեության կազմակերպման ընթացքում գնված խաղանիշերի, շահումների, խաղային արտադրանքների, ինչպես նաեւ խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրական ժամանակում օպերատորի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիություն՝ առանց որեւէ փոփոխություն կամ միջամտություն կատարելու հնարավորության,
2) կազմակերպիչների կողմից իրականացվող գործարքների եւ հաշվառման տվյալների նկատմամբ օպերատորի կողմից մոնիտորինգի իրականացում, տեղեկատվության գրանցում, պահպանում եւ հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում:
4. Խաղային արտադրանքները օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացնելու տեխնիկական չափանիշները սահմանում է օպերատորը:
Հոդված 12. Խաղային գործունեության կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը
1. Խաղային գործունեությունը կազմակերպվում եւ անցկացվում է կանոնակարգի (այսուհետ՝ սույն գլխում Կանոնակարգ) հիման վրա:
2. Կանոնակարգը կազմակերպչի կողմից սահմանված եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված ընթացակարգով հաստատված խաղային գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթուղթն է:
3. Կանոնակարգում պարտադիր նշվում են՝
1) կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2) խաղասրահի միջոցով խաղային գործունեության իրականացման վայրը եւ/կամ պաշտոնական կայքի հասցեն,խաղային հավելվածները,
3) խաղերի տեսակները եւ քանակը,
4) Խաղային արտադրանքների տեսակները, քանակը,
5) մեկ խաղանիշի (ժետոնի) (կամ) խաղադրույքի միավորի գինը,
6) խաղադրույքի (մասնակցության վճարի) ընդունման կարգը,
7) խաղերի անցկացման կարգը (կանոնները) եւ նկարագրերը, ինչպես նաեւ DEMO տարբերակները,
8) շահումի տարբերակները եւ հաշվարկման ընթացակարգը,
9) տրամադրվող բոնուսները եւ առաջարկվող ակցիաները, որի շրջանակներում տրամադրվում են շահումներ,
10) պատասխանատու խաղի կանոնները,
11) շահումները վճարելու վայրը, կարգը եւ ժամկետը,
12) Կազմակերպչի՝ խաղային գործունեության համար օգտագործվող ապրանքային նշանը (լոգոն), իսկ վիճակախաղի դեպքում նաեւ վիճակախաղի անվանումը,
13) խաղադրույքների (մասնակցության վճարի) չեղարկման անհրաժեշտ եւ բավարար պայմանների հստակ նկարագրությունը,
14) մասնակիցների նույնականացման ընթացակարգը,
15) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները,
16) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները,
17) վիճակախաղի դեպքում նաեւ՝
ա. վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը,
բ. վիճակախաղի տոմսի գինը,
գ. շահումների բաշխումը՝ ըստ շահումների տեսակների եւ չափի, իսկ ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում՝ նաեւ ըստ քանակի,
դ. ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում՝ իրացման համար նախատեսված տոմսերի քանակը,
ե. վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը,
զ. վիճակախաղի խաղարկությունների հեռուստաալիքը (առկայության դեպքում),
է. թղթային կրիչի կիրառման դեպքում՝ վիճակախաղի տոմսի նկարագիրը:
4. Կանոնակարգը սահմանված կարգով հաստատվելուց հետո կազմակերպչի կողմից տեղադրվում է կազմակերպչի պաշտոնական կայքում:
5. Կազմակերպչի պաշտոնական կայքում տեղադրված՝ խաղի կազմակերպման վավերապայմանները համարվում են հաստատված՝ խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը:
Հոդված 13. Խաղային գործունեության վերաբերյալ Վերահսկող մարմնին հաշվետվությունների ներկայացման կարգը
1. Խաղային գործունեության կազմակերպիչները էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին են ներկայացնում ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն, որի ներկայացման կարգը, ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հաշվետվության ձեւն ու բովանդակությունը՝ Վերահսկող մարմնի ղեկավարը:
2. Յուրաքանչյուր տարի խաղային գործունեության կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, ընդ որում պայմանագիր միեւնույն աուդիտորական կազմակերպության հետ կարող է կնքվել անընդմեջ առավելագույնը 3 տարի:
3. Կազմակերպիչների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը.
1) պետք է ունենա առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա:
2) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաեւ՝ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում եւ միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ):
4. Խաղային գործունեության կազմակերպիչը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ անկախ աուդիտորական եզրակացության հետ միասին:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին չբավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից տրված անկախ աուդիտորական եզրակացության դեպքում ֆինանսական հաշվետվությունները կհամարվեն չհրապարակված:
ԳԼՈՒԽ 3
ՄՈԼԵԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՄՈԼԵԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. Մոլեխաղերի գործունեության կազմակերպումը
1. Մոլեխաղը կազմակերպվում է խաղասրահում (խաղասրահներում) Լիազոր մարմնի կողմից տրամադրված մոլեխաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա:
2. Յուրաքանչյուր վայրում մոլեխաղի կազմակերպման համար պահանջվում է առանձին լիցենզիա:
3. Սույն օրենքի իմաստով մոլեխաղը համարվում է լիցենզիայում նշված վայրում կազմակերպված, եթե մոլեխաղը կազմակերպվում է լիցենզիայի հայտին կից ներկայացրած անշարժ գույքի հատակագծում որպես խաղասրահ նշված խաղասրահում (խաղասրահներում): Ընդ որում, խաղասրահի փաստացի չափերը չեն կարող գերազանցել հատակագծում նշված խաղասրահի չափերը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հատակագծում չնշված խաղասրահում կամ հատակագծում նշված խաղասրահի չափերը փաստացի գերազանող խաղասրահում մոլեխաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման եւ լիցենզիայի վերաձեւակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում մոլեխաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզիավորման ենթակա գործունեության իրականացնում՝ անկախ տվյալ խաղասրահի փաստացի տեղակայման վայրից:
Հոդված 15. Ինտերնետ մոլեխաղերի գործունեության կազմակերպումը
1. Ինտերնետ մոլեխաղը կարող է կազմակերպվել խաղային ինտերակտիվ հարթակում կամ խաղասրահի միջոցով Լիազոր մարմնի կողմից տրամադրված ինտերնետ մոլեխաղի կազմակերպման լիցենզիայի եւ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:
2. Ինտերնետ մոլեխաղը կարող է կազմակերպվել միայն ինտերնետ մոլեխաղի լիցենզիայում նշված կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) եւ ինտերնետ մոլեխաղի կազմակերպման համար նախտեսված խաղային հավելվածների միջոցով, իսկ խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի կազմակերպման դեպքում լիցենզիայում նշված ինտերնետ մոլեխաղի կազմակերպման վայրում:
3. Խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-4-րդ մասերին համապատասխան:
4. Լիցենզիայում չնշված կայքերի (հասցեի) եւ հավելավածների, ինչպես նաեւ խաղասրահի միջոցով ինտերնետ մոլեխաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման կայքերի /հասցեների/ ,հավելվածների եւ վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման եւ լիցենզիայի վերաձեւակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում ինտերնետ մոլեխաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզիավորման ենթակա գործունեության իրականացնում:
Հոդված 16. Մոլեխաղերի եւ ինտերնետ մոլեխաղերի գործունեության առանձնահատկությունները
1. Մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս:
2. Ինտերնետ մոլեխաղի գործունեության կազմակերպչին խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ինտերնետ մոլեխաղի գործունեության կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:
3. Մոլեխաղի կամ ինտերնետ մոլեխաղի կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման են ենթակա հետեւյալ տեղեկությունները.
1) լիցենզիայի համարը,
2) քսանմեկ տարին չլրացած անձանց մոլեխաղերին եւ ինտերնետ մոլեխաղերին մասնակցելն արգելելու մասին տեղեկատվությունը,
3) մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը,
4) խաղադրույքների (մասնակցության վճարների) ընդունման կարգը:
4. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:
ԳԼՈՒԽ 4
ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղի կազմակերպումը
1. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղը կարող է կազմակերպվել խաղային ինտերակտիվ հարթակում եւ (կամ) խաղասրահում՝ Լիազոր մարմնի կողմից տրամադրած բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիայի եւ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում::
2. Բուքմեյքերային գործունեությունը կարող է կազմակերպվել միայն բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիայում նշված կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) եւ բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախատեսված խաղային հավելվածների միջոցով, իսկ խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում լիցենզիայում նշված բուքմեյքերային գործունեության կազմակերպման վայրում:
3. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության վայրը որոշվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-4-րդ մասերին համապատասխան:
4. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների, յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը:
5. Լիցենզիայում չնշված կայքերի (հասցների) եւ հավելավածների, ինչպես նաեւ խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպումը կարող է իրականացվել գործունեության իրականացման կայքերի/հասցեների/, հավելվածների եւ վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման եւ լիցենզիայի վերաձեւակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում բուքմեյքերային գործունեության կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզիավորման ենթակա գործունեության իրականացնում:
Հոդված 18. Բուքմեյքերային գործունեության առանձնահատկությունները
1. Բուքմեյքերային գործունեությունը կազմակերպվում է տոտալիզատորի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով:
2. Տոտալիզատորի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում շահումի մեծությունը որոշվում է տվյալ իրադարձության վրա այլ մասնակիցների կողմից գրազադրված խաղադրույքների ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկվող գործակցով:
3. Բուքմեյքերային գրասենյակի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում շահումի մեծությունը որոշվում է տվյալ իրադարձության համար կազմակերպչի կողմից նախապես սահմանած գործակցով:
4. Բուքմեյքերային գործունեության կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման են ենթակա հետեւյալ տեղեկությունները.
1) լիցենզիայի համարը,
2) քսանմեկ տարին չլրացած անձանց բուքմեյքերային գործունեությանը մասնակցելն արգելելու մասին տեղեկատվությունը,
3) բուքմեյքերային գործունեության տեսակը, նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը,
4) մասնակցության կարգը:
5. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:
6. Բուքմեյքերային գործունեության կազմակերպչին խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ բուքմեյքերային գործունեության կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:
ԳԼՈՒԽ 5
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 19. Վիճակախաղերի գործունեության կազմակերպումը
1. Վիճակախաղը կարող է կազմակերպվել Լիազոր մարմնի կողմից տրամադրած վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա: Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաեւ խաղային ինտերակտիվ հարթակում կամ խաղասրահում:
2. Խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայում նշվում է նաեւ խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման վայրի հասցեն:
3. Խաղասրահի միջոցով վիճակախաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-4-րդ մասերին համապատասխան:
4. Խաղասրահի միջոցով վիճակախաղերի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների, յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը:
5. Ինտերնետ վիճակախաղի կազմակերպման դեպքում վիճակախաղը կարող է կազմակերպվել միայն վիճակախաղի գործունեության կազմակերպման լիցենզիայում նշված կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) եւ վիճակախաղը գործունեության կազմակերպման համար նախատեսված խաղային հավելվածների միջոցով:
6. Լիցենզիայում չնշված կայքերի եւ հավելավածների միջոցով, ինչպես նաեւ խաղասրահի միջոցով վիճակախաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման կայքերի/հասցեների/ ,հավելվածների եւ փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման եւ լիցենզիայի վերաձեւակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում վիճակախաղի գործունեության կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզիավորման ենթակա գործունեության իրականացնում:
Հոդված 20. Վիճակախաղերի գործունեության առանձնահատկությունները
1. Վիճակախաղերի կազմակերպումը վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում՝ նաեւ շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթաց է, որը կարող է կազմակերպվել նաեւ խաղասրահի միջոցով:
2. Վիճակախաղի կազմակերպման տեսակներն են՝ խաղարկությունով, առանց խաղարկության կամ համակցված:
3. Խաղարկությունով վիճակաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց հետո կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղարկության անցկացումից հետո եւ դրա արդյունքներով:
4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում վիճակաղի տոմսի շահող լինելու հանագամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո:
5. Համակցված վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել եւ' անմիջապես այն ձեռք բերելուց հետո, եւ' այն ձեռք բերելուց ու կազմակերպչի կողմից խաղարկության անցկացումից հետո՝ դրա արդյունքներով:
6. Վիճակախաղի տոմսի սեփականության իրավունքը տրվում է «ըստ ներկայացնողի» սկզբունքով:
7. Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաեւ ինտերնետով՝ ինտերնետ վիճակախաղ, կամ էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային վիճակախաղ:
8. Ինտերնետ վիճակախաղը ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի կամ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների օգտագործմամբ իրականացվող վիճակախաղ է, որտեղ շահող համակցությունները ներառված են նախապես գեներացված տվյալների բազայում:
9. Էլեկտրոնային վիճակախաղը էլեկտրոնային վիճակախաղերի տերմինալների օգտագործմամբ վիճակախաղ է, որտեղ շահող համակցությունները ներառված են նախապես գեներացված տվյալների բազայում:
10. Էլեկտրոնային վիճակախաղի տերմինալը էլեկտրամեխանիկական, էլեկտրական, էլեկտրոնային կամ այլ տեխնիկական սարքավորումներ հանդիսացող խաղային արտադրանքներն են, որոնք նախատեսված են վիճակախաղային համակցության ընտրություն կամ մուտքագրում կատարելու համար:
11. Վիճակախաղի կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակվում են ենթակա հետեւյալ տեղեկությունները.
1) լիցենզիայի համարը,
2) տասնութ տարին չլրացած անձանց վիճակախաղին մասնակցելն արգելելու մասին տեղեկատվությունը,
3) վիճակախաղերի տեսակները, նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը,
4) մասնակցության կարգը:
12.Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:
Հոդված 21. Վիճակախաղերի շահումային ֆոնդի խաղարկումը եւ արդյունքների հրապարակումը
1. Շահումային ֆոնդի խաղարկություն է համարվում հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգ, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը:
2. Վիճակախաղի շահումային ֆոնդը չի կարող պակաս լինել վիճակախաղին մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսից:
3. Վիճակախաղի կազմակերպիչն ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի ձեւավորումն ու մասնակիցների միջեւ բաշխումը:
4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ կազմակերպիչը առնվազն երեքամսյա ժամանակահատվածում, պետք է ապահովի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը՝ անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից:
5. Խաղարկությունով վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը:
6. Առանց խաղարկության վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացը սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 5-ը իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի արդյունքները՝ նշելով վիճակախաղի անվանումը եւ տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ համարների (սերիաների) եւ շահումի չափի:
7. Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո՝ հնգօրյա ժամկետում իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները՝ նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը եւ տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ շահման փուլերի, տոմսերի համարների (սերիաների) եւ շահումի չափի:
8. Վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը:
Հոդված 22. Վիճակախաղի տոմսերը, դրանց մարումը, հաշվառումը եւ պահպանումը
1. Վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության դրամով:
2. Թղթային կրիչի կիրառմամբ վաճառքի ենթակա վիճակախաղի տոմսերը պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված հսկիչ նշաններ:
3. Վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացվումը շահումների ցուցադրման վայրից ոչ մոտ, քան 500 մետր հեռավորության վրա:
4. Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի՝
1) վիճակախաղի կազմակերպչի անվանումը,
2) վիճակախաղի կազմակերպչի ապրանքային նշանը (լոգոն), վիճակախաղի անվանումը,
3) վիճակախաղի տոմսի համարը (սերիան),
4) վիճակախաղի տոմսի գինը,
5) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի պահանջներին,
6) շահումների վճարման վայրը, կարգը եւ ժամկետները,
7) թողարկման կամ խաղարկության հերթական համարը,
8) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը (առկայության դեպքում) կամ պաշտոնական կայքի հասցեն, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը եւ ժամը:
5. Վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները հանդիսանում են հաստատված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի անբաժանելի մասը:
6. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են մարման, հաշվառման եւ պահպանման վիճակախաղի կազմակերպչի կողմից ստեղծված՝ չորս անդամից բաղկացած, վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման եւ պահպանման հանձնաժողովի մասնակցությամբ՝
1) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ հերթական խաղարկությունից առաջ, բայց այնպես, որ ապահովվի իրացված եւ մարված տոմսերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետը.
2) առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղի ավարտելու մասին կազմակերպչի եւ օպերատորի պաշտոնական կայքերում եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:
7. Վերահսկող մարմնի եւ օպերատորի ներկայացուցիչ(ներ)ը իրավունք ունեն ցանկացած ժամանակ մասնակցել վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառմանը եւ մարմանը:
8. Հանձնաժողովի անդամները հաշվառում են չիրացված տոմսերը, ստուգում դրանց իսկությունը եւ մարում՝ դակելով կամ կտրելով դրանց անկյունը այնպես, որ չի վնասվում տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը եւ խաղարկությանը մասնակցող դաշտերը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված հսկիչ նշանը:
9. Հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով կազմում է համապատասխան տեղեկանք, որտեղ նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, պահպանման ենթակա վիճակախաղի մարված տոմսերը՝ ըստ սերիաների, համարների, եւ դրանց ընդհանուր քանակը:
10. Վիճակախաղի մարված եւ պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ կազմված տեղեկանքը հաստատվում է հանձնաժողովի առնվազն չորս անդամների էլեկտրոնային ստորագրություններով:
11. Վիճակախաղի մարված տոմսերի պահպանման ձեւն ու վայրը, որտեղ առկա են պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ապահովում է կազմակերպիչը:
12. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում չիրացված տոմսերի հաշվառման, մարման, մարված տոմսերի պահպանման եւ հանձնաժողովի աշխատանքի համար:
13. Վիճակախաղի մարված տոմսերը ենթակա են պահպանման տեղեկանքի կազմման պահից առնվազն երկու տարի:
14. Էլեկտրոնային կրիչների կիրառմամբ չիրացված տոմսերի հաշվառումն ու մարումն իրականացվում է նախապես գեներացված վիճակախաղային համակցություններ պարունակող գրառումների ամբողջական ցանկից (թողարկված տոմսեր) ընդունված (գրանցված) համակցությունների (իրացված տոմսեր) նվազեցման միջոցով:
15. Էլեկտրոնային կամ ինտերնետային վիճակախաղերի պարագայում մարված տոմս է համարվում նախապես գեներացված եւ իրացված վիճակախաղային համակցությունների տարբերությունը:
Հոդված 23. Վիճակախաղերի գործունեության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը եւ տեղեկություններին ներկայացվող պահանջները
1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպման դեպքում կազմակերպիչը՝
1) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից առնվազն երեք ժամ առաջ էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը եւ թողարկված՝ վաճառված ու մարված վիճակախաղի տոմսերի մասին տվյալները՝ ըստ համարների, սերիաների, քանակի, եւ մարված տոմսերի վերաբերյալ՝ տեղեկանքը.
2) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո՝ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում է տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը եւ շահած տոմսերի տվյալները՝ ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների, եւ շահումային ֆոնդի չափի մասին:
2. Առանց խաղարկության վիճակախաղի կազմակերպման դեպքում վիճակախաղի կազմակերպիչը՝
1) վիճակախաղի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի տոմսի գինը, տվյալ խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը եւ շահող տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների.
2) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 5-ը, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը եւ իրացված տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, գնի, եւ շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:
4. Վիճակախաղի կազմակերպիչը խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետների ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմնին է ներկայացնում տեղեկատվություն չպահանջված (չստացված) շահումների մասին:
5. Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը եւ ձեւը սահմանում է Վերահսկող մարմնի ղեկավարը: Վերահսկող մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել վիճակախաղի գործունեության հետ կապված այլ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման պահանջներ:
ԳԼՈՒԽ 6
ՇԱՀՈՒՄՈՎ ԱՅԼ ԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 24. Շահումով այլ խաղերի կազմակերպումը
1. Շահումով այլ խաղերի գործունեություն կարող են իրականացնել առեւտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:
2. Շահումով այլ խաղի գործունեության կազմակերպման համար լիցենզիա չի պահանջվում:
3. Ինտերնետ շահումով այլ խաղերը համարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ շահումով այլ խաղի կազմակերպչի սերվերները, ծրագրային եւ ապարատային միջոցները, խաղային ինտերակտիվ հարթակները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե եւ տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» դոմենային տիրույթում:
4. Շահումով այլ խաղերի գործունեությունը կարող է կազմակերպվել բացառապես համապատսխան ԻՍՕ միջազգային ստանդարտների հավաստագիր ունեցող լաբորատորիայի կամ օպերատորի կողմից տրամադրված համապատասխանության հավաստման սերտիֆիկատներ ունեցող խաղային արտադրանքներով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նշված սերտիֆիկատները պետք է փակցված լինեն խաղային արտադրանքների վրա տեսանելի տեղում:
6. Խաղային արտադրանքների համապատասխանության հավաստումը օպերատորի կողմից իրականացվելու դեպքում իրականացվում է օպերատորի կողմից սահմանված կարգով:
7. Օպերատորի կողմից խաղային արտադրանքների համապատասխանության հավաստման սերտիֆիկատների տրամադրման դեպքում դրանց ձեւը սահմանում է օպերատորը:
8. Շահումով այլ խաղի գործունեություն իրականացնողները սույն հոդվածով սահմանված պահանջների խախտումների համար ենթակա են վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հոդված 25. Խաղային գործունեության կարգավորման օպերատորը
1. Խաղային գործունեության կարգավորման օպերատոր է համարվում միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ Հանձնաժողով) կողմից ընտրված իրավաբանական անձը, որի անցկացման պայմանները եւ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեությունը կարող է ֆինանսավորվել (կամ իրականացվել) ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:
3. Խաղային գործունեության կարգավորման օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Խաղային գործունեության կարգավորման օպերատորը ընտրվելուց հետո վեցամսյա ժամկետում պարտավոր է անդամագրվել Խաղերի կարգավորողների միջազգային ասոցիացիային կամ Խաղերի կարգավորողների եվրոպական ֆորումին:
5. Օպերատորի ընտրությունը եւ օպերատորի գործունեության դադարեցումը իրականցվում է սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 26. Օպերատորի ընտրությունը
1. Մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Հանձնաժողովը, որը սահմանում է մրցութային փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնահատումը եւ ամփոփումը:
2. Մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական՝ http://www.azdarar.am ինտերնետային կայքում մրցույթի անցկացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
3. Մրցույթի մասնակիցները էլեկտրոնային եղանակով Հանձնաժողով են ներկայացնում մրցութային հայտեր՝ հանձնաժողովի սահմանած եւ մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերին համապատասխան:
4. Մրցույթն անցկացվում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի՝ մրցույթին մասնակցության համար սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության եւ օպերատորին ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատման միջոցով:
5. Մրցութային հայտերը ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում են հանձնաժողովին՝ ուսումնասիրության եւ գնահատման համար:
6. Հանձնաժողովը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ եւ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Հանձնաժողովը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացման բացառություններ՝ ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների եւ ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ:
7. Եթե հայտը քննելու ընթացքում եւ դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա հայտատուն պարտավոր է ներկայացնել նաեւ փոփոխված տեղեկությունները մինչեւ որպես օպերատոր ընտրվելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում հայտը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները եւ փաստաթղթերը ստանալու պահից:
8. Հանձնաժողովը հայտերը ստանալու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրություն եւ ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատում:
9. Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսումնասիրությունից եւ ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացում հրապարակում է օպերատորի ընտրության մրցույթի արդյունքները:
Հոդված 27. Օպերատորի ընտրության հայտի մերժման հիմքերը
1. Հանձնաժողովը Օպերատոր ընտրվելու հայտը մերժում է, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը եւ տեղեկությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված Խաղային գործունեության կարգավորման օպերատորին ներկայացվող հիմնական պահանջներին, ոչ ամբողջական են կամ թերի.
2) ներկայացվել են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
3) հայտատուի կանոնադրությունը հակասում է սույն օրենքի պահանջներին.
4) առկա է Վերահսկող մարմնի՝ օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզ մեկի մերժումը.
5) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին.
6) հանձնաժողովի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան՝ հայտատուն չի կարող ապահովել շուկայի բնականոն գործունեությունը.
7) Հանձնաժողովի հիմնավորված կարծիքով հայտատուի հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կարող են վտանգել ոլորտի կարգավորումը կամ խոչընդոտել օպերատորի կողմից շուկայի բնականոն կազմակերպմանը կամ Վերահսկող մարմնի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը.
8) չի վճարվել Հանձնաժողովի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.
9) հայտատուի հիմնադիրները, բաժնետերերը (մասնակիցները), նշանակալից մասնակիցները կամ վերջիններիս հետ փոխկապակցված անձինք հանդիսանում են խաղային գործունեության կազմակերպիչ կամ խաղային արտադրանքներ արտադրող:
Հոդված 28.Օպերատորի ընտրության մասին որոշումը
1. Վերահսկող մարմինը մրցույթի արդյունքների հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հոդված 29. Օպերատորի հետ պայմանագրի կնքումը
1. Վերահսկող մարմինը օպերատորի ընտրությունից հետո 10-օրյա ժամկետում վերջինիս հետ կնքում է պայմանագիր:
2. Պայմանագրում ի թիվս այլ պայմանների սահմանվում է, որ.
1) պայմանագրի կնքման պահից Վերահսկող մարմինը ձեռք է բերում օպերատորի բոլոր տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների շահագործման, էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման (օգտագործողի անուն, ծածկագիր, այլ տվյալներ) իրավունք:
2) Վերահսկող մարմնին է փոխանցվում օպերատորի բոլոր տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների շահագործումը եւ էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ կառավարումը, եթե.
ա. Վերահսկող մարմնի կողմից արձանագրվում է օպերատորի կողմից տեղեկությունների խեղաթյուրման փաստ,
բ. օպերատորը չի իրականացնում սույն օրենքով սահմանված իրեն վերապահված գործառությունները,
գ. օպերատորը հրապարակել է ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր,
դ. օպերատորի կողմից չի կատարվել սույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով մասով սահմանված տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների կառավարման եւ էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման լիազորությունները Վերահսկող մարմնին հանձնելու պարտականությունը:
Հոդված 30. Օպերատորի գործարար ծրագիրը
1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար եւ պետք է պարունակի հայտատուի կողմից ներդրվող առեւտրային, տեղեկատվական եւ այլ համակարգերի, հայտատուի կազմակերպական կառուցվածքի, նրա կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ դրանց տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը եւ կառավարության որոշմամբ սահմանված այլ տեղեկություններ:
2. Գործունեության ընթացքում օպերատորը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում Վերահսկող մարմին է ներկայացնում գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն: Վերահսկող մարմինը ներկայացրած հաշվետվությունը իր կողմից տրված եզրակացության հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի գնահատմանը:
3. Օպերատորը պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում Վերահսկող մարմին ներկայացնել նաեւ գործարար ծրագրում կատարվող փոփոխությունները, որը Վերահսկող մարմնի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հանձնաժողովի գնահատմանը:
Հոդված 31. Օպերատորի լիազորությունների դադարեցումը եւ դրա իրավական հետեւանքները
1. Օպերատորի լիազորությունները կարող է դադարեցվել օպերատորի սեփական դիմումի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Օպերատորի լիազորությունը դադարեցվում է , եթե՝
1) օպերատորը ընտրվելուց հետո չի իրականացնում խաղային գործունեության կարգավորում.
2) ի հայտ են եկել սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերով սահմանված հիմքերը.
3) դիմել է վերակազմակերպման կամ լուծարման.
4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ.
5) օպերատորը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պարբերական (երկու եւ ավելի) խախտումներ.
6) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել է մեղավոր կատարված հանցագործության համար,
7) օրենքով սահնաված այլ հիմքերի առկայության դեպքում:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու դեպքում Վերահսկող մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատորի ընտրության որոշումն ուժը կորցրած ճանաչելու եւ օպերատորի ընտրության նոր մրցույթ անցկացնելու մասին ՝Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Օպերատորի գործունեության դադարեցման հրապարակումից հետո, եթե ընտրված չէ նոր օպերատոր՝ օպերատորը պարտավոր է իր բոլոր տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների կառավարման եւ էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման համար անհրաժեշտ լիազորությունները (օգտագործողի անուն,ծածկագիր, այլ տվյալներ) հանձնել Վերահսկող մարմնի կառավարմանը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով Վերահսկող մարմնին անցնում է օպերատորի բոլոր տեղեկատվական եւ տեխնիկական միջոցները, էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման լիազորությունները՝ մինչեւ նոր օպերատորի նշանակումը:
6. Նոր օպերատոր ընտրվելուց հետո Վերահսկող մարմինը Հանձնաժողովի կողմից սահմանված ընթացակարգով նախկին օպերատորին է վերադարձնում իր սարքավորումների եւ տեխնիկական միջոցների տիրապետումը:
7. Օպերատորի կողմից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չկատարելու դեպքում, Վերահսկող մարմինն օպերատորի տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների կառավարման եւ էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման լիազորությունները ձեռք է բերում դատարանի որոշման հիման վրա:
Հոդված 32. Օպերատորի կանոնադրական կապիտալը եւ ընդհանուր կապիտալը
1. Օպերատորի կանոնադրական կապիտալի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, հաշվարկման կարգը սահմանվում է Հանձնաժողովը:
2. Օպերատորի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) եւ լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
3. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթը եւ Հանձնաժողովի սահմանած այլ տարրեր:
4. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: Նորմատիվների հաշվարկման նպատակով Հանձնաժողովը սահմանափակում է լրացուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշվարկում:
Հոդված 33. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը
1. Անձը (նրա հետ փոխկապակցված անձը), որն ունի մտադրություն ձեռք բերել օպերատորում նշանակալից մասնակցություն կամ ավելացնել իր մասնակցությունն այնպես, որ օպերատորի կանոնադրական կապիտալում նրա՝ ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմի առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պետք է ստանա Վերահսկող մարմնի նախնական համաձայնությունը:
2. Եթե անձը ձեռք է բերում նշանակալից մասնակցություն օպերատորում կամ ավելացնում է իր՝ ձայնի իրավունք տվող մասնակցությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերից ավել՝ ցանկացած այլ իրադարձության կամ գործարքի (այդ թվում՝ ժառանգության հիմքով մասնակցության փոխանցման) արդյունքում, որի մասին անձը տեղյակ չէր եւ չէր կարող տեղյակ լինել, ապա նա պարտավոր է Վերահսկող մարմնի սահմանված կարգով տեղեկացնել Վերահսկող մարմնին օպերատորում նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ մասնակցությունն ավելացնելու մասին տեղեկանալու պահից՝ 10 օրվա ընթացքում:
3. Օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը Վերահսկող մարմին է ներկայացնում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում: Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության դիմումում ներառվող եւ կից ներկայացվող տեղեկությունների ու փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձեւը, կարգը եւ պայմանները սահմանվում են Վերահսկող մարմնի կողմից:
4. Օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար օպերատորի միջնորդությամբ անձը Վերահսկող մարմին է ներկայացնում նաեւ հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որեւէ այլ անձ օպերատորում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաեւ անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Վերահսկող մարմնի իրավական ակտով սահմանված փաստաթղթերը եւ տեղեկությունները: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Վերահսկող մարմնի նախնական համաձայնությունը:
5. Օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունը ստանալու համար օպերատորի միջնորդությամբ անձը Վերահսկող մարմին պետք է ներկայացնի նաեւ նշանակալից մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների ծագման օրինականությունը բացահայտող բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն):
6. Վերահսկող մարմինը պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթեր՝ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված տեղեկատվության եւ փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով:
7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համաձայնությունը ստացած անձը պարտավոր է Վերահսկող մարմնի սահմանված կարգով տեղեկացնել Վերահսկող մարմնին իր կողմից ձեռք բերված բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման մասին, եթե՝
1) բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում օպերատորում անձի՝ ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10, 20, 50 կամ 75 տոկոսից.
2) բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում օպերատորում անձի՝ ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10 եւ ավելի տոկոսով:
Սույն մասով սահմանված տեղեկացման պահանջը գործում է նաեւ այն դեպքում, երբ անձը կնքում է այնպիսի գործարք, որի արդյունքում նա դադարում է հսկել օպերատորը:
8. Վերահսկող մարմինը սույն օրենքի համաձայն Վերահսկող մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանված փաստաթղթերը եւ տեղեկությունները ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին:
9. Վերահսկող մարմինը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված նախնական համաձայնություն տալու մասին իրավական ակտով սահմանում է նաեւ ժամկետ, որի ընթացքում գործում է այդ համաձայնությունը: Այդ ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Վերահսկող մարմնին նշված ժամկետում օպերատորում նշանակալից մասնակցության ձեռքբերման, մասնակցության ավելացման կամ օպերատորի նկատմամբ հսկողության ձեռքբերման գործարքի կնքման մասին:
10. Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն մասով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով օպերատորի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն գլխով սահմանված կարգով՝ Վերահսկող մարմնի նախնական համաձայնությամբ: Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող տարածքների ցանկը սահմանում է Վերահսկող մարմինը:
Սույն մասով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք օպերատորի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ դրա չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով՝ Վերահսկող մարմնի նախնական համաձայնությամբ:
Հոդված 34. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը
1. Վերահսկող մարմինը մերժում է օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնության տրամադրումը, եթե՝
1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները եւ փաստաթղթերը.
2) Վերահսկող մարմին ներկայացված փաստաթղթերը եւ տեղեկատվությունը չեն համապատասխանում օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանք կեղծ են, ապակողմնորոշիչ կամ ոչ լիարժեք.
3) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար եւ ունի չմարված դատվածություն.
4) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի կարող հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների օրինականությունը.
5) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
6) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.
7) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ճանաչվել է սնանկ եւ ունի չմարված (չներված) պարտավորություններ.
8) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել խաղային գործունեության կազմակերպչի սնանկացմանը:
2. Նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնության տրամադրման մերժման մասին Վերահսկող մարմնի իրավական ակտը պետք է լինի հիմնավորված:
3. Վերահսկող մարմինը պարտավոր է մերժման մասին իրավական ակտն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում, դրա մասին ծանուցել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին:
4. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումը ստանալու դեպքում, ինչպես նաեւ նույն մասով նախատեսված այն դեպքերում, երբ Վերահսկող մարմինն է հայտնաբերում անձի կողմից օպերատորում նշանակալից մասնակցության ձեռքբերման փաստը, Վերահսկող մարմինը առաջարկում է (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում դատական կարգով պահանջել), որ անձը, որի միջոցով եւ անունից իրականացվում է նշանակալից մասնակցությունը, ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը օպերատորում:
Հոդված 35. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցումը
1. Վերահսկող մարմինը դադարեցնում է օպերատորում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողությունը, եթե անձի կողմից սույն օրենքով սահմանված կարգով օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Վերահսկող մարմինը առաջարկում է անձին, իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում՝ դատական կարգով պահանջում է նրանից, որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը օպերատորում:
Հոդված 36. Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետեւանքները
1. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ օպերատորում նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է:
2. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահաբաժիններ ստանալու եւ խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, իսկ ձեռք բերված բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Վերահսկող մարմինը առաջարկում է անձին, իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում՝ դատական կարգով պահանջում է նրանից, որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը օպերատորում:
Հոդված 37. Oպերատորի գործառույթները
1. Օպերատորը՝
1) ապահովում է օպերացիոն վկայագրերի տրամադրման, երկարաձգման եւ դադարեցման գործընթացը,
2) խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխանության մասով ապահովում է խաղային արտադրանքների սերտիֆիկացումը, ինչպես նաեւ միջազգային լաբորատորիաների կողմից տրամադրված սերտիֆիկատների ընդունման եւ դրանց համապատասխանության հավաստման գործընթացը
3) ապահովում է խաղային արտադրանքների միացումը մոնիտորինգային կենտրոնին,
4) սահմանում է խաղային արտադրանքների՝ մոնիտորինգային կենտրոնին միացման տեխնիկական չափանիշները,
5) սահմանում եւ հրապարակում է օպերացիոն վկայագիր ստանալու եւ երկարաձգելու ժամկետները, վճարի չափերը Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն գնից ոչ ավել,
6) մշակում եւ ներկայացնում է Լիազոր մարմնին առաջարկություններ խաղային ոլորտում կիրառվող «պատասխանատու խաղի» եւ «արդար խաղի» կանոնների, խաղային գործունեության եւ շահումով այլ խաղերի խաղային արտադրանքների ստանդարտներում փոփոխություններ կատարելու կամ նոր ստանդարտներ սահմանելու վերաբերյալ,
7) մոնիտորինգային կենտրոնի բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կարող է իրականացնել այցելություններ կազմակերպիչների մոտ,
8) կազմակերպչի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի խախտումներ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում է Լիազոր եւ Վերահսկող մարմնիններին,
9) համագործակցում է պետական կառավարման համապատասխան մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրում է խորհրդատվություն եւ մասնագիտական աջակցություն,
10) իրականացնում է խաղային գործունեության շուկայի մոնիտորինգ,
11) տեղեկացնում եւ խորհրդատվություն է տրամադրում Լիազոր մարմնին եւ Վերահսկող մարմնին խաղային շուկայի վիճակի, շուկան կարգավորող մեխանիզմների բարելավումների եւ ոլորտում հնարավոր ռիսկեր առաջացնող զարգացումների վերաբերյալ,
12) հրապարակում եւ հաշվառում է շահումով այլ խաղերի խաղային արտադրանքների ցանկը,
13) ապահովում է իր մոտ աշխատանքային եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանք կամ ծառայություն մատուցող անձանց՝ սույն օրենքով սահմանված փոխկապակցված չհամարվելու պահանջները.
14) Վերահսկող մարմնին տրամադրում է մոնիտորինգային կենտրոնում պահպանվող տվյալներին հեռահար մատչման հնարավորություն՝ տվյալների սահմանված խմբերի դիտանցումը սահմանված պարբերականությամբ ապահովելու նպատակով,
15) ապահովում է խաղային գործունեության կազմակերպիչներին տեղեկատվության հասանելիություն սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված խաղերին մասնակցությունը արգելված քաղաքացիների վերաբերյալ,
16) իր կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների կատարման համար կազմակերպչի հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր,
17) պահպանում է իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում ստացված տեղեկատվության գաղտնիությունը եւ ապահովում է դրանց չհրապարակումը,
18) ապահովում է իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում ստացված տեղեկատվության տրամադրումը սույն օրենքով սահմանված մարմիններին,
19) սահմանում է իր կողմից մատուցվող ծառայությունների գները, որոնք չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն չափը եւ հրապարակում է իր պաշտոնական կայքում,
20) Վերահսկող մարմնին տալիս է կարծիք՝ խաղացողների կողմից կազմակերպիչների դեմ խաղային գործունեության հետ կապված բերվող բողոքների վերաբերյալ,
Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է կառավարությունը:
Հոդված 38. Խաղային արտադրանքներ շահագործողներին օպերացիոն վկայագրերի տրամադրումը
1. Oպերացիոն վկայագիրը տրամադրվում է 21 տարեկանից բարձր եւ օրինական ներկայացուցչի կամ խնամակալության կամ հոգաբարձության ներքո չգտնվող ֆիզիկական անձանց, ովքեր՝
1) չունեն դատվածություն խարդախության, փողերի լվացման, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության կամ խաղերի հետ կապված իրավախախտումների համար,
2) նախկինում չեն ունեցել օպերատորի կողմից դադարեցված օպերացիոն վկայագիր, բացառությամբ սեփական նախաձեռնությամբ դադարեցված վկայագրերի,
3) օպերացիոն վկայագիր ստանալու նպատակով օպերատորին չեն ներկայացրել կեղծ տեղեկություններ,
4) Վկայագիր ստանալու համար կատարել են համապատասխան վճարումները,
5) օպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չեն պաշտոնավարել Վերահսկող մարմնում եւ անմիջական հսկողություն չեն իրականացրել տվյալ ոլորտի նկատմամբ,
6) օպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չեն պաշտոնավարել Լիազոր մարմնում եւ իրականացրել լիցենզիայի տրամադրման գործընթաց,
7) հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չի հանդիսացել օպերատորի վարձու աշխատող եւ իրականացրել խաղային գործունեությանն առնչվող աշխատանք:
2. Oպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար ֆիզիկական անձը առցանց պորտալի միջոցով հայտ է ներկայացնում օպերատորին: Հայտը լրացվում է օպերատորի կողմից սահմանված համապատասխան էլեկտրոնային ձեւաթղթի վրա՝ դրան կցելով.
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) դատվածության բացակայության վերաբերյալ համապատասխան գերատեսչության կողմից վերջին 1 ամսվա ընթացքում տրամադրված տեղեկանք,
3) օպերացիոն վկայագիր ստանալու համար օպերատորի կողմից սահմանած վճարի փաստը հաստատող անդորրագիրը, որը որոշվելու է տվյալ օրվա դրությամբ օպերատորի կայքում հրապարակված վճարման չափերով,
4) սույն հոդվածի 1-ին կետի 5-6-րդ ենթակետերում նշված մարմինների կողմից վերջին 1 ամսվա ընթացքում տրամադրված տեղեկանքները՝ նույն կետերով նախատեսված պահանջներին բավարարելու վերաբերյալ:
3. Հայտը բավարարվելու դեպքում օպերատորը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է թվագրված վկայագրի մասին ծանուցում եւ օպերացիոն վկայագրի եզակի նույնականացման համար: Oպերացիոն վկայագիրը վավեր է ծանուցման ամսաթվից սկսած՝ երկու տարի ժամկետով:
4. Օպերացիոն վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար օպերացիոն վկայագրի իրավատերը պետք է իր գործող վկայագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ ներկայացնի վկայագրի ժամկետը երկարաձգելու հայտ, որի ձեւը սահմանում է օպերատորը՝ դրան կցելով սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը: Գործողության ժամկետը երկարաձգված խաղային գործունեության անցկացման համապատասխան օպերացիոն վկայագիրը վավեր է նախկին վկայագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից հետո՝ երկու տարի ժամկետով:
5. Վկայագիր տրամադրելու կամ երկարաձգելու հայտը մերժվում է, եթե՝
1) հայտին կից ներկայացվող փաստաթղթերը ոչ ամբողջական են,
2) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների եւ իրավական ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ,
6. Հայտի մերժման հիմքերի վերաբերյալ օպերատորը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով տեղեկացնում է հայտատուին:
Հոդված 39. Oպերացիոն վկայագրի գործողության դադարեցումը
1. Օպերացիոն վկայագրի գործողությունը օպերատորի կողմից կարող է դադարեցվել հետեւյալ դեպքերում՝
1) օպերացիոն վկայագրի իրավատիրոջ դիմումի համաձայն,
2) եթե հայտնի է դարձել վկայագիր տրամադրելու համար պարտադիր պայմաններից որեւէ մեկի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցներ վկայագրի չտրամադրմանը,
3) չի կատարվում սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված օպերացիոն վկայագրի իրավատիրոջ պարտավորություններից որեւէ մեկը,
4) եթե օպերատորն ունի հիմնավոր կասկած առ այն, որ օպերացիոն վկայագիր ստանալու համար դիմելիս ներկայացվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ,
5) եթե վկայագրի իրավատերը հանդիսանում է այն կազմակերպչի պատասխանատու անձ, կառավարման մարմնի անդամ, բաժնետեր (մասնակից) կամ նշանակալի մասնակից, որի լիցենզիայի գործողությունը, որպես պատասխանատվության միջոց դադարեցվել է Լիազոր մարմնի կողմից:
Հոդված 40. Oպերացիոն վկայագրի իրավատիրոջ պարտականությունները
1. Oպերացիոն վկայագրի իրավատերը պարտավոր է՝
1) օպերատորին տեղեկացնել ցանկացած քրեական վարույթի մասին, որը հարուցվել է իր դեմ աշխարհի ցանկացած վայրում՝ խարդախության, փողերի լվացման, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության կամ խաղային ոլորտի հետ կապված գործունեության համար,
2) օպերացիոն վկայագրի ստանալու հայտով ներկայացված փաստաթղթերին կամ տեղեկությունների ցանկացած փոփոխության մասին տեղեկացնել օպերատորին՝ այդ փոփոխությունների իրականացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 41. Խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների տրամադրումը
1. Օպերատորը շահումով այլ խաղերի գործունեություն իրականացնողներին եւ խաղային գործունեության կազմակերպիչներին էլեկտրոնային եղանակով տրամադրում է խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխան խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ՝ նախքան խաղային արտադրանքները շուկայում շահագործելը, եթե օպերատորն ունի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու համար համապատասխան ԻՍՕ միջազգային ստանդարտի հավաստագրեր կամ առցանց եղանակով հաստատում է համապատսխան ԻՍՕ կամ միջազգային ստանդարտի հավաստագիր ունեցող լաբորատորիայի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների իսկությունը:
2. Խաղային արտադրանքի համապատասխանության յուրաքանչյուր սերտիֆիկատ պետք է ներառի՝
1) օպերատորի կամ միջազգային լաբորատորիայի անվանումը, որը տրամադրել է խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը,
2) օպերատորի կամ միջազգային լաբորատորիայի այն ստորաբաժանման կամ ստորաբաժանումների անունը(ները), որի (որոնց) կողմից իրականացվել է խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելուն հանգեցրած փորձարկումը,
3) հերթական համար, որը եզակի է օպերատորի կամ միջազգային լաբորատորիայի կողմից տրամադրված ցանկացած խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի համար,
4) հղում խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերի յուրաքանչյուր կիրառելի պահանջին, որի մասով խաղային արտադրանքը փորձարկվել է,
5) հղում յուրաքանչյուր այլ խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի, որի հիման վրա այն տրամադրվել է,
6) փորձարկվող խաղային արտադրանքի անվանումը,
7) փորձարկվող խաղային արտադրանքի արտադրողը,
8) խաղային արտադրանքի փորձարկումն իրականացնող պատասխանատու կամ դրա նկատմամբ վերահսկողություն ունեցող ֆիզիկական անձի ստորագրությունը,
9) խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման ամսաթիվը, ընդ որում խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման ամսաթիվը չպետք է գերազանցի հայտը օպերատորին ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիսը:
3. Յուրաքանչյուր խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ վավեր է խաղային ոլորտի կարգավորման օպերատորի հաստատման կամ հավաստման ամսաթվից սկսած՝ տասներկու ամսով:
4. Խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը անվավեր է ճանաչվում օպերատորի կողմից, եթե՝
1) խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվել է մեկ այլ խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա, որը ճանաչվել է անվավեր,
2) խաղային արտադրանքում որեւէ էական փոփոխություն կամ լրացում է կատարվել,
3) կարգավորման օպերատորը հիմնավոր ապացույցների է տիրապետում, որ խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը չի տրամադրվել խաղային ոլորտը կարգավորող օրենքներով եւ կարգավորումներով սահմանված չափորոշիչներին համապատասխան:
Հոդված 42. Խաղային արտադրանքները մոնիտորինգային կենտրոնին միացումը
1. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումն իրականացվում է կազմակերպչի կողմից օպերատորին ներկայացված հայտի հիման վրա:
2. Հայտին կցվում են՝
1) մոնիտորինգային կենտրոնին միացվող խաղային արտադրանքների ցանկը,
2) խաղային արտադրանքերի համապատասխանության սերտիֆիկատները,
3) խաղային գործունեության կազմակերպչի անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե,
4) տեղեկություններ խաղային ինտերակտիվ հարթակի, ապարատածրագրային միջոցների ֆիզիկական տեղակայման վայրի մասին,
5) խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա:
2. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքերի միացման հայտը համապատասխան հիմնավորմամբ մերժվում է՝
1) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներից որեւէ մեկի բացակայության դեպքում,
2) ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ լիարժեք կամ թերի տվյալներ,
3. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումը դադարեցվում է՝
1) խաղային գործունեության կազմակերպչի կազմակերպչի գրավոր դիմումի համաձայն,
2) եթե ի հայտ են եկել մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման հայտը մերժելու հիմքեր
3) խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի դադարեցման դեպքում:
Հոդված 43. Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննումը
1. Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննումն իրականացնում է Վերահսկող մարմինը:
2. Օպերատորը՝ խաղացողի կողմից կազմակերպչի դեմ, կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղերի, շահումների վերաբերյալ բողոքների մասով տալիս է կարծիք:
Հոդված 44. Բողոքի քննության անվճար լինելը
1. Վերահսկող մարմնի կողմից բողոքն ընդունելու, քննելու եւ որոշում կայացնելու կապակցությամբ խաղացողից որեւէ վճար չի գանձվում:
Հոդված 45. Բողոքը կազմակերպչին ներկայացնելը
1. Մինչեւ պահանջը Վերահսկող մարմնին ներկայացնելը խաղացողը պետք է բողոքը ներկայացնի կազմակերպչին:
2. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված բողոքը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում խաղացողին գրավոր տրամադրել վերջնական պատասխան:
3. Կազմակերպչի վերջնական պատասխանը պետք է արտահայտի կազմակերպչի հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ:
4. Կազմակերպչի վերջնական պատասխանը ստանալու պահից կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում խաղացողն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Վերահսկող մաիմնին:
Հոդված 46. Բողոք ներկայացնելը
1. Վերահսկող մարմինը քննում է բողոքը, եթե խաղացողը պահանջ է ներկայացրել վեց ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ ստացել է Կազմակերպչի վերջնական պատասխանը կամ սույն օրենքով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել:
2. Վերահսկող մարմինը քննում է նաեւ այն պահանջները, որոնք անհաղթահարելի ուժի գործողության հետեւանքով բերվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ:
3. Բողոքի քննության կարգը եւ բողոքին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 47. Որոշումը բողոքի վերաբերյալ
1. Բողոքի քննության արդյունքներով Վերահսկող մարմինը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին եւ ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ Կազմակերպչին եւ բողոք բերող անձին:
2. Այն դեպքում, երբ որոշում է կայացվում բողոքը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպչի կողմից որոշումը կատարելու կարգը եւ ժամկետը:
3. Վերահսկող մարմինը որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ կազմակերպչի կանոնակարգի պահանջները, այլեւ գործարար վարքագծի եւ էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:
4. Վերահսկող մարմնի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 48. Օպերատորի եւ Կազմակերպիչների միջեւ ծագած տարաձայնությունները
1. Օպերատորի եւ Կազմակերպչի միջեւ ծագած տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Վերահսկող մարմին՝ վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:
2. Վերահսկող մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածը չի սահմանափակում վեճերը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:
ԳԼՈՒԽ 8
ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 49. Քաղաքացիների՝ խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները
1. Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը սույն օրենքով նախատեսված խաղերին, ովքեր՝
1) օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աջակցության որեւէ ծրագրից՝ օգտվելուց հետո եռամսյա ժամկետում
2) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում եւ ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու, ինչպես նաեւ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք.
3) ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ.
4) հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի արգելքներից բացի արգելվում է նաեւ՝
1) քսանմեկ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը մոլեխաղերին եւ ինտերնետ մոլեխաղերին եւ բուքմեյքերական գործունեությանը.
2) տասնութ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը վիճակախաղերին.
3) սույն օրենքի 50-րդ եւ 51-րդ հոդվածներում նշված անձանց մասնակցությունը խաղերին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն:
4. Օպերատորն ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված խաղերին մասնակցությունը արգելված քաղաքացիներին համապատասխան տեղեկատվական համակարգերում նույնականացման արդյունքում քաղաքացու մասնակցությունը խաղին արգելված լինելու հանգամանքի պարզման հնարավորության ստեղծումը:
5. Կազմակերպիչն ապահովում է իր մոտ ապարատածրագրային համակարգի առկայությունը քաղաքացիների՝ սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված մասնակցության արգելման պահանջները ստուգելու եւ խաղին մասնակցությունը արգելելու համար:
6. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով համապատասխան Լիազոր մարմնի կողմից վեբ կայքի միջոցով տրամադրվում է Օպերատորին:
Հոդված 50. Խաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ մասնակցության արգելման կարգը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխով սահմանված կարգով՝ խաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում քաղաքացու բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը վճիռը ստանալուց հետո մեկ օրյա ժամկետում, վճռի պատճենն ուղարկում է Լիազոր մարմին եւ օպերատորին:
2. Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով խաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ, ինչպես նաեւ գրանցումը ինտերնետ մոլեխաղի, ինտերնետ վիճակախաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետով ինտերնետ մոլեխաղի, ինտերնետ վիճակախաղի կամ բուքմեյքերային գործունեությանը մասնակցելու հնարավորությունը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում քաղաքացու բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից դատարանի վճռի պատճենն ուղարկվում է Լիազոր մարմին՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց կողմից խաղասրահում կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:
Հոդված 51. Քաղաքացու կողմից իր մասնակցության արգելման կարգը
1. Օպերատորին ներկայացվող դիմումով քաղաքացին կարող է պահանջել արգելելու իր մասնակցությունը խաղերին անկախ սույն օրենքի 49-րդ եւ 50-րդ հոդվածով նախատեսված անձ լինելու հանգամանքից:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը խաղերին արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա, դիմումի ներկայացման հաջորդ օրվանից անորոշ ժամկետով:
3. Քաղաքացու դիմումի հիման վրա սույն հոդվածով նախատեսված արգելքը կարող է վերացվել դիմումում նշված օրվանից, իսկ օր նշված չլինելու դեպքում դիմումի ներկայացմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից:
Հոդված 52. Քաղաքացիների՝ խաղերին մասնակցության սահմանափակման ընդհանուր կանոնները
1. Օպերատորն ապահովում է սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված պահանջների ապահովման համար անհրաժեշտ բազաների առկայությունը իր մոնիտորինգային կենտրոնում եւ նշված սահմանափակումը կիրառելու համար քաղաքացիների նույնականացումը:
2. Օպերատորը ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությանը կազմակերպչների հասանելիությունը:
3. Կազմակերպիչն ապահովում է իր մոտ օպերատորի հետ համաձայնեցված ապարատածրագրային համակարգի առկայությունը քաղաքացիների՝ սույն հոդվածով նախատեսված մասնակցության սահմանափակում կիրառելու համար անձանց նույնականացման նպատակով:
ԳԼՈՒԽ 9
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 53. Խաղային գործունեության լիցենզավորումը
1. Խաղային գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգերով:
2. Խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի հայտ կարող է ներկայացնել այն առեւտրային կազմակերպությունը՝
1) որի նշանակալից մասնակցություն ունեցող եւ պատասխանատու անձինք, իրական շահառուները համապատասխանում են սույն օրենքի սահմանված պահանջներին,
2) որի պատասխանատու անձն ունի օպերացիոն վկայագիր,
3) որը հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ,
4) որը Հայաստանի Հանրապետության բանկում ունի պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդ:
3. Լիցենզիան տրամադրվում է հայտը Լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը Լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է հայտատուն:
5. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝
1) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.
2) հայտատուն չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներին.
3) կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վտանգել խաղացողների շահերը, կամ հակասում են 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին.
4) մասնակիցը հանդիսանում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անձ, կամ 6-րդ հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու վերաբերյալ.
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Հոդված 54. Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը
1. Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության, ինչպես նաեւ օպերատորի կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրությունների միջոցով եւ դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում, կիրառում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:
2. Վերահսկող մարմինն իրականացնում է խաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, եւ դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
3. Սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
4. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ Վերահսկող մարմնին սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով:
ԳԼՈՒԽ 10
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 55. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները
1. Սույն օրենքի խախտման դեպքում Վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները.
1) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական.
2) տուգանք:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի «ը» եւ «զ», 7-րդ կետի «դ» ենթակետերի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասի 9-րդ եւ 13-րդ կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
4. Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է Լիազոր մարմին՝ այդ գործընթացն իրականացնելու համար՝ ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
5. Սույն օրենքի խախտման դեպքում Լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները.
1) լիցենզիայի գործողության կասեցում.
2) լիցենզիայի գործողության դադարեցում:
Հոդված 56. Նախազգուշացումը եւ խախտումները վերացնելու հանձնարարականը
1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով Վերահսկող մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը եւ այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տրված խախտումը Վերահսկող մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:
3. Նախազգուշացումը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը՝
1) թույլ է տվել սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգի խախտում.
2) չի ապահովել սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի «բ», «ե», «զ» կետերում նշված պահանջներից որեւէ մեկը:
Հոդված 57. Տուգանքը
1. Տուգանքը կիրառվում եւ գանձվում է Վերահսկող մարմնի կողմից՝ սույն օրենքով, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքներով սահմանված կարգով:
2. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը՝
1) խախտել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը՝ յուրաքանչյուր խաղային արտադրանքի համար (ինտերնետ մոլեխաղի դեպքում՝ յուրաքանչյուր խաղի)՝ հինգ հարյուր հազար դրամի չափով.
2) խախտել է սույն օրենքի 49-50-րդ հոդվածներով նախատեսված պահանջները՝ առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ տասը միլիոն դրամ.
3) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասի 10-11-րդ կետերի եւ 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու միլիոն դրամ.
4) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահանջը՝ երեք հարյուր հազար դրամի չափով.
5) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի «ը» ենթակետով, 5-րդ, 6-րդ կետրով, 7-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պահանջը՝ երկու հարյուր հազար դրամի չափով.
6) սույն օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը՝ երեք հարյուր հազար դրամի չափով.
7) առանց Լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը, ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու հարյուր հազար դրամ.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի, բացառությամբ 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տուգանքի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նույն խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:
4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար Վերահսկող մարմինը կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմում է դատարան՝ հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:
Հոդված 58. Լիցենզիայի գործողության կասեցումը
1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը՝
1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի «ա» կամ «գ» կամ 7-րդ կետի «գ» կամ «ե», 8-րդ կամ, 14-րդ կամ 15-րդ կետերի պահանջները.
2) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 եւ ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի հոդվածի 5-րդ հոդվածի 10-րդ մասի 8-րդ կետով սահմանված դեպքի.
3) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն, բացառությամբ շահումների տրման գործողությունների:
Հոդված 59. Լիցենզիայի գործողության դադարեցումը
1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է՝
1) եթե կազմակերպիչը սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.
2) եթե կազմակերպիչը սույն օրենքի 57-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.
3) եթե կազմակերպիչը սույն օրենքի 58-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.
4) եթե կազմակերպիչն առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասի 7-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պահանջը.
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում.
6) կազմակերպչի դիմումի համաձայն:
7) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջը:
2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
ԳԼՈՒԽ 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 60. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից եւ դրա գործողությունը տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տրված լիցենզիանները սույն օրենքի համաձայն դադարած համարվելու օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Օպերատորի ընտրությունը իրականացվում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվելու համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում:
4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիաները ենթակա են համապատասխանեցման սույն օրենքով սահմանված պահանջներին, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում այդ լիցենզիաների գործողությունը համարվում է դադարած:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջնաժամկետի օրվանից ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքը եւ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ՟ՊԵ՟ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ՟ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է իրավահարաբերությունները խաղային գործունեության ոլորտում, ինչպես նաեւ սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Ընդ որում, խաղային գործունեությունը մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի, բուքմեյքերային գործունեության, վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունն է: Սույն օրենքով սահմանվել է մոլեխաղ, ինտերնետ մոլեխաղ, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ, վիճակախաղ եւ շահումով այլ խաղ հասկացությունները: Նախագծով սահմանվում են խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջները: Սահմանված է, որ խաղերի կազմակերպիչների եւ խաղացողների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա, որը կնքվում է կազմակերպչի կանոնակարգին համաձայն:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս մոլեխաղերի ոլորտը կարգավորվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով:
Հարկ է նշել, որ օրենքը լիարժեքորեն չի ներառում տվյալ ոլորտը, ինչի արդյունքում կարգավորումներից դուրս են մնում մի շարք կարեւորագույն հայեցակետեր, ինչի արդյունքում ոտնահարվում են խաղացողների շահերը եւ խեղաթյուրվում հարկվող օբյեկտները: Մասնավորապես վերջին 30 տարվա ընթացքում որեւէ տեխնիկական չափորոշիչների (ստանդարտների) բացակայություն, չլիցենզավորված ծրագրային ապահովման միջոցների եւ բարոյապես ու ֆիզիկապես մաշված խաղային սարքավորումների առկայություն, խաղացողների շահերի պաշտպանության գործուն մեխանիզմների բացակայություն, պատասխանատու խաղի (Responsible Gaming) եւ արդար խաղի (Fair Game Play) կանոնների բացակայություն, երիտասարդ եւ խոցելի խաղացողների ոչ լիարժեք պաշտպանություն, խաղային պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների մոնիտորինգի եւ ֆինանսական հոսքերի վերահսկողության բացակայություն, միջազգային շուկայում ոչ մրցունակ խաղային ոլորտ, ինչպես նաեւ ժամանակի պահանջներից ելնելով, նպատակ ունենալով թվայնացնել խաղային ոլորտը:
Վերը նշված պահանջները առանց խաղային ոլորտի թվայնացման անհնար է ապահովել, մասնավորապես բացառել, նույնիսկ նվազեցնել ոլորտի ռիսկայնությունը եւ ապահովել հարկային եկամուտների աճը:
Նախագծերով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են նաեւ գործող օրենքներում առկա տարընթերցումներով, բացթողումներով եւ չկանոնակարգված հարցերով:
Մշտապես առաջանում են հարցեր, կապված «շահումով խաղ» հասկացության մեկնաբանման հետ: Գաղտնիք չէ, որ շուկայում առաջարկվում են բազմաթիվ խաղեր, որոնք որոշակի պայմանների պահպանման դեպքում հանդիսանում են պարզ ատրակցիոն խաղեր՝ ապահովելով որոշակի նյութական շահումների տրամադրում խաղի մասնակցին, միեւնույն ժամանակ հեշտությամբ կարող են վերածվել մոլեխաղի՝ հստակ օրենսդրական կարգավորումների բացակայության շնորհիվ:
Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ վերոնշյալ ատրակցիոն բնույթի շահումով խաղերի նկատմամբ բացակայում է որեւէ տիպի վերահսկողությունը՝ անվտանգության, տեխնիկական չափանիշների պահպանման եւ այլ առումներով:
Պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով նախագծով նախատեսվում է խաղային գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների, տվյալների բազաների եւ խաղային արտադրանքների միացումը խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման համակարգին՝ մոնիտորինգային կենտրոնին:
Բավարար չափով կարգավորված չեն նաեւ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը:
Նախագծով առավելագույնս հստակեցվել եւ պարզեցվել են մի շարք հասկացություններ, որոնց տարընթերցման հետեւանքով հաճախ առաջանում են խնդիրներ դրանց կիրարկման առումով:
Ներկայիս «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է վիճակախաղերի կազմակերպման գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը: Ընդ որում, որպես վիճակախաղ է սահմանվում նաեւ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունը:
Իրականում անհրաժեշտ է տարանջատել վիճակախաղը տոտալիզատորից, իսկ ավելի ստույգ՝ բուքմեյքերական գործունեությունից, որի մասն է կազմում տոտալիզատորը: Եթե այս երկու գործունեություններն իրենց բնույթով նման են միմյանց այնքանով, որքանով որ դրանց հիմքում դրված է որեւէ իրադարձության ելքի կանխագուշակումը, ապա տարբերություններն անհամեմատ շատ են, ներառյալ կանխագուշակվող իրադարձության տեսակը: Եթե վիճակախաղի դեպքում իրադարձություն է հանդիսանում կազմակերպչի կողմից գեներացված եւ տոմսերի տեսքով մասնակիցներին առաջարկվող՝ պատահականության սկզբունքով շահող համակցության ձեռքբերումը կամ վիճակախաղային շահող համադրությունների կանխագուշակումը, ապա տոտալիազտորի դեպքում, որպես կանոն, իրադարձություն է հանդիսանում իրական ընթացող իրադարձությունը, որի ելքը պատահականությամբ պայմանավորված չէ:
Վերոգրյալից հետեւում է, որ անհրաժեշտ են տարբեր մոտեցումներ այս երկու գործունեությունների հետ կապված հարաբերություններում, ինչը հնարավոր է իրագործել օրենսդրորեն դրանք միմյանցից տարանջատելու պարագայում:
Ներկայումս գիտատեխնիկական առաջընթացը, ցանցային, տելեկոմունիկացիոն միջոցների զարգացումը հանգեցրել են նրան, որ վիճակախաղերի ասպարեզում եւս լայն տարածում են գտնում ցանցային, ինտերակտիվ վիճակախաղերը: Սակայն նման վիճակախաղերի (այդ թվում՝ էլեկտրոնային կամ ինտերնետային) կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները գործող օրենքով ներկայումս կարգավորված չեն:
Նախագծով նախատեսվում են վիճակախաղի գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների եւ տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Հարկ է նշել, որ մոնիտորինգային կենտրոնին միացվելու են նաեւ ավանդական (թղթային) վիճակախաղերի տոմսերի գեներացումն իրականացնող ծրագրային միջոցները կամ գեներացված տոմսերով տվյալների բազաները:
Խնդրահարույց է նաեւ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպիչների, ղեկավար կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց պատասխանատվության հարցը: Միջազգային պրակտիկայում ընդունված են մեթոդներ, ոլորտում աշխատանքային գործունեություն իրականացնող անձանց վարվելակերպի կանոններ, որոնց կիրառումը եւ պահպանումը թույլ է տալիս խաղացողներին պաշտպանել մոլեխաղերով չափազանց հրապուրվելու վտանգից: Ղեկավար կազմի կամ անձնակազմի կողմից վերոնշյալ կանոններին անհամապատասխան վարքի դրսեւորումները պետք է առաջացնեն որոշակի իրավական հետեւանքներ: Ապահովելու համար այս մոտեցումը, անհրաժեշտ է ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվության՝ օպերացիոն վկայագրերի տրամադրման ընթացակարգ:
Նախագծով արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ «ԱՄ» դոմենային տիրույթում: Սահմանափակման կիրառումը հնարավորություն կընձեռի, որպեսզի էապես դժվարանան եւ ոչ գրավիչ դառնան ՀՀ-ում չլիցենզավորված, ՀՀ պետական բյուջե հարկեր չվճարող ընկերությունների կողմից ՀՀ քաղաքացիներին թիրախավորված խաղերի մասնակից դարձնելը, միաժամանակ ապահովելով ՀՀ քաղաքացի հանդիսացող խաղի մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանվածություն:
Նախագծով առաջարկվում է, որ օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործունեության լիցենզիա չունեցող, ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որեւէ խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղի մասնակցելու հնարավորության ստեղծող կազմակերպությունների կայքերն ենթակա են արգելափակման:
Նախագծերի նպատակն է սահմանել կարգավորումներ, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր՝ ՀՀ քաղաքացի չհամարվող խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ քաղաքացի չհամարվող ֆիզիկական անձանց խաղադրույքներ կատարել եւ շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար, ինչը ներկայումս գործող ՀՀ օրենսդրությամբ հնարավոր չէ:
Նախագծով սահմանվում են նաեւ խաղերին մասնակցելու սահմանափակումները: Մասնավորապես՝ սահմանվելու են քաղաքացիների՝ խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները: Ընդ որում արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, ովքեր հանդիսանում են սահմանված որեւէ տեսակի սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որեւէ ծրագրից, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված (չներված) պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40%ը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում:
Միաժամանակ, հարկ է անդրադարձ կատարել մի շարք պետություններում առկա միջազգային փորձին.
Մասնավորապես՝ Ավստրիայի Հանրապետությունում խաղային ոլորտի կարգավորող մարմինը հանդիսանում է Ավստրիայի հանրապետության ֆինանսների նախարարությունը, ավելին, վերջինս հանդիսանում է նաեւ լիցենզավորված ընկերությունների նկատմամբ որպես վերահսկող մարմին:
BRZ GmbH /այսուհետ՝ BRZ/ սահմանափակ պատասխանատվության ընկերություն է, որի սեփականատերը Ավստրիայի Հանրապետությունն է՝ ի դեմս թվային եւ տնտեսական հարցերի դաշնային նախարարության: BRZ-ը կառավարվում է շուկայական սկզբունքներին համապատասխան եւ մրցակցում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ:
BRZ-ի գործառույթն է կենտրոնական կառավարման համակարգին միացնել եւ վերահսկել երկրում շահագործվող բոլոր էլեկտրոնային խաղային սարքավորումները եւ վիդեո վիճակախաղի տերմինալները: Նշված՝ կենտրոնական կառավարման համակարգին միացնելու գործառույթն իրականացվել է հայտարարվող մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված կապալառու ընկերությունների միջոցով: Օրինակ, BRZ-ի կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Comtrade Gaming ընկերությունը, որը հնարավորություն է ընձեռել կենտրոնական կառավարման համակարգին միացնել ավելի քան 15000 խաղային սարքավորում:
Կենտրոնական կառավարման համակարգի միջոցով խաղային արտադրանքների աշխատանքը վերահսկվում է օրենսդրական պահանջների շրջանակում, իսկ ոլորտը կարգավորող մարմինը՝ հնարավորություն ունի պատկերացում ունենալու խաղային արտադրանքների աշխատանքների մասին, ինչպես նաեւ վերահսկել ֆինանսական հոսքերը, խաղադրույքները, վճարված շահումները եւ այլն:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մոլեխաղերի գործունեության կարգավորող մարմինը հանդիսանում է Ազգային մոլեխաղերի խորհուրդը The national Gambling Board (NGB):The national Gambling Board (NGB) Ազգային մոլեխաղերի խորհուրդը, որը ստեղծվել է 1996 թվականին՝ որպես առեւտրի եւ արդյունաբերության գերատեսչության մարմին՝ «Մոլեխաղերի մասին» օրենքի հիման վրա: Ազգային մոլեխաղերի խորհուրդը պատասխանատու է ամբողջ երկրում մոլեխաղերի գործունեության կարգավորման համար: Ազգային մոլեխաղերի խորհրդի գործառույթներից են խաղային գործունեության ոլորտում կանոնների սահմանումը, հետազոտությունների իրականացումը, վիճակագրության հավաքագրումը եւ այլն:
Երկրում մոլեխաղերի կազմակերպման համար կիրառվող բոլոր խաղային ավտոմատներն ու սարքավորումները պետք է փորձարկվեն խաղային լաբորատորիաների կողմից՝ գործող օրենսդրությանը եւ չափանիշներին համապատասխանությունը հաստատելու համար: Թեստավորումներն անցկացվում են այն խաղային լաբորատորիաների կողմից, որոնք լիցենզավորված են մոլեխաղերը կարգավորող մարմինների կողմից, ինչպես նաեւ հավատարմագրված են Հարավաֆրիկյան հանրապետության ազգային հավատարմագրման համակարգի (SANAS) կողմից: Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային հավատարմագրման համակարգը (SANAS) երկրի կառավարության կողմից ճանաչվել է որպես միակ ազգային հավատարմագրող մարմին, որը պաշտոնական ճանաչում է տալիս լաբորատորիաներին, սերտիֆիկատներ տրամադրող մարմիններին, հմտությունների թեստավորման սխեմաների մատակարարներին եւ այլն:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շահագործվող բոլոր խաղայի ավտոմատներն ու սարքավորումները պետք է համապատասխանեն 1718 տեխնիկական ստանդարտներին: Տեխնիկական ստանդարտները մշակվել են խաղային ոլորտի կարգավորիչների եւ օպերատորների կողմից Հարավաֆրիկյան Հանրապետության ստանդարտների բյուրոյի (SABS) հետ համատեղ:
Վերջինիս գործառույթը տեխնիկական ստանդարտների պահպանումն է:
Մոլդովայի Հանրապետությունում խաղային ոլորտում գործունեությունը կարգավորում է Ֆինանսների նախարարությունը եւ Մոլդովային լիցենզավորման պալատը: 2018 թվականին Մոլդովան պետական-մասնավոր համագործակցության պայմանագիր է ստորագրել Եվրոպական երկու ընկերությունների հետ: Խաղային սեղանների եւ ապարատների մասով պայմանագիր է կնքվել Novo Gaming M Technologies GmbH ընկերության հետ: Վիճակախաղերի եւ սպորտային խաղադրույքների մասով պայմանագիր է կնքվել NGM SPC Ltd ընկերության հետ: Երկու ընկերություններն էլ հանդիսանում են Natioanl Lottery AD-ի մաս, որը լիցենզավորված խաղային օպերատոր է Բուլղարիայից:
Դանիայի Թագավորությունում մոլեխաղերի վարչությունը գործում է Դանիայի Թագավորության հարկային նախարարության ենթակայությամբ: Դանիայի Թագավորության մոլեխաղերի վարչության հիմնական գործառույթը մոլեխաղերի ոլորտի օրենսդրության կառավարումն է, ներառյալ՝ վիճակախաղերի խաղադրույքների, առցանց խաղատների, խաղային ավտոմատների, հանրային պոկերի մրցաշարերի եւ խաղատների օրենսդրությունը:
Դանիայի Թագավորությունում առցանց խաղատան եւ տոտալիզատորի կազմակերպման լիցենզիա ստանալու համար խաղատան կազմակերպիչը պարտավոր է կարգավորող մարմնին /Դանիայի թագավորության մոլեխաղերի վարչությանը/ ապահովել հասանելիություն իր տվյալների բազային /SAFE/, որտեղ խաղի կազմակերպիչը փոխանցում եւ պահպանում է խաղի վերաբերյալ տեղեկությունները՝ օգտագործելով Tamper Token անվտանգության համակարգը: Բացի վերը նշվածից, ներդրված է կարգավորող մարմնի /Դանիայի Թագավորության մոլեխաղերի վարչության/ հավաստագրման ծրագիր, որն ապահովում է խաղային համակարգի եւ սարքավորումների աշխատանքը հաստատված խաղի կանոններով:
Խաղային ավտոմատների շահագործման համար անհրաժեշտ պայման է, որպեսզի վերջիններս հաստատված եւ կնքված լինեն հավաստագրված փորձարկման ընկերության կողմից, որոնց ցանկը հրապարակված է կարգավորող մարմնի կայքում, ինչպես նաեւ խաղային ավտոմատները պետք է միացված լինեն Դանիայի Թագավորության մոլեխաղերի վարչության կառավարման համակարգին:
Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, մասնավորապես՝ մոլեխաղ, ինտերնետային մոլեխաղ, վիճակախաղ, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ հասկացությունները: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Գովազդի մասին», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում օգտագործվող հասկացություններն համապատասխանեցնելով Նախագծով առաջարկվող հասկացություններին:
գ Հաշվի առնելով խաղային ոլորտի որոշակի առանձնահատկությունները եւ այն հանգամանքը, որ խաղային գործունեության կազմակերպմանն առնչվող գործուեությունն ինքնին բարձր ռիսկի չափանիշ է, ինչը պայմանվաորված է նաեւ այն հանգամանքով, որ դրանք առնչվում են ՓԼ/ԱՖ-ի բարձր ռիսկերի հետ, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի աուդիտ իրականացնող անձը համապատասխանի որոշակի չափանիշների: Նախագծով սահմանվում են Կազմակերպիչների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությանը ներկայացվող պահանջները:
Միեւնույն ժամանակ, խաղային գործունեության կազմակերպչի ղեկավարների նկատմամբ ՖԱԹՖ 35-րդ հանձնարարականին համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 165.9-րդ հոդվածը լրացվել է նոր 3-րդ մասով, որով նախատեսվել է մոլեխաղերի, ինտերնետային մոլեխաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների պատասխանատու անձանց կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվություն:
Նախագծի 31-րդ հոդվածով սահմանվում են խաղային ոլորտի կարգավորման Օպերատորի լիազորությունների դադարեցման եւ դրա իրավական հետեւանքների հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ Օպերատորի գործունեության դադարեցման հրապարակումից հետո, վերջինս պարտավոր է իր բոլոր տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների կառավարման եւ էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման համար անհրաժեշտ լիազորությունները (օգտագործողի անուն,ծածկագիր, այլ տվյալներ) հանձնել Վերահսկող մարմնի կառավարմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում, նույն հոդվածի 7-րդ մասով օպերատորի նկատմամբ սահմանվել է պատասխանատվություն միջոց՝ տուգանք: Միեւնույն ժամանակ, նախատեսվել է, որ Նախագծի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չկատարվելու դեպքում, վերահսկող մարմինն օպերատորի տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների կառավարման եւ էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման լիազորությունները ձեռք է բերում դատարանի որոշման հիման վրա:
Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում, նախատեսելով՝ օրենքով սահմանված վերահսկող մարմնի կողմից խաղային ոլորտի կարգավորման օպերատորի տեղեկատվական եվ տեխնիկական միջոցների կառավարման եւ էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստարտիվ մատչման լիազորություններ ստանալու վերաբերյալ գործերի հատուկ վարույթ:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն է՝ օրենսդրական ակտ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ՝ Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ եւ օրենքներ, մշակվել են «Խաղային գործունեության կարգավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:
6.Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման նպատակը խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումն է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, պետական մարմիններին տրամադրվող տեղեկությունների, հաշվետվությունների ներկայացման ձեւերի եւ մեթոդների արդիականացումը, ինչպես նաեւ մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովումը՝ շահումով խաղերի կազմակերպման եւ անցկացման ծրագրային եւ տեխնիկական միջոցների, խաղի կանոնների եւ պայմանների նկատմամբ սահմանված պահանջներին եւ չափանիշներին համապատասխանության մասով վերահսկողության իրականացման միջոցով:
Հաշվի առնելով ոլորտի զարգացման արագընթաց տեմպերը, ոլորտի թվայնացման մակարդակը, անհրաժեշտ գիտելիքներով զինված եւ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պահանջը՝ խաղային ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն ապահովելու, ինչպես նաեւ խաղացողների շահերը պաշտպանելու նպատակով Նախագծով սահմանվել է պետություն-մասնավոր գործընկերություն սկզբունքը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑ՟ՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ՟ԹՅՈՒՆ՟ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ՟ՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ՟ՊԵ՟ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ՟ՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽ՟ՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔ՟ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ՟ԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ՟ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑ՟ԿԱՑ՟ՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ՟ԽՈՒ՟ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզա՟վորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատա՟րելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաս՟տանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաս՟տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում