Armenian ARMSCII Armenian
Կ-763-15.01.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը

1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության խաղային գործունեության կարգավորման միջոցով խաղացողների շահերի պաշտպանությունը, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ եւ խաղային արտադրանքների մասով միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական պահանջների սահմանմամբ խաղային գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը, խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է:

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է խաղային գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում՝

1) ծառայություններ, աշխատանքներ կամ ապրանքներ գովազդելու նպատակով կազմակերպվող գովազդային վիճակախաղի վրա, որի շահումային ֆոնդը չի գերազանցում գովազդային վիճակախաղ կազմակերպողի նախորդ տարվա իրացման շրջանառության կամ ընթացիկ տարվա իրացման շրջանառության համապատասխանաբար 0.5 տոկոսը կազմող գումարներից առավելագույնը: Ընդ որում, շահումային ֆոնդը պետք է ձեւավորվի գովազդային վիճակախաղ կազմակերպողի սեփական միջոցների հաշվին: Եթե շահումային ֆոնդը գերազանցում է սույն մասում նշված առավելագույն չափը կամ չի ձեւավորվում գովազդային վիճակախաղ կազմակերպողի սեփական միջոցների հաշվին, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես սույն օրենքով կարգավորվող վիճակախաղի կազմակերպման գործունեություն.

2) բանականություն, մտածողություն եւ գիտելիքներ պահանջող ինտելեկտուալ խաղերի վրա, որոնք կազմակերպվում են տեսալսողական մեդիայում կամ համացանցում եւ նպատակ են հետապնդում բացառապես քարոզել բանականության, մտածողության եւ գիտելիքներ պահանջող ինտելեկտի զարգացում, եւ որոնց արդյունքներով տրամադրվում են ոչ թե շահումներ, այլ մրցանակներ (պարգեւներ):

Հոդված 3. Խաղային գործունեության կարգավորման օրենսդրությունը

1. Խաղային գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:

2. Սույն օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի եւ Լիազոր մարմնի միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը.

1) խաղ՝ շահումով խաղ, ինտերնետ շահումով խաղ, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ, վիճակախաղ.

2) խաղային գործունեություն՝ շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, բուքմեյքերային գործունեության, վիճակախաղի կազմակերպման գործունեություն.

3) շահումով խաղ` ռիսկի վրա հիմնված՝ շահման հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղ (ծրագրավորված եւ (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղ, որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի եւ (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ) եւ կենդանի խաղ՝ խաղ, որին, բացի խաղացողից, մասնակցում է նաեւ խաղարկողը (խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից եւ նրա կողմից լիազորված՝ խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձը), կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղերի).

4) ինտերնետ շահումով խաղ՝ ինտերնետ հասանելիության միջոցով եւ խաղային արտադրանքների կիրառմամբ կազմակերպվող շահումով խաղ: Ինտերնետ շահումով խաղը կարող է կազմակերպվել նաեւ խաղասրահի միջոցով.

5) բուքմեյքերային գործունեություն՝ սպորտային, խաղային, սոցիալական, քաղաքական կամ որեւէ այլ իրադարձությունների ելքերի հնարավոր տարբերակների կանխագուշակման վրա գրազների ընդունման, հաշվառման եւ շահումների հանձնման կազմակերպում կամ խաղացողի համար գրազադրում կատարելու հնարավորության ստեղծում (որեւէ կերպ իրավունքի տրամադրում): Բուքմեյքերային գործունեությունը կարող է կազմակերպվել նաեւ խաղասրահի միջոցով.

6) վիճակախաղ՝ հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջեւ անցկացնում է շահումային ֆոնդի խաղարկում, ընդ որում, շահումները կախված չեն կազմակերպչի գործողություններից եւ կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության: Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաեւ խաղասրահի միջոցով.

7) խաղային արտադրանք՝ խաղային պարագա (խաղասեղան, խաղանիշ (այդ թվում՝ ռադիոհաճախականության համակարգի միջոցով հեռավար նույնականացման հնարավորությամբ), խաղաքարտ, խաղաթուղթ, վիճակախաղի տոմս եւ այլն), սարքավորում, սարքավորման մաս կամ ծրագրային ապահովման միջոց, որով խաղացողին հնարավորություն է ընձեռվում խաղադրույք կատարելու միջոցով կամ մասնակցության վճարի դիմաց մասնակցել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղի, վիճակախաղի.

8) խաղային գործունեության կազմակերպիչ կամ կազմակերպիչ՝ օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կազմակերպմամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձ.

9) խաղային գործունեության կազմակերպում՝ խաղային գործունեության կազմակերպիչների կողմից խաղային արտադրանքների շահագործում՝ ստեղծելով ցանկացած ձեւով շահման կամ խաղին մասնակցելու հնարավորություն.

10) խաղային գործունեության կազմակերպչի պաշտոնական կայք՝ ինտերնետ ցանցում կազմակերպչի կանոնակարգով սահմանված տեղեկատվական ռեսուրս պարունակող կայք, այդ թվում՝ դրա ենթադոմենային անվանումներով կայքը (սուբդոմեյն): Սույն օրենքի իմաստով կազմակերպչի պաշտոնական կայք չի կարող համարվել սոցիալական ցանցերի հարթակներում տեղակայվող կազմակերպչի ինտերնետային էջը, ինչպես նաեւ տեսաձայնանախագծային կայքերում կազմակերպչի կողմից տեղակայվող ալիքը.

11) խաղասրահ՝ շինություն կամ շինության ներսում տարածք, որտեղ կազմակերպվում է խաղային գործունեություն.

12) նախասրահ` խաղասրահի մուտքին կից առանձնացված սրահ, որտեղ իրականացվում է անձանց նույնականացում նախքան խաղասրահ մուտք գործել թույլատրելը.

13) անձի նույնականացում՝ նախքան խաղային արտադրանքից օգտվելու կամ խաղին մասնակցելու հնարավորություն ընձեռելը կազմակերպչի կողմից անձի՝ սույն օրենքով նախատեսված սահմանափակումների եւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված պահանջների կիրառման նպատակով նույնականացում: Նույնականացման արդյունքներով անձի համար սահմանափակումների բացակայության դեպքում նա ստանում է խաղային արտադրանքից օգտվելու կամ խաղին մասնակցելու թույլտվություն եւ հաշվառվում կազմակերպչի կողմից որպես խաղացող, իսկ անձի համար սահմանափակումների առկայության դեպքում մերժվում է խաղային արտադրանքներից օգտվելու կամ խաղին մասնակցելու հնարավորությունը: Անձի նույնականացման կարգը սահմանում է Լիազոր մարմինը.

14) խաղացող՝ խաղային արտադրանքներից օգտվելու կամ խաղին մասնակցելու թույլտվություն ստացած եւ խաղային արտադրանքներից օգտվող ֆիզիկական անձ.

15) վիճակախաղի մասնակից՝ վիճակախաղի տոմսի տիրապետող ֆիզիկական անձ.

16) խաղային հաշիվ՝ անձի նույնականացման արդյունքներով խաղի կազմակերպման համար օգտագործվող սերվերում կամ խաղային ինտերակտիվ հարթակում յուրաքանչյուր խաղացողի համար ստեղծվող անհատական խաղային հաշիվ, որից խաղացողը կարող է կատարել խաղադրույքներ կամ մասնակցության վճարներ, ինչպես նաեւ դրա տվյալներով մասնակցել խաղերին: Այլ անձի պատկանող խաղային հաշվի օգտագործումն արգելվում է.

17) խաղադրույք կամ մասնակցության վճար՝ խաղին մասնակցելու կամ խաղային համակցության համար նախատեսված դրամային միջոց.

18) խաղային ինտերակտիվ հարթակ՝ էլեկտրոնային ծրագիր, որի միջոցով առաջարկվում է մեկ կամ մի քանի խաղային արտադրանք հանդիսացող ծրագրային ապահովման միջոց.

19) շահում՝ խաղային գործունեության կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված խաղի կանոններով եւ պայմաններով կազմակերպչի կողմից խաղացողի կամ վիճակախաղի մասնակցի օգտին հաշվեգրվող դրամային կամ բնամթերային տեսքով նյութական արժեք: Շահում են համարվում նաեւ խաղային գործունեության կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով նախատեսված՝ կազմակերպիչների կողմից տրամադրվող բոնուսները.

20) վիճակախաղի շահումային ֆոնդ՝ վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարներից ձեւավորվող ֆոնդ, որը բաշխվում է վիճակախաղի մասնակիցների միջեւ՝ վիճակահանության արդյունքներին եւ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգին համապատասխան.

21) խաղային օպերացիա՝ խաղային արտադրանքի շահագործմանն ուղղված գործողությունների կատարում.

22) օպերացիոն վկայագիր՝ ֆիզիկական անձին խաղային օպերացիաներ իրականացնելու թույլտվություն վերապահող փաստաթուղթ.

23) խաղային ոլորտի կարգավորման օպերատոր (այսուհետ` օպերատոր)՝ սյուն օրենքի 6-րդ գլխով նախատեսված իրավաբանական անձ.

24) մոնիտորինգային կենտրոն՝ օպերատորի՝ էլեկտրոնային կառավարման համակարգի մաս կազմող՝ ինտերնետ հասանելիության ապահովմամբ կիրառվող տեխնիկածրագրային համակարգ, որի միջոցով օպերատորն իրականացնում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղի խաղացողների եւ վիճակախաղերի մասնակիցների կողմից գնված խաղանիշերի, շահումների, խաղային արտադրանքների, ինչպես նաեւ խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության գրանցում, պահպանում եւ հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում.

25) ռիսկերի գնահատում՝ խաղային գործունեության կազմակերպչի ռիսկայնության աստիճանը բնորոշող չափորոշիչների հիման վրա իրականացվող՝ կազմակերպչի գործունեությունից, գործողությունից կամ անգործությունից եւ վերջինիս կողմից ներկայացվող հաշվետվությունների, տեղեկությունների, շահագործվող խաղային արտադրանքների՝ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ առկա տեղեկությունների վերլուծության արդյունքներից բխող՝ կազմակերպչի վարքագծի բնորոշում: Ռիսկայնության աստիճանը բնորոշող չափորոշիչները սահմանում է Կառավարությունը.

26) կազմակերպչի պատասխանատու անձ՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ կազմակերպչի կողմից սույն կետով սահմանված պատասխանատու անձին փոխարինող նշանակված անձ.

27) նշանակալից մասնակցություն՝ կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս մասնակցություն.

28) իրական շահառու՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրավաբանական անձի իրական շահառու.

29) Լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակում եւ կատարելագործում, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակում եւ կատարելագործում, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորում, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացում, ինչպես նաեւ օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

30) Վերահսկող մարմին՝ խաղային գործունեությունը վերահսկող եւ օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.

31) պատշաճ ծանուցում՝ սույն օրենքով նախատեսված ծանուցումների եւ փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով իրազեկում, որն իրականացվում է օպերատորի՝ էլեկտրոնային կառավարման համակարգի՝ կազմակերպչի անձնական էջում տեղադրելու եղանակով: Կազմակերպիչը համարվում է պատշաճ ծանուցված օպերատորի ՝ էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում նշված ծանուցումները եւ փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Փաստաթղթերի եւ ծանուցումների տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից.

32) արդար խաղի կանոններ (Fair game)՝ խաղային ոլորտի կարգավորման կանոններ, որոնք ուղղված են խաղացողների եւ կազմակերպիչների իրավունքների պաշտպանությանը, խաղային արտադրանքի ծրագրային եւ մեխանիկական համակարգերի արդարության ապահովմանը, խաղացողների եւ խաղի մասնակիցների իրավունքների հավասարությանը.

33) պատասխանատու խաղի կանոններ (RESPONSIBLE GAMBԼING)՝ խաղային ոլորտի կարգավորման կանոններ, որոնք հիմնված են խաղացողի անվտանգության, խաղի անվտանգության, խաղային կախվածության կանխարգելման սկզբունքների վրա եւ միտված են խաղամոլությամբ տառապող անձանց օգնելուն, ինչպես նաեւ խաղացողներին հնարավոր բացասական հետեւանքներից պաշտպանելուն.

34) փոխկապակցված անձ՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված փոխկապակցված իրավաբանական եւ ֆիզիկական անձ:

ԳԼՈՒԽ 2

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 5. Խաղային գործունեության կազմակերպումը

1. Խաղերի կազմակերպիչների եւ խաղացողների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա, որը կնքվում է կազմակերպչի կանոնակարգի համաձայն:

2. Խաղերի կազմակերպչի եւ խաղացողի միջեւ պայմանագիրը ձեւակերպվում է վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային, տալու, ինչպես նաեւ խաղային հաշվի ստեղծման միջոցով եւ համարվում է կնքված կանոնակարգով սահմանված պայմաններով վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային, տալու, ինչպես նաեւ խաղային հաշվի ստեղծման փաստով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագիրը կնքելու մասին առաջարկը (օֆերտան) պետք է պայմաններ ներառի խաղերի անցկացման ժամկետի, շահումը որոշելու կարգի եւ դրա չափի մասին:

4. Կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի շահումը՝ կանոնակարգում նշված խաղի անցկացման կանոններով նախատեսված չափով, ձեւով եւ ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան 10 օրում:

5. Կազմակերպչի եւ խաղացողների միջեւ սույն օրենքի շրջանակում առաջացող վեճերի լուծումն իրականացվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

6. Խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա կարող է ստանալ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունը:

7. Խաղային գործունեության յուրաքանչյուր տեսակի կազմակերպման համար պահանջվում է առանձին լիցենզիա:

8. Արգելվում է խաղային գործունեության կազմակերպումն առանց սույն օրենքով սահմանված լիցենզիայի:

9. Ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպիչը կարող է խաղային գործունեությունը կազմակերպել մեկ ինտերակտիվ խաղային հարթակի միջոցով, որտեղ այդ խաղերի կարգավորումներն իրականացվում են առանձնացված՝ սույն օրենքով առանձնահատկություններ սահմանող դրույթներին համապատասխան:

10. Հանձնարարության, կոմիսիայի, գործակալության, երաշխավորության պայմանագրերով կամ լիազորագրով կամ որեւէ այլ ձեւով խաղային գործունեության կազմակերպչի՝ սույն օրենքով նախատեսված գործառույթները երրորդ անձանց փոխանցվելու դեպքում տվյալ անձանց գործունեությունը ենթակա է լիցենզավորման սույն օրենքով նախատեսված ընդհանուր կարգով:

11. Խաղային գործունեության կազմակերպիչն ապահովում է՝

1) խաղային գործունեության իրականացումը բացառապես սույն օրենքով նախատեսված համապատասխանության սերտիֆիկատ ունեցող, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաեւ օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացված խաղային արտադրանքներով.

2) խաղային օպերացիաների իրականացումը բացառապես վավեր օպերացիոն վկայագրեր ունեցող ֆիզիկական անձանց կողմից.

3) խաղային հաշվի ստեղծումը.

4) խաղասրահի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում՝

ա. խաղային գործունեության կազմակերպումը միայն լիցենզիայում նշված վայրում,

բ. խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը,

գ. Լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայությունը, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ,

դ. նախասրահում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանած պահանջների կիրառման նպատակով անձի նույնականացման իրականացումը,

ե. խաղասրահի պաշտպանությունը պահպանիչ եւ հակահրդեհային ազդարարման համակարգերով,

զ. խաղասրահներում տեսանելի տեղում խաղի կանոնի (բացառությամբ այն խաղային արտադրանքների, որոնք պարունակում են խաղերի կանոնները) առկայությունը,

է. պատասխանատու անձի մշտական ներկայությունը խաղասրահում,

ը. խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով, բացառությամբ որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների,

թ. խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն հայկական դրամով,

ժ. նախասրահում սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումների կիրառման նպատակով անձի նույնականացման իրականացումը,

ժա. համապատասխան սարքավորումների միջոցով խաղասրահի դրսի հարակից տարածքի (շուրջօրյա) եւ ներսի (աշխատանքային ժամերին) խաղերի կազմակերպման հատվածների պարագծով տեսանկարահանումը: Տեսաձայնագրությունները համապատասխան պահպանման վայրում էլեկտրոնային կրիչներով ենթակա են պահպանման ոչ պակաս, քան 30 աշխատանքային օր, եւ համապատասխան մարմինները դրանք կարող են օգտագործել ըստ ծառայողական անհրաժեշտության.

5) խաղերի կազմակերպումն ու անցկացումը սույն օրենքով նախատեսված կանոնակարգին համապատասխան.

6) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում շահումի՝ սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում տրամադրումը.

7) խաղացողների կողմից, բացառությամբ որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների, խաղային հաշիվների համալրումն անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով.

8) ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից խաղային ինտերակտիվ հարթակի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում՝

ա. խաղային գործունեության իրականացումը կանոնակարգում նշված համապատասխանության սերտիֆիկատ ունեցող կազմակերպչի պաշտոնական կայքի եւ խաղային հավելվածների միջոցով,

բ. մեկ կազմակերպչի կողմից ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում՝ խաղացողի համաձայնությամբ այդ խաղային գործունեության շրջանակում մեկ խաղային հաշվի ստեղծումը՝ յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով կատարված խաղադրույքների եւ վճարված շահումների առանձնացված հաշվառում վարելու պայմանով,

գ. խաղացողների կողմից խաղային հաշվի համալրումը բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով: Կազմակերպիչը խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղացողին պատկանելու հանգամանքն ստուգում է լիազոր մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով: Սույն ենթակետով սահմանված պահանջները չեն տարածվում օտարերկրացի խաղացողների կողմից օգտագործվող եւ օտարերկրյա բանկերի բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների վրա,

դ. խաղային հաշիվների համալրումը, խաղադրույքների կատարումը եւ դրամական շահումների հանձնումն անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով: Որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների խաղային հաշիվների համալրումը, խաղադրույքների կատարումը եւ դրամական շահումների հանձնումը կարող է խաղացողի ցանկությամբ իրականացվել նաեւ արտարժույթով, եթե այդ խաղացողի նույնականացման պահին նրա կողմից նշված բնակության վայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, եւ խաղային հաշվի համալրումը, խաղադրույքի կատարումը եւ դրամական շահումների հանձնումը կատարվում է ոչ Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի եւ ոչ հայաստանյան բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության (Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված) միջոցով: Այս դեպքում դրամական շահումների հանձնումը պետք է կատարվի նույն արժույթով, որով կատարվել են խաղային հաշվի համալրումը եւ խաղադրույքը,

ե. «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարի վճարումը.

9) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարի վճարումը.

10) «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների կատարումը.

11) «Գովազդի մասին» օրենքի պահանջների կատարումը.

12) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակության էլեկտրոնային տարբերակով համաձայնեցնումը Լիազոր մարմնի հետ: Ընդ որում, Լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» օրենքին, վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.

13) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների կատարումը.

14) շահման փաստի եւ արժեքի հրապարակումը միայն շահողի համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված դեպքերի: Կազմակերպիչը կարող է շահման փաստը եւ արժեքը հրապարակել նաեւ առանց շահողի համաձայնության՝ ապաանձնավորված եղանակով.

15) դրամական շահումների վճարումը բացառապես անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության դրամով (այսուհետ՝ դրամ), խաղացողի անվամբ գործող այն բանկային (այդ թվում՝ քարտային) հաշվին, որից համալրվել է խաղային հաշիվը, կամ կատարվել է խաղադրույքը, բացառությամբ սույն մասի 8-րդ կետի «գ» եւ «դ» ենթակետերով որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների մասով նախատեսված դեպքերի.

16) լիցենզիայի գործողության ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում տարեկան պետական տուրքի գումարի կրկնակի չափով դեպոզիտի առկայություն, բացառությամբ շահումով խաղի գործունեության կազմակերպչի.

17) սույն օրենքով նախատեսված այլ պահանջների կատարումը:

Հոդված 6. Խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերին, փայատերերին կամ մասնակիցներին, իրական շահառուներին եւ պատասխանատու անձանց ներկայացվող սահմանափակումները

1. Խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը՝

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն եւ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել եւ ունի չմարված (չներված) պարտավորություններ.

4) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն).

5) հանդիսացել է խաղային գործունեության այն կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու, որի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց:

2. Խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից չի կարող լինել այն իրավաբանական անձը՝

1) որի կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմնի ղեկավարը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.

2) որը գտնվում է սնանկության վարույթում.

3) որի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց.

4) որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն):

3. Կազմակերպչի պատասխանատու անձ չի կարող լինել այն անձը, որը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նշված անձ:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված սահմանափակումները սույն հոդվածով նախատեսված անձանց փոխկապակցված անձանց մասով առկա լինելու կամ ի հայտ գալու դեպքում կազմակերպիչը այդ տեղեկատվության մասին անմիջապես հայտնում է Վերահսկող մարմնին:

Հոդված 7. Խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը եւ պատասխանատու անձ համարվելը

1. Անձը կարող է խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն իր միջնորդությամբ Լիազոր մարմնում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված սահմանափակումների բացակայության ստուգում անցնելուց հետո՝ Լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:

2. Անձը կարող է նշանակվել խաղային գործունեության կազմակերպչի պատասխանատու անձ միայն կազմակերպչի միջնորդությամբ Լիազոր մարմնում սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումների բացակայության ստուգում անցնելուց հետո՝ Լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկությունների եւ փաստաթղթերի ներկայացման կարգը, տեղեկությունների եւ փաստաթղթերի ձեւերը սահմանում է Կառավարությունը:

4. Լիազոր մարմինը սահմանված կարգով պահանջվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու կամ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված համապատասխանության ստուգման ժամկետը չերկարաձգվելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը Լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է կազմակերպիչը:

6. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքով Լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերը, կամ Լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով: Դրամական միջոցները հանցավոր ճանապարհով ձեռք բերված չլինելու փաստի ապացուցման պարտականությունը կրում է անձը:

Հոդված 8. Խաղային գործունեության կազմակերպման ընդհանուր սահմանափակումները

1. Արգելվում է՝

1) օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում այդ խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման միջոցով.

2) օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում:

2. Կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման դեպքերը, կարգը եւ ժամկետները:

3. Օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:

4. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը հաստատում է Վերահսկող մարմնի ղեկավարը արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը Վերահսկող մարմինը հաստատելուց հետո տրամադրում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ այդ կայքերի միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման եւ փոխանցման սահմանափակումն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար:

6. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են Կառավարության սահմանած կարգով:

7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կրում են պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ Լիազոր մարմնի դիմումի համաձայն:

8. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը հրապարակում է սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան արգելափակման ենթակա կայքերի ցանկում ներառված կայքերի միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով օգտագործվող դրամապանակների ցանկը:

9. Խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղային գործունեությունը համարվում է օտարերկրյա պետությունում կազմակերպված, եթե խաղային գործունեություն կազմակերպողի տեղեկատվական ռեսուրսները չեն գտնվում «ԱՄ» դոմենային տիրույթում:

10. Արգելվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում օպերատորի մոնիտորինգային կենտրոնին չմիացված կամ սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ չունեցող խաղային արտադրանքներով խաղային գործունեության կազմակերպումը:

11. Արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերի, դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումն այն անձանց կողմից, որոնք չունեն սույն օրենքով սահմանված խաղային գործունեության համապատասխան լիցենզիա:

Հոդված 9. Խաղային գործունեության կազմակերպման տարածքային սահմանափակումները

1. Խաղասրահի միջոցով խաղային գործունեությունը կարող է կազմակերպվել Կառավարության սահմանած չափանիշները (այդ թվում՝ կրթական, պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Կառավարության սահմանած հեռավորության մասով) բավարարող տարածքներում՝ հետեւյալ վայրերում.

1) Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում.

2) Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում.

3) Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում.

4) Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:

2. Շահումով խաղի եւ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի գործունեություն, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարածքներից, կարող է կազմակերպվել նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:

3. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեություն կամ վիճակախաղի կազմակերպում, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարածքներից, կարող է կազմակերպվել նաեւ մարզերի յուրաքանչյուր վարչական կենտրոնում եւ Երեւան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ մեկական խաղասրահի միջոցով:

4. Կառավարության հավանությանն արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարվելու դեպքում շահումով խաղ կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել նաեւ սույն հոդվածի 1-ին մասում չնշված՝ Կառավարության սահմանած այլ վայրերում՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան: Ընդ որում, սույն կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) մեկ խաղասրահի միջոցով շահումով խաղ կամ մեկ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղ: Սույն մասով նախատեսված շահումով խաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպումը կարող է իրականացվել ներդրումը ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից իրականացվելու դեպքում՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության առկայությամբ: Սույն մասով նախատեսված ներդրումային ծրագրին ներկայացվող պահանջները, ծրագրի ներկայացման, քննարկման, հավանության արժանացած ծրագրի շրջանակում ներդրման կատարման փաստը հաստատելու կամ մերժելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 10. Խաղային արտադրանքներին եւ պաշտոնական կայքին ներկայացվող պահանջները

1. Խաղային գործունեության կազմակերպումը կարող է իրականացվել համապատասխանության սերտիֆիկատ ստացած խաղային արտադրանքներով եւ (կամ) պաշտոնական կայքի միջոցով:

2. Խաղային արտադրանքների ստանդարտները, սերտիֆիկացման ենթակա խաղային արտադրանքների, մոնիտորինգային կենտրոնին միացման ենթակա խաղային արտադրանքների ցանկը, խաղային արտադրանքների, պաշտոնական կայքի համապատասխանության սերտիֆիկատների տրամադրման պայմաններն ու կարգը հաստատում է Կառավարությունը:

3. Սույն հոդվածով նախատեսված համապատասխանության սերտիֆիկատ ստացած խաղային արտադրանքները, որոնք օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ենթակա են պարտադիր միացման մոնիտորինգային կենտրոնին, կարող են շահագործվել բացառապես օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միանալուց հետո:

Հոդված 11. Խաղային գործունեության կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը

1. Խաղային գործունեությունը կազմակերպվում եւ անցկացվում է Խաղային գործունեության կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) հիման վրա:

2. Կանոնակարգը կազմակերպչի սահմանած եւ Կառավարության սահմանած ընթացակարգով հաստատված խաղային գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթուղթն է:

3. Կանոնակարգում պարտադիր նշվում են՝

1) կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

2) խաղասրահի միջոցով խաղային գործունեության իրականացման վայրը եւ (կամ) պաշտոնական կայքի հասցեն, խաղային հավելվածները.

3) խաղերի տեսակները եւ քանակը.

4) սույն օրենքին համապատասխան սերտիֆիկացված խաղային արտադրանքների տեսակները եւ քանակը.

5) մեկ խաղանիշի (ժետոնի) կամ խաղադրույքի միավորի գինը.

6) խաղադրույքի (մասնակցության վճարի) ընդունման կարգը.

7) խաղերի անցկացման կարգը (կանոնները) եւ նկարագրերը, ինչպես նաեւ ԴԵՄՈ տարբերակները.

8) շահումի տարբերակները եւ հաշվարկման ընթացակարգը.

9) տրամադրվող բոնուսները եւ առաջարկվող ակցիաները, որոնց շրջանակում տրամադրվում են շահումներ.

10) պատասխանատու եւ արդար խաղի կանոնները.

11) շահումները վճարելու վայրը, կարգը եւ ժամկետը.

12) կազմակերպչի՝ խաղային գործունեության համար օգտագործվող ապրանքային նշանը (լոգոն), իսկ վիճակախաղի դեպքում՝ նաեւ վիճակախաղի անվանումը.

13) խաղադրույքների (մասնակցության վճարի) չեղարկման անհրաժեշտ եւ բավարար պայմանների հստակ նկարագրությունը.

14) մասնակիցների նույնականացման ընթացակարգը.

15) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

16) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները.

17) վիճակախաղի դեպքում նաեւ՝

ա. վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը,

բ. վիճակախաղի տոմսի գինը,

գ. շահումների բաշխումը՝ ըստ շահումների տեսակների եւ չափի, իսկ առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ նաեւ ըստ քանակի,

դ. առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ իրացման համար նախատեսված տոմսերի քանակը,

ե. վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը,

զ. վիճակախաղի խաղարկությունների հեռուստաալիքը (առկայության դեպքում),

է. թղթային կրիչի կիրառման դեպքում՝ վիճակախաղի տոմսի նկարագիրը:

4. Կանոնակարգը սահմանված կարգով հաստատվելուց հետո կազմակերպիչը տեղադրում է իր պաշտոնական կայքում:

Հոդված 12. Խաղային գործունեության վերաբերյալ Վերահսկող մարմին հաշվետվությունների ներկայացման կարգը

1. Խաղային գործունեության կազմակերպիչները էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին են ներկայացնում իրենց գործունեության մասին ամսական հաշվետվություն, որի ձեւն ու բովանդակությունը, ներկայացման կարգը եւ ժամկետները սահմանում է Կառավարությունը:

2. Յուրաքանչյուր տարի խաղային գործունեության կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, ընդ որում, պայմանագիր միեւնույն աուդիտորական կազմակերպության հետ կարող է կնքվել անընդմեջ առավելագույնը երեք տարի:

3. Կազմակերպիչների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը՝

1) պետք է ունենա առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա.

2) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ եւ առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաեւ մասնագիտացված կառույցի տված աուդիտորի որակավորում եւ միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ Սի Սի Էյ, Սի Այ Էս Էյ):

4. Խաղային գործունեության կազմակերպիչը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը Վերահսկող մարմին է ներկայացնում եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները անկախ աուդիտորական եզրակացության հետ:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները չբավարարող անկախ աուդիտորական կազմակերպության տված անկախ աուդիտորական եզրակացության դեպքում ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:

ԳԼՈՒԽ 3

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Շահումով խաղերի գործունեության կազմակերպումը

1. Շահումով խաղը կազմակերպվում է խաղասրահում Լիազոր մարմնի տրամադրած շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա:

2. Յուրաքանչյուր վայրում շահումով խաղի կազմակերպման համար պահանջվում է առանձին լիցենզիա:

3. Սույն օրենքի իմաստով շահումով խաղը համարվում է լիցենզիայում նշված վայրում կազմակերպված, եթե շահումով խաղը կազմակերպվում է լիցենզիայի հայտին կից ներկայացրած՝ համապատասխան մարմնի կողմից տրամադրված անշարժ գույքի հատակագծում որպես խաղասրահ նշված խաղասրահում: Ընդ որում, խաղասրահի փաստացի չափերը չեն կարող գերազանցել հատակագծում նշված խաղասրահի չափերը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հատակագծում չնշված խաղասրահում կամ հատակագծում նշված խաղասրահի չափերը փաստացի գերազանցող խաղասրահում շահումով խաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման եւ լիցենզիայի վերաձեւակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում շահումով խաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացնում՝ անկախ տվյալ խաղասրահի փաստացի տեղակայման վայրից:

Հոդված 14. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպումը

1. Ինտերնետ շահումով խաղը կարող է կազմակերպվել խաղային ինտերակտիվ հարթակում կամ խաղասրահի միջոցով Լիազոր մարմնի տրամադրած ինտերնետ շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի եւ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

2. Ինտերնետ շահումով խաղը կարող է կազմակերպվել միայն ինտերնետ շահումով խաղի լիցենզիայում նշված՝ կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) եւ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված խաղային հավելվածների միջոցով, իսկ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում՝ լիցենզիայում նշված ինտերնետ շահումով խաղի կազմակերպման վայրում:

3. Խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին համապատասխան:

4. Լիցենզիայում չնշված կայքերի (հասցեների) եւ հավելվածների, ինչպես նաեւ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման կայքերի (հասցեների), հավելվածների եւ վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման եւ լիցենզիայի վերաձեւակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում ինտերնետ շահումով խաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

Հոդված 15. Շահումով խաղի եւ ինտերնետ շահումով խաղի գործունեության առանձնահատկությունները

1. Պատահական թվերի գեներատորների կիրառմամբ շահումը որոշող խաղային արտադրանքի միջոցով շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում այդ խաղային արտադրանքներում շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի տվյալ խաղային արտադրանքի միջոցով այդ արտադրանքի ստանդարտով նախատեսված համապատասխան խաղային ցիկլի ընթացքում կազմակերպչի ստացած դրամական միջոցների 90 տոկոսը, որը ենթակա է հավաստման տվյալ խաղային արտադրանքի՝ սույն օրենքով նախատեսված համապատասխանության սերտիֆիկատով:

2. Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման ենթակա են՝

1) լիցենզիայի համարը.

2) սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված՝ խաղերին մասնակցության սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը.

3) շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.

4) խաղադրույքների (մասնակցության վճարների) ընդունման կարգը:

3. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:



ԳԼՈՒԽ 4

ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղի կազմակերպումը

1. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղը կարող է կազմակերպվել խաղային ինտերակտիվ հարթակում եւ (կամ) խաղասրահում՝ Լիազոր մարմնի տրամադրած բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիայի եւ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Կառավարության սահմանած կարգով խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

2. Բուքմեյքերային գործունեությունը կարող է կազմակերպվել միայն բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիայում նշված՝ կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) եւ բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախատեսված խաղային հավելվածների միջոցով, իսկ խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում՝ լիցենզիայում նշված բուքմեյքերային գործունեության կազմակերպման վայրում:

3. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության վայրը որոշվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին համապատասխան:

4. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը:

5. Լիցենզիայում չնշված կայքերի (հասցեների) եւ հավելվածների, ինչպես նաեւ խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպումը կարող է իրականացվել գործունեության իրականացման կայքերի (հասցեների), հավելվածների եւ վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման եւ լիցենզիայի վերաձեւակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում բուքմեյքերային գործունեության կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

Հոդված 17. Բուքմեյքերային գործունեության առանձնահատկությունները

1. Բուքմեյքերային գործունեությունը կազմակերպվում է տոտալիզատորի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով:

2. Տոտալիզատորի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում շահումի մեծությունը որոշվում է տվյալ իրադարձության վրա այլ մասնակիցների կողմից գրազադրված խաղադրույքների ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկվող գործակցով:

3. Բուքմեյքերային գրասենյակի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում շահումի մեծությունը որոշվում է տվյալ իրադարձության համար կազմակերպչի կողմից նախապես սահմանած գործակցով:

4. Բուքմեյքերային գործունեության կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման ենթակա են՝

1) լիցենզիայի համարը.

2) սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված՝ խաղերին մասնակցության սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը.

3) բուքմեյքերային գործունեության տեսակը, նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.

4) մասնակցության կարգը:

5. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:



ԳԼՈՒԽ 5

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Վիճակախաղերի գործունեության կազմակերպումը

1. Վիճակախաղը կարող է կազմակերպվել Լիազոր մարմնի տրամադրած՝ վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա: Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաեւ խաղային ինտերակտիվ հարթակում կամ խաղասրահում:

2. Խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայում նշվում է նաեւ խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման վայրի հասցեն:

3. Խաղասրահի միջոցով վիճակախաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին համապատասխան:

4. Խաղասրահի միջոցով վիճակախաղերի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը:

5. Լիցենզիայում չնշված կայքերի եւ հավելվածների միջոցով, ինչպես նաեւ խաղասրահի միջոցով վիճակախաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման կայքերի (հասցեների), հավելվածների եւ փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման եւ լիցենզիայի վերաձեւակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում վիճակախաղի գործունեության կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

Հոդված 19. Վիճակախաղերի գործունեության առանձնահատկությունները

1. Վիճակախաղերի կազմակերպումը վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում նաեւ շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթաց է, որը կարող է կազմակերպվել նաեւ խաղասրահի միջոցով:

2. Վիճակախաղի կազմակերպման տեսակներն են՝ խաղարկությունով, առանց խաղարկության կամ համակցված:

3. Խաղարկությունով վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց հետո կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղարկության անցկացումից հետո՝ դրա արդյունքներով:

4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո:

5. Համակցված վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել եւ' անմիջապես այն ձեռք բերելուց հետո, եւ' այն ձեռք բերելուց ու կազմակերպչի կողմից խաղարկության անցկացումից հետո՝ դրա արդյունքներով:

6. Վիճակախաղի տոմսի սեփականության իրավունքը տրվում է «ըստ ներկայացնողի» սկզբունքով:

7. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային եղանակով կամ ինտերնետ հասանելիության միջոցով վիճակախաղի կազմակերպումը, այդ թվում` ավտոմատացված սարքավորումների միջոցով առանց խաղարկության, խաղարկությունով եւ համակցված վիճակախաղի կազմակերպումը:

8. Վիճակախաղի կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման ենթակա են՝

1) լիցենզիայի համարը.

2) սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված՝ խաղերին մասնակցության սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը.

3) վիճակախաղերի տեսակները, նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.

4) մասնակցության կարգը:

9.Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:

Հոդված 20. Վիճակախաղերի շահումային ֆոնդի խաղարկումը եւ արդյունքների հրապարակումը

1. Շահումային ֆոնդի խաղարկություն է համարվում հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգը, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը:

2. Վիճակախաղի շահումային ֆոնդը չի կարող պակաս լինել վիճակախաղին մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսից:

3. Վիճակախաղի կազմակերպիչն ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի ձեւավորումն ու մասնակիցների միջեւ բաշխումը:

4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում կազմակերպիչն առնվազն եռամսյա ժամանակահատվածում ապահովում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը՝ անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից:

5. Խաղարկությունով վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը:

6. Առանց խաղարկության վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մինչեւ հաջորդ ամսվա 5-ը իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի արդյունքները՝ նշելով վիճակախաղի անվանումը եւ տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ համարների (սերիաների) եւ շահումի չափի:

7. Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո՝ հնգօրյա ժամկետում, իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները՝ նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը եւ տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ շահման փուլերի, տոմսերի համարների (սերիաների) եւ շահումի չափի:

8. Կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը:

Հոդված 21. Վիճակախաղի տոմսերը, դրանց մարումը, հաշվառումը եւ պահպանումը

1. Վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացվում է անկանխիկ եղանակով եւ միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

2. Թղթային կրիչի կիրառմամբ վաճառքի ենթակա վիճակախաղի տոմսերը պետք է պարունակեն Կառավարության սահմանած հսկիչ նշաններ:

3. Վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացվում է շահումների ցուցադրման վայրից ոչ մոտ, քան 500 մետր հեռավորության վրա:

4. Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի՝

1) վիճակախաղի կազմակերպչի անվանումը.

2) վիճակախաղի կազմակերպչի ապրանքային նշանը (լոգոն), վիճակախաղի անվանումը.

3) վիճակախաղի տոմսի համարը (սերիան).

4) վիճակախաղի տոմսի գինը.

5) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի պահանջներին.

6) շահումների վճարման վայրը, կարգը եւ ժամկետները.

7) թողարկման կամ խաղարկության հերթական համարը.

8) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը (առկայության դեպքում) կամ պաշտոնական կայքի հասցեն, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը եւ ժամը:

5. Վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները հանդիսանում հաստատված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի անբաժանելի մաս են:

6. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են մարման, հաշվառման եւ պահպանման վիճակախաղի կազմակերպչի ստեղծած՝ չորս անդամից բաղկացած, վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման եւ պահպանման հանձնաժողովի մասնակցությամբ՝

1) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ հերթական խաղարկությունից առաջ, բայց այնպես, որ ապահովվի իրացված եւ մարված տոմսերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետը.

2) առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղն ավարտելու մասին կազմակերպչի եւ օպերատորի պաշտոնական կայքերում եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

7. Վերահսկող մարմնի եւ օպերատորի ներկայացուցիչներն իրավունք ունեն ցանկացած ժամանակ մասնակցելու վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառմանը եւ մարմանը:

8. Հանձնաժողովի անդամները հաշվառում են չիրացված տոմսերը, ստուգում դրանց իսկությունը եւ մարում՝ դակելով կամ կտրելով դրանց անկյունն այնպես, որ չվնասվի տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը, խաղարկությանը մասնակցող դաշտերը եւ Կառավարության սահմանած հսկիչ նշանը:

9. Հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով կազմում է համապատասխան տեղեկանք, որտեղ նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, պահպանման ենթակա վիճակախաղի մարված տոմսերը՝ ըստ սերիաների, համարների, եւ դրանց ընդհանուր քանակը:

10. Վիճակախաղի մարված եւ պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ կազմված տեղեկանքը հաստատվում է հանձնաժողովի առնվազն չորս անդամի էլեկտրոնային ստորագրություններով:

11. Վիճակախաղի մարված տոմսերի պահպանման ձեւն ու վայրը, որտեղ առկա են պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ապահովում է կազմակերպիչը:

12. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում չիրացված տոմսերի հաշվառման, մարման, մարված տոմսերի պահպանման եւ հանձնաժողովի աշխատանքի համար:

13. Վիճակախաղի մարված տոմսերը ենթակա են պահպանման տեղեկանքի կազմման պահից առնվազն երկու տարի:

14. Էլեկտրոնային կրիչների կիրառմամբ չիրացված տոմսերի հաշվառումն ու մարումն իրականացվում է նախապես գեներացված վիճակախաղային համակցություններ պարունակող գրառումների ամբողջական ցանկից (թողարկված տոմսեր) ընդունված (գրանցված) համակցությունների (իրացված տոմսեր) նվազեցման միջոցով:

Հոդված 22. Վիճակախաղերի գործունեության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը եւ տեղեկություններին ներկայացվող պահանջները

1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպման դեպքում կազմակերպիչը՝

1) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից առնվազն երեք ժամ առաջ էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը եւ թողարկված՝ վաճառված ու մարված վիճակախաղի տոմսերի մասին տվյալները՝ ըստ համարների, սերիաների, քանակի, եւ մարված տոմսերի վերաբերյալ տեղեկանքը.

2) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո՝ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը եւ շահած տոմսերի տվյալները՝ ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների, եւ շահումային ֆոնդի չափը:

2. Առանց խաղարկության վիճակախաղի կազմակերպման դեպքում վիճակախաղի կազմակերպիչը՝

1) վիճակախաղի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի տոմսի գինը, տվյալ խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը եւ շահող տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների.

2) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսելուց հետո՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 5-ը, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը եւ իրացված տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, գնի, եւ շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:

4. Վիճակախաղի կազմակերպիչը խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետների ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն չպահանջված (չստացված) շահումների մասին:

5. Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը եւ ձեւը սահմանում է Վերահսկող մարմնի ղեկավարը: Վերահսկող մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել վիճակախաղի գործունեության հետ կապված այլ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման պահանջներ:

ԳԼՈՒԽ 6

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Հոդված 23. Խաղային գործունեության կարգավորման օպերատորը

1. Խաղային գործունեության կարգավորման օպերատոր է համարվում այն իրավաբանական անձը, որի հիմնադիրը, մասնակիցը, փայատերը կամ բաժնետերը (այսուհետ՝ նաեւ հայտատու) սույն օրենքով նախատեսված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից մրցութային կարգով ընտրվել է, ստեղծել է առանձին առեւտրային կազմակերպություն, եւ այդ կազմակերպությունը Կառավարության որոշմամբ սահմանվել է որպես օպերատոր: Օպերատորն իրավունք չունի զբաղվելու սույն օրենքի կարգավորման առարկայից դուրս այլ գործունեությամբ:

2. Օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները սահմանվում են սույն օրենքով:

3. Սույն օրենքով սահմանված՝ օպերատորի հիմնադրի, բաժնետիրոջ, փայատիրոջ կամ մասնակցի իրական շահառուի մասով պահանջների նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը: Հսկողությունն իրականացվում է ինչպես օպերատորի գործունեության ընթացքում, այնպես էլ ընտրության ընթացքում՝ դրա հիմնադիրների, բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների մասով: Հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով ձեռք բերված տեղեկությունների հիման վրա: Հսկողության ենթակա անձինք տալիս են համաձայնություն իրենց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով տեղեկություններ ձեռք բերելու մասով: Հսկողության ենթակա անձինք տալիս են իրենց համաձայնությունը «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» օրենքի համաձայն ֆինանսական հաստատությունների կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու մասով՝ անհրաժեշտության դեպքում անձամբ ներկայացնելով նման ուսումնասիրությունների արդյունքները:

4. Օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցույթը չկայացած համարվելու հիմքերը (այսուհետ՝ Ընթացակարգ) սահմանում է Կառավարությունը:

5. Հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը սահմանում է վարչապետը:

6. Օպերատորի ընտրությունը եւ օպերատորի գործունեության դադարեցումն իրականցվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 24. Օպերատորի ընտրության սկզբունքները

1. Օպերատորի ընտրության ընթացակարգի սկզբունքներն են`

1) ընտրության եւ դրա վրա ազդեցություն ունեցող այլ գործընթացների մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.

2) իրավաբանական անձի համար անկախ նրա՝ օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից օպերատորի ընտրության գործընթացին մասնակցելու հավասար հնարավորության ապահովում:

Հոդված 25. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը եւ որակավորման չափանիշները

1. Օպերատորի ընտրության ընթացակարգին անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Կառավարության որոշմամբ՝ նախքան որակավորման հարցում եւ հայտարարություն հրապարակելը, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ պաշտպանության ապահովման համար: Կառավարության որոշմամբ կարող են նախատեսվել հայտատուների՝ օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի եւ դրա հավաստման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված պահանջներ:

2. Հայտատուն պետք է հավաստի իր՝ սույն օրենքով նախատեսվող պարտականությունների կատարման համար անհրաժեշտ եւ որակավորման հարցմամբ սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը: Որակավորման հարցմամբ կարող են սահմանվել հետեւյալ չափանիշները.

1) մասնագիտական փորձառություն.

2) տեխնիկական միջոցներ.

3) ֆինանսական կարողություններ.

4) տնտեսական կարողություններ.

5) աշխատանքային ռեսուրսներ:

3. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի եւ որակավորման հետ կապված չեն կարող սահմանվել այնպիսի չափանիշներ, որոնք`

1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են եւ անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.

3) ուղղակիորեն չեն բխում սույն օրենքով նախատեսվող պարտականությունների կատարման անհրաժեշտությունից:

4. Որակավորման հարցմամբ կարող են սահմանվել նաեւ հայտատուի` օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցության իրավունքի համար անհրաժեշտ չափանիշները, կարգը, որակավորման ու մասնակցության իրավունքի չափանիշների համար անհրաժեշտ փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:

5. Արգելվում է օպերատորի ընտրության ընթացակարգին փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը, բացառությամբ կոնսորցիումով մասնակցելու դեպքերի: Միաժամանակ կոնսորցիումի պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):

6. Օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 26. Օպերատորի ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն, ընթացակարգի հայտարարությունը եւ հրավերը

1. Որակավորման հարցումը եւ հայտարարությունը, առաջարկի հարցումը եւ հայտարարությունը, ինչպես նաեւ Ընթացակարգին վերաբերող փաստաթղթերը կազմվում եւ հրապարակվում են հայերեն, անգլերեն եւ ռուսերեն Վերահսկող եւ Լիազոր մարմինների կայքերում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում:

2. Օպերատորի ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն հայերենն է: Հայերենից բացի, օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարությամբ եւ (կամ) հրավերով նախատեսված լինելու դեպքում պաշտոնական լեզուն կարող է լինել նաեւ անգլերենը կամ ռուսերենը:

3. Օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարություններին, որակավորման հարցմանը եւ առաջարկի հարցմանը ներկայացվող պահանջները, դրանց հրապարակման, դրանցում փոփոխություններ կատարելու եւ դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու եւ հրապարակելու կարգն ու ժամկետները սահմանվում են Ընթացակարգով:

Հոդված 27. Օպերատորի ընտրության ընթացակարգի ձեւը եւ արդյունքների գնահատումը

1. Օպերատորի ընտրությունը կատարվում է բաց մրցույթով՝ որակավորման հարցման եւ առաջարկի հարցման փուլերով:

2. Օպերատորի ընտրության ընթացակարգում հայտի գնահատման եղանակներն են`

1) որակի եւ արժեքի վրա հիմնված ընտրություն.

2) արժեքի վրա հիմնված ընտրություն կամ

3) առավելագույն` ֆիքսված արժեքի սահմաններում ոչ արժեքային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրություն:

3. Օպերատոր ընտրվելու հայտը մերժվում է, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը եւ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով նախատեսված՝ օպերատորին ներկայացվող հիմնական պահանջներին.

2) ներկայացվել են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

3) Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով ծրագրին համապատասխան, հայտատուն չի կարող ապահովել շուկայի բնականոն գործունեությունը.

4) Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ հայտատուի հիմնադրի, բաժնետիրոջ, փայատիրոջ, մասնակցի, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձի գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կարող են վտանգել ոլորտի կարգավորումը կամ խոչընդոտել օպերատորի կողմից շուկայի բնականոն կազմակերպումը կամ Վերահսկող մարմնի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը.

5) հայտատուի հիմնադիրը, բաժնետերը, մասնակիցը, փայատերը կամ իրական շահառուն կամ վերջիններիս հետ փոխկապակցված անձը հանդիսանում է խաղային գործունեության կազմակերպիչ կամ խաղային արտադրանքներ արտադրող:

4. Օպերատորի ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական եւ ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները եւ առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են Ընթացակարգով:

Հոդված 28. Որակավորման հարցման փուլը

1. Օպերատորի ընտրության ընթացակարգն սկսվում է որակավորման հարցման փուլով, որի մասին հրապարակվում են հայտարարություն եւ որակավորման հարցում:

2. Որակավորման հայտում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (այդ թվում՝ գործարար ծրագրի մասով), որակավորման հայտերի կազմման, այդ թվում՝ որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի նկատմամբ պահանջները, դրանց ներկայացման, հաշվառման, հայտատուների ծրարների բացման, որակավորման հայտերի ստուգման, գնահատման եւ առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, որակավորման հայտը հետ վերցնելու եւ դրանում փոփոխություն կատարելու, որակավորված հայտատուների ցանկի հրապարակման եւ առաջարկի հարցման տրամադրման կարգը, ինչպես նաեւ որակավորման հայտերի գործողության ժամկետները սահմանվում են Ընթացակարգով:

3. Որակավորման հարցմամբ սահմանված կարգով գնահատվում են ներկայացված որակավորման հայտերը, որի արդյունքներով Հանձնաժողովը կազմում եւ հաստատում է որակավորված հայտատուների ցանկը:

4. Հայտատուն որակավորման հայտը լրացնում եւ ներկայացնում է որակավորման հարցմամբ սահմանված կարգով: Հայտատուն չի կարող օպերատորի ընտրության միեւնույն ընթացակարգին ներկայացնել մեկից ավելի որակավորման հայտ:

Հոդված 29. Առաջարկի հարցման փուլը

1. Առաջարկի հարցման փուլին մասնակցում են որակավորված հայտատուների ցանկում ներառված հայտատուները:

2. Որակավորված հայտատուներին առաջարկի հարցմամբ ներկայացվող պահանջները եւ դրանց, այդ թվում՝ դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրի գնահատման կշիռները, առաջարկի հարցմամբ ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները, տեխնիկական եւ ֆինանսական առաջարկների կազմման, ներկայացման, հաշվառման, Հանձնաժողովի կողմից կազմակերպվող աշխատանքային քննարկումների արձանագրությունների վարման, տեխնիկական եւ ֆինանսական առաջարկների ծրարների բացման, հայտերի գնահատման եւ առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, հայտը հետ վերցնելու եւ դրանում փոփոխություն կատարելու, հայտերի գնահատման արդյունքների հրապարակման կարգը, ինչպես նաեւ հայտերի գործողության ժամկետներ հաստատվում են Ընթացակարգով:

3. Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսումնասիրությունից եւ ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացում, հրապարակում է օպերատորի ընտրության մրցույթի արդյունքները:

Հոդված 30. Հայտի ապահովումը եւ պայմանագրի ապահովումը

1. Առաջարկի հարցման փուլում հայտատուն առաջարկի հարցման հայտարարությամբ սահմանված չափով ներկայացնում է հայտի ապահովում:

2. Հաղթող հայտատուն առաջարկի հարցման հայտարարությամբ սահմանված չափով ներկայացնում է պայմանագրի ապահովում:

3. Հայտի ապահովումը եւ պայմանագրի ապահովումը ներկայացվում են բանկային երաշխիքի ձեւով:

4. Հայտատուն վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է հաղթող հայտատու, սակայն չի կատարում սույն օրենքի 31-րդ հոդվածի պահանջները կամ հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է օպերատորի ընտրության ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը:

5. Հայտի ապահովման եւ պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, ներկայացման կարգը, մերժման հիմքերը եւ կարգը, ինչպես նաեւ դրանց վճարման կարգը եւ նվազագույն չափերը սահմանվում են Ընթացակարգով:

Հոդված 31. Օպերատորի ընտրության մրցույթի հաղթողի պարտականությունները եւ օպերատոր սահմանելու մասին որոշումը

1. Օպերատորի ընտրության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված անձը պարտավոր է մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստեղծել առեւտրային կազմակերպություն եւ այն ներկայացնել պետական գրանցման:

2. Պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունը պետք է Ընթացակարգով սահմանված ժամկետում բավարարի Ընթացակարգով օպերատորին ներկայացվող պահանջները:

3.Վերահսկող մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առեւտրային կազմակերպության պետական գրանցումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծ:

Հոդված 32. Պայմանագրի կնքումը

1. Վերահսկող մարմինը Կառավարության կողմից օպերատոր սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, օպերատորի հետ կնքում է պայմանագիր:

2. Եթե հաղթող հայտատուն հանդիսանում է իրավաբանական անձանց կոնսորցիում, ապա հայտում ներառվում է նաեւ կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը: Այդ կառուցվածքը չի կարող փոխվել պայմանագրի ստորագրման պահին: Պայմանագրի ստորագրումից հետո կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքի յուրաքանչյուր փոփոխություն հաստատում է Կառավարությունը:

3. Օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Պայմանագրի կնքման պահից Վերահսկող մարմնին է անցնում օպերատորի բոլոր տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների կառավարման, էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման (օգտագործողի անուն, ծածկագիր, այլ տվյալներ) ձեռք բերելու իրավունքը:

5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով օպերատորի լիազորության դադարեցումից հետո սահմանված չէ նոր օպերատոր, ապա մինչեւ նոր օպերատորի սահմանումը Վերահսկող մարմնին է փոխանցվում օպերատորի բոլոր տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների շահագործումը, էլեկտրոնային կառավարման համակարգի ադմինիստրատիվ կառավարումը, եւ միաժամանակ Վերահսկող մարմինը դադարեցվում է օպերատորի` բոլոր տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների շահագործումը եւ էլեկտրոնային կառավարման համակարգի ադմինիստրատիվ կառավարումը:

6. Նոր օպերատոր ընտրվելուց հետո Վերահսկող մարմինը նախկին օպերատորին է վերադարձնում իր սարքավորումների եւ տեխնիկական միջոցների տիրապետումը:

7. Պայմանագրի կնքումից հետո օպերատորը հիմնադրի, բաժնետիրոջ, մասնակցի, փայատիրոջ, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձի փոփոխությունների վերաբերյալ պարտավոր է տեղեկատվություն տրամադրել Վերահսկող մարմնին:

Հոդված 33. Պայմանագրի հիմնական տեղեկությունները եւ պայմանները

1. Պայմանագիրը պետք է առնվազն ներառի հետեւյալ տեղեկություններն ու պայմանները.

1) պայմանագրի կողմերը.

2) կողմերի իրավունքները եւ պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ռիսկերը եւ այդ ռիսկերի՝ Վերահսկող մարմնի եւ օպերատորի միջեւ բաշխումը.

3) պայմանագրի առարկան (այդ թվում՝ իրականացվող աշխատանքների շրջանակը) եւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված պահանջներն ու պայմանները.

4) պայմանագրի համաձայն՝ ներդրվող եւ շահագործվող եւ (կամ) սպասարկվող ենթակառուցվածքի նկարագրությունը, ներառյալ տեխնիկական եւ տնտեսական բնութագրերը, դրանց նշանակությունը եւ օգտագործման ժամկետ(ներ)ը.

5) ներդրվող ենթակառուցվածքի նկատմամբ կողմերի իրավունքների բաշխումը, ինչպես նաեւ դրանց փոխանցման կարգը.

6) օպերատորի կողմից կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների գների (սակագների) սահմանման եւ փոփոխման կամ դրանց առնչվող պայմանները.

7) պայմանագրի գործողության ժամկետը եւ (կամ) դրա որոշման կարգը.

8) պայմանագրի ապահովումը, դրա ներկայացման կարգը եւ օպերատորի կողմից դրա վճարման հիմքերը եւ կարգը.

9) պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը.

10) պայմանագրի դադարեցման, այդ թվում՝ միակողմանի, հիմքերը, ընթացակարգերը եւ հանգամանքները, ներառյալ առկայության դեպքում վարկատուի միջամտության իրավունքները եւ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց փոխհատուցման հաշվարկի կարգը.

11) օպերատորի կողմից կատարվող ներդրումների նվազագույն ծավալը:

Հոդված 34. Օպերատորի գործարար ծրագիրը

1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար եւ ներառում է հայտատուի կողմից ներդրվող առեւտրային, տեղեկատվական եւ այլ համակարգերի, հայտատուի կազմակերպական կառուցվածքի, նրա կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ դրանց տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը, ծախսերի հաշվառման համակարգը, ծախսերը ծածկելուց հետո սակագները վերանայելու հնարավորությունը եւ Ընթացակարգով սահմանված այլ տեղեկություններ:

2. Գործունեության ընթացքում օպերատորը Հանձնաժողովի սահմանած կարգով, ձեւով եւ ժամկետներում Վերահսկող մարմին է ներկայացնում գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն: Վերահսկող մարմինը ներկայացված հաշվետվությունն իր կողմից տրված եզրակացության հետ երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի գնահատմանը:

3. Օպերատորը պարտավոր է Հանձնաժողովի սահմանած կարգով, ձեւով եւ ժամկետներում Վերահսկող մարմին ներկայացնել նաեւ գործարար ծրագրում կատարվող փոփոխությունները, որը Վերահսկող մարմինը չորս աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի գնահատմանը:

Հոդված 35. Օպերատորի լիազորությունների դադարեցումը

1. Օպերատորի լիազորությունները կարող են դադարեցվել օպերատորի սեփական դիմումի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Օպերատորի լիազորությունը դադարեցվում է, եթե՝

1) օպերատոր ընտրվելուց հետո չի իրականացնում խաղային գործունեության կարգավորման գործառնությունները.

2) օպերատորը վերակազմակերպվել է կամ լուծարվել.

3) օպերատորը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ.

4) օպերատորը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պարբերական (երկու եւ ավելի) խախտումներ.

5) օպերատորը կամ նրա ղեկավարները դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել մեղավոր կատարված հանցագործության համար.

6) Վերահսկող մարմինն արձանագրել է օպերատորի կողմից տեղեկությունների խեղաթյուրման փաստ.

7) օպերատորը հրապարակել է ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

8) օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում:

3. Օպերատորի գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը: Հսկողության իրականացման, խախտումների արձանագրման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված հիմքեր ի հայտ գալու դեպքում Վերահսկող մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու եւ օպերատորի ընտրության նոր մրցույթ անցկացնելու մասին Կառավարության որոշման նախագիծ:

Հոդված 36. Oպերատորի գործառույթները

1. Օպերատորը՝

1) ապահովում է օպերացիոն վկայագրերի տրամադրման, երկարաձգման եւ դադարեցման գործընթացը.

2) տրամադրում է խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատներ կամ հաստատում է ԻՍՕ կամ միջազգային ստանդարտի հավաստագիր ունեցող լաբորատորիայի տված համապատասխանության սերտիֆիկատների իսկությունը.

3) ապահովում է խաղային արտադրանքների միացումը մոնիտորինգային կենտրոնին.

4) առաջարկություններ է ներկայացնում Վերահսկող մարմին խաղային արտադրանքների՝ մոնիտորինգային կենտրոնին միացման տեխնիկական չափանիշների վերաբերյալ.

5) սահմանում եւ հրապարակում է օպերացիոն վկայագիր ստանալու եւ երկարաձգելու ժամկետները, վճարի չափերը՝ Կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն գնից ոչ ավելի.

6) մշակում եւ ներկայացնում է Լիազոր մարմին առաջարկություններ խաղային ոլորտում կիրառվող «պատասխանատու խաղի» եւ «արդար խաղի» կանոնների, խաղային արտադրանքների ստանդարտներում փոփոխություններ կատարելու կամ նոր ստանդարտներ սահմանելու վերաբերյալ.

7) մոնիտորինգային կենտրոնի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կարող է իրականացնել այցելություններ կազմակերպիչների գործունեության վայրեր.

8) կազմակերպչի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի խախտումներ հայտնաբերվելու դեպքում այդ մասին տեղեկացնում է Լիազոր եւ Վերահսկող մարմիններին: Սույն կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է Կառավարությունը.

9) համագործակցում է պետական կառավարման համապատասխան մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրում է խորհրդատվություն եւ մասնագիտական աջակցություն.

10) իրականացնում է խաղային գործունեության շուկայի մոնիտորինգ.

11) տեղեկացնում եւ խորհրդատվություն է տրամադրում Լիազոր մարմնին եւ Վերահսկող մարմնին խաղային շուկայի վիճակի, շուկան կարգավորող մեխանիզմների բարելավումների եւ ոլորտում հնարավոր ռիսկեր առաջացնող զարգացումների վերաբերյալ.

12) ապահովում է իր մոտ աշխատանքային եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանք կամ ծառայություն մատուցող անձանց՝ սույն օրենքով սահմանված փոխկապակցված չհամարվելու պահանջները.

13) Վերահսկող մարմնին տրամադրում է մոնիտորինգային կենտրոնում պահպանվող տվյալներին հեռահար մատչման հնարավորություն տվյալների սահմանված խմբերի դիտանցումը սահմանված պարբերականությամբ ապահովելու նպատակով.

14) ապահովում է խաղային գործունեության կազմակերպիչներին տեղեկատվության հասանելիություն սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված խաղերին մասնակցության սահմանափակումներ ունեցող անձանց վերաբերյալ.

15) իր կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների կատարման համար կազմակերպչի հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր.

16) պահպանում է իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում ստացած տեղեկատվության գաղտնիությունը եւ ապահովում է դրանց չհրապարակումը.

17) ապահովում է իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում ստացած տեղեկատվության տրամադրումը սույն օրենքով սահմանված մարմիններին.

18) սահմանում է իր կողմից մատուցվող ծառայությունների գները, որոնք չեն կարող գերազանցել Կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն չափը, եւ դրանք հրապարակում է իր պաշտոնական կայքում.

19) Վերահսկող մարմնին տալիս է կարծիք խաղացողների կողմից կազմակերպիչների դեմ բերվող՝ խաղային գործունեության հետ կապված բողոքների վերաբերյալ.

20) ունի է խաղային գործունեության կազմակերպման ընթացքում գնված խաղանիշերի, շահումների, խաղային արտադրանքների, ինչպես նաեւ խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրական ժամանակում կազմակերպիչների տեղեկատվական համակարգին լրիվ հասանելիություն՝ առանց որեւէ փոփոխություն կամ միջամտություն կատարելու հնարավորության.

21) իրականացնում է կազմակերպիչների կողմից կատարվող գործարքների եւ հաշվառման տվյալների մոնիտորինգ, տեղեկատվության գրանցում, պահպանում եւ հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում:

Հոդված 37. Խաղային արտադրանքներ շահագործողին օպերացիոն վկայագրի տրամադրումը

1. Oպերացիոն վկայագիրը տրամադրվում է 21 տարեկանից բարձր գործունակ ֆիզիկական անձին, որը՝

1) չունի դատվածություն խարդախության, փողերի լվացման, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության համար.

2) նախկինում չի ունեցել օպերատորի կողմից դադարեցված օպերացիոն վկայագիր, բացառությամբ սեփական նախաձեռնությամբ դադարեցված վկայագրի.

3) օպերացիոն վկայագիր ստանալու նպատակով օպերատորին չի ներկայացրել կեղծ տեղեկություններ.

4) վկայագիր ստանալու համար կատարել է համապատասխան վճարումները.

5) օպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չի պաշտոնավարել Վերահսկող մարմնում եւ անմիջական հսկողություն չի իրականացրել տվյալ ոլորտի նկատմամբ.

6) օպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չի պաշտոնավարել Լիազոր մարմնում եւ չի իրականացրել լիցենզիայի տրամադրման գործընթաց.

7) հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չի հանդիսացել օպերատորի վարձու աշխատող եւ չի իրականացրել խաղային գործունեությանն առնչվող աշխատանք:

2. Oպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար ֆիզիկական անձը առցանց պորտալի միջոցով հայտ է ներկայացնում օպերատորին: Հայտը լրացվում է օպերատորի սահմանած համապատասխան էլեկտրոնային ձեւաթղթի վրա՝ դրան կցելով.

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) դատվածության բացակայության վերաբերյալ համապատասխան պետական մարմնի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում տրամադրված տեղեկանք.

3) օպերացիոն վկայագիր ստանալու համար օպերատորի սահմանած վճարի փաստը հաստատող անդորրագիրը, որը որոշվելու է տվյալ օրվա դրությամբ օպերատորի կայքում հրապարակված վճարման չափերով.

4) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերում նշված մարմինների կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում տրամադրված տեղեկանքները նույն կետերով նախատեսված պահանջները բավարարելու վերաբերյալ:

3. Հայտը բավարարվելու դեպքում օպերատորը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է թվագրված վկայագրի մասին ծանուցում եւ օպերացիոն վկայագրի եզակի նույնականացման համար: Oպերացիոն վկայագիրը վավեր է ծանուցման ամսաթվից սկսած՝ երկու տարի ժամկետով:

4. Օպերացիոն վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար օպերացիոն վկայագրի իրավատերը պետք է իր գործող վկայագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ ներկայացնի վկայագրի ժամկետը երկարաձգելու հայտ, որի ձեւը սահմանում է օպերատորը՝ դրան կցելով սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը: Գործողության ժամկետը երկարաձգված՝ խաղային գործունեության անցկացման համապատասխան օպերացիոն վկայագիրը վավեր է նախկին վկայագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից հետո՝ երկու տարի ժամկետով:

5. Վկայագիր տրամադրելու կամ երկարաձգելու հայտը մերժվում է, եթե՝

1) հայտին կից ներկայացվող փաստաթղթերն ամբողջական չեն.

2) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների եւ իրավական ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ:

6. Հայտի մերժման հիմքերի վերաբերյալ օպերատորը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով տեղեկացնում է հայտատուին:

Հոդված 38. Oպերացիոն վկայագրի գործողության դադարեցումը

1. Օպերացիոն վկայագրի գործողությունը օպերատորի կողմից կարող է դադարեցվել հետեւյալ դեպքերում.

1) օպերացիոն վկայագրի իրավատիրոջ դիմումի համաձայն.

2) եթե հայտնի է դարձել վկայագիր տրամադրելու համար պարտադիր պայմաններից որեւէ մեկի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցներ վկայագրի չտրամադրմանը.

3) չի կատարվում սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված՝ օպերացիոն վկայագրի իրավատիրոջ պարտավորություններից որեւէ մեկը.

4) եթե օպերատորն ունի հիմնավոր կասկած առ այն, որ օպերացիոն վկայագիր ստանալու համար դիմելիս ներկայացվել են կեղծ տեղեկություններ.

5) եթե վկայագրի իրավատերը հանդիսանում է այն կազմակերպչի պատասխանատու անձ, կառավարման մարմնի անդամ, բաժնետեր, մասնակից, փայատեր կամ նշանակալից մասնակից, որի լիցենզիայի գործողությունը, որպես պատասխանատվության միջոց, դադարեցվել է Լիազոր մարմնի կողմից:

Հոդված 39. Oպերացիոն վկայագրի իրավատիրոջ պարտականությունները

1. Oպերացիոն վկայագրի իրավատերը պարտավոր է՝

1) օպերատորին տեղեկացնել ցանկացած քրեական վարույթի մասին, որը հարուցվել է իր դեմ աշխարհի ցանկացած վայրում՝ խարդախության, փողերի լվացման, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության կամ խաղային ոլորտի հետ կապված գործունեության համար.

2) օպերացիոն վկայագիր ստանալու հայտով ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների ցանկացած փոփոխության մասին տեղեկացնել օպերատորին այդ փոփոխությունների իրականացումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 40. Խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների տրամադրումը

1. Օպերատորը խաղային գործունեության կազմակերպիչներին տրամադրում է խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխան խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ, եթե ունի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու համար համապատասխան ԻՍՕ միջազգային ստանդարտի հավաստագրեր:

2. Եթե օպերատորը չունի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու համար համապատասխան ԻՍՕ միջազգային ստանդարտի հավաստագրեր, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ խաղային գործունեության կազմակերպիչների կողմից ԻՍՕ կամ միջազգային ստանդարտի հավաստագիր ունեցող լաբորատորիայի տված համապատասխանության սերտիֆիկատների իսկությունը հաստատելու հայտ է ներկայացվում օպերատորին, ապա օպերատորը խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրում է՝ հաստատելով նշված համապատասխանության սերտիֆիկատի իսկությունը:

3. Խաղային արտադրանքի համապատասխանության յուրաքանչյուր սերտիֆիկատ պետք է ներառի՝

1) օպերատորի կամ միջազգային լաբորատորիայի անվանումը, որը տրամադրել է խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը.

2) օպերատորի կամ միջազգային լաբորատորիայի այն ստորաբաժանման կամ ստորաբաժանումների անունը (անունները), որի (որոնց) կողմից իրականացվել է (են) խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելուն հանգեցրած փորձարկումը.

3) հերթական համար, որը եզակի է օպերատորի կամ միջազգային լաբորատորիայի տրամադրած ցանկացած խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի համար.

4) հղում խաղային ոլորտը կարգավորող իրավական ակտերի յուրաքանչյուր կիրառելի պահանջին, որի մասով խաղային արտադրանքը փորձարկվել է.

5) հղում յուրաքանչյուր այլ խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատին, որի հիման վրա այն տրամադրվել է.

6) փորձարկվող խաղային արտադրանքի անվանումը.

7) փորձարկվող խաղային արտադրանքի արտադրողը.

8) խաղային արտադրանքի փորձարկումն իրականացնող պատասխանատու կամ դրա նկատմամբ վերահսկողություն ունեցող ֆիզիկական անձի ստորագրությունը.

9) խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման (հաստատման) ամսաթիվը:

4. Յուրաքանչյուր խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ վավեր է օպերատորի տրամադրման (հաստատման) ամսաթվից:

5. Խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը անվավեր է ճանաչվում օպերատորի կողմից, եթե՝

1) խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվել է մեկ այլ խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա, որը ճանաչվել է անվավեր.

2) խաղային արտադրանքում որեւէ էական փոփոխություն կամ լրացում է կատարվել, որը չի ստացել համապատասխանության սերտիֆիկատ.

3) օպերատորը հիմնավոր ապացույցների է տիրապետում, որ խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը չի տրամադրվել խաղային ոլորտը կարգավորող օրենքներով եւ կարգավորումներով սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Հոդված 41. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումը

1. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումն իրականացվում է կազմակերպչի կողմից օպերատորին ներկայացված հայտի հիման վրա:

2. Հայտին կցվում են՝

1) մոնիտորինգային կենտրոնին միացվող խաղային արտադրանքների ցանկը.

2) խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատները.

3) խաղային գործունեության կազմակերպչի անվանումը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական հասցեն.

4) տեղեկություններ խաղային ինտերակտիվ հարթակի, ապարատածրագրային միջոցների ֆիզիկական տեղակայման վայրի մասին.

5) խաղային գործունեության կազմակերպման լիցենզիան:

3. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման հայտը համապատասխան հիմնավորմամբ մերժվում է՝

1) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներից որեւէ մեկի բացակայության դեպքում.

2) եթե ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ լիարժեք կամ թերի տվյալներ:

4. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումը դադարեցվում է՝

1) խաղային գործունեության կազմակերպչի գրավոր դիմումի համաձայն.

2) եթե ի հայտ են եկել մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման հայտը մերժելու հիմքեր.

3) խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի դադարեցման դեպքում:

5.Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման տեխնիկական չափանիշները սահմանում է Վերահսկող մարմինը:



ԳԼՈՒԽ 7

ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 42. Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննումը

1. Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննումն իրականացնում է Վերահսկող մարմինը:

2. Օպերատորը խաղացողի կողմից կազմակերպչի դեմ, կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղերի, շահումների վերաբերյալ բողոքների մասով Վերահսկող մարմնի դիմումի հիման վրա տրամադրում է կարծիք:

Հոդված 43. Բողոքը կազմակերպչին ներկայացնելը

1. Մինչեւ պահանջը Վերահսկող մարմին ներկայացնելը խաղացողը բողոքը ներկայացնում է կազմակերպչին՝ վերջինիս կանոնակարգով սահմանված ժամկետում: Սույն մասով սահմանված պահանջը պահպանված չլինելու դեպքում խաղացողի բողոքը ենթակա չէ քննարկման:

2. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ խաղացողի գրավոր բողոքն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում խաղացողին գրավոր տրամադրել վերջնական պատասխան կամ գրավոր պատասխանով երկարաձգել վերջնական պատասխանի ժամկետը՝ լրացուցիչ մինչեւ 20 աշխատանքային օր:

3. Կազմակերպչի վերջնական պատասխանը պետք է արտահայտի կազմակերպչի հստակ դիրքորոշումը խաղացողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ:

4. Կազմակերպչի վերջնական պատասխանն ստանալու պահից կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում խաղացողն իրավունք է ձեռք բերում բողոք ներկայացնելու Վերահսկող մարմին:

Հոդված 44. Բողոք ներկայացնելը

1. Վերահսկող մարմինը քննում է բողոքը, եթե խաղացողը այն ներկայացրել է վեց ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ ստացել է կազմակերպչի վերջնական պատասխանը, կամ սույն օրենքով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել:

2. Վերահսկող մարմինը քննում է նաեւ այն բողոքները, որոնք անհաղթահարելի ուժի գործողության հետեւանքով բերվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ:

3. Բողոքի քննության կարգը եւ բողոքին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

Հոդված 45. Որոշումը բողոքի վերաբերյալ

1. Բողոքի քննության արդյունքներով Վերահսկող մարմինը բողոքն ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին եւ ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ կազմակերպչին եւ բողոք բերող անձին:

2. Այն դեպքում, երբ որոշում է կայացվում բողոքը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա Վերահսկող մարմինը սահմանում է կազմակերպչի կողմից որոշումը կատարելու կարգը եւ ժամկետը:

3. Վերահսկող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ կազմակերպչի կանոնակարգի պահանջները:

4. Վերահսկող մարմնի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Հոդված 46. Օպերատորի եւ կազմակերպչի միջեւ ծագած տարաձայնությունները

1. Օպերատորի եւ կազմակերպչի միջեւ ծագած տարաձայնությունները, վեճերը (այդ թվում՝ հայտերի եւ դիմումների մերժման մասով) լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմելու Վերահսկող մարմին՝ վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:

2. Վերահսկող մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի քննարկման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Բողոքի քննարկման արդյունքներով Վերահսկող մարմնի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

ԳԼՈՒԽ 8

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 47. Քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները

1. Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը սույն օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, որոնք՝

1) օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարության սահմանած աջակցության որեւէ ծրագրից, եւ աջակցության տրամադրման իրավական ակտով սահմանված է խաղերին մասնակցության սահմանափակում.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում եւ ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու, ինչպես նաեւ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են.

3) ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ.

4) հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի արգելքներից բացի, արգելվում է նաեւ՝

1) քսանմեկ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը շահումով խաղերին եւ ինտերնետ շահումով խաղերին եւ բուքմեյքերական գործունեությանը.

2) տասնութ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը վիճակախաղերին.

3) սույն օրենքի 48-րդ եւ 49-րդ հոդվածներում նշված անձանց մասնակցությունը խաղերին.

4) օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված սահմանափակումների:

4. Օպերատորն ապահովում է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված խաղերին մասնակցությունն արգելված քաղաքացիներին համապատասխան տեղեկատվական համակարգերում նույնականացման արդյունքով քաղաքացու մասնակցությունը խաղին արգելված լինելու հանգամանքի պարզման հնարավորության ստեղծումը:

5. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը Կառավարության սահմանած կարգով համապատասխան լիազոր մարմնի կողմից վեբկայքի միջոցով տրամադրվում է օպերատորին, բացառությամբ այն անձանց վերաբերող տեղեկատվության, որն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակման կիրառման նպատակով այն անձանց նույնականացումը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, իրականացվում է խաղացողների կողմից խաղային հաշիվների համալրումը սույն օրենքով սահմանված կարգով անկանխիկ եղանակով իրականացնելու ժամանակ՝ Լիազոր մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված կարգով:

6. Խաղացողի կողմից խաղի մասնակցության համար օգտագործվող համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի պարբերաբար փոփոխությունը կարող է համարվել ռիսկային եւ հիմք հանդիսանալ խաղացողի նկատմամբ սույն մասով նախատեսված սահմանափակումները կիրառելու համար: Սույն մասով նախատեսված ռիսկային համարվելու չափանիշները եւ սահմանափակումների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 48. Խաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու մասնակցության սահմանափակման կարգը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխով սահմանված կարգով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում քաղաքացու բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը վճիռն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, վճռի պատճենն ուղարկում է Լիազոր մարմին:

2. Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է օպերատորին՝ ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը՝ օրինական ուժի մեջ մտած վճռով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքը խաղասրահներ, ինչպես նաեւ գրանցումն ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում սահմանափակման կիրառումն ապահովելու, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեությանը մասնակցելու հնարավորության սահմանափակումն ապահովելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում քաղաքացու բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից դատարանի վճռի պատճենն ուղարկվում է Լիազոր մարմին՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակում ունեցող անձանց կողմից խաղերին մասնակցության շրջանակում կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակում ունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:

Հոդված 49. Քաղաքացու կողմից իր մասնակցության սահմանափակման կարգը

1. Օպերատորին ներկայացվող դիմումով քաղաքացին կարող է պահանջել արգելելու իր մասնակցությունը խաղերին՝ անկախ սույն օրենքի 47-րդ եւ 48-րդ հոդվածներով նախատեսված անձ լինելու հանգամանքից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը խաղերին արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա՝ դիմումի ներկայացման հաջորդ օրվանից անորոշ ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան մեկ տարի հետո քաղաքացու դիմումի հիման վրա սույն հոդվածով նախատեսված արգելքը կարող է վերացվել դիմումում նշված օրվանից, իսկ օր նշված չլինելու դեպքում` արգելքը վերացնելու մասին դիմումի ներկայացմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից:

Հոդված 50. Քաղաքացիների՝ խաղերին մասնակցության սահմանափակման ընդհանուր կանոնները

1. Օպերատորն ապահովում է սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված պահանջների ապահովման համար անհրաժեշտ բազաների առկայությունն իր մոնիտորինգային կենտրոնում եւ նշված սահմանափակումը կիրառելու համար քաղաքացիների նույնականացումը:

2. Օպերատորը ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությանը կազմակերպիչների հասանելիությունը:

3. Կազմակերպիչն ապահովում է օպերատորի հետ համաձայնեցված ապարատածրագրային համակարգի առկայությունը քաղաքացիների՝ սույն հոդվածով նախատեսված մասնակցության սահմանափակում կիրառելու համար անձանց նույնականացման նպատակով:

ԳԼՈՒԽ 9

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 51. Խաղային գործունեության լիցենզավորումը

1. Խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի հայտ կարող է ներկայացնել այն առեւտրային կազմակերպությունը՝

1) որի նշանակալից մասնակցություն ունեցող եւ պատասխանատու անձինք, իրական շահառուները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին.

2) որի պատասխանատու անձն ունի օպերացիոն վկայագիր.

3) որը հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ.

4) որը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում ունի տարեկան պետական տուրքի գումարի կրկնակի չափով դեպոզիտի առկայություն, բացառությամբ շահումով խաղի գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու հայտ ներկայացնողի.

5) որի խաղային արտադրանքներն ստացել են համապատասխանության սերտիֆիկատ:

2. Խաղային գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգերով, որոնցով կարող են սահմանվել, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, այլ պահանջներ:

3. Լիցենզիան տրամադրվում է հայտը Լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը Լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է հայտատուն:

5. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝

1) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

2) հայտատուն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին.

3) կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վտանգել խաղացողների շահերը, կամ հակասում են սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին.

4) նշանակալից մասնակցություն ունեցող անձը հանդիսանում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անձ, կամ 7-րդ հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու վերաբերյալ.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 52. Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության, ինչպես նաեւ օպերատորի կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրությունների միջոցով եւ դրանց արդյունքներով եւ օրենքով նախատեսված այլ կարգով սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

2. Վերահսկող մարմինն իրականացնում է խաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով եւ դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3. Սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

4. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ Վերահսկող մարմին ներկայացվող՝ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների, տեղեկությունների, ինչպես նաեւ օպերատորի կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրության միջոցով:

5. Վերահսկող մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ առանց լիցենզիայի խաղային գործունեության կազմակերպման դեպք հայտնաբերելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառման հետ միաժամանակ իրականացնում է նաեւ խաղային արտադրանքի բռնագրավում: Բռնագրավման դեպքում խաղային արտադրանքը Վերահսկող մարմնի ընդունած` բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկադիր կարգով անհատույց վերցվում է որպես պետական սեփականություն: Խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու եւ տնօրինելու կարգը սահմանում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 10

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 53. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

1. Սույն օրենքի խախտման դեպքում Վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները.

1) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական.

2) տուգանք:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «թ» ենթակետի կամ 8-րդ կետի «դ» ենթակետի կամ 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի համաձայն:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «դ» ենթակետի կամ 10-րդ կետի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն:

4. Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմք հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է Լիազոր մարմին՝ կասեցման կամ դադարեցման գործընթացն իրականացնելու համար ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

5. Սույն օրենքի խախտման դեպքում Լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները.

1) լիցենզիայի գործողության կասեցում.

2) լիցենզիայի գործողության դադարեցում:

Հոդված 54. Նախազգուշացումը եւ խախտումները վերացնելու հանձնարարականը

1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով Վերահսկող մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը եւ այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տրված խախտումը Վերահսկող մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը՝

1) թույլ է տվել սույն օրենքի 12-րդ կամ 22-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգի խախտում.

2) չի ապահովել սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «բ», «ե», «զ» կամ «ժա» կետերում նշված պահանջներից որեւէ մեկը:

Հոդված 55. Տուգանքը

1. Տուգանքը կիրառում եւ գանձում է Վերահսկող մարմինը՝ սույն օրենքով, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքներով սահմանված կարգով:

2. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը՝

1) խախտել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը՝ յուրաքանչյուր խաղային արտադրանքի համար (ինտերնետ շահումով խաղի դեպքում՝ յուրաքանչյուր խաղի)՝ հինգ հարյուր հազար դրամի չափով.

2) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով կամ 4-րդ կետի «ժ» ենթակետով կամ սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված պահանջները՝ առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու միլիոն դրամի, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ հինգ միլիոն դրամի, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ տասը միլիոն դրամի չափով.

3) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 11-րդ եւ 12-րդ կետերով եւ 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու միլիոն դրամի չափով.

4) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 5-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով կամ 6-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 8-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 11-րդ հոդվածի 1-ին մասով կամ 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը՝ յուրաքանչյուր դեպքի համար՝ հինգ հարյուր հազար դրամի չափով.

5) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «ը» ենթակետով կամ 6-րդ կամ 7-րդ կետով կամ 8-րդ կետի «գ» ենթակետով կամ 14-րդ կետով կամ 15-րդ կետով սահմանված պահանջը՝ յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու հարյուր հազար դրամի չափով.

6) սույն օրենքի 54-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը՝ երեք հարյուր հազար դրամի չափով.

7) առանց Լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված՝ լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը, որը չէր կարող լիցենզիա ստանալու հայտի մերժման հիմք հանդիսանալ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու հարյուր հազար դրամի չափով.

8) խախտել է սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված շահումային ֆոնդի մեծության նվազագույն չափը` դրա չհամալրված (չբաշխված) մասի կրկնակի չափով.

9) խախտել է սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կամ 7-րդ մասով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամի չափով.

10) խախտել է սույն օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը` չտեղափոխված մասի կրկնակի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքների, բացառությամբ նույն մասի 2-րդ կետով նախատեսված տուգանքի, կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նույն խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար Վերահսկող մարմինը կազմակերպչի ղեկավարների նկատմամբ կարող է նշանակել տուգանք` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով եւ չափով:

5. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պահանջի խախտման դեպքում գանձվում է տուգանք` Երեւան քաղաքում` տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ մարզերում` մարզպետարանների կողմից` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով եւ վարույթով:

6. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ մասում նշված պահանջի խախտման դեպքում Վերահսկող մարմինը խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց ղեկավարների նկատմամբ կարող է նշանակել տուգանք` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով եւ չափով:

Հոդված 56. Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը՝

1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ կամ 7-րդ հոդվածով կամ 5-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով կամ 4-րդ կետի «ա» կամ «գ» կամ «է» ենթակետով կամ 8-րդ կետի «ա» կամ «ե» ենթակետով կամ 9-րդ կամ 16-րդ կետով կամ 15-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 16-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 17-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 18-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 21-րդ հոդվածի 6-14-րդ մասերով սահմանված պահանջները.

2) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 եւ ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 9-րդ կետով սահմանված դեպքի.

3) օրենքով սահմանված այլ դեպքերում.

4) եթե կազմակերպիչը սույն օրենքի 54-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, Վերահսկող մարմնի սահմանած ժամկետում խախտումը վերացնելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականի կատարումը չի ապահովել:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջները խախտվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը խախտվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել խաղային գործունեության կազմակերպում, բացառությամբ շահումների տրման գործողությունների:

Հոդված 57. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է՝

1) եթե կազմակերպիչը սույն օրենքի 12-րդ կամ 22-րդ հոդվածում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

2) եթե կազմակերպիչը սույն օրենքի 55-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

3) եթե կազմակերպիչը սույն օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

4) եթե կազմակերպիչը առաջին անգամ խախտումը հայտնաբերվելու օրվանից երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետի կամ 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «ժ» ենթակետի կամ սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված պահանջները.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում.

6) կազմակերպչի դիմումի համաձայն.

7) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 8-րդ կետի «բ» ենթակետով կամ 9-րդ հոդվածով սահմանված պահանջը.

8) եթե կազմակերպիչը լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո` մինչեւ լիցենզիան ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված կարգով:

ԳԼՈՒԽ 11

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 58. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքը գործողության մեջ է դրվում սույն հոդվածով սահմանված ժամկետներում:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում:

3.Սույն օրենքի 6-րդ գլուխը գործողության մեջ է դրվում սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, 25-րդ հոդվածի 6-րդ մասով, 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական ակտերն ընդունվելու օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

4. Սույն օրենքի՝ սույն հոդվածի 3-րդ մասում չնշված դրույթները գործողության մեջ են դրվում սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն եւ «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքները մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ սույն օրենքի դրույթները գործողության մեջ դրվելու ժամկետը:

6. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վիճակախաղերի եւ շահումով խաղերի բնագավառում տրված լիցենզիաները ենթակա են համապատասխանեցման սույն օրենքով սահմանված պահանջներին՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետից հետո՝ 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում այդ լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված:

7. Մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետն սկսված եւ չավարտված ստուգումները, ուսումնասիրությունները եւ օրենքով նախատեսված գործողությունները շարունակվում են, եւ դրանց արդյունքներն ամփոփվում են մինչեւ նույն մասով սահմանված ժամկետը՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետից հետո հայտնաբերված՝ մինչեւ նույն մասով սահմանված ժամկետը կատարված խախտումների համար կիրառվում են մինչեւ նույն մասով սահմանված ժամկետը գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:

9. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված օրվանից ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքը եւ «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքը: