Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-764-16.01.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը: Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը

1. Սույն օրենքը սահմանում է կատարողական վարույթի իրականացման կարգը:

2.  Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքից, սույն օրենքից եւ այլ նորմատիվ իրավական ակտերից:

3. Սույն օրենքով կարգավորվող դատավարական հարաբերությունների նկատմամբ կիրառվում են համապատասխան դատավարական օրենքի նորմերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

4.  Կատարողական վարույթն իրականացվում է դրա շրջանակներում համապատասխան որոշման ընդունման կամ կատարողական գործողության կատարման պահին գործող օրենքով:

5. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս գտնվելու վայր ունեցող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի, համայնքների, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների վրա՝ այնքանով, որքանով այդ գործողությունը սահմանափակված չէ դատական իմունիտետով եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.  Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները կիրառվում են հետեւյալ իմաստներով.

1) կատարողական վարույթ՝ առանձին տեսակի վարչական վարույթ, որը ներառում է կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման հետ կապված հարաբերությունների ամբողջությունը.

2) կատարման ենթակա ակտեր՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված ակտերը.

3) ապահովման վարույթ՝ հայցի նախնական ապահովման, հայցի ապահովման, եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովման, դատական ակտի կատարման շրջադարձի դիմումի պահանջի ապահովման, քրեական դատավարության կարգով գույքի արգելադրման մասին դատական ակտերի, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթ.

4) դրամական պահանջի ապահովման վարույթ` այն ապահովման վարույթը, որով կատարման ենթակա ակտն ուղղված է դրամական պահանջի ապահովմանը.

5) Ծառայություն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.

6) ստորաբաժանում՝ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանում կամ տարածքային մարմին.

7) հարկադիր կատարող՝ Ծառայության գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված հանրային ծառայող.

8) հարկադիր կատարման դիմում՝ սույն օրենքով սահմանված կարգով Ծառայություն ներկայացված՝ կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում.

9) կատարողական վարույթի փաստաթղթեր՝ հարկադիր կատարողի որոշումները, ծանուցումները եւ այլ գրությունները, կատարողական վարույթի այլ սուբյեկտներից ելնող փաստաթղթերը.

10) վարչական մարմնի կամ իրավաբանական անձի իրավասու անձ՝ վարչական մարմնի ղեկավար, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար կամ օրենքով, վարչական մարմնի կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով վարչական մարմնի կամ իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձ.

11) անձի հետախուզում՝ պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ՝ անհատ ձեռնարկատիրոջ) կամ պարտապան իրավաբանական անձի իրավասու անձի հետախուզում.

12) գույք՝ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում տրված իմաստով՝ չներառելով եկամուտները.

13) եկամուտներ՝ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ, հեղինակային պայմանագրերով վարձատրություն, կրթաթոշակ, պետական եւ կուտակային կենսաթոշակներ, սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված եկամուտներ.

14) շուտ փչացող գույք՝ սննդամթերք, օծանելիքակոսմետիկական ապրանքներ, դեղորայք, դեղամիջոցներ, դեղանյութեր, կենցաղային քիմիայի ապրանքներ եւ նմանատիպ այլ ապրանքներ, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետը պակաս է մեկ տարուց.

15)  պահպանման էական ծախսեր պահանջող գույք` ընտանի եւ այլ կենդանիներ եւ այլ ապրանքներ, որոնց պահպանման համար մեկ ամսվա հաշվարկով սովորաբար կատարվող ծախսերը գերազանցում են գույքի արժեքի տասը տոկոսը:

2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված իմաստով:

Հոդված 3. Հարկադիր կատարման ենթակա ակտերը

1.  Հարկադիր կատարման ենթակա են հետեւյալ ակտերը՝

1) քաղաքացիական, սնանկության եւ վարչական գործերով կատարում ենթադրող եզրափակիչ դատական ակտերը.

2) քրեական գործերով դատական ակտերը՝ գրավը պետության եկամուտ դարձնելու, տուգանքների, գույքային բռնագանձումների, գույքի բռնագրավման եւ գույքի արգելադրման մասով.

3) Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները՝ օրենքով նախատեսված դեպքերում.

4) միջանկյալ դատական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում.

5)  արբիտրաժային տրիբունալների՝ դատարանի կողմից հարկադիր կատարման թույլատրված վճիռները, կամ, օրենքով նախատեսված դեպքերում, առանց նման թույլատրման.

6) դատարանի կողմից հարկադիր կատարման թույլատրված օտարերկրյա դատական ակտերը եւ օտարերկրյա արբիտրաժային տրիբունալների վճիռները.

7) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային դատարանների եւ միջազգային արբիտրաժների ակտերը՝ այդ պայմանագրերով նախատեսված դեպքերում.

8) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային կազմակերպության (դրա մարմինների) որոշումները` այդ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում.

9) դատարանի կողմից հարկադիր կատարման թույլատրված՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները.

10) վարչական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում.

11)  նոտարական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում.

12) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը.

13) հարկադիր կատարողի որոշումները՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:

ԳԼՈՒԽ 2

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 4. Կատարողական վարույթի սուբյեկտների կազմը

1.  Կատարողական վարույթի սուբյեկտներն են՝

1) կատարողական վարույթն իրականացնող մարմինը.

2) կատարողական վարույթի մասնակիցները, նրանց ներկայացուցիչները.

3)  իրավասու մարմինները.

4) կատարողական վարույթին օժանդակող անձինք՝ փորձագետը, թարգմանիչը, ընթերական եւ այլ անձինք.

5) գրանցող մարմինները.

6) պարտապանի կոնտրագենտները:

Հոդված 5. Կատարողական վարույթն իրականացնող մարմինը

1.  Կատարողական վարույթն իրականացնում է հարկադիր կատարողը:

2.  Կատարողական վարույթով առանձին կատարողական գործողության իրականացումը գլխավոր հարկադիր կատարողի սահմանած դեպքերում եւ կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու:

3. Կատարողական վարույթով առանձին օժանդակ գործողություններ կարող են իրականացվել Ծառայության այլ ստորաբաժանման կամ այլ աշխատողի կողմից: Օժանդակ գործողությունների ցանկը եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

4.  Բարդ կամ ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքն արդյունավետ լուծելու համար գլխավոր հարկադիր կատարողի կամ Ծառայության ստորաբաժանման պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Ստորաբաժանման պետի որոշմամբ ստեղծվող հարկադիր կատարողների խմբում կարող են ընդգրկվել միայն տվյալ ստորաբաժանման հարկադիր կատարողներ: Հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը նշանակում է հարկադիր կատարողների խմբի ղեկավարին, որը կազմակերպում եւ համակարգում է խմբի աշխատանքը:

5.    Կատարողական վարույթի մասնակիցները կարող են հարկադիր կատարողին բացարկ հայտնել, իսկ հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով: Բացարկի հարցը լուծվում է նույն օրենքով սահմանված կանոններով: Բացարկն ընդունվելու կամ ինքնաբացարկի դեպքում հարկադիր կատարողի փոխարինումը կատարում է ստորաբաժանման ղեկավարը:

Հոդված 6. Կատարողական վարույթի մասնակիցները

1.  Կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը եւ երրորդ անձինք: Կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը եւ պարտապանը:

2.  Պահանջատերն այն անձն է, որի օգտին կամ որի պահանջով կայացվել է կատարման ենթակա ակտը:

3.  Հայաստանի Հանրապետության օգտին կայացված ակտերի կատարման վարույթով որպես պահանջատեր հանդես է գալիս այն պետական մարմինը, որի վրա օրենսդրությամբ դրված է տվյալ պահանջով Հայաստանի Հանրապետության անունից գործելու լիազորություն:

4.  Վարչական ակտերի եւ դատախազի որոշումների կատարման վարույթներով որպես պահանջատեր հանդես է գալիս համապատասխանաբար տվյալ որոշումը կայացրած վարչական մարմինը եւ դատախազությունը:

5.  Հայաստանի Հանրապետության օգտին դատական (վարութային) ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթով որպես պահանջատեր Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմինը, եթե դատական ակտի համաձայն՝ դատական (վարութային) ծախսերը ենթակա չեն գանձման որեւէ այլ պետական մարմնի օգտին:

6. Պարտապանն այն անձն է, որը կատարման ենթակա ակտով պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, կամ որի գույքը կատարման ենթակա ակտով սահմանված է որպես բռնագանձման ենթակա, այդ թվում՝ հիմնական պարտավորությամբ պարտապան չհանդիսացող երրորդ անձ գրավատուն:

7.  Երրորդ անձն այն անձն է, որի իրավունքները կամ պարտականությունները կարող են ազդեցություն կրել հարկադիր կատարման միջոցների կիրառման հետեւանքով: Երրորդ անձինք վարույթում ներգրավվում են իրենց միջնորդության հիման վրա՝ հարկադիր կատարողի որոշմամբ:

8.  Անձի՝ կատարողական վարույթում երրորդ անձի կարգավիճակ չունենալը խոչընդոտ չէ տվյալ անձին առնչվող կատարողական գործողությունների իրականացման համար, իսկ տվյալ անձի համար անմիջականորեն իրավունքներ կամ պարտականություններ ստեղծող կամ իրավունքները սահմանափակող կատարողական գործողությունների մասին հարկադիր կատարողը պարտավոր է ծանուցել նրան սույն օրենքով սահմանված կարգով:

9. Կատարողական վարույթին կարող են մասնակցել մեկից ավելի պահանջատեր, պարտապան կամ երրորդ անձ, որոնցից յուրաքանչյուրը վարույթում հանդես է գալիս ինքնուրույն:

10.  Հարկադիր կատարողն իր որոշմամբ երրորդ անձին հանում է կատարողական վարույթի մասնակիցների կազմից, եթե վերացել են նրա ներգրավման հիմքերը:

11.  Միջանկյալ դատական ակտի կատարման վարույթը չի ենթադրում պահանջատիրոջ մասնակցություն, բացառությամբ՝

1) գործին մասնակցող կամ շահագրգիռ այլ անձի միջնորդությամբ ընդունված դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթի, որում որպես պահանջատեր հանդես է գալիս համապատասխան ապահովման միջոց կիրառելու համար միջնորդած անձը.

2) դատական տուգանքի բռնագանձման վարույթի, որով որպես պահանջատեր հանդես է գալիս Դատական դեպարտամենտը, իսկ եթե դատական տուգանքը նշանակել է Սահմանադրական դատարանը, ապա՝ վերջինիս աշխատակազմը.

3)  սնանկության վարույթում կառավարչի (ժամանակավոր կառավարչի) միջնորդությամբ կամ նրա օգտին կայացված որոշումների կատարման վարույթների, որոնցում որպես պահանջատեր հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը (ժամանակավոր կառավարիչը):

Հոդված 7. Կատարողական վարույթի մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները

1. Կատարողական վարույթի մասնակիցներն օրենքով նախատեսված պահանջների եւ սահմանափակումների պահպանմամբ իրավունք ունեն՝

1)  ծանոթանալու վարույթի նյութերին, ստանալու դրանց պատճենները, վարույթի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ.

2)  հայտնելու բացարկներ.

3) մասնակցելու կատարողական գործողություններին.

4)  ներկայացնելու դիմումներ, միջնորդություններ, ապացույցներ եւ բացատրություններ.

5)  վարույթում ծագող հարցերի կապակցությամբ ներկայացնելու դիրքորոշումներ, ներառյալ՝ վարույթի մյուս մասնակիցների միջնորդությունների եւ դիրքորոշումների վերաբերյալ.

6)  բողոքարկելու հարկադիր կատարողի որոշումները, գործողությունները եւ անգործությունը.

7)  կատարելու սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված՝ կատարողական վարույթին առնչվող այլ գործողություններ:

2.  Կատարողական վարույթի մասնակիցները կրում են սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված պարտականություններ:

Հոդված 8. Կատարողական վարույթի մասնակիցների իրավահաջորդությունը

1.  Կատարողական վարույթից մասնակցի դուրս գալու դեպքում (մահ, վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) հարկադիր կատարողն իր որոշմամբ նրան փոխարինում է իրավահաջորդով, եթե պարտավորությունը չի բացառում իրավահաջորդությունը:

2.  Ծառայությունը եւ նոտարները սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով փոխանակում են մահացած անձանց մասնակցությամբ կատարողական վարույթների, չկատարված պարտավորությունների, կատարողական վարույթի մահացած մասնակիցների ժառանգության ընդունման, ժառանգությունն ընդունած, այդ թվում՝ ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգների, մահացած պարտապանի ժառանգության վկայագրի բովանդակության (ժառանգական գույքի) մասին տեղեկությունները:

3. Եթե դատական գործով, որով կայացվել է միջանկյալ դատական ակտը, օրինական ուժի մեջ չի մտել եզրափակիչ դատական ակտը, ապա միջանկյալ դատական ակտի կատարման վարույթի մասնակիցն իրավահաջորդով փոխարինվում է դատավարության մասնակցի փոխարինմանը համապատասխան:

4.  Մինչեւ իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները իրավահաջորդի համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավանախորդի համար:

5.  Դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով մահացած պարտապանի ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ նրանց գույքի եւ եկամուտների վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով՝ ինչպես ժառանգությամբ անցած, այնպես էլ ժառանգների այլ գույքի եւ եկամուտների վրա, բայց ոչ ավելի, քան տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով:

Հոդված 9. Կատարողական վարույթի մասնակիցների ներկայացուցիչները

1.  Կատարողական վարույթի մասնակիցները կարող են վարույթին մասնակցել անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով, ընդ որում՝ ներկայացուցչի մասնակցությունը եւ վարույթի մասնակցի անձնական մասնակցությունը միմյանց չեն բացառում:

2.  Կատարողական վարույթի մասնակիցներին նրանց իրավունքների ողջ ծավալով ներկայացնում են նրանց ի պաշտոնե եւ օրինական ներկայացուցիչները, որոնք նաեւ կարող են վարույթին մասնակցելը լիազորել այլ անձի: Ի պաշտոնե եւ օրինական ներկայացուցիչներ են համարվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ միջազգային կազմակերպության դեպքում՝ միջազգային իրավունքի նորմերով կամ այդ կազմակերպության կանոնադրությամբ նման կարգավիճակ ունեցող անձինք:

3. Եթե կատարողական վարույթի մասնակիցը պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք օրենքով կամ կատարման ենթակա ակտով կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործելու ներկայացուցչի միջոցով:

Հոդված 10. Ներկայացուցչի լիազորությունների ձեւակերպումը

1.  Կատարողական վարույթի մասնակցի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի վավերացրած լիազորագրով կամ հարկադիր կատարողի ներկայությամբ ստորագրված հասարակ գրավոր լիազորագրով, եթե՝

1) ֆիզիկական անձը լիազորել է փաստաբան չհանդիսացող ներկայացուցչին.

2)  լիազորագիրը տրվել է վերալիազորման կարգով:

2.  Սույն հոդվածի 1-ին մասում չնշված դեպքերում ներկայացուցչի լիազորությունները կարող են հավաստվել հասարակ գրավոր ձեւով տրված լիազորագրով՝ այն հատուկ պահանջների պահպանմամբ, որոնք սահմանված են օրենքով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ, իսկ միջազգային կազմակերպության դեպքում՝ միջազգային իրավունքի նորմերով եւ այդ կազմակերպության կանոնադրությամբ:

3.   Օրինական եւ ի պաշտոնե ներկայացուցիչների լիազորությունները հաստատվում են նրանց կարգավիճակը հավաստող փաստաթղթերով:

Հոդված 11. Ներկայացուցչի լիազորություններն ըստ լիազորագրի

1.  Կատարողական վարույթին մասնակցելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու կատարողական վարույթի հետ կապված ցանկացած գործողություն, բացառությամբ՝

1)  կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում ներկայացնելու.

2)  պահանջի զիջման հիմքով պահանջատիրոջն իրավահաջորդով փոխարինելու միջնորդություն ներկայացնելու.

3)   հարկադիր կատարողին կատարման ենթակա ակտի կատարումը հետաձգելու, տարաժամկետելու, կատարման եղանակ կամ կարգ սահմանելու կամ փոփոխելու միջնորդություն ներկայացնելու, դատարանին կատարման եղանակ կամ կարգ սահմանելու կամ փոփոխելու դիմում ներկայացնելու.

4)    պահանջից հրաժարվելու.

5)    պահանջատիրոջը հասանելիք գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները ստանալու.

6)   բռնագանձման հերթականությունը փոփոխելու մասին համաձայնություն կնքելու.

7)    հաշտության համաձայնություն կնքելու.

8)   լիազորություններն այլ անձի փոխանցելու (վերալիազորում).

9)   կատարողական վարույթի փաստաթղթերը ստանալու.

10)  հարկադիր կատարողի որոշումները, գործողություններն ու անգործությունը բողոքարկելու:

2.    Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

3.   Լիազորագիր տված եւ այն հետագայում վերացրած վարույթի մասնակիցը պարտավոր է լիազորագրի վերացման մասին անհապաղ տեղեկացնել հարկադիր կատարողին: Մինչեւ լիազորագրի վերացման մասին հարկադիր կատարողի տեղեկանալը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են պատշաճ ներկայացուցչի կողմից կատարված:

Հոդված 12. Իրավասու մարմինները

1.    Իրավասու մարմիններ այն մարմիններն են, որոնց մասնակցությունը որոշակի պահանջներով կատարողական վարույթներին նախատեսված է օրենքով:

2.    Իրավասու մարմիններն իրենց գործառույթներին առնչվող մասով իրավունք ունեն ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անելու դրանցից, ստանալու պատճեններ, ներկայացնելու միջնորդություններ եւ դիրքորոշումներ վարույթում ծագող հարցերի կապակցությամբ:

3.   Իրավասու մարմիններին կատարողական վարույթում ներկայացնում են օրենսդրությամբ նախատեսված՝ նրանց ի պաշտոնե ներկայացուցիչները, որոնք նաեւ կարող են վարույթին մասնակցելը լիազորել այլ անձի:

Հոդված 13. Կատարողական վարույթին օժանդակող անձինք

1.    Հարկադիր կատարողը կատարողական վարույթի արդյունավետ իրականացման նպատակով իրավունք ունի ներգրավելու վարույթին օժանդակող անձանց (փորձագետների, մասնագետների, թարգմանիչների, սուրդոթարգմանիչների, հոգեբանների, ընթերակաների, շինարարական կազմակերպությունների, բեռնափոխադրողների, բանվորների, պահառուների եւ օժանդակ բնույթի գործողություններ կատարող այլ անձանց):

2.    Կատարողական վարույթին օժանդակող անձինք կատարողական գործողությունների ընթացքում պարտավոր են ենթարկվել հարկադիր կատարողի օրինական կարգադրություններին եւ բարեխղճորեն կատարել իրենց տրված հանձնարարությունը:

Հոդված 14. Փորձագետը

1.    Փորձագետն այն անձն է, որը հարկադիր կատարողի հանձնարարությամբ փորձաքննություն է իրականացնում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ:

2.    Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաեւ որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր եւ այլն) ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը:

3.   Փորձագետն իրավունք ունի ստանալու փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նյութեր կատարողական վարույթից, ինչպես նաեւ հարկադիր կատարողից պահանջելու ապահովել փորձաքննության կատարման ընթացքը, եթե առկա են դրա ընթացքը խոչընդոտող հանգամանքներ:

4.    Փորձագետը պարտավոր է փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նյութերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում օբյեկտիվ եւ ամբողջական եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ: Փորձագետի պատճառաբանված միջնորդությամբ նշված ժամկետը հարկադիր կատարողի որոշմամբ կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել մինչեւ մեկ ամիս ժամկետով:

5.    Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, իսկ հարկադիր կատարողը՝ դադարեցնել փորձաքննությունը, եթե փորձագետը՝

1)    չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ.

2)    շահագրգռված է կատարողական վարույթով.

3)   անաչառ չէ կատարողական վարույթի մասնակիցների նկատմամբ:

6.   Փորձագետը պարտավոր է եզրակացության հետ միասին գրավոր հայտարարություն տալ կատարողական վարույթով իր շահագրգռվածության բացակայության, վարույթի մասնակիցների հանդեպ իր անաչառության, ինչպես նաեւ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին տեղյակ լինելու վերաբերյալ:

7.    Փորձագետի եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում հարկադիր կատարողը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնարարելով միեւնույն կամ մեկ այլ փորձագետի:

8.   Հարկադիր կատարողը կարող է միեւնույն հարցերի վերաբերյալ նշանակել կրկնակի փորձաքննություն, եթե փորձաքննությունը չի ավարտվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով, կամ այդ հիմքերն ի հայտ են եկել փորձաքննության ավարտից հետո, կամ առկա են հիմնավոր կասկածներ փորձագետի եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ: Կրկնակի փորձաքննության կատարումը հանձնարարվում է այլ փորձագետի:

Հոդված 15. Մասնագետը

1.    Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ է, որին հարկադիր կատարողը ներգրավում է կատարողական գործողությունների իրականացմանը՝ որոշակի մասնագիտական հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման բացատրություններ տալու համար:

2.    Որպես մասնագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաեւ որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր եւ այլն) ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը:

3.   Հարկադիր կատարողը նախազգուշացնում է մասնագետին կեղծ բացատրություն տալու համար քրեական պատասխանատվության մասին՝ դրա վերաբերյալ ստորագրություն վերցնելով մասնագետից:

Հոդված 16. Թարգմանիչը

1.    Հարկադիր կատարողը կարող է ներգրավել թարգմանչի՝ իր ձեռք բերած օտարալեզու նյութերը հայերեն թարգմանելու, ինչպես նաեւ կատարողական վարույթի հայերեն չիմացող սուբյեկտների հետ հաղորդակցվելու համար, եթե վերջիններս չեն ապահովում հայերեն թարգմանություն:

2.    Թարգմանիչ կարող է լինել կատարողական վարույթով չշահագրգռված այն գործունակ ֆիզիկական անձը, որը տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզուներին եւ ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պետության հաշվին տրամադրվող թարգմանչի համար նախատեսված որակավորում:

3.   Հարկադիր կատարողը նախազգուշացնում է թարգմանչին սխալ թարգմանություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին՝ դրա վերաբերյալ ստորագրություն վերցնելով թարգմանչից:

Հոդված 17. Ընթերական

1.    Հարկադիր կատարողը կարող է կատարողական գործողությունների կատարմանը ներգրավել ընթերակայի՝ դրանց կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը եւ արդյունքները հաստատելու համար:

2.    Հարկադիր կատարողն ընթերակա ներգրավում է պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի եւ շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց զբաղեցրած բնակարանների, շենքերի եւ շինությունների բացման, զննության հետ կապված կատարողական գործողություններ իրականացնելիս, եթե անհնարին է նշված կատարողական գործողությունը սույն օրենքով սահմանված կարգով տեսանկարահանելը:

3.   Ընթերակա կարող է լինել կատարողական վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը, որն ունակ է լրիվ եւ ճիշտ ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:

4.    Ընթերական ծանոթանում է կատարողական գործողությունների արձանագրությանը եւ ստորագրում այն՝ առկայության դեպքում շարադրելով իր դիտողությունները, ինչպես նաեւ ներկայացնելով տեղեկություններ կատարողական վարույթի մասնակիցների հետ իր հարաբերությունների մասին:

Հոդված 18. Գրանցող մարմինները եւ պարտապանի կոնտրագենտները

1.    Սույն օրենքում գրանցող մարմիններ են համարվում գույքի, դրա նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների, եկամուտների գրանցման, հաշվառման գործառույթներ իրականացնող մարմինները եւ կազմակերպությունները, բնակչության պետական ռեգիստրը վարող, քաղաքացիական կացության ակտեր գրանցող, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանը վարող մարմինները:

2.    Սույն օրենքում պարտապանի կոնտրագենտներ են համարվում պարտապանի գույքը կամ դրա մասին տեղեկություններ տիրապետող, պարտապանին դրամական միջոցներ վճարող կամ նրանից դրամական միջոցներ ստացող, պարտապանին հանրային կամ մասնավոր այլ ծառայություններ մատուցող մարմինները եւ անձինք, որոնք սույն հոդվածի 1-ին մասի իմաստով չեն համարվում գրանցող մարմիններ:

3.   Գրանցող մարմինները եւ պարտապանի կոնտրագենտները հարկադիր կատարողի պահանջով տրամադրում են պարտապանի, նրա գույքի, դրա նկատմամբ սահմանափակումների եւ ծանրաբեռնվածությունների մասին, դրա նկատմամբ հարկադիր կատարողի հասանելիությունն ապահովող եւ կատարողական վարույթով պահանջվող այլ տեղեկություններ, հարկադիր կատարողի հանձնարարությամբ գրանցում (հաշվառում) են պարտապանի գույքի վրա դրվող արգելանքները, հարկադիր կատարողին են հանձնում պարտապանի գույքը, պահում եւ փոխանցում են բռնագանձման ենթակա դրամական միջոցները, կատարում են սույն օրենքով սահմանված այլ պարտականություններ:

4.    Գրանցող մարմինները եւ պարտապանի կոնտրագենտները պարտավոր են գործել բարեխղճորեն եւ որեւէ կերպ չնպաստել պարտապանի կողմից կատարման ենթակա ակտով կամ օրենքով սահմանված պարտականությունների կատարումից խուսափելուն:

ԳԼՈՒԽ 3

ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 19. Ապացույցները

1.    Հարկադիր կատարողը կատարողական վարույթով որոշումների ընդունման եւ գործողությունների կատարման համար անհրաժեշտ փաստերի հաստատման նպատակով հետազոտում եւ գնահատում է վարույթով ձեռք բերված (ներկայացված) հետեւյալ ապացույցները.

1)    գրավոր ապացույցները, ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով ստացված.

2)    իրեղեն ապացույցները.

3)   լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.

4)    փորձագետի եզրակացությունը.

5)    կատարողական վարույթի մասնակիցների, մասնագետների եւ այլ անձանց բացատրությունները:

Հոդված 20. Ապացուցման պարտականությունը եւ ապացույցներ ներկայացնելը: Ապացույցների գնահատումը

1.    Կատարողական վարույթում ապացույցներ կարող են ներկայացնել վարույթի մասնակիցները եւ իրավասու մարմինները:

2.    Կատարողական վարույթի մասնակիցները կրում են իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականությունը: Կատարողական վարույթի մասնակիցն ազատվում է ապացուցման պարտականությունից, եթե շահագրգիռ անձինք գրավոր ընդունում են նրա վկայակոչած փաստը, բացառությամբ եթե այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենսդրությամբ սահմանված որոշակի ապացույցով:

3.   Եթե կատարողական վարույթի մասնակցի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օբյեկտիվորեն գտնվում է միայն վարույթի այլ մասնակցի մոտ, ապա վկայակոչված փաստը կարող է համարվել հաստատված, քանի դեռ վարույթի համապատասխան մասնակիցը հակառակը չի ապացուցել:

4.    Կատարողական վարույթի մասնակիցն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որեւէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը, ներկայացմանը եւ հետազոտմանը: Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետեւանքները կրում է խոչընդոտող անձը:

5.    Հարկադիր կատարողը յուրաքանչյուր ապացույց գնահատում է վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

6.   Եթե բոլոր ապացույցների հետազոտումից եւ գնահատումից, ներառյալ՝ սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելուց հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետեւանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

Հոդված 21. Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը եւ ապացույցներ ձեռք բերելը

1.    Հարկադիր կատարողը կաշկանդված չէ կատարողական վարույթի մասնակիցների եւ իրավասու մարմինների ներկայացրած միջնորդություններով, դիրքորոշումներով, բացատրություններով ու ապացույցներով եւ օրենքով սահմանված իր լիազորությունների սահմաններում սեփական նախաձեռնությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ կատարողական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու եւ ապացույցներ ձեռք բերելու համար:

2.    Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու նպատակով հարկադիր կատարողն իր լիազորությունների սահմաններում ձեռնարկում է համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի մասնակիցներին եւ այլ անձանց իր որոշմամբ պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից:

3.   Հարկադիր կատարողը կարող է անձամբ կամ իր ներգրաված անձանց միջոցով լուսանկարել, ձայնագրառել եւ տեսանկարահանել կատարողական գործողությունների ընթացքը՝ ապահովելով, որ կատարողական գործողությունների նման ամրագրումը հնարավորինս ամբողջապես արտացոլի դրանց բովանդակությունը: Սույն մասով սահմանված կարգով ստացված նյութերը համարվում են ապացույցներ կատարողական վարույթով: Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու եւ տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը եւ չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու եւ տեսանկարահանելու կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

ԳԼՈՒԽ 4

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) եղանակները

1.    Կատարողական վարույթի փաստաթղթերը դրանց հասցեատերերին ուղարկվում (տրամադրվում) են հետեւյալ եղանակներով, ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ եղանակը կիրառվում է նախորդ եղանակի կիրառման անհնարինության դեպքում.

1)    անձնական գրասենյակ հարթակով.

2)    Ծառայության եւ տվյալ հասցեատիրոջ միջեւ գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով.

3)   էլեկտրոնային փոստով.

4)    փոստային առաքմամբ.

5)    հրապարակային ծանուցմամբ:

2.    Կատարողական վարույթում փաստաբան ներկայացուցիչ չունեցող եւ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող ֆիզիկական անձին կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկվում են սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված եղանակներով, միայն եթե այդ մասին միջնորդել է տվյալ անձը, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում:

3.   Կատարողական վարույթի փաստաթղթերը կարող են տրամադրվել առձեռն, եթե հասցեատերն այդ նպատակով ներկայացել է հարկադիր կատարողին, կամ եթե կատարողական գործողություններ են իրականացվում տվյալ հասցեատիրոջ ներկայությամբ:

4.    Կատարողական վարույթի մասնակիցների միջեւ կնքված պայմանագրից բխող պարտավորությունների հարկադիր կատարման վարույթում հարկադիր կատարողը պայմանագիրը կնքած բոլոր մասնակիցների նկատմամբ նրանցից որեւէ մեկի միջնորդությամբ կարող է կիրառել պայմանագրով նախատեսված ծանուցման կարգը, եթե այդ պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է նման հնարավորություն: Սույն դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով:

5.    Հարկադիր կատարողն անձին չի տրամադրում կատարողական վարույթի փաստաթղթերը, եթե կատարման ենթակա ակտն օրենքով սահմանված դեպքերում կայացվել է առանց այդ անձին լսելու, եւ քանի դեռ նրան ծանուցելը կարող է խոչընդոտել, անհնարին դարձնել հարկադիր կատարումը կամ էական վնաս հասցնել կատարողական վարույթի այլ մասնակիցներին:

Հոդված 23. Էլեկտրոնային հաղորդակցությունը

1.    Ծառայության անձնական գրասենյակ հարթակում գրանցվելու դեպքում կատարողական վարույթի մասնակիցը կատարողական վարույթի փաստաթղթերը ստանում է այդ հարթակով: Անձնական գրասենյակ հարթակում նոր փաստաթուղթ տեղադրվելիս տվյալ անձն այդ մասին անհապաղ ծանուցվում է հարթակում գրանցվելիս իր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով, եթե չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ բոլոր ծանուցումներից:

2.    Անձնական գրասենյակ հարթակը կարող է ներառել նաեւ՝

1)    վարույթի մասնակցի կողմից դիմումներ, միջնորդություններ, դիրքորոշումներ եւ այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունը.

2)    վարույթում որեւէ նոր նյութի ավելացման (ներառյալ՝ վարույթի այլ մասնակիցների կողմից) մասին վարույթի մասնակցի անհապաղ ծանուցումը համակարգի ներսում, ինչպես նաեւ վարույթի մասնակցի նշած էլեկտրոնային փոստով, եթե վերջինս չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ բոլոր ծանուցումներից.

3)   բռնագանձման ենթակա գումարի վճարման հնարավորություն՝ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով:

3.   Անձնական գրասենյակ հարթակի վարման կարգը սահմանում է արդարադատության նախարարը:

4.    Ծառայության եւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, նոտարների միջեւ փաստաթղթաշրջանառությունը եւ տվյալների փոխանակումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ծառայության եւ այլ անձանց միջեւ փաստաթղթաշրջանառությունը կարող է կատարվել էլեկտրոնային եղանակով՝ փոխադարձ համաձայնությամբ սահմանված կարգով:

5.    Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով կամ հասցեատիրոջ նշած էլեկտրոնային փոստի հասցեով, եթե Ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ:

6.   Կատարողական վարույթի փաստաթղթերն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է փաստաթղթի տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով փաստաթուղթը կարող է հասանելի դառնալ նրան:

Հոդված 24. Փոստային առաքումը եւ հրապարակային ծանուցումը

1.    Կատարողական վարույթի փաստաթղթերը փոստային առաքմամբ ուղարկվում են կատարման ենթակա ակտում նշված կամ հասցեատիրոջ հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով կամ հասցեատիրոջ նշած ծանուցման այլ հասցեով՝ պատվիրված նամակով:

2.    Եթե փոստային առաքանին վերադարձվել է հասցեատիրոջ կողմից այն ընդունելուց հրաժարվելու հետ չկապված պատճառով, կամ առաքանին ստացման մասին հետադարձ ծանուցմամբ ուղարկվելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հետադարձ ծանուցում (ծանուցման մասին անդորրագիր) չի ստացվել, ապա առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով:

3.   Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ փաստաթուղթը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 25. Պատշաճ ծանուցումը

1.    Կատարողական վարույթի փաստաթղթերը համարվում են պատշաճ կարգով հանձնված, եթե դրանք ուղարկվել, տրամադրվել կամ հանձնվել են սույն գլխով սահմանված կարգով, իսկ դրանց հասցեատերերը համարվում են պատշաճ ծանուցված՝

1)    փաստաթուղթն էլեկտրոնային հաղորդակցության համապատասխան համակարգում կամ հարթակում տեղադրվելու կամ այդ համակարգի միջոցով հասցեատիրոջ համար դրա հասանելիությունն ապահովելու հաջորդ օրը.

2)    եթե էլեկտրոնային հաղորդակցությունը ենթադրում է միայն էլեկտրոնային փոստով ծանուցում, ապա՝ հաղորդագրությունն ուղարկվելու հաջորդ օրը՝ պայմանով, որ առկա է այն ստանալու մասին հասցեատիրոջ կամքից անկախ ձեւավորվող էլեկտրոնային հավաստում՝ անկախ հաղորդագրությունը հասցեատիրոջ կողմից փաստացի կարդալուց.

3)   փաստաթուղթն առձեռն հանձնվելու օրը.

4)    փոստային առաքանին հասցեատիրոջ կողմից ստանալու կամ այն ստանալուց հրաժարվելու օրը.

5)    փասատաթուղթը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուն հաջորդող հինգերորդ օրը:

2.    Կատարողական վարույթի մասնակիցները պարտավոր են հարկադիր կատարողին անհապաղ հայտնել կատարողական վարույթի հարուցումից հետո իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում փաստաթուղթը հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

Հոդված 26. Կատարողական վարույթի նյութերի մատչելիությունը

1.    Կատարողական վարույթի նյութերը կարող են ստեղծվել եւ պահվել թղթային կամ այլ նյութական կրիչով կամ էլեկտրոնային ձեւով: Կատարողական վարույթի հետ կապված գործավարության կարգը սահմանում է արդարադատության նախարարը:

2.    Կատարողական վարույթի մասնակիցներին հասանելի են կատարողական վարույթի բոլոր նյութերը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3.   Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության նպատակով արդարադատության նախարարը կարող է սահմանել փաստաթղթերի եւ տվյալների ցանկ, որոնք չեն տրամադրվում կատարողական վարույթի մասնակիցներին՝ պայմանով, որ դա չի խոչընդոտում վերջիններիս կողմից կատարողական վարույթում իրենց իրավունքների իրացմանը կամ պարտականությունների կատարմանը:

4.    Կատարողական վարույթի մյուս սուբյեկտներն իրավունք ունեն ծանոթանալու վարույթի նյութերին այնքանով, որքանով դա անհրաժեշտ է վարույթում իրենց իրավունքներն իրացնելու եւ պարտականությունները կատարելու նպատակով:

5.    Կատարողական վարույթի՝ պետական գաղտնիք պարունակող նյութերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը հարկադիր կատարողից բացի կատարողական վարույթի մյուս սուբյեկտներին չեն տրամադրվում, եթե առկա է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման վտանգ: Կատարողական վարույթի՝ պետական գաղտնիք պարունակող նյութերը կատարողական վարույթի մասնակիցներին տրամադրվում են, իսկ կատարողական վարույթի մյուս սուբյեկտները դրանց ծանոթանում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:

6.   Կատարողական վարույթի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները հանրամատչելի են, բացառությամբ եթե դրանք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ.

1)    կատարողական վարույթի հարուցման հիմք հանդիսացած կատարման ենթակա ակտի մասին տվյալները.

2)    կատարողական վարույթի հարուցման, կասեցման, ավարտման, վերսկսման, կարճման, այդ որոշումների իրավական հիմքերի եւ ամսաթվերի վերաբերյալ տվյալները.

3)   պահանջատիրոջ եւ պարտապանի անունները (անվանումները).

4)    հարկադիր կատարման ենթակա պարտավորության վերաբերյալ տեղեկությունները:

7.    Կատարողական վարույթի սուբյեկտները ինչպես վարույթի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից կամ կարճումից հետո պարտավոր են այլ անձանց չփոխանցել կատարողական վարույթի վերաբերյալ իրենց հայտնի դարձած ոչ հանրամատչելի տեղեկությունները, բացառությամբ եթե այդպիսի պարտականություն ունեն օրենքով: Սույն մասով սահմանված արգելքը չի տարածվում տեղեկություններն աշխատողներին եւ ծառայություն մատուցող անձանց փոխանցելու վրա՝ այնքանով, որքանով նման փոխանցումն անհրաժեշտ է վերջիններիս աշխատանքային (ծառայողական) եւ պայմանագրային պարտավորությունների կատարման համար:

8.   Կատարողական վարույթի (վարույթների) մասին տեղեկությունները կարող են առանց սահմանափակման հրապարակվել (փոխանցվել), եթե դա արվում է ապանձնավորված կերպով, եւ դրանով չեն տարածվում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ:

9.   Կատարողական վարույթի նյութերը կարող են օգտագործվել մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող այլ կատարողական վարույթով:

10.  Միջանկյալ դատական ակտը կայացրած դատարանին, Սահմանադրական դատարանին, Բարձրագույն դատական խորհրդին հասանելիություն է տրվում իրենց որոշման կատարման նպատակով հարուցված կատարողական վարույթի բոլոր նյութերին՝ էլեկտրոնային կատարողական վարույթի համակարգի միջոցով, կամ ուղարկվում են կատարողական վարույթի հարուցման, կասեցման, ավարտման, վերսկսման եւ կարճման մասին որոշումները՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 27. Կատարողական վճարը, կատարողական գործողությունների կատարման ծախսերը եւ դրանց հատուցման ընդհանուր կանոնները

1.    Կատարողական վճարը կատարողական գործողությունների կատարման համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափերով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

2.    Կատարողական գործողությունների կատարման ծախսերը (կատարողական ծախսեր) դրանց կազմակերպման եւ անցկացման համար հարկադիր կատարողի (Ծառայության) ծախսած անհրաժեշտ միջոցներն են, ներառյալ՝ կատարողական վարույթին օժանդակող անձանց ծառայությունների վարձատրությունը, պահանջատիրոջ հասանելիք գույքը (ներառյալ՝ դրամական միջոցները) նրան փոխանցելու, իրացված գույքը գնորդին հանձնելու ծախսերը, փոստային ծախսերը եւ կատարողական գործողությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր:

3.   Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին եւ սույն գլխի կանոններով հատուցվում են հարկադիր կատարողի որոշման հիման վրա կատարողական վճարներ գանձելու միջոցով:

4.    Կատարման ենթակա մեկ ակտի հիման վրա կատարողական վճարները գանձվում են սույն գլխով սահմանված կանոններով եւ չափերով՝ անկախ պահանջատերերի կամ պարտապանների քանակից: Կատարման ենթակա ակտով պահանջատիրոջ կամ պարտապանի կողմում անձանց բազմաթվության դեպքում կատարողական վճարները գանձվում են՝ ելնելով պահանջի կամ պատասխանատվության տեսակից (համիրավ կամ բաժնային պահանջ, համապարտ, բաժնային կամ սուբսիդիար պատասխանատվություն):

5.    Եթե կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի սնանկության կամ սնանկության վտանգի վարույթի հիմքով, ապա սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան պարտապանից բռնագանձվում է կատարողական վճար փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան բռնագանձման ենթակա գումարի 2 տոկոսը:

6.   Կատարողական վճարներ չեն գանձվում, եթե՝

1)    Հայաստանի Հանրապետության կամ համայնքի նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը կատարվում է առանց հարկադիր կատարման միջոցների կիրառման՝ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պահանջատիրոջը դրամական միջոցներ վճարելով կամ փոխանցվող մուրհակ տրամադրելով.

2)    կատարողական կարույթը կարճվել է Կառավարության սահմանած շրջանակի պարտավորություններով պարտքը ներելու հիմքով՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ:

Հոդված 28. Կատարողական վճարները դրամական պահանջների կատարման վարույթներով

1.    Դրամական պահանջով կատարողական վարույթի հարուցման փաստի ուժով, անկախ վարույթի հետագա ընթացքից եւ փաստացի կատարված ծախսերից, սահմանվում է մեկանգամյա կատարողական վճարի կայուն գումար՝

1)    մինչեւ 10 հազար դրամի բռնագանձման վարույթներով՝ բռնագանձման ենթակա գումարի 50 տոկոսի չափով.

2)    10 հազար դրամ եւ ավելի գումարի բռնագանձման վարույթներով՝ 5 հազար դրամի չափով:

2.    Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կայուն գումարը գանձվում է՝

1)    պարտապանից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի.

2)    պահանջատիրոջից, եթե կատարողական վարույթն ավարտվում կամ կարճվում է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կամ 11-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ պայմանով, որ կայուն գումարը մինչ այդ չի գանձվել պարտապանից, կամ գանձված լինելու դեպքում սույն հոդվածի 5-րդ մասի հիման վրա ենթակա է վերադարձման:

3.   100 հազար դրամ եւ ավելի գումարով դրամական պահանջների կատարման վարույթներով, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կայուն գումարի, պարտապանից գանձվում է կատարողական վճար՝

1)    պարտապանի կողմից հարկադիր կատարողին (Ծառայությանը) կամ պահանջատիրոջն ինքնուրույնաբար վճարված դրամական միջոցների, բռնագանձված անկանխիկ դրամական միջոցների 2 տոկոսի չափով, եթե վճարումը կամ բռնագանձումը տեղի է ունեցել կատարողական վարույթի հարուցումից հետո երկու շաբաթվա ընթացքում.

2)    պարտապանի կողմից հարկադիր կատարողին (Ծառայությանը) կամ պահանջատիրոջն ինքնուրույնաբար վճարված դրամական միջոցների, բռնագանձված անկանխիկ դրամական միջոցների 4 տոկոսի չափով, եթե վճարումը կամ բռնագանձումը տեղի է ունեցել կատարողական վարույթի հարուցմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո.

3)   կողմերի հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում՝ բռնագանձման ենթակա գումարի մնացորդի 2 տոկոսի չափով, եթե հաշտության համաձայնությունը հարկադիր կատարողին է ներկայացվել կատարողական վարույթի հարուցումից հետո երկու շաբաթվա ընթացքում, եւ բռնագանձման ենթակա գումարի մնացորդի 4 տոկոսի չափով, եթե հաշտության համաձայնությունը հարկադիր կատարողին է ներկայացվել կատարողական վարույթի հարուցմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո.

4)    բռնագանձված (առգրավված) կանխիկ դրամական միջոցների 5 տոկոսի չափով.

5)    հարկադիր աճուրդով կամ սույն օրենքով սահմանված այլ ընթացակարգով հարկադիր կատարողի կողմից իրացված գույքի իրացման գնի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան պահանջների բավարարմանն ուղղվող գումարի 10 տոկոսը:

4.    Եթե 100 հազար դրամ եւ ավելի գումարով դրամական պահանջի կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կամ 11-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, ապա, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կայուն գումարի, պահանջատիրոջից գանձվում է կատարողական վճար փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան՝

1)    բռնագանձման ենթակա գումարի մնացորդի 2 տոկոսը, եթե կատարողական վարույթի ավարտման կամ կարճման հիմքը ծագել կամ հարկադիր կատարողին հայտնի է դարձել կատարողական վարույթի հարուցումից հետո երկու շաբաթվա ընթացքում.

2)    բռնագանձման ենթակա գումարի մնացորդի 4 տոկոսը, եթե կատարողական վարույթի ավարտման կամ կարճման հիմքը ծագել կամ հարկադիր կատարողին հայտնի է դարձել կատարողական վարույթի հարուցմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո:

5.    Եթե դրամական պահանջի կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից առաջ պարտավորության կատարման հիմքով, ապա Ծառայությունը պարտապանին է վերադարձնում նրանից գանձված կատարողական վճարների գումարը, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կայուն գումարը:

6.   Պարբերական վճարումներ ենթադրող ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դրամական պահանջների կատարման վարույթներով սույն հոդվածի 1-ին մասը, 3-րդ մասի 3-րդ կետը եւ 4-րդ մասը չեն կիրառվում, իսկ 3-րդ մասի մյուս կետերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ բռնագանձումը սույն օրենքով սահմանված հիմքերով տարածվել է պարտապանի գույքի վրա:

7.    Ի լրումն սույն հոդվածի կանոնների՝

1)    սույն օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի հիման վրա գույքի պահպանության վճարների չափով կատարողական վճար է գանձվում պարտապանից կամ պահանջատիրոջից՝ կախված նրանից, թե սույն հոդվածով որ կողմի վրա է դրվում կատարողական վճար կատարելու պարտականությունը.

2)    սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փորձաքննության կատարման ծախսերի չափով կատարողական վճար է գանձվում նույն մասում նշված մասնագիտական եզրակացությունը ներկայացրած անձից, իսկ եթե պահանջատիրոջ պահանջով նշանակված փորձաքննությամբ հաստատվել է մասնագիտական եզրակացության արժանահավատությունը, ապա՝ պահանջատիրոջից.

3)   պահանջատիրոջից գանձվում է կատարողական վճար սույն օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելուն ուղղված փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան բռնագանձման ենթակա գումարի մնացորդի 1 տոկոսը:

Հոդված 29. Կատարողական վճարները ոչ դրամական պահանջներով եւ ապահովման վարույթներով

1.    Եթե ոչ դրամական պահանջով կատարման ենթակա ակտով կամ հարկադիր կատարողի կողմից սահմանված ժամկետում պարտապանը կամովին չի կատարում պարտավորությունը, եւ այն կատարվում է հարկադիր կատարման միջոցով, ապա պարտապանից գանձվում է կատարողական վճար՝

1)    մինչեւ 500 հազար դրամի չափով փաստացի ծախսեր կատարված լինելու դեպքում՝ այդ ծախսերի եռապատիկի, բայց ոչ պակաս, քան 100 հազար դրամի չափով.

2)    500 հազարից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով փաստացի ծախսեր կատարված լինելու դեպքում՝ մեկուկես միլիոն դրամի չափով.

3)   մեկ միլիոն դրամից ավելի չափով փաստացի ծախսեր կատարված լինելու դեպքում՝ այդ ծախսերի 150 տոկոսի չափով:

2.    Եթե ոչ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով պարտապանի համար չի սահմանվել կամավոր կատարման ժամկետ, ապա պարտապանից գանձվում է կատարողական վճար փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան 5 հազար դրամը:

3.   Եթե ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով, ապա պահանջատիրոջից գանձվում է կատարողական վճար փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան 5 հազար դրամը:

4.    Ապահովման վարույթով փաստացի կատարված կատարողական ծախսերի, բայց ոչ պակաս, քան 5 հազար դրամի չափով կատարողական վճար է գանձվում՝

1)    պարտապանից, եթե հայցի (ներառյալ՝ նախնական), դիմումի պահանջի կամ եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովումը վերացվել է հայցապահանջը (դիմումի պահանջը) պարտապանի կողմից կամովին կատարվելու կամ կողմերի հաշտության հիմքով կամ հայցը (դիմումը) բավարարվելուց հետո՝ մինչեւ եզրափակիչ դատական ակտը կատարման ներկայացնելը.

2)    պահանջատիրոջից, եթե եզրափակիչ դատական ակտով հայցը (դիմումը) չի բավարարվել, կամ հայցի (ներառյալ՝ նախնական), դիմումի պահանջի կամ եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովումը վերացվել է մինչեւ գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի.

3)   պարտապանից, եթե վարչական ակտը, որի կատարումն ապահովելու համար կիրառվել է վարչական մարմնի արգելանքը, կատարվել է ապահովման վարույթի հարուցումից հետո, բայց մինչեւ այդ վարչական ակտը կատարման ներկայացվելը:

5.    Եթե ավարտված ապահովման վարույթը վերսկսվում է որպես համապատասխան եզրափակիչ դատական ակտի կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի կատարման վարույթ, ապա այդ վարույթի ծախսերի մեջ ներառվում են նաեւ ապահովման վարույթով կատարված կատարողական ծախսերը:

6.   Ի լրումն սույն հոդվածի կանոնների՝ սույն օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փորձաքննության կատարման ծախսերի չափով կատարողական վճարը նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում գանձվում է պարտապանից, իսկ 5-րդ մասով նախատեսված դեպքում` պահանջատիրոջից:

Հոդված 30. Կատարողական ծախսերի դիմաց կանխավճար տրամադրելը

1.    Կատարողական վարույթի մասնակիցներն իրավունք ունեն կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով Ծառայությանը վճարելու համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:

2.    Կանխավճարի չօգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին համապատասխան կատարողական գործողության ավարտից հետո, որի իրականացման համար վճարվել էր կանխավճարը:

3.   Կանխավճարի օգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին, եթե համապատասխան կատարողական ծախսերի գումարը հատուցվել (բռնագանձվել) է սույն օրենքով սահմանված կարգով:

4.    Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը համապատասխան դրամական միջոցները վերադարձնում է այն վճարած անձին՝ դրա հիմքը ծագելուց հետո եռօրյա ժամկետում, եթե հայտնի են ստացողի բանկային հաշվի տվյալները, կամ նույն ժամկետում տվյալ անձին ծանուցում է դրամական միջոցները ստանալու իրավունքի եւ բանկային հաշվի տվյալները ներկայացնելու անհրաժեշտության մասին:

ԲԱԺԻՆ 2

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 6

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

 Հոդված 31. Կատարողական վարույթի հարուցման հիմքը

1.    Հարկադիր կատարողը կատարողական վարույթ է հարուցում սույն օրենքով սահմանված կարգով Ծառայություն ներկայացված՝ կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմումի (այսուհետ՝ հարկադիր կատարման դիմում) հիման վրա, իսկ հարկադիր կատարողի որոշումների կատարման վարույթը՝ սեփական նախաձեռնությամբ:

2.    Հարկադիր կատարման դիմումը ներկայացնում է պահանջատերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Հոդված 32. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը պահանջատիրոջ կողմից

1.    Պահանջատերը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել կատարման ենթակա ակտի ինչպես ամբողջ եզրափակիչ մասը, այնպես էլ դրա մի մասը կատարելու պահանջով:

2.    Պահանջատերը հարկադիր կատարման մեկ դիմումում կարող է միավորել կատարման ենթակա միեւնույն ակտով մեկից ավելի պարտապանների նկատմամբ կատարողական վարույթներ հարուցելու պահանջներ:

3.   Եթե կատարման ենթակա ակտը կայացվել է հօգուտ մի քանի անձի, ապա այդ անձանցից յուրաքանչյուրը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել միայն իր օգտին կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ՝ կատարման ենթակա ակտի համապատասխան մասով:

Հոդված 33. Պահանջատիրոջ կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումին ներկայացվող պահանջները

1.    Պահանջատիրոջ կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումը պարունակում է`

1)    նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է Ծառայություն.

2)    կողմերի լրիվ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, քաղաքացի կողմի անձնագրային տվյալները եւ հանրային ծառայության համարանիշը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձ կողմի պետական գրանցման համարը եւ հարկ վճարողի հաշվառման համարը, եթե սույն կետում նշված տվյալներն առկա չեն Ծառայությանը հասանելի կատարման ենթակա ակտում կամ դրա եզրափակիչ մասում.

3)   կատարման ենթակա ակտը կայացրած մարմնի անվանումը, այդ ակտի (գործի) համարը՝ առկայության դեպքում, դրա կայացման օրը.

4)    կատարման ենթակա ակտի այն մասը, որի հարկադիր կատարումը հայցվում է պահանջատիրոջ կողմից.

5)    վարչական ակտը կամ դատախազի որոշումը հարկադիր կատարման ներկայացվելու դեպքում՝ պահանջատիրոջ հայտարարությունն այն մասին, որ ծագել է կատարման ենթակա ակտի կատարելիության հատկանիշը՝ սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որեւէ հիմքով, ինչպես նաեւ նշում տվյալ հանգամանքը տեղի ունենալու օրվա մասին.

6)   դրամական պահանջ սահմանող վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացվելու դեպքում՝ վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

2.    Պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել դրա պատճենը պարտապանին ուղարկելուց առնվազն երկու շաբաթ հետո, եթե՝

1)    կատարման ենթակա եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման (կայացման) պահից.

2)    կատարման ենթակա եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել դրա դեմ բերված բողոքի ընդունելության հարցով կամ այդ բողոքի քննության արդյունքներով կայացված դատական ակտի հրապարակման (կայացման) պահից:

Սույն մասով սահմանված պայմանը չի կիրառվում, եթե կատարման ենթակա եզրափակիչ դատական ակտն օրենքով ենթակա է անհապաղ կատարման:

3.   Հարկադիր կատարման դիմումին կցվում են՝

1)    պահանջատեր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2)    պահանջատեր օտարերկրյա իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները հավաստող փաստաթուղթ.

3)   ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը եւ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ դիմումը ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում.

4)    կատարման ենթակա ակտի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը, եթե կատարման ենթակա ակտը կամ դրա եզրափակիչ մասը հասանելի չէ Ծառայությանը՝ վերջինիս եւ կատարման ենթակա ակտը կայացրած մարմնի միջեւ գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության եւ տվյալների փոխանակման համակարգով.

5)    սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ հարկադիր կատարման դիմումի պատճենը առնվազն երկու շաբաթ առաջ պարտապանին ուղարկելը հավաստող ապացույց:

4.    Հարկադիր կատարման դիմումում կարող են նշվել եւ դրան կարող են կցվել կատարման համար անհրաժեշտ այլ տվյալներ եւ փաստաթղթեր:

5.    Հարկադիր կատարման դիմումը ստորագրում է պահանջատերը (իրավասու անձը) կամ նրա ներկայացուցիչը:

Հոդված 34. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, մշտապես գործող արբիտրաժային հաստատության եւ նոտարի կողմից

1.    Հայաստանի Հանրապետության օգտին դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ հարկադիր կատարման դիմումը, որով սույն օրենքի 6-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր իրավասու է հանդես գալ պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմինը, ներկայացվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանի կողմից` դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2.    Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի ընդունած կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման դիմում ներկայացնում են այդ մարմինները (դրանց աշխատակազմերը):

3.   Միջանկյալ դատական ակտի հարկադիր կատարման դիմումը ներկայացնում է այդ ակտը կայացրած դատարանը:

4.    Արբիտրաժային տրիբունալների վճիռների, օտարերկրյա դատական ակտերի, օտարերկրյա արբիտրաժային տրիբունալների վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային դատարանների եւ միջազգային արբիտրաժների ակտերի հիման վրա հարկադիր կատարման դիմումը ներկայացնում է համապատասխանաբար արբիտրաժի վճռի հարկադիր կատարման, օտարերկրյա կամ միջազգային արբիտրաժի վճռի ճանաչման եւ հարկադիր կատարման, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման, օտարերկրյա կամ միջազգային դատարանի դատական ակտը ճանաչելու եւ կատարման թույլատրելու մասին դատական ակտը կայացրած դատարանը (իրավասու դատարան)` դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, բացառությամբ եթե պահանջատերն իրավասու դատարանին խնդրել է չներկայացնել հարկադիր կատարման դիմում: Իրավասու դատարանին նման խնդրանք ներկայացնելու դեպքում պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել սույն օրենքով սահմանված կանոններով:

5.    Դատարանը հարկադիր կատարման դիմում է ներկայացնում նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում:

6.   Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի), դատարանի կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումը պարունակում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ընդունված՝ Կառավարության որոշմամբ նախատեսված տվյալները:

7.    Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունն օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է հարկադիր կատարման դիմում՝ արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար:

8.   Նոտարն օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է հարկադիր կատարման դիմում՝ գումարի բռնագանձման պահանջով իր արձակած կարգադրության հարկադիր կատարման համար, բացառությամբ եթե պահանջատերը նոտարին խնդրել է չներկայացնել հարկադիր կատարման դիմում: Նոտարին նման խնդրանք ներկայացնելու դեպքում պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել սույն օրենքով սահմանված կանոններով:

Հոդված 35. Կատարողական վաղեմությունը

1.    Պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել մեկ տարվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ՝

1)    օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը, բայց օրենքով անհապաղ կատարում չենթադրող եզրափակիչ դատական ակտի դեպքում ոչ շուտ, քան այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետը լրանալը.

2)    օրինական ուժի մեջ է մտել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավասու դատարանի դատական ակտը, եթե իրավասու դատարանը հարկադիր կատարման դիմում չի ներկայացրել.

3)   լրացել է կատարման ենթակա ակտի կատարումը հետաձգելու կամ դրա կամավոր կատարման՝ օրենքով նախատեսված կարգով սահմանված ժամկետը.

4)    օրինական ուժի մեջ է մտել (պարտադիր է դարձել) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային կազմակերպության (դրա մարմնի) որոշումը, եթե այդ միջազգային պայմանագրով կամ դրա հիման վրա ընդունված՝ միջազգային կազմակերպության (դրա մարմնի) որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ.

5)    նոտարական ակտը պարտադիր է դարձել կողմերի համար.

6)   դատարանը որոշում է կայացրել կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու մասին.

7)    կատարողական վարույթն ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով.

8)   ծագել են սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի նկատմամբ հարկադիր կատարման միջոցներ կիրառելու նախադրյալները:

2.    Վարչական ակտի կամ դատախազի որոշման հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացվել այն օրվանից եռամսյա ժամկետում, երբ տվյալ ակտը՝

1)    օրենքի հիման վրա համարվում է անհապաղ կատարման ենթակա.

2)    դարձել է կատարման ենթակա՝ ուժի մեջ մտնելու, պարտադիր դառնալու, բողոքարկման ժամկետը լրանալու, անբողոքարկելի դառնալու, վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգման կամ տարաժամկետման ժամկետը լրանալու, օրենքով սահմանված ժամկետում բողոքարկման դեպքում վերջնականապես հաստատվելու կամ օրենքով սահմանված այլ իրադարձության հիմքով, ընդ որում՝ օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կատարողական վաղեմության ժամկետի սկիզբ է համարվում նշվածներից առավել ուշ տեղի ունեցած իրադարձության օրը:

3.   Եթե կատարման ենթակա ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացվել պարտավորությունների կատարման ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաեւ պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, եթե սույն մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է կատարողական վաղեմության ընթացքի առաջին տարին լրանալուց հետո, ապա հարկադիր կատարման ենթակա են հարկադիր կատարման դիմում ներկայացնելուն նախորդող մեկ տարվա ընթացքում եւ դրանից հետո չկատարված պարտավորությունները, բացառությամբ եթե դատարանը սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով թույլատրել է ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը:

4.    Սույն հոդվածով սահմանված՝ դրամական պահանջներով կատարողական վաղեմության ժամկետները, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետների, ընդհատվում են պարտավորության մասնակի կատարմամբ: Ընդ որում, կատարողական վաղեմության ժամկետի ընդհատման նպատակով պարտավորության մասնակի կատարումը կարող է հաստատվել միայն բանկային փոխանցումը հավաստող ապացույցով: Ընդհատումից հետո կատարողական վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում, իսկ մինչեւ ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

Հոդված 36. Կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելը

1.    Պահանջատերը կարող է դատարանին միջնորդել վերականգնել կատարողական վաղեմության բաց թողնված ժամկետը, իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ թույլատրել ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց թողնելու կամ հարկադիր կատարման դիմումն ավելի վաղ չներկայացնելու պատճառները հարգելի են:

2.    Պահանջատերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը ներկայացնում է կատարման ենթակա դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված իրավասու դատարան, իսկ նոտարական ակտերի եւ առանց դատական թույլատրման հարկադիր կատարման ենթակա արբիտրաժային տրիբունալների վճիռների դեպքում՝ պարտապանի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարան:

3.   Պահանջատիրոջ միջնորդությանը կցվում է միջնորդությունը եւ դրան կից փաստաթղթերի պատճենները պարտապանին ուղարկելու վերաբերյալ ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում միջնորդությունը չի քննարկվում, որի մասին պահանջատերը տեղեկացվում է միջնորդությունը դատարանում ստացվելուց հետո եռօրյա ժամկետում:

4.    Դատարանը միջնորդությունը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ միջնորդությունն ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետում: Դատարանն այդ ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ:

5.    Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել: Դատարանը բավարարում է միջնորդությունը, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց թողնելու կամ հարկադիր կատարման դիմումն ավելի վաղ չներկայացնելու պատճառները ճանաչում է հարգելի: Սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը թույլատրելիս դատարանը սահմանում է այդ ժամանակահատվածը:

6.   Պահանջատերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդություն չի կարող ներկայացնել, իսկ ներկայացված միջնորդությունը ենթակա չէ քննարկման, եթե կատարողական վաղեմության ժամկետը բաց է թողնվել ավելի քան տասը տարի ժամկետով, կամ եթե պահանջատերը սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում խնդրում է թույլատրել տասը տարուց ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը:

7.    Վարչական ակտի եւ դատախազի որոշման հարկադիր կատարման դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնման ենթակա չէ:

Հոդված 37. Կատարողական վարույթ հարուցելը հարկադիր կատարման դիմումի հիման վրա

1.    Հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթ հարուցելու (վերսկսելու) մասին, եթե բացակայում են կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու հիմքերը:

2.    Անհապաղ կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման դիմումի հիման վրա կատարողական վարույթը հարուցվում է անհապաղ:

Հոդված 38. Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելը

1.    Հարկադիր կատարողը մերժում է հարկադիր կատարման դիմումի հիման վրա կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը), եթե՝

1)    հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է սույն օրենքի 32-րդ կամ 33-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ.

2)    մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է օրենքի խախտմամբ, ներառյալ՝ եթե պահանջատերը մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը հարկադիր կատարման համար դիմել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ.

3)   նոտարի կողմից հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է այդ դիմումի բովանդակությանը եւ կից փաստաթղթերին օրենքով ներկայացվող պահանջների խախտմամբ.

4)    հարկադիր կատարման դիմումում նշված ակտը կատարում չի ենթադրում.

5)    կատարման ենթակա ակտի՝ պահանջատիրոջ նշած մասով կատարումը հակասում է օրենքին.

6)   տվյալ պահանջով արդեն իսկ հարուցվել է կատարողական վարույթ, բացառությամբ եթե այդ վարույթն ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով.

7)    չի սկսվել կամ լրացել է կատարողական վաղեմության ժամկետը, եւ առկա չէ այն վերականգնելու մասին դատական ակտ.

8)   մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման դիմում ներկայացնելու պահին արբիտրաժային տրիբունալի վճռի կայացումից անցել է ավելի քան 14 ամիս, ընդ որում՝ այդ ժամկետի հոսքը կասեցվում է արբիտրաժային տրիբունալի վճիռը դատական կարգով չեղյալ ճանաչելու գործընթացի ընթացքում, եթե այդ գործընթացը սկսվել կամ շարունակվել է արբիտրաժային տրիբունալի վճռի կայացմանը հաջորդող եռամսյա ժամկետը լրանալուց հետո.

9)   սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված մարմինների կողմից հարկադիր կատարման դիմում ներկայացնելու պահին նույն հոդվածի 1-3-րդ, 8-րդ մասերով նախատեսված կատարման ենթակա ակտերը եւ նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավասու դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց (պարտադիր դառնալուց) անցել է ավելի քան մեկ տարի, ընդ որում՝ այդ ժամկետի հոսքը կասեցվում է տվյալ ակտերի կատարումն օրենքով սահմանված դեպքերում կասեցվելու ընթացքում:

2.    Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում, որում նշվում են մերժման բոլոր հիմքերը:

3.   Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) հարկադիր կատարման դիմումի մի մասով մերժելու հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողն այդ մասով մերժում է կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը), իսկ մնացած մասով հարուցում է կատարողական վարույթ:

4.    Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց կամ մերժման հիմքերը վերանալուց հետո հարկադիր կատարման դիմումը կրկին ներկայացնելու համար: Կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու մասին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում խախտումները վերացվելու եւ դիմումը կրկին ներկայացվելու դեպքում այն ներկայացված է համարվում սկզբնապես ներկայացնելու օրը:

Հոդված 39. Հարկադիր կատարողի որոշման կատարումը

1.    Հարկադիր կատարողը սույն օրենքով նախատեսված՝ կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում անհապաղ կամ դրա կատարման ժամկետը լրանալու հաջորդ աշխատանքային օրը նախաձեռնում է այդ որոշման հարկադիր կատարումը տվյալ կատարողական վարույթի (հիմնական կատարողական վարույթ) շրջանակներում, եթե այդ որոշմամբ պարտականություններ կամ իրավունքի սահմանափակումներ են սահմանված կատարողական վարույթի կողմի նկատմամբ: Ըստ անհրաժեշտության՝ հարկադիր կատարողի որոշման կատարման վարույթը կարող է հիմնական կատարողական վարույթից առանձնացվել որպես ածանցյալ կատարողական վարույթ:

2.    Հարկադիր կատարողը սույն օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթի (հիմնական կատարողական վարույթ) կողմ չհանդիսացող անձի նկատմամբ պարտականություններ կամ իրավունքի սահմանափակումներ սահմանող որոշում կայացնելու դեպքում հարուցում է այդ որոշման կատարման վարույթ (ածանցյալ կատարողական վարույթ)՝ կատարման ենթակա որոշումը դրա հասցեատիրոջը սույն օրենքով սահմանված պատշաճ կարգով հանձնելուց տասն օր անց, իսկ եթե այդ որոշմամբ դրա կատարման ժամկետ է նախատեսված, ապա այդ ժամկետը լրանալուց երեք օր անց:

3.   Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ածանցյալ կատարողական վարույթ չի հարուցվում, եթե հարկադիր կատարողի՝ կատարման ենթակա որոշման կատարումը մինչ այդ կասեցվել է օրենքով սահմանված կարգով: Կասեցումը վերանալուց հետո ածանցյալ կատարողական վարույթը հարուցվում է անհապաղ, եթե լրացել են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ դրա հարուցման ժամկետները:

4.    Ածանցյալ կատարողական վարույթը չի ենթադրում պահանջատիրոջ մասնակցություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերում պահանջատիրոջ կատարած ծախսերը հօգուտ վերջինիս բռնագանձելու որոշման կատարման վարույթի:

5.    Կախված հիմնական կատարողական վարույթում ծագած անհրաժեշտությունից՝ հարկադիր կատարողը կարող է կասեցնել իր՝ կատարման ենթակա որոշման կատարումը կամ այն ուժը կորցրած ճանաչել, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ հօգուտ պահանջատիրոջ կայացված որոշման:

Հոդված 40. Կատարողական վարույթի հարուցման վայրը եւ վարույթի փոխանցումը

1.    Կատարողական վարույթը հարուցվում է Ծառայության՝ պարտապանի հաշվառման (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրի ստորաբաժանումում:

2.    Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու վերաբերյալ կատարողական վարույթը հարուցվում է Ծառայության՝ տվյալ գործողությունների կատարման վայրի ստորաբաժանումում, եթե այդ վայրը որոշակի է:

3.   Կատարողական վարույթը մեկ հարկադիր կատարողից մյուսին կարող է փոխանցվել՝

1)    Ծառայության ստորաբաժանման ներսում՝ ստորաբաժանման պետի կողմից.

2)    Ծառայության մեկ այլ ստորաբաժանում՝ գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

ԳԼՈՒԽ 7

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 41. Հարկադիր կատարման միջոցները

1.    Հարկադիր կատարման միջոցներն են՝

1)    պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը.

2)    պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.

3)   պարտապանի` այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը.

4)    պարտապանին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ անձանց որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

5)    պարտավորությունը պարտապանի փոխարեն կատարելը, եթե պարտավորությունից չի բխում, որ այն կարող է կատարվել միայն պարտապանի անձնական մասնակցությամբ.

6)   պարտապանին կամ այլ անձանց արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները.

7)    ֆիզիկական հարկադրանքը:

2.    Մեկ կատարողական վարույթով կարող են կիրառվել հարկադիր կատարման մեկից ավելի միջոցներ՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում տվյալ պարտավորության էությանը:

3.   Օրենքով նախատեսված դեպքերում պարտապան չհանդիսացող անձանց նկատմամբ կատարողական գործողություններն իրականացվում են հարկադիր կատարման միջոցների կիրառման ընդհանուր եւ հատուկ կանոններով, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ հարաբերության էությունից:

Հոդված 42. Պարտապանի մասին տվյալներ ստանալը

1.    Հարկադիր կատարողը համապատասխան գրանցող մարմիններից ստանում է պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա եւ նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ՝ նախկին) նույնականացնող, ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի անձնական եւ այլ տվյալներ:

2.    Հարկադիր կատարողը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից ստանում է պարտապանի կոնտակտային տվյալներ՝ պարտապանի հետ հաղորդակցության, ինչպես նաեւ այդ կոնտակտային տվյալների միջոցով պարտապանի գույքի կազմը պարզելու նպատակով:

3.   Հարկադիր կատարողը սույն հոդվածով նախատեսված տվյալները ստանում է Կառավարության սահմանած կարգով՝ այդ կարգում անվանապես նշված գրանցող մարմիններից եւ պարտապանի կոնտրագենտներից:

Հոդված 43. Պարտապանի անունից եւ նրա փոխարեն գործելը

1.    Կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման նպատակով հարկադիր կատարողն իրավասու է հանդես գալու եւ ողջամիտ ծավալով գործելու պարտապանի անունից եւ նրա փոխարեն, այդ թվում՝ այլ անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, պարտապանի անունից կատարել իրավական եւ փաստական հետեւանքներ առաջացնող գործողություններ, կնքել գործարքներ, իրականացնել գործարքների կատարմանն ուղղված գործողություններ, ներկայացնել դիմումներ, հայտարարություններ եւ այլ փաստաթղթեր, ներառյալ՝ պարտապանի իրավունքների գրանցման (հաշվառման) նպատակով, կատարել վճարումներ, իրականացնել շինարարական (քանդման) եւ այլ աշխատանքներ կամ կազմակերպել այդպիսի գործողությունների կատարումը՝ ներգրավելով կատարողական վարույթին օժանդակող անձանց:

2.    Հարկադիր կատարողն իրավասու է իրականացնել սույն հոդվածով նախատեսված գործողությունները, եթե`

1)    տվյալ գործողությունները կատարելու՝ պարտապանի պարտականությունը սահմանված է կատարման ենթակա ակտով, կամ դրանց իրականացումն անմիջականորեն անհրաժեշտ է կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորության կատարման կամ պարտապանին պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու համար, եւ

2)    օրենքով, կատարման ենթակա ակտով կամ հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանը դրանք չի կատարել:

3.   Սույն հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելիս հարկադիր կատարողն օրենքի ուժով գործում է որպես պարտապանի ներկայացուցիչ, իսկ այլ անձինք պարտավոր են այդ գործողություններին տալ այն նույն նշանակությունը, որը կտային, եթե դրանք կատարեր անձամբ պարտապանը:

4.    Սույն հոդվածով սահմանված կարգով հարկադիր կատարողը չի կարող կատարել այն գործողությունները, որոնք իրենց բնույթով կարող են կատարվել միայն պարտապանի անձնական մասնակցությամբ, ինչպես նաեւ պարտապան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հանրային լիազորություններից բխող գործողությունները:

5.    Սույն հոդվածի հիման վրա հարկադիր կատարողի գործողությունների կատարման ծախսերը հատուցվում են պարտապանի հաշվին՝ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված չափերով եւ կարգով:

Հոդված 44. Գործողությունների կատարումը եւ արգելքների գործադրումը պարտապանի կոնտրագենտների եւ գրանցող մարմինների միջոցով

1.    Եթե պարտապանն օրենքով կամ կատարման ենթակա ակտով պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից, եւ եթե այդ գործողությունների կատարումը հնարավոր է պարտապանի կոնտրագենտի միջոցով, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ կարող է պարտապանի կոնտրագենտին պարտավորեցնել կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից: Սույն մասի հիման վրա պարտապանի կոնտրագենտի վրա չեն կարող դրվել այնպիսի պարտականություններ, որոնք դուրս են վերջինիս եւ պարտապանի միջեւ հարաբերությունների կամ պարտապանի կոնտրագենտի հանրային լիազորությունների շրջանակից:

2.    Եթե կատարման ենթակա ակտով պարտապանին կամ այլ անձանց (արգելքի հասցեատերերին) արգելված գործողություններն իրենց բովանդակությամբ ենթադրում են արգելքի հասցեատիրոջ իրավունքների գրանցում (հաշվառում), ապա հարկադիր կատարողը գրանցող մարմիններին իր որոշմամբ պարտավորեցնում է ձեռնպահ մնալ համապատասխան իրավունքների գրանցումից (հաշվառումից): Եթե այդ որոշման կատարումը ենթադրում է իրավունքների սահմանափակման գրանցում (հաշվառում), ապա հարկադիր կատարողի որոշումը հիմք է նման սահմանափակման գրանցման (հաշվառման) համար:

Հոդված 45. Արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող միջոցները

1.    Որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջի հարկադիր կատարման նպատակով հարկադիր կատարողն իրավասու է պահանջատիրոջ միջնորդությամբ եւ նրա հաշվին կիրառել պարտապանին կամ այլ անձանց արգելված գործողությունների կատարումը կանխող կամ արձանագրող ողջամիտ եւ համաչափ միջոցներ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով կատարողական վարույթին օժանդակող անձանց:

2.  Արգելված գործողությունները սույն հոդվածով նախատեսված միջոցների կիրառումից հետո կատարվելու դեպքում այդ միջոցների կիրառման համար պահանջատիրոջ փաստացի կատարած ծախսերը վերջինիս միջնորդությամբ հարկադիր կատարողի որոշման հիման վրա բռնագանձվում են արգելքը խախտած անձից՝ հօգուտ պահանջատիրոջ:

Հոդված 46. Կատարողական գործողություններ կատարելու նպատակով բնակարան կամ այլ շինություն մուտք գործելը

1.    Գույքագրման, վտարման, բնակեցման, քանդման, փորձաքննության կատարման ընթացի ապահովման եւ այլ կատարողական գործողությունների կատարման նպատակով հարկադիր կատարողը կարող է անարգել մուտք գործել պարտապանին սեփականության, ներառյալ՝ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն: Եթե կատարողական գործողությանը ներկա պարտապանը կամ պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի այլ սեփականատերը չի ապահովում հարկադիր կատարողի անարգել մուտքը, կամ եթե պարտապանը ներկա չէ կատարողական գործողությանը, ապա հարկադիր կատարողը կարող է պարտապանին սեփականության, ներառյալ՝ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն մուտք գործել դրանք բացելու միջոցով:

2.    Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություն հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է բնակարան կամ շինություն մուտք գործել դատարանի թույլտվությամբ:

3.   Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված թույլտվությունը ստանալու համար հարկադիր կատարողը դիմում է տվյալ անշարժ գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարան՝ դիմումին կցելով դիմումի եւ դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մասնակիցներին եւ տվյալ անշարժ գույքի սեփականատիրոջը (ժամանակավոր տիրապետողին) ուղարկելու վերաբերյալ ապացույցներ: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին հարկադիր կատարողը տեղեկացվում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4.    Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում եւ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումը ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Դատարանն այդ ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5.    Դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանը բավարարում է դիմումը, եթե հիմնավորվել է հարկադիր կատարողի նշած կատարողական գործողության անհրաժեշտությունը, պիտանիությունը եւ համաչափությունը: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, սակայն վերաքննիչ դատարանը չի կարող կասեցնել այդ որոշման կատարումը:

Հոդված 47. Անձի, գույքի եւ փաստաթղթերի հետախուզումը

1.  Հարկադիր կատարողն իր որոշմամբ հայտարարում է անձի հետախուզում՝ այդ անձի ներկայությունն ապահովելու եւ անհրաժեշտության դեպքում նրան ուղղված փաստաթղթեր հանձնելու նպատակով, եթե՝

1)  դա նախատեսված է կատարման ենթակա ակտով.

2)    պարտապանը փաստացի չի ստացել սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտարարագիր ներկայացնելու մասին ծանուցումը կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գույքի հասանելիությունն ապահովելու մասին գրավոր պահանջը.

3)   ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց պարտապանի կամ իրավասու անձի անձնական մասնակցության, եւ անհայտ է նրանց գտնվելու վայրը:

2.    Հարկադիր կատարողն իր որոշմամբ հայտարարում է պարտապանի գույքի եւ փաստաթղթերի հետախուզում` դրանց գտնվելու վայրը պարզելու նպատակով, եթե դա նախատեսված է կատարման ենթակա ակտով, կամ անհայտ է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ գույքի գտնվելու վայրը:

3.   Անձի եւ տրանսպորտային միջոցների հետախուզումը հարկադիր կատարողի որոշման հիման վրա իրականացնում է ոստիկանությունը:

4.    Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշման կայացմանը զուգահեռ հարկադիր կատարողը կարող է անձի, գույքի եւ փաստաթղթերի հետախուզումն իրականացնելու համար ներգրավել անձանց, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):

5.    Հարկադիր կատարողը կարող է գույքի եւ փաստաթղթերի հետախուզման մասին որոշումը հանձնել այն անձանց, որոնց տիրապետության տակ կարող են գտնվել հետախուզվող գույքը կամ փաստաթղթերը: Հետախուզվող գույքը կամ փաստաթղթերը տիրապետող անձինք պարտավոր են դրանց առկայության եւ կազմի վերաբերյալ տեղեկություններ հայտնել հարկադիր կատարողին:

6.   Անձի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է, եթե հետախուզվող անձը ներկայանում է հարկադիր կատարողին եւ ստանում է իրեն հանձնման ենթակա փաստաթղթերը:

7.    Գույքի եւ փաստաթղթերի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է դրանց գտնվելու վայրը պարզելու դեպքում:

8.   Անձի, գույքի եւ փաստաթղթերի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է նաեւ այն դեպքերում, երբ վերացել են հետախուզման հիմքերը:

Հոդված 48. Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքի սահմանափակումը

1.    Հայաստանի Հանրապետությունից հետախուզվող անձի ելքի արգելք նախատեսող դատական ակտի հիման վրա հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է Հայաստանի Հանրապետությունից հետախուզվող անձի ելքի իրավունքը:

2.    Ծառայության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հայատանի Հանրապետությունից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու մասին, եթե ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության, եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

3.   Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում եւ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումին կից ներկայացված նյութերի հիման վրա, դիմումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, բայց վերաքննիչ դատարանի դատական ակտով որոշման կատարումը կասեցվել չի կարող:

4.    Հայատանի Հանրապետությունից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակումը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է հետախուզումը դադարեցնելուց կամ ելքի իրավունքը սահմանափակելու մասին դատարանի որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

5.    Հարկադիր կատարողը Հայաստանի Հանրապետությունից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակման եւ դրա վերացման մասին անհրաժեշտ տվյալներն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Կառավարության սահմանած կարգով մուտքագրում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ:

Հոդված 49. Ֆիզիկական հարկադրանքը

1.    Հարկադիր կատարողն իրավասու է պարտապանի եւ այլ անձանց նկատմամբ կիրառել ֆիզիկական հարկադրանք (ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ), եթե այդ անձինք խոչընդոտում են կատարողական գործողությունների իրականացմանը, ինչպես նաեւ վտարման, բնակեցման պահանջների հարկադիր կատարման նպատակով, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել կատարումը:

2.    Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառում է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով սահմանված՝ դրանց գործադրման պայմանների եւ սահմանների պահպանմամբ:

3.   Հարկադիր կատարողի կողմից հրազեն գործադրելու դեպքերը, հրազենի գործադրման պայմանները եւ սահմանները սահմանվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով:

ԳԼՈՒԽ 8

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԸ

Հոդված 50. Հարկադիր կատարողի որոշումները

1.    Կատարողական վարույթի ընթացքը լուծելիս հարկադիր կատարողը կայացնում է որոշումներ: Հարկադիր կատարողը որոշում է կայացնում դրա փաստական հիմքը հայտնի դառնալուց հետո եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

2.    Կատարողական վարույթի մասնակցի կամ այլ անձի համար միջամտող վարչական ակտ ընդունելուց առաջ հարկադիր կատարողն այդ անձին լսում է սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

3.   Հարկադիր կատարողի որոշման մեջ նշվում են՝

1)    որոշումը կայացնելու օրը եւ վայրը.

2)    որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը, անունը եւ ազգանունը.

3)   կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.

4)    կատարման ենթակա ակտը, որի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթը.

5)    քննվող հարցը.

6)   կայացվող որոշման փաստական եւ իրավական հիմքերը.

7)    քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.

8)   որոշման բողոքարկման կարգը եւ ժամկետը:

4.    Որոշումը կայացրած հարկադիր կատարողը ստորագրում, իսկ որոշումը թղթային կրիչով տրամադրվելու դեպքում՝ նաեւ կնքում է այն:

5.    Հարկադիր կատարողի որոշումը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնվում (ուղարկվում) է կատարողական վարույթի մասնակիցներին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ անձանց եւ մարմիններ:

6.   Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում: Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

Հոդված 51. Կատարողական վարույթները միացնելը եւ առանձնացնելը

1.   Կատարման ենթակա ակտերի առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ:

2.    Կատարողական վարույթների միացման եւ առանձնացման մասին որոշումն ընդունում է՝

1)    Ծառայության ստորաբաժանման պետը, եթե միացվում են տվյալ ստորաբաժանումում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթները ենթակա են իրականացման տվյալ ստորաբաժանումում.

2)    գլխավոր հարկադիր կատարողը, եթե միացվում են Ծառայության տարբեր ստորաբաժանումներում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթը ենթակա է փոխանցման Ծառայության մեկ այլ ստորաբաժանում:

Հոդված 52. Կատարողական վարույթի մասնակիցների եւ այլ անձանց միջնորդությունների եւ բողոքների ներկայացումն ու քննությունը

1.    Կատարողական վարույթի մասնակիցը եւ այլ անձինք պարտավոր են վարույթում ներկայացվող իրենց միջնորդությանը եւ բողոքին կցել տվյալ միջնորդության, բողոքի եւ դրանց կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին ուղարկելու, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ փաստաթղթերը նրանց կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցներ կամ ներկայացնել այդ պարտականությունը կատարելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ այն միջնորդությունների, որոնցով կատարողական վարույթի մասնակիցն իրականացնում է իր իրավունքները, եւ որոնք չեն ազդում կատարողական վարույթի մյուս մասնակիցների իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի եւ վարույթի ընթացքի վրա: Միջնորդության (բողոքի) եւ դրան կից փաստաթղթերի պատճենները չեն ուղարկվում կատարողական վարույթի մասնակցին նաեւ սույն օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ հարկադիր կատարողը տվյալ մասնակցին չի տրամադրում կատարողական վարույթի փաստաթղթերը:

2.    Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգի խախտմամբ ներկայացված, ինչպես նաեւ նախկինում մերժված միջնորդությունները եւ բողոքները նույն հիմքով ներկայացվելու դեպքում չեն քննարկվում, ինչի մասին միջնորդություն կամ բողոք ներկայացրած անձը տեղեկացվում է միջնորդությունը կամ բողոքը ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Հոդված 53. Կատարման ենթակա դատական ակտի պարզաբանումը

1.    Կատարման ենթակա դատական ակտի պահանջը պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողը կարող է դիմել դատական ակտը կայացրած դատարան` այն պարզաբանելու համար: Հարկադիր կատարողը պարտավոր է դիմումում շարադրել կատարման ենթակա ակտի պարզաբանման կարիք առաջացրած հանգամանքները, հստակ ձեւակերպել պարզաբանման ենթակա հարցը, ինչպես նաեւ նշել կատարողական վարույթի մասնակիցների կազմը եւ նրանց ծանուցման հասցեները:

2.    Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա ակտերի պարզաբանման դիմումը՝ ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Դիմումը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, եթե դատարանը չի որոշում հրավիրել դատական նիստ՝ թելադրված դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ: Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի եւ վայրի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցվում են հարկադիր կատարողը եւ կատարողական վարույթի մասնակիցները, իսկ դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3.   Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ:

Հոդված 54. Ժամկետները կատարողական վարույթում: Կատարողական գործողությունների կատարման ժամանակը

1.    Ի լրումն առանձին կատարողական գործողությունների կատարման կամ հարկադիր կատարողի որոշումների ընդունման համար սույն օրենքով կամ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ հարկադիր կատարողի որոշմամբ սահմանված ժամկետների՝ հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթն իրականացնել առավելագույն սեղմ ժամկետում (ողջամիտ ժամկետ): Վարչական վարույթի առավելագույն ժամկետը կատարողական վարույթում չի կիրառվում:

2.    Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08.00-ից մինչեւ 20.00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը` ի թիվս այլնի հաշվի առնելով նաեւ կատարողական վարույթի մասնակիցների առաջարկները:

3.   Սույն հոդվածի 2-րդ մասով չնախատեսված օրերին եւ ժամերին կատարողական գործողություններ թույլատրվում են, եթե`

1)    անհրաժեշտ է անհապաղ կատարում.

2)    պարտապանի մեղքով հնարավոր չէ դրանց կատարումը մնացած օրերին եւ սահմանված ժամերին.

3)   անհրաժեշտ է ավարտել սահմանված ժամին սկսված կատարողական գործողությունները.

4)    դա նախատեսված է կատարման ենթակա ակտով:

4.    Հարկադիր կատարողը կարող է իր նախաձեռնությամբ կամ կատարողական վարույթի մասնակիցների միջնորդությամբ ողջամիտ ժամկետով հետաձգել կատարողական գործողությունները, եթե առկա են դրանց կատարումն արգելակող հանգամանքներ, ներառյալ՝ կատարողական վարույթի մասնակիցներին վերաբերող հարգելի պատճառներ, ինչպես նաեւ սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

5.    Սույն օրենքով սահմանված՝ օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ դրույթով:

6.   Եթե սույն օրենքով որեւէ գործողության կատարման ժամկետ սահմանված չէ, ապա այդ ժամկետը սահմանում է հարկադիր կատարողը՝ հաշվի առնելով այդ գործողության կատարման համար անհրաժեշտ եւ բավարար ժամանակը:

Հոդված 55. Կատարման հետաձգումը, տարաժամկետումը, կատարման եղանակ կամ կարգ սահմանելը եւ փոփոխելը

1.    Կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն հարկադիր կատարողին ուղղված համատեղ միջնորդությամբ խնդրելու հետաձգել կամ տարաժամկետել կատարման ենթակա ակտի կատարումը, սահմանել կամ փոփոխել կատարման եղանակ կամ կարգ: Պետական մարմինն այս իրավունքից օգտվում է, եթե օրենքով ունի նման լիազորություն: Հարկադիր կատարողը մերժում է միջնորդությունը, եթե դրանով ներկայացված առաջարկն անորոշ է, հակասում է օրենքին, անհնար է կատարել, կատարման դեպքում կարող է խախտել այլ անձանց իրավունքները, կամ եթե դրա դեմ առարկում է կատարողական վարույթի մասնակից երրորդ անձը: Եթե մերժման հիմքերն ի հայտ են եկել, ներառյալ՝ վարույթի մասնակից երրորդ անձն առարկություն է ներկայացրել միջնորդությունը բավարարելուց հետո, ապա հարկադիր կատարողը լրիվ կամ համապատասխան մասով վերացնում է իր որոշումը:

2.    Եթե կատարողական վարույթին մասնակցում են մի քանի պահանջատեր եւ (կամ) մի քանի պարտապան, ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը կարող են ներկայացնել պահանջատիրոջ եւ պարտապանի կողմում հանդես եկող առանձին անձինք՝ միայն իրենց միջեւ գործող պարտավորության մասով:

3.   Դրամական պահանջի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը հիմք չէ պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացնելու համար, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքերի: Կատարողական վարույթի կողմերի համատեղ միջնորդությունը կարող է պարունակել պայմաններ պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները լրիվ կամ մասնակի վերացնելու, պարտապանի եկամուտների վրա բռնագանձումը լրիվ կամ մասնակցի դադարեցնելու կամ դրանց վրա օրենքով թույլատրված չափով բռնագանձում տարածելու մասին:

4.    Դրամական պահանջի կատարման հետաձգման կամ տարաժամկետման դեպքում արգելադրված գույքը կարող է հարկադիր իրացման ներկայացվել միայն կետանցված պարտքի առկայության դեպքում, իսկ կատարման հետաձգման կամ տարաժամկետման մասին որոշումը հիմք է դրա ընդունման պահին ընթացող հերթական հարկադիր աճուրդը դադարեցնելու եւ աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չկնքելու համար:

5.    Կատարողական վարույթի կողմը կարող է դիմում ներկայացնել կատարման ենթակա դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան՝ ոչ դրամական պահանջի կատարման եղանակի եւ (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման խնդրանքով: Դիմումին կցվում են դիմումի եւ դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին եւ հարկադիր կատարողին ուղարկելու վերաբերյալ ապացույցներ: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին դիմողը տեղեկացվում է դիմումը դատարանում ստացվելուց հետո եռօրյա ժամկետում:

6.   Դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում այն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում: Դիմումը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, եթե դատարանը չի որոշում հրավիրել դատական նիստ՝ թելադրված դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ: Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցվում են կատարողական վարույթի մասնակիցները, իսկ դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

7.    Դատարանում դիմումի քննությունը չի կասեցնում կատարողական գործողությունները:

8.   Դիմումի քննության արդյունքներով դատարանը, առաջնորդվելով կատարողական վարույթի նպատակով եւ կատարողական վարույթի մասնակիցների իրավաչափ շահերի ողջամիտ հարաբերակցության չափանիշով, կայացնում է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ:

9.   Կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման անհնարինության դեպքում հարկադիր կատարողը մինչեւ կատարողական վարույթը սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիման վրա ավարտելու վերաբերյալ որոշում կայացնելը կատարողական վարույթի կողմերին ծանուցում է սույն հոդվածով նախատեսված իրավունքների մասին՝ պարզաբանելով այդ իրավունքների իրականացման կարգը:

10.  Հարկադիր կատարողը դիմում է ներկայացնում կատարման ենթակա դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան՝ ոչ դրամական պահանջի կատարման եղանակի եւ (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման խնդրանքով, եթե պարտապանը Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը), եւ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1)    սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի սահմանվել կամ փոփոխվել կատարման եղանակը եւ (կամ) կարգը, եւ

2)    կողմերից որեւէ մեկը չի ներկայացրել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմում:

11.   Հարկադիր կատարողի դիմումը ներկայացվում եւ քննվում է սույն հոդվածով սահմանված կանոններով: Հարկադիր կատարողի դիմումի քննության շրջանակներում դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցվում է նաեւ հարկադիր կատարողը (Ծառայությունը):

ԳԼՈՒԽ 9

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈԻՄԸ, ԱՎԱՐՏԸ ԵՎ ԿԱՐՃՈՒՄԸ

Հոդված 56. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը

1.    Հարկադիր կատարողը պարտավոր է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝

1)    կատարողական վարույթի կողմը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ եւ չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.

2)    կատարողական վարույթի կողմը մահացել է, եւ կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն օրենքով սահմանված կարգով թույլ է տալիս իրավահաջորդություն.

3)   կատարողական վարույթի անչափահաս կողմի օրինական ներկայացուցիչները մահացել են, եւ նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.

4)    պարտապանը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող պահանջատերը դիմել է համապատասխան խնդրանքով.

5)    օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան՝ կատարողական վարույթի կողմերի կնքած հաշտության համաձայնության հիման վրա դատական ակտի վերանայման դիմումով.

6)   կատարման ենթակա ակտի կատարումն օրենքով սահմանված կարգով կասեցվել է.

7)    դատարանը վարույթ է ընդունել պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում, եւ հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.

8)   պարտապան բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ճանաչվել է անվճարունակ, եւ հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.

9)   պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի բռնագանձման ենթակա գույքի արժեքը:

2.    Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով կատարողական վարույթը կասեցնում է 90 օր ժամկետով եւ կատարողական վարույթի կողմերին ծանուցում է պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին : Ի լրումն սույն օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունների, Ծառայությունը նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը 2 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով եւ Ծառայության ինտերնետային կայքում: Նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելուց հետո պարտապանի դեմ ներկայացված նոր պահանջներով հարուցված կատարողական վարույթները կասեցվում են միեւնույն հիմքով՝ սկզբնական կասեցման մնացած ժամանակահատվածով:

3.   Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի կիրառման նպատակով պարտապանի գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա իրացման մեկնարկային գնի: Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաեւ կատարողական վճարները եւ գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների պարտավորությունները:

Հոդված 57. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը

1.    Հարկադիր կատարողը կարող է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝

1)    կատարման ենթակա ակտը պարզաբանելու դիմում է ներկայացրել.

2)    նշանակել է փորձաքննություն.

3)   պարտապանը ներգրավվել է որեւէ պետական հանձնարարության կատարման մեջ.

4)    կատարողական վարույթի մասնակից երրորդ անձը մահացել է, եւ նրա իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են փոխանցվել իրավահաջորդին.

5)    պարտապան իրավաբանական անձը վերակազմակերպվում է.

6)   պարտապանը (իրավաբանական անձի իրավասու անձը) կամ նրա գույքը հետախուզվում է.

7)    գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը:

Հոդված 58. Կատարողական վարույթի կասեցման եւ վերսկսման կարգը

1.    Կատարողական վարույթով կիրառված հարկադիր կատարման միջոցները վարույթի կասեցման ժամանակահատվածում պահպանվում են, բացառությամբ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքի, որի պարագայում կիրառված հարկադիր կատարման միջոցները հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում են:

2.    Կատարողական վարույթը կարող է կասեցվել մի մասով, եթե կասեցման հիմքը վերաբերում է միայն այդ մասին:

3.   Կասեցված կատարողական վարույթով կարող են իրականացվել լրացուցիչ կատարողական գործողություններ՝ առանց վնասելու կատարողական վարույթի կասեցման նպատակին, այդ թվում՝ վարույթի վերսկսման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:

4.    Կասեցված կատարողական վարույթը հարկադիր կատարողի որոշմամբ վերսկսվում է, եթե՝

1)    վերացել են դրա կասեցումն առաջացրած հանգամանքները.

2)    սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված հիմքերով կասեցված կատարողական վարույթով հնարավոր է դարձել շարունակել կատարման ենթակա ակտի հարկադիր կատարումը.

3)   ծագել է կատարողական վարույթն ավարտելու կամ կարճելու հիմք:

Հոդված 59. Կատարողական վարույթի ավարտը

1.    Հարկադիր կատարողն իր որոշմամբ ավարտում է կատարողական վարույթը, եթե`

1)    այդ մասին միջնորդել է պահանջատերը, բացառությամբ դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթի.

2)    կատարողական վարույթի հարուցումից հետո պարզվել է, որ առկա է կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու՝ սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված հիմք.

3)   սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կասեցված կատարողական վարույթով պահանջատիրոջ մահից հետո մեկ տարվա ընթացքում միջնորդություն չի ներկայացվել պահանջատիրոջն իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ.

4)    դատարանը պարտապանին ճանաչել է սնանկ կամ բավարարել է պարտապանի սնանկության վտանգի դիմումը՝ հաստատելով ֆինանսական առողջացման ծրագիրը, եւ հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.

5)    սույն օրենքով սահմանված կատարողական գործողությունների կատարման արդյունքում հնարավոր չէ պարզել պարտապանի գտնվելու վայրը, եւ հարկադիր կատարումն անհնար է առանց պարտապանի անձնական մասնակցության.

6)   սույն օրենքով սահմանված կատարողական գործողությունների կատարման արդյունքում հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարողի հասանելիությունը կատարման ենթակա ակտի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքին, կամ հնարավոր չէ պարզել այդ գույքի գտնվելու վայրը կամ գույքի վրա բռնագանձում տարածելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.

7)    պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել.

8)   ավարտվել են մահացած պարտապանի ժառանգի գույքի եւ եկամուտների վրա տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով բռնագանձում տարածելուն ուղղված կատարողական գործողությունները.

9)   պարբերական կամ շարունակական կատարում ենթադրող պարտավորությունը կատարվում է առանց հարկադիր կատարման միջոցների կիրառման, կամ պահանջատիրոջ օգտին կատարվում են պարբերական վճարումներ՝ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու միջոցով, եւ չկա այլ կատարողական գործողությունների անհրաժեշտություն.

10)  անհնարին է ոչ դրամական պահանջի հարկադիր կատարումը.

11)   չեն ծագել սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի նկատմամբ հարկադիր կատարման միջոցներ կիրառելու՝ սույն օրենքով սահմանված նախադրյալները.

12)  ապահովման վարույթով ավարտվել են անհրաժեշտ կատարողական գործողությունները:

2.    Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով կատարողական վարույթն ավարտելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը, ի լրումն սույն օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունների, այդ որոշման եւ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին հայտարարագրի պատճեններն ուղարկում է պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռը կայացրած դատարան:

3.   Կատարողական վարույթով կիրառված հարկադիր կատարման միջոցները վարույթի ավարտից հետո պահպանվում են, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված դեպքերի, որոնց պարագայում կիրառված հարկադիր կատարման միջոցները հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում են:

4.    Ավարտված կատարողական վարույթով կարող են իրականացվել վարույթի վերսկսման հիմքերը պարզելուն ուղղված կատարողական գործողություններ:

5.    Ավարտված կատարողական վարույթը հարկադիր կատարողի որոշմամբ վերսկսվում է, եթե՝

1)    սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված կատարողական վարույթով պահանջատերը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել է հարկադիր կատարման նոր դիմում, եւ առկա չէ կատարողական վարույթի վերսկսումը մերժելու հիմք.

2)    վերացել են կատարողական վարույթն ավարտելու հիմքերը, կամ անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու լրացուցիչ կատարողական գործողություններ.

3)   առկա է կատարողական վարույթը կարճելու հիմք:

Հոդված 60. Կատարողական վարույթը կարճելը

1.    Հարկադիր կատարողն իր որոշմամբ կարճում է կատարողական վարույթը, եթե`

1)    կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը կատարվել է կամ դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով.

2)    պահանջատերը հրաժարվել է իր պահանջների կատարումից կամ հրաժարվել է ընդունել կատարման ենթակա ակտով իրեն հանձնման ենթակա գույքը, բացառությամբ դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթի.

3)   պահանջատերն ու պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, եւ այն հաստատել է դատարանը.

4)    կատարողական վարույթի կողմը մահացել է, եւ կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը թույլ չի տալիս իրավահաջորդություն.

5)    կատարման ենթակա ակտը վերացվել է. սույն կետի իմաստով կատարման ենթակա ակտը համարվում է վերացված, եթե այն օրենքով սահմանված կարգով բեկանվել է, վերացվել է, ուժը կորցրած, չեղյալ, անվավեր կամ ոչ իրավաչափ է ճանաչվել, հաստատվել է դրա առոչինչ լինելը, կամ այլ կերպ դադարել է դրա կատարելիությունը.

6)   կատարողական վարույթի կողմ իրավաբանական անձը լուծարվել է.

7)    պահանջատիրոջ մասնակցություն չենթադրող միջանկյալ դատական ակտի կատարման վարույթով օրինական ուժի մեջ է մտել եզրափակիչ դատական ակտը.

8)   հայցը (դիմումը) թողնվել է առանց քննության կամ մերժվել է, կամ դատական գործի վարույթը կարճվել է՝ հայցի (դիմումի) կամ եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովման որոշումների կատարման վարույթներով:

2.    Կատարողական վարույթի ընթացքում պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում պահանջատերը չի կարող հղում անել պարտավորության մաս առ մաս կատարումը չընդունելու իրավունքին, եւ պարտավորությունը տվյալ մասով համարվում է պատշաճ կատարված:

3.   Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճելու դեպքում իր որոշմամբ վերացնում է կատարողական վարույթով կիրառված հարկադիր կատարման միջոցները:

4.    Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ԲԱԺԻՆ 3

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՆԹԱԲԱԺԻՆ ԱՌԱՋԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 10

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 61. Դրամական պահանջների հարկադիր կատարման միջոցները

1.    Պարտապանի նկատմամբ դրամական պահանջի, ներառյալ՝ դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու պահանջի հարկադիր կատարումն իրականացվում է պարտապանի գույքի (ներառյալ՝ այլ անձանց մոտ գտնվող) եւ եկամուտների վրա բռնագանձում տարածելու միջոցով: Դրամական պահանջի կատարման վարույթով կարող են կիրառվել նաեւ հարկադիր կատարման այլ միջոցներ՝ օրենքով, կատարման ենթակա ակտով կամ հարկադիր կատարողի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարման նպատակով:

2.    Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է պարտապանի գույքի կազմը պարզելը, դրա վրա արգելանք դնելը եւ հարկադիր իրացնելը:

3.   Պարտապանի գույքի եւ եկամուտների վրա բռնագանձում (ներառյալ՝ արգելանք) տարածվում է այն չափով, որը բավարար է կատարման ենթակա ակտով սահմանված պահանջի բավարարումը եւ կատարողական վճարների գանձումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով կատարման ենթակա պահանջի կայուն կամ աճողական լինելը, բռնագանձման ենթակա գույքի հատկանիշները, գույքի նկատմամբ այլ անձանց գույքային իրավունքները, այլ սահմանափակումներն ու ծանրաբեռնվածությունները, դրա շուկայական արժեքի փոփոխման հավանականությունը եւ իրացվելիության աստիճանը:

4.    Կատարման ենթակա ակտով բռնագրավման ենթակա գույքն անհատապես որոշված չլինելու դեպքում գույքի բռնագրավումը կատարվում է սույն ենթաբաժնով սահմանված կարգով՝ բռնագրավման ենթակա միայն այն գույքի նկատմամբ, որի վրա այլ պահանջներով բռնագանձում (ներառյալ՝ արգելանք) չի տարածվել՝ անկախ պահանջների ներկայացման հերթականությունից:

Հոդված 62. Պարտապանի՝ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը

1.    Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածվում է ընդհանուր կարգով՝ այն առանձնահատկություններով, որոնք սահմանված են սույն հոդվածով: Սույն հոդվածի իմաստով այլ անձի մոտ գտնվող է համարվում ինչպես ֆիզիկապես տվյալ անձի տիրապետման ներքո գտնվող գույքը, այնպես էլ այն գույքը, որի տիրապետման եւ տնօրինման հնարավորությունը պայմանավորված է այդ անձի գործողություններով:

2.    Պարտապանի գույքը տիրապետող անձինք (պարտապանի կոնտրագենտները) պարտավոր են հարկադիր կատարողի պահանջով հայտնել գույքի վերաբերյալ, դրա նկատմամբ հարկադիր կատարողի հասանելիությունն ապահովող տեղեկություններ եւ այդ գույքը հանձնել հարկադիր կատարողին: Այդ պահանջը չկատարվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է իր որոշմամբ առգրավել պարտապանի գույքը այն տիրապետող անձից, իսկ եթե այդ անձի մոտ պահվում են պարտապանի դրամական միջոցները, ապա՝ համապատասխան չափով դրամական միջոցներ բռնագանձել նրանից:

3.   Եթե պարտապանի՝ այլ անձի մոտ պահվող գույքի նկատմամբ հասանելիություն ապահովելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու համար օրենքով, այլ իրավական ակտով կամ պայմանագրով անհրաժեշտ է որոշակի փաստացի կամ իրավաբանական գործողությունների կատարում պարտապանի կողմից, եւ եթե հարկադիր կատարողը սույն օրենքի 43-րդ հոդվածի կարգով գործում է պարտապանի անունից, ապա պարտապանի կոնտրագենտը հարկադիր կատարողի պահանջով պարտավոր է կատարել իր եւ պարտապանի հարաբերություններից բխող գործողություններ:

4.    Սույն հոդվածի կանոնները կիրառվում են անկախ պարտապանի գույքն այլ անձի մոտ գտնվելու իրավական հիմքերի առկայությունից, բացակայությունից կամ դրանց դադարումից:

Հոդված 63. Բռնագանձման հերթականությունը

1.    Բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:

2.    Դրամական միջոցների անբավարարության դեպքում բռնագանձումը տարածվում է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի, ներառյալ՝ կատարման ենթակա ակտում նախատեսված լինելու դեպքում՝ երրորդ անձ գրավատուի գույքի վրա, այնուհետեւ պարտապանին պատկանող այլ գույքի եւ եկամուտների վրա, բացառությամբ այն գույքի եւ եկամուտների, որոնց վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:

3.   Եթե այլ բան նախատեսված չէ կատարման ենթակա ակտով, ապա պարտապանի այլ գույքի եւ եկամուտների վրա բռնագանձումը տարածվում է հետեւյալ հերթականությամբ.

1)    պարտապան ֆիզիկական անձի պարագայում՝

ա. շարժական գույք.

բ. անշարժ գույք.

գ. եկամուտներ.

2)    պարտապան իրավաբանական անձի պարագայում՝

ա. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված շարժական գույք.

բ. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված անշարժ գույք.

գ. պատրաստի արտադրանք.

դ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

ե. այլ գույք.

3)   պարտապան անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝

ա. ձեռնարկատիրական գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված շարժական գույք, բացառությամբ անձնական կամ ընտանեկան նպատակներով օգտագործվող գույքի.

բ. ձեռնարկատիրական գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված անշարժ գույք, բացառությամբ անձնական կամ ընտանեկան նպատակներով օգտագործվող գույքի.

գ. պատրաստի արտադրանք.

դ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ.

ե. ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավված այլ գույք.

զ. անձնական կամ ընտանեկան նպատակներով օգտագործվող շարժական գույք.

է. անձնական կամ ընտանեկան նպատակներով օգտագործվող անշարժ գույք.

ը. եկամուտներ:

4.    Ստորեւ նշված գույքի վրա բռնագանձում տարածվում է այլ գույքի եւ եկամուտների վրա բռնագանձում տարածելուց հետո՝ հետեւյալ հերթականությամբ.

1)    այլ անձանց գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածում նշված գույքային իրավունքներ.

2)    այլ անձանց՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածում նշված գույքային իրավունքներով (ներառյալ՝ պահանջատեր չհանդիսացող անձի առաջնային (նախորդող) գրավի իրավունքով) ծանրաբեռնված գույք.

3)   փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր.

4)    ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ կամ անբաժանելի շարժական գույքում պարտապանի բաժին.

5)    տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կապիտալում լիակատար ընկերոջ բաժնեմաս.

6)   սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմաս, փայեր կոոպերատիվներում:

5.    Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջեւ հասարակ գրավոր ձեւով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում՝ պայմանով, եթե հատուցվում են նման փոփոխության հետեւանքով արգելանքից ազատվող գույքի արգելադրման, պահատվության ծախսերը եւ հարկադիր իրացման (ներառյալ՝ հերթական կրկնաճուրդի) չներկայացվող գույքի գնահատման ծախսերը: Բռնագանձման հերթականությունը փոփոխելու համաձայնությունը չի կարող հանգեցնել արգելադրված գույքի ընթացիկ հերթական աճուրդի դադարեցման եւ արգելք չէ աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու համար:

6.   Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածվում է միայն նախորդ հերթի գույքի (եկամուտների) վրա բռնագանձում (ներառյալ՝ սույն օրենքի 94-րդ հոդվածով նախատեսված արտադատական կարգով) տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածելու կամ նախորդ հերթում ընդգրկված գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածելուն զուգահեռ հաջորդ հերթի գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածվում է, եթե՝

1)    ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը բավարար չէ պահանջների կատարման եւ կատարողական վճարների բռնագանձման համար.

2)    հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարողի հասանելիությունը նախորդ հերթում ընդգրկված գույքին, կամ հնարավոր չէ պարզել նախորդ հերթի գույքի գտնվելու վայրը կամ գույքի վրա բռնագանձում տարածելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.

3)   նախորդ հերթում ընդգրկված գույքի վրա բռնագանձում տարածել հնարավոր չէ պարտապանի ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) պատճառով.

4)    նախորդ հերթում ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել.

5)    հնարավոր չէ բռնագանձում տարածել երրորդ անձ գրավատուին պատկանող գրավադրված գույքի վրա, քանի որ դատարանը սնանկ է ճանաչել երրորդ անձ գրավատուին կամ բավարարել է երրորդ անձ գրավատուի սնանկության վտանգի դիմումը՝ հաստատելով ֆինանսական առողջացման ծրագիրը.

6)   պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու պարագայում դրանց չափը բավարար չէ առավելագույնը վեց ամսվա ընթացքում պահանջների կատարման եւ կատարողական վճարների բռնագանձման համար:

7.    Միեւնույն հերթում ընդգրկված գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:

8.   Պարտապանի գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) եւ եկամուտների առանձին տեսակների վրա բռնագանձում չի տարածվում, եթե դա բացառվում է կատարման ենթակա ակտով:

9.   Գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարման ենթակա ակտի հիման վրա բռնագանձումը տարածվում է միայն գրավի առարկայի վրա, եթե կատարման ենթակա ակտը չի պարունակում նշում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին:

10.  Բռնագանձման հերթականության կանոնները կիրառվում են պարտապանի այն գույքի եւ եկամուտների նկատմամբ, որոնց վերաբերյալ տեղեկություններ են ստացվել սույն օրենքի 12-րդ գլխով սահմանված միջոցներով: Եթե պարտապանը խոչընդոտում է իր գույքի եւ եկամուտների կազմը պարզելուն կամ դրա հետ կապված իր պարտականությունները կատարում է ոչ պատշաճ, ապա կրում է բռնագանձման հերթականությունը հարկադիր կատարողին հայտնի գույքի եւ եկամուտների շրջանակներում որոշվելու բացասական հետեւանքների ռիսկը:

Հոդված 64. Գույքը եւ եկամուտները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել

1.    Բռնագանձում չի կարող տարածվել հետեւյալ գույքի վրա՝

1)    պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ՝ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող՝ գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային եւ մանկական պարագաների՝ այնքանով, որքանով նշված գույքն անհրաժեշտ է պարտապանի եւ նրա ընտանիքի նվազագույն կենսական եւ կենցաղային կարիքները հոգալու համար.

2)    պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ՝ անհատ ձեռնարկատիրոջ) մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների եւ գրականության.

3)   պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ՝ անհատ ձեռնարկատիրոջ) ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաեւ գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի եւ հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի.

4)    հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ, ինչպես նաեւ նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների եւ այլ աջակցող միջոցների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.

5)    պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ՝ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, եւ որի առաջիկա հարկադիր աճուրդի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության նորմատիվ իրավական ակտով սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Կառավարության սահմանած նվազագույն գումարը գերազանցող գնով, ապա այդ նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին.

6)   Կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.

7)    «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի.

8)   Կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն տրամադրված գույքի, եթե Կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ.

9)   պարտապանին պատկանող մինչեւ 20 հազար դրամ արժողությամբ գույքի, եթե այդ գույքը նշված արժեքը գերազանցող մեկ միասնական խմբաքանակի կամ բաղադրատարր գույքի մաս չէ.

10)  օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ գույքի:

2.    Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը չեն տարածվում պերճանքի առարկաների, թանկարժեք նյութերից պատրաստված կամ պատմական կամ գեղարվեստական արժեք ունեցող իրերի վրա:

3.   Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ՝

1)    գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար.

2)    բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները.

3)   կատարողական վարույթի (ներառյալ՝ ապահովման վարույթի) ընթացքում պարտապանին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, եւ պարտապանն օտարել է արգելանքից ազատ բնակարան(ներ)ը՝ պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ:

4.    Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա պարտապանին վերադարձվող գումարը պարտապանի ընտրությամբ փոխանցվում է Ծառայության դեպոզիտ հաշվին կամ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում պարտապանի անունով բացված հատուկ բանկային հաշվին: Պարտապանն այդ դրամական միջոցները Կառավարության նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով կարող է տնօրինել միայն բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու, իր կամ մերձավոր ազգականի (ամուսին, զավակ, ծնող, տատ, պապ, թոռ, քույր, եղբայր) բուժման կամ կրթության, ինչպես նաեւ կատարման ենթակա ակտը կատարելու նպատակներով: Սույն մասով նախատեսված՝ դրամական միջոցների տնօրինման սահմանափակումները հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում են սույն օրենքով սահմանված հիմքերով պարտապանի գույքի վրա դրված բոլոր արգելանքները վերացվելու դեպքում:

5.    Բռնագանձում չի կարող տարածվել հետեւյալ եկամուտների վրա`

1)    քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման (այդ թվում՝ կերակրողի մահվան հետեւանքով վնաս կրած անձանց վնասի հատուցման) գումարներ, ներառյալ եթե վնասը պատճառվել է պայմանագրային պարտավորություններ, ինչպես նաեւ զինվորական ծառայություն, ոստիկանական ծառայություն կամ այլ համապատասխան պարտականություններ կատարելիս.

2)    ալիմենտներ.

3)   որպես պետական նպաստ կամ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով որպես սոցիալական աջակցություն ստացվող եկամուտներ.

4)    Կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն տրամադրված եկամուտներ, եթե Կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ եկամուտը բռնագանձման ենթակա չէ.

5)    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվող լրացուցիչ աշխատավարձ.

6)   հաշմանդամության հետ կապված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վճարվող գումարներ, այդ թվում՝ հաշմանդամության կենսաթոշակներ.

7)    աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարման նպատակով գործուղման դեպքում վճարվող օրապահիկի եւ գործուղման հետ կապված ծախսերի հատուցման գումարներ.

8)   աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում վճարվող արձակման նպաստ.

9)   պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին եւ սովորողներին վճարվող դրամական ապահովություն.

10)  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին վճարվող պատվովճար:

6.   Բռնագանձման ոչ ենթակա գույքի կամ եկամուտների փոխակերպմամբ ստացված գույքը բռնագանձման ենթակա է, բացառությամբ եթե փոխակերպման արդյունքում ձեռք է բերվել կամ ստեղծվել է սույն հոդվածով նախատեսված գույք:

ԳԼՈՒԽ 11

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՊԱՐԶԵԼԸ

Հոդված 65. Պարտապանի գույքի եւ եկամուտների կազմը պարզելու միջոցները

1.    Հարկադիր կատարողը պարտապանի գույքի եւ եկամուտների կազմը պարզում է՝

1)    գրանցող մարմիններից եւ պարտապանի կոնտրագենտներից պարտապանի, պարտապանի ամուսնու (ներառյալ՝ նախկին) գույքի, պարտապանի եկամուտների եւ դրանց ձեռքբերման (վճարման) հիմքերի մասին տեղեկատվություն ստանալով.

2)    նոտարներից պարտապանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերի մասին տեղեկատվություն ստանալով.

3)   պարտապանի բնակության (գտնվելու) կամ գործունեության վայրում, պարտապանին պատկանող կամ նրա տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի տարածքում գույքագրում իրականացնելով.

4)    պարտապանից իրեն պատկանող գույքի, եկամուտների եւ գույքային իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին հայտարարագիր վերցնելով:

2.    Կատարողական վարույթի մասնակիցները կարող են հարկադիր կատարողին հայտնել պարտապանի գույքի եւ եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, որոնք հարկադիր կատարողը ստուգում է սույն օրենքով սահմանված կարգով:

3.   Պարտապանի գույքի կազմը չի պարզվում, եթե կատարման ենթակա ակտի համաձայն՝ բռնագանձումը կարող է տարածվել միայն որոշակի գույքի վրա:

Հոդված 66. Պարտապանի գույքի եւ եկամուտների մասին տեղեկատվության հարցումը

1.    Դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ (նույն օրը) հարկադիր կատարողը միջոցներ է ձեռնարկում գրանցող մարմիններից, պարտապանի կոնտրագենտներից եւ նոտարներից պարտապանի գույքի եւ եկամուտների, դրանց ձեռքբերման (վճարման) հիմքերի, գույքի նկատմամբ սահմանափակումների, ծանրաբեռնվածությունների եւ այլ անձանց իրավունքների, պարտապանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու ուղղությամբ (այսուհետ՝ տեղեկատվության հարցում):

2.    Տեղեկատվության հարցումը կարող է իրականացվել՝

1)    սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններին եւ անձանց համապատասխան հարցում ուղարկելով.

2)    սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններին եւ անձանց պարտապանի գույքի վրա առանց կոնկրետ գույքի նշման արգելանք դնելու որոշում ուղարկելով.

3)   հարկադիր կատարողի համար իրական ժամանակում համապատասխան տվյալների շտեմարանի մատչելիությունն ապահովելով:

3.   Պետական մարմիններից, նոտարներից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների եւ եկամուտների վրա բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը եւ ժամկետները սահմանվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

4.    Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպություններից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների եւ եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հաղորդագրությունների ձեւերը, դրանց կիրառման, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը եւ ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի՝ արդարադատության նախարարի հետ համաձայնեցված նորմատիվ իրավական ակտով:

5.    Պարտապանի այլ կոնտրագենտներից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների եւ եկամուտների վրա բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը եւ ժամկետները սահմանվում են արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:

6.   Սույն հոդվածի 3-5-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում չնշված գրանցող մարմիններին եւ պարտապանի կոնտրագենտներին տեղեկատվության հարցում ուղարկվում է, եթե տվյալ գույքի կամ եկամուտի մասին տվյալներ են ստացվել կատարողական վարույթի ընթացքում:

7.    Հարկադիր կատարողը սույն հոդվածով սահմանված կարգով տեղեկատվության հարցում է ուղարկում նաեւ պարտապանի ներկա կամ նախկին ամուսնու վերաբերյալ (բացառությամբ եկամուտների եւ ժառանգության իրավունքի վկայագրերի մասին)՝ նրանց վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո անհապաղ, պարտապանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմը պարզելու նպատակով:

8.   Եթե պարտապանի նկատմամբ դրամական պահանջի հարկադիր կատարման եւ դրամական պահանջի ապահովման բոլոր վարույթներով կիրառված արգելանքների չափերի հանրագումարը չի գերազանցում 100 հազար դրամը, ապա տեղեկատվության հարցում չի իրականացվում պարտապանին պատկանող անշարժ գույքի, արժեթղթերի, տնտեսական ընկերությունների կանոնադրական կապիտալում բաժնեմասերի, նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների, ինչպես նաեւ պարտապանի ներկա կամ նախկին ամուսնու գույքի վերաբերյալ:

Հոդված 67. Պարտապանի գույքի գույքագրումը

1.  Պարտապանի գույքի գույքագրումն իրականացվում է կատարողական վարույթի հարուցումից հետո հնարավոր սեղմ ժամկետում՝ պարտապանի բնակության (գտնվելու), գործունեության վայրում, պարտապանին պատկանող, նրա տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի տարածքում գտնվող շարժական գույքի կազմը, հատկանիշները եւ վիճակն արձանագրելով:

2.  Պարտապանի տիրապետման ներքո գտնվող գրանցման ոչ ենթակա գույքը համարվում է պարտապանի սեփականությունը, քանի դեռ այլ բան ապացուցված չէ:

3.   Գույքագրման ենթակա չէ այն գույքը, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:

4.    Գույքագրում չի իրականացվում, եթե պարտապանի նկատմամբ դրամական պահանջի հարկադիր կատարման եւ դրամական պահանջի ապահովման բոլոր վարույթներով կիրառված արգելանքների չափերի հանրագումարը չի գերազանցում 100 հազար դրամը, բացառությամբ եթե այլ միջոցներով պարզված գույքի արժեքը բավարար չէ բոլոր պահանջների կատարման համար:

5.  Հարկադիր կատարողը պահանջատիրոջը հրավիրում է մասնակցել գույքագրմանը, եթե պահանջատերը նախապես գրավոր հայտնել է նման ցանկություն: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:

Հոդված 68. Պարտապանի գույքի եւ եկամուտների հայտարարագրումը

1.    Դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու որոշումը պարտապանին ուղարկելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է նրան պատկանող եւ կատարողական վարույթի (ներառյալ՝ դրամական պահանջի ապահովման վարույթի) հարուցման պահին պատկանած գույքի, եկամուտների եւ գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին հայտարարագիր (այսուհետ՝ հայտարարագիր կամ առաջին հայտարարագիր) ներկայացնելու պարտականության մասին՝ զգուշացնելով այդ պարտականության խախտման համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին: Ծանուցումը ներառում է նաեւ նշում այն մասին, որ պարտապանը պարտավոր է հայտարարագրեր ներկայացնել առաջին հայտարարագիրը ներկայացնելուց հետո ձեռք բերվող (ստացվող) գույքի, եկամուտների եւ գույքային իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին (այսուհետ՝ հետագա հայտարարագրեր):

2.    Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ուղարկում է նաեւ պարտապանի իրավահաջորդին՝ վերջինիս վարույթում ներգրավելու որոշումն ուղարկելու հետ միաժամանակ: Իրավահաջորդության կարգով վարույթում ներգրավված պարտապանը հայտարարագրում պարտավոր է նշել նաեւ, թե որ գույքն է ժառանգությամբ ստացել իրավանախորդից:

3.   Պարտապանը պարտավոր է առաջին հայտարարագիրը հարկադիր կատարողին ներկայացնել ծանուցումը ստանալուց, իսկ հետագա հայտարարագիրը՝ դրա հիմքը ծագելուց հետո հինգ օրվա ընթացքում: Հայտարարագիրը ստորագրում է անձամբ պարտապանը (պարտապան իրավաբանական անձի իրավասու անձը):

4.    Պարտապանը կարող է հետագա հայտարարագիր չներկայացնել, եթե դա թույլատրել է հարկադիր կատարողը: Հարկադիր կատարողը կարող է թույլատրել չներկայացնել հետագա հայտարարագրեր, եթե պարտապանի պարզված գույքի արժեքը բավարար է կատարման ենթակա ակտի պահանջը կատարելու համար:

5.    Պարտապանից հայտարարագիր չի պահանջվում, եթե նրա նկատմամբ դրամական պահանջի հարկադիր կատարման եւ դրամական պահանջի ապահովման բոլոր վարույթներով կիրառված արգելանքների չափերի հանրագումարը չի գերազանցում 100 հազար դրամը:

6.   Հայտարարագրի ձեւը եւ դրա ներկայացման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 69. Գույքի հասանելիությունն ապահովելու պարտականությունը

1.    Պարտապանը պարտավոր է կատարել բռնագանձման ենթակա գույքին հարկադիր կատարողի հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ՝ հարկադիր կատարողի որոշմամբ կամ պահանջով սահմանված գործողությունները, ներառյալ՝ տրամադրել դրա համար անհրաժեշտ բանալիները, գաղտնաբառերը եւ այլ տվյալներն ու գործիքները, իսկ հարկադիր կատարողի կողմից գույքի առգրավման պահանջ ներկայացվելու դեպքում՝ գույքը հանձնել հարկադիր կատարողին:

2.    Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը ներկայացնելիս պարտապանին գրավոր զգուշացնում է գույքի հասանելիությունն ապահովելու պարտականության խախտման համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին՝ այդ մասին նշում կատարելով համապատասխան կատարողական գործողության արձանագրության մեջ:

ԳԼՈՒԽ 12

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼԸ

Հոդված 70. Արգելանքի բովանդակությունը

1.    Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը ներառում է գույքը տնօրինելն արգելելը, ներառյալ՝ գույքն այլ անձանց գույքային իրավունքներով ծանրաբեռնելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրա օգտագործման իրավունքը լրիվ կամ մասնակի սահմանափակելը եւ այն առգրավելը:

2.    Արգելվում է արգելադրված գույքը վերափոխելը, վնասելը, ոչնչացնելը, քանդելը, ապամոնտաժելը, ինչպես նաեւ արգելադրված անշարժ գույքի վրա շինարարություն իրականացնելը, բացառությամբ եթե շինարարության թույլտվությունը տրվել է մինչեւ գույքի վրա արգելանք դնելը:

3.   Արգելվում է արգելադրված գույքը տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

4.    Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

5.    Արգելանքը խոչընդոտ չէ՝

1)    սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունների կատարման համար, եթե դրանք կատարելու պարտականությունը սահմանված է օրենքով կամ կատարման ենթակա ակտով.

2)    սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունների փաստացի կատարման հիմքով պետական գրանցման (հաշվառման) համար, ինչպես նաեւ սեփականության իրավունքի առաջին պետական գրանցման համար.

3)   արգելադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պարտապանի իրավահաջորդին անցնելու համար, սակայն պարտապանին իրավահաջորդով փոխարինելուց հետո արգելանքը պահպանվում է:

Հոդված 71. Արգելանքի տեսակները

1.    Արգելանքի տեսակներն են՝

1)    առանց կոնկրետ գույքի նշման արգելանքը,

2)    կոնկրետ գույքի վրա դրված արգելանքը,

3)   շրջանառության մեջ գտնվող ապրանքների արգելանքը:

2.    Առանց կոնկրետ գույքի նշման արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է գրանցող մարմիններին եւ պարտապանի կոնտրագենտներին, որոնք, ստանալով որոշումը, դրանով սահմանված չափով անհապաղ կիրառում են արգելանքը՝ այն գրանցելով (հաշվառելով) համապատասխան տվյալների շտեմարաններում պարտապանի անունով գրանցված (հաշվառված) գույքի եւ պարտապանի կողմից հետագայում ձեռք բերվող (գրանցվող, հաշվառվող) գույքի նկատմամբ, եւ փաստացի արգելադրված գույքի մասին հայտնում են հարկադիր կատարողին:

3.   Կոնկրետ գույքի վրա արգելանք դնելու որոշմամբ հարկադիր կատարողը նշում է գույքը նույնականացնող տվյալները, ինչպես նաեւ, համապատասխան տվյալների շտեմարանի առկայության դեպքում, որոշումն ուղարկում է համապատասխան գրանցող մարմնին կամ այլ միջոցներ է ձեռնարկում արգելանքն այդ շտեմարանում գրանցելու (հաշվառելու) ուղղությամբ:

4.    Պարտապան իրավաբանական անձին եւ անհատ ձեռնարկատիրոջը պատկանող շրջանառության մեջ գտնվող ապրանքների (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի եւ այլն) վրա արգելանք կիրառելիս հարկադիր կատարողը կարող է պարտապանին թույլատրել փոխել արգելադրված գույքի կազմը եւ բնական ձեւը՝ պայմանով, որ դրա ընդհանուր արժեքը չնվազի: Հարկադիր կատարողն իրավասու է ստուգել շրջանառության մեջ գտնվող ապրանքների կիրառման պայմանները, իսկ արգելանքի խախտման դեպքում՝ արգելանք դնել կոնկրետ գույքի վրա:

Հոդված 72. Արգելադրված գույքի օգտագործման իրավունքը սահմանափակելը եւ այն առգրավելը

1.    Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից՝ հարկադիր կատարողը կարող է, իսկ կատարման ենթակա ակտում նախատեսված լինելու դեպքում պարտավոր է լրիվ կամ մասնակի սահմանափակել արգելադրված գույքի օգտագործման իրավունքը, առգրավել այն կամ դրա առանձին բաղադրամասերը:

2.    Պարտադիր առգրավման ենթակա են կանխիկ դրամը, արտարժույթը, փաստաթղթային արժեթղթերը, թանկարժեք մետաղները եւ քարերը, ոսկերչական եւ ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից եւ ադամանդից պատրաստված զարդերը, ինչպես նաեւ դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները:

3.   Արգելադրված անշարժ գույքի օգտագործման իրավունքը կարող է սահմանափակվել, ներառյալ՝ հարկադիր կատարողի որոշման հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով վտարում իրականացնելու միջոցով, միայն այդ անշարժ գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելու դեպքում, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով այլ բան նախատեսված չէ:

4.    Պարտապան իրավաբանական անձի եւ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության մեջ անմիջականորեն ներգրավված արգելադրված հիմնական միջոցների օգտագործման իրավունքը մինչեւ այդ գույքն իրացման արդյունքում նոր սեփականատիրոջը հանձնելը չի կարող սահմանափակվել, բացառությամբ կատարման ենթակա ակտով նախատեսված դեպքերի եւ այն դեպքերի, երբ պարտապանը խախտել է արգելանքից բխող սահմանափակումները:

Հոդված 73. Արգելադրված գույքի պահպանությունը

1.  Կատարողական գործողությունների իրականացման ժամանակ պարտապանի գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա՝ պահառուին գրավոր նախազգուշացնելով արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Կատարողական գործողությանը պարտապանի ներկայության դեպքում գույքն ի պահ հանձնելիս նախապատվությունը տրվում է պարտապանին:

2.  Կատարողական վարույթի մասնակիցը կարող է հարկադիր կատարողին գրավոր միջնորդել առգրավված գույքն իր հաշվին իր մատնանշած՝ պահատվություն իրականացնող մասնագիտացված անձի (արհեստավարժ պահառուի) պահպանությանը հանձնելու վերաբերյալ: Այդ դեպքում հարկադիր կատարողը՝ որպես միջնորդություն ներկայացրած մասնակցի ներկայացուցիչ, արհեստավարժ պահառուի հետ կնքում է գույքի պահատվության պայմանագիր: Նման պահատվության պայմանագրով պահառուն պարտավոր է պահատվության առարկա գույքը հանձնել (վերադարձնել) միայն հարկադիր կատարողին, իսկ այլ անձի (այդ թվում՝ պայմանագրով պահատուին)՝ հանձնել (վերադարձնել) բացառապես հարկադիր կատարողի համաձայնությամբ: Պահատվության պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն հարկադիր կատարողի համաձայնությամբ:

3. Շարժական գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը կազմակերպում է հարկադիր կատարողը Ծառայության միջոցներով: Ծառայության միջոցներով գույքի պահպանության վճարների դրույքաչափերը սահմանվում են արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:

4.  Պարտադիր առգրավման ենթակա գույքը պահպանվում է միայն սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով:

5.  Անշարժ գույքի պահպանության անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է դրա պահպանությունը՝ ներգրավելով նման գործունեության իրավասություն (լիցենզիա, թույլտվություն) ունեցող պետական մարմինների կամ անձանց:

6.   Ծառայության միջոցներով պահպանվող շարժական գույքի պահպանման անհրաժեշտությունը վերանալու դեպքում հարկադիր կատարողն այդ մասին ծանուցում է պարտապանին (գույքի սեփականատիրոջը)՝ ծանուցման մեջ նշելով գույքի պահպանության համար կատարվող ամսական ծախսերի չափը եւ այն ժամկետը, որի ընթացքում գույքը պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն տնօրինելու օրենքով սահմանված կարգով:

7.    Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց, իսկ գույքի պահպանման ժամկետը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով երկարաձգվելու դեպքում երկարաձգված ժամկետի ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից գույքը չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է իր որոշմամբ այն իրացնել սույն օրենքով սահմանված կարգով՝ իրացումից ստացված գումարը գույքի պահպանության հետ կապված ծախսերը պահելուց հետո փոխանցելով պարտապանին (գույքի սեփականատիրոջը):

8.   Ծառայության միջոցներով պահպանվող՝ սույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 9-րդ կետերով նախատեսված գույքը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում ենթակա է ոչնչացման արդարադատության նախարարի սահմանած կարգով:

9.   Պարտապանը (գույքի սեփականատերը) իրավունք ունի սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմում ներկայացնելու հարկադիր կատարողին՝ Ծառայության միջոցներով գույքի պահպանման ժամկետը մինչեւ վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ դիմումին կցելով Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին երկարաձգվող ժամկետի ընթացքում գույքի պահպանության ծախսերը, իսկ գույքը սույն օրենքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով պահպանության ընդունված լինելու դեպքում՝ սույն օրենքով հաշվարկվող կատարողական վճարները վճարելը հավաստող ապացույց:

Հոդված 74. Արգելադրված գույքի թույլատրելի տնօրինումը

1.  Հարկադիր կատարողը պարտապանի միջնորդության հիման վրա իր որոշմամբ թույլատրում է պարտապանին սույն օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքից ոչ պակաս գնով վաճառել արգելադրված գույքը մինչեւ դրա հարկադիր աճուրդը սկսվելը՝ պայմանով, որ վաճառքի գինը կվճարվի Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին մինչեւ արգելադրված գույքը գնորդին հանձնելը (մինչեւ գնորդի սեփականության իրավունքի գրանցումը կամ հաշվառումը):

2.  Հարկադիր կատարողը պարտապանի միջնորդության հիման վրա իր որոշմամբ թույլատրում է պարտապանին արգելանքի տակ գտնվող՝ սեփականության իրավունքով վերջինիս պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորը վաճառել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին՝ վերջինիս հետ կնքված պայմանագրով սահմանված եւ արգելանքի կիրառման պահին գործող գնից ոչ պակաս գնով՝ պայմանով, որ պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը կվճարվի Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին մինչեւ գնորդի սեփականության իրավունքի գրանցումը:

3.   Արգելադրված գույքի գրավառուն սույն օրենքով նախատեսված պայմանների պահպանմամբ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված արտադատական կարգով իրացնելու գրավի առարկան՝ պայմանով, որ գրավով ապահովված պահանջների բավարարումից հետո իրացման գնի մնացորդը կփոխանցվի Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին:

4.    Եթե արգելադրված գույքի օտարման վերաբերյալ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա այդ գույքը կարող է օտարվել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով՝ պայմանով, որ նշված օրենքով նախատեսված համարժեք փոխհատուցումը վճարվում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին կամ վճարվել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպոզիտ:

5.  Հարկադիր կատարողը կարող է իր որոշմամբ թույլատրել պարտապանի արգելադրված գույքի բաժանումը կամ միավորումը վերջինիս պատկանող այլ գույքի հետ, եթե արգելադրված գույքի շուկայական արժեքը դրա հետեւանքով չի նվազում:

6.   Հարկադիր կատարողը կարող է իր որոշմամբ թույլատրել պարտապանի արգելադրված գույքը, բացառությամբ հարկադիր իրացման ներկայացված գույքի, դրամական հատուցման դիմաց օգտագործման հանձնելը, եթե՝

1)    գույքի օգտագործումը, հաշվի առնելով գույքի եւ օգտագործման բնույթի մասին թույլատրման պահին առկա տեղեկությունները, չի կարող նվազեցնել դրա շուկայական արժեքը, եւ

2)    օգտագործման դիմաց հատուցումն առնվազն ամենամսյա հաճախականությամբ վճարվում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին:

7.    Գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելու դեպքում հարկադիր կատարողն իր որոշմամբ կարող է դադարեցնել, իսկ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները չպահպանվելու դեպքում դադարեցնում է իր թույլատրած օգտագործման իրավունքը: Հարկադիր կատարողի որոշումը հիմք է օգտագործման իրավունքի դադարման գրանցման (հաշվառման) համար:

8.   Սույն հոդվածի 7-րդ մասի հիման վրա թույլատրված օգտագործման իրավունքն օրենքի ուժով դադարում է արգելադրված գույքը սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողի կողմից իրացվելու դեպքում՝ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի ծագման հետ միաժամանակ:

9.   Արգելանքը խոչընդոտ չէ սույն հոդվածով նախատեսված գործարքների կնքման համար, իսկ սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պայմանների կատարումից հետո վերացվում է հարկադիր կատարողի որոշմամբ՝ սույն օրենքի 76-րդ հոդվածով սահմանված կարգով: Սույն հոդվածի 1-4-րդ մասերի հիման վրա Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին ստացված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով բաշխման ենթակա չեն, քանի դեռ արգելադրված գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը չի ծագել (գրանցվել, հաշվառվել):

10.  Սույն հոդվածով սահմանված կանոնները եւ հարկադիր կատարողի որոշումները հիմք չեն արգելադրված գույքի տնօրինման այն սահմանափակումները վերացնելու համար, որոնք պայմանավորված չեն հարկադիր կատարողի կողմից կիրառված արգելանքով:

Հոդված 75. Արգելադրված անժառանգ գույքի տնօրինումը

1.    Մահացած պարտապանի գույքը՝ որպես անժառանգ գույք, համայնքի սեփականությանն անցնելու հիմքերի առկայության դեպքում գույքն արգելանքից հանվում է եւ փոխանցվում է համայնքի սեփականությանը, եթե համայնքը Ծառայության դեպոզիտ հաշվին վճարում է գույքի շուկայական արժեքը, բայց ոչ ավել, քան մահացած պարտապանի նկատմամբ բոլոր դրամական պահանջների, ներառյալ՝ կատարողական վճարների հանրագումարը:

2.    Եթե համայնքը հրաժարվում է վճարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարը կամ հարկադիր կատարողի համապատասխան ծանուցումը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում չի վճարում այն, ապա գույքը սույն օրենքով սահմանված կարգով իրացվում է, իրացումից ստացված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով, իսկ բոլոր պահանջների բավարարումից հետո մնացած գումարը փոխանցվում է համայնքին:

Հոդված 76. Արգելանքը վերացնելը

1.   Արգելանքը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է, եթե՝

1)    պարզվել է, որ արգելադրված գույքը պարտապանին չի պատկանում, ներառյալ՝ գույքի նկատմամբ պարտապանի սեփականության իրավունքի գրանցման (հաշվառման) ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով, բացառությամբ եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտի հիման վրա պետք է արգելադրվեր այլ անձին պատկանող գույք կամ կարող էր արգելադրվել պարտապանին չպատկանող գույք.

2)    բավարարվել է սույն օրենքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ գույքն արգելանքից հանելու հայցը.

3)   փաստացի կիրառված են դրամական պահանջի (ներառյալ՝ կատարողական վճարների) նկատմամբ անհամաչափ արգելանքներ, այդ թվում՝ պարտավորության մասնակի կատարման հետեւանքով.

4)    արգելադրված գույքն իրացվել է հարկադիր կարգով կամ սույն օրենքով թույլատրված օտարման գործարքով.

5)    առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

2.    Հարկադիր կատարողն իր որոշմամբ վերացնում է արգելադրված գույքի օգտագործման իրավունքի սահմանափակումները, եթե վերացել են դրանց կիրառման հիմքերը:

3.   Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով գույքն իրացնելու դեպքերում սույն օրենքով սահմանված գրանցող մարմնի կողմից գույքի նկատմամբ կիրառված արգելանքը դադարեցվել եւ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքը գրանցվել չի կարող, քանի դեռ առկա չէ հարկադիր կատարողի՝ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու որոշումը: Հարկադիր կատարողի նշված որոշումը գրանցող մարմնին սույն օրենքով սահմանված կարգով ուղարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն կայացնելուն հաջորդող օրը:

ԳԼՈՒԽ 13

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ

Հոդված 77. Արգելադրված գույքի գնահատումը

1.    Արգելադրված գույքի իրացման նպատակով դրա շուկայական արժեքը որոշում է հարկադիր կատարողը՝ հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է որոշել բաց աղբյուրների միջոցով:

2.    Բաժնեմասերի, փայերի, բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի, մշակութային արժեքների եւ գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող կամ հատուկ գիտելիքներ պահանջող գույքի շուկայական արժեքը որոշվում է հարկադիր կատարողի նշանակած փորձագետի միջոցով:

3.   Սույն օրենքի իմաստով անշարժ գույքի շուկայական արժեքը սահմանվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա հաշվարկված կադաստրային արժեքի չափով:

4.    Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝

1)    անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մարմնում սույն հոդվածի 3-րդ մասում նշված կադաստրային արժեքի մասին տվյալներ չկան.

2)    այդ մասին մինչեւ գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, եւ եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին:

5.    Հարկադիր կատարողը դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու որոշման եւ վարույթում երրորդ անձ ներգրավելու որոշման կայացման հետ միաժամանակ վարույթի համապատասխան մասնակիցներին գրավոր ծանուցում է սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված միջնորդություն ներկայացնելու իրավունքի մասին:

Հոդված 78. Հարկադիր աճուրդի կազմակերպումը

1.    Արգելադրված գույքի հարկադիր իրացումը հարկադիր կատարողի որոշման հիման վրա կազմակերպվում է աճուրդով:

2.    Առաջին հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է դրա շուկայական արժեքի 80 տոկոսի չափով, բացառությամբ թանկարժեք մետաղների եւ քարերի, ոսկերչական եւ ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից եւ ադամանդից պատրաստված այլ զարդերի, ինչպես նաեւ դրանց ջարդոնի կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքների, որոնց մեկնարկային գինը սահմանվում է շուկայական արժեքի 90 տոկոսի չափով:

3.   Հարկադիր աճուրդը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգի (այսուհետ սույն գլխում՝ համակարգ) կիրառմամբ Ծառայության աճուրդի ինտերնետային կայքի (այսուհետ սույն գլխում՝ կայք) միջոցով:

4.    Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշման կայացումից հետո ոչ շուտ, քան երկու շաբաթ անց, իսկ շուտ փչացող եւ պահպանման էական ծախսեր պահանջող գույքի դեպքում՝ ոչ շուտ, քան մեկ շաբաթ անց՝ աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի լոտի նկարագրությունը, ներառյալ՝ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքներն ու սահմանափակումները, շրջանառության սահմանափակումները, լոտի գնահատված շուկայական արժեքը եւ մեկնարկային գինը, աճուրդի սկզբի եւ ավարտի ժամկետները, աճուրդին մասնակցելու, լոտն ուսումնասիրելու, աճուրդում հաղթողին որոշելու, հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարելու կարգերը:

5.    Հարկադիր աճուրդին մասնակցելու համար անձինք կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով եւ ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դրամարկղ կամ համապատասխան հաշվին եւ գրանցվում են համակարգում:

6.   Հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման եւ մասնակիցների գրանցման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:

7.    Օրենքով նախատեսված՝ գույքի հարկադիր իրացումը բացառող դեպքերում գույքը հարկադիր աճուրդից հանվում է, աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, եւ գույքը չի ներկայացվում կրկնակի հարկադիր աճուրդի:

8.   Հարկադիր աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ աճուրդում հաղթողի եւ նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունների:

Հոդված 79. Հարկադիր աճուրդի ընթացքը

1.    Յուրաքանչյուր լոտի հարկադիր աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելուց հետո 10-րդ օրացուցային օրվան, իսկ շուտ փչացող եւ պահպանման էական ծախսեր պահանջող գույքի դեպքում՝ 4-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:

2.    Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է եւս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:

3.   Հարկադիր աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով:

4.    Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետեւյալ չափերը.

1)    լոտի մեկնարկային գինը մինչեւ 100.000 դրամ լինելու դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.

2)    լոտի մեկնարկային գինը 100.001-500.000 դրամ լինելու դեպքում` 1.000 դրամ.

3)   լոտի մեկնարկային գինը 500.001-1.000.000 դրամ լինելու դեպքում` 10.000 դրամ.

4)    լոտի մեկնարկային գինը 1.000.001-10.000.000 դրամ լինելու դեպքում` 50.000 դրամ.

5)    լոտի մեկնարկային գինը 10.000.000-ից ավելի լինելու դեպքում` 100.000 դրամ:

5.    Հարկադիր աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով: Աճուրդի արդյունքների մասին կազմվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձեւով արձանագրություն, որը ստորագրում է հարկադիր կատարողը: Արձանագրությունը հրապարակվում է կայքում եւ ուղարկվում է աճուրդի մասնակիցներին՝ համակարգում գրանցվելիս նրանց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով: Արձանագրության՝ կայքում հրապարակվող եւ աճուրդի չհաղթած մասնակիցներին ուղարկվող տարբերակում աճուրդի հաղթող մասնակցի տվյալները, բացառությամբ անվան (անվանման), ապանձնավորվում են:

6.   Հարկադիր աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին:

7.    Հարկադիր աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ վճարվածը կամ դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է աճուրդի ավարտից հետո եռօրյա ժամկետում:

8.   Հարկադիր աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո եռօրյա ժամկետում Ծառայության (համապատասպան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը վճարելու դեպքում հաշվանցում է նաեւ նախօրոք որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը` Ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող ապացույց: Հաղթողի կողմից գնման գինը չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Ծառայությունը ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմնին, որի կարգը սահմանում է արդարադատության նախարարը:

9.   Հարկադիր աճուրդի հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց եւ այն Ծառայության (համապատասպան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին փաստացի մուտքագրվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

10.  Հարկադիր աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, եթե, ելնելով գույքի շրջանառության սահմանափակումներից, այն չի կարող օտարվել տվյալ անձին:

11.   Եթե առուվաճառքի պայմանագիր չի կնքվում սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետում հաղթողի կողմից այն չստորագրելու, եկամտային հարկը վճարելու մասին ապացույց չներկայացնելու կամ սույն հոդվածի 10-րդ մասում նշված հիմքով, ապա գնման գինը վերադարձվում է հաղթողին, իսկ նախավճարը չի վերադարձվում: Գնման գինը եւ նախավճարը վերադարձվում են հաղթողին, եթե առուվաճառքի պայմանագիր չի կնքվել սույն օրենքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով կամ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ գույքի շրջանառության սահմանափակումը չի նշվել լոտի նկարագրությունում:

12.  Կատարողական վարույթը կասեցվելու հիմքով առուվաճառքի պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը եւ նախավճարը հաղթողին վերադարձվում են վերջինիս պահանջով՝ դիմումը ներկայացնելու պահից եռօրյա ժամկետում, ինչը հիմք է կատարողական վարույթը վերսկսելուց հետո հարկադիր աճուրդը չկայացած համարելու համար:

Հոդված 80. Պահանջատիրոջ մասնակցությունը հարկադիր աճուրդին

1.    Պահանջատերն իրավունք ունի ընդհանուր հիմունքներով մասնակցելու հարկադիր աճուրդին՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:

2.    Հարկադիր աճուրդում հաղթելու դեպքում պահանջատերն իրավունք ունի լոտի գնման գինն ամբողջությամբ կամ մասնակի վճարել պարտապանի նկատմամբ իր դրամական պահանջի (դրա մասի) հաշվանցով, եթե՝

1)    դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջն առաջինն է կամ միակը, կամ

2)    իր վճարած նախավճարը եւ գնման գնի` դրամով վճարված մասը բավարար են դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջից ավելի առաջնահերթ պահանջների ամբողջական կատարման համար:

3.   Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմինները կարող են օգտվել սույն հոդվածով նախատեսված իրավունքներից, եթե ունեն նման լիազորություն: Հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 81. Չկայացած հարկադիր աճուրդը եւ հետագա հարկադիր աճուրդները

1.    Հարկադիր աճուրդը համարվում է չկայացած, եթե՝

1)    աճուրդին մասնակցելու որեւէ հայտ չի ներկայացվել.

2)    աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3)   համակարգում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով անհնարին է դարձել աճուրդի անցկացումը կամ դրան մասնակցելը.

4)    աճուրդում հաղթած անձը սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը կամ չի ներկայացրել եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ հրաժարվել կամ խուսափել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց.

5)    աճուրդում հաղթած անձի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվել գույքի շրջանառության սահմանափակումների պատճառով.

6)   առկա է սույն օրենքի 79-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված հիմքը:

2.    Կրկնակի հարկադիր աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը կայքում տեղադրվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերի հիման վրա չկայացած հարկադիր աճուրդի ավարտից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի հիման վրա աճուրդը չկայացած համարելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունումից հետո՝ երրորդ օրը:

3.   Շահագրգիռ անձը հարկադիր կատարողին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված հիմքերով աճուրդը չկայացած համարելու պահանջ կարող է ներկայացնել ոչ ուշ, քան աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կայքում հրապարակելուն հաջորդող երրորդ օրը: Շահագրգիռ անձն աճուրդը չկայացած համարելու պահանջով դատարան կարող է դիմել միայն սույն մասով սահմանված կարգով հարկադիր կատարողին դիմելուց հետո:

4.    Եթե հարկադիր աճուրդը չի կայացել սույն հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդում լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Եթե հարկադիր աճուրդը չի կայացել սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա լոտի մեկնարկային գինը չի իջեցվում:

5.    Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Սույն մասում նշված տասնհինգ աճուրդների թվում հաշվի չեն առնվում այն կրկնակի աճուրդները, որոնցում լոտի մեկնարկային գինը չի իջեցվել:

ԳԼՈՒԽ 14

ԱՌԱՆՁԻՆ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 82. Հայաստանի Հանրապետության եւ համայնքների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը

.    Հայաստանի Հանրապետության գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի:

2.    Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը իրավասու պետական մարմնի կողմից կատարվում է՝

1)    դրամական միջոցները պահանջատիրոջը վճարելով, իսկ դրա անհնարինության դեպքում՝

2)    պահանջատիրոջը մինչեւ մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ տրամադրելով:

3.    Փոխանցվող մուրհակը տրամադրվում է դրա վերաբերյալ պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի պահանջը ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում, եթե պարտավորությունը մինչ այդ հնարավոր չի եղել կատարել դրամական միջոցները վճարելով: Փոխանցվող մուրհակի տրամադրումը հիմք է կատարողական վարույթը սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելու համար:

4.    Փոխանցվող մուրհակի գումարին հաշվեգրվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ սկսած մուրհակի թողարկման օրվանից մինչեւ մուրհակի մարման օրը:

5.    Հայաստանի Հանրապետության դրամական պարտավորության դիմաց փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության նորմատիվ իրավական ակտով:

6.   Համայնքի դրամական պարտավորություններով բռնագանձումն ընդհանուր կարգով տարածվում է համայնքի գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որն օրենքով արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

Հոդված 83. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը

1.    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ներառյալ՝ նրա թեմերի) պաշտամունքային կառույցները, այդ կառույցների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ծիսական նշանակության եւ պաշտամունքի առարկաները, ինչպես նաեւ նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ներառյալ՝ նրա թեմերի) գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն:

2.    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ներառյալ՝ նրա թեմերի) մշակութային եւ կրթական հաստատությունների շենքերը, այդ շենքերի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, մշակութային արժեք ներկայացնող շարժական գույքը, ինչպես նաեւ նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ներառյալ՝ նրա թեմերի) գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի:

3.   Այլ կրոնական կազմակերպությունների պաշտամունքային կառույցները, այդ կառույցների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ծիսական նշանակության եւ պաշտամունքի առարկաները, ինչպես նաեւ նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող կրոնական կազմակերպության գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի:

Հոդված 84. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի միջոցների վրա բռնագանձում տարածելը

1.    «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի միջոցների վրա չի կարող բռնագանձում տարածվել, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի, հիմնադրամի շահառուների պահանջների, ինչպես նաեւ կյանքին կամ առողջությանը հասցված վնասների, աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների հետ կապված, վարկային, փոխառության պայմանագրերից, հիմնադրամի թողարկած արժեթղթերից բխող պահանջների:

Հոդված 85. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների վրա բռնագանձում տարածելը

1.    Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից եւ սահմանված են այդ օրենքով:

Հոդված 86. Սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի գույքի եւ եկամուտների վրա բռնագանձում տարածելը

1.    Եթե կատարման ենթակա ակտով պարտավորության կատարումը հիմնական պարտապանից բացի դրված է նաեւ սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի վրա, ապա վերջինիս գույքի եւ եկամուտների վրա բռնագանձում (ներառյալ՝ արգելանք) տարածվում է միայն հետեւյալ պայմաններից առնվազն մեկի առկայության դեպքում.

1)    hիմնական պարտապանի գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու հիմքով լոտի մեկնարկային գինը ենթակա չէ նվազեցման, եւ հիմնական պարտապանը չունի բռնագանձման ենթակա այլ գույք կամ եկամուտներ.

2)     հիմնական պարտապանը ճանաչվել է սնանկ, կամ հիմնական պարտապան բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ճանաչվել է անվճարունակ, բացառությամբ եթե կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն ապահովված է գրավով.

3)   կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված գույքը սնանկության վարույթի շրջանակներում կամ արտադատական կարգով իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորության կատարման համար.

4)    հիմնական պարտապանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ կետերով նախատեսված հիմքերով.

5)    հիմնական պարտապանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթը պարտապանի գույքի բացակայության կամ դրա վրա բռնագանձում տարածելու անհնարինության պայմաններում ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով, եւ պարտապանի եկամուտների չափը բավարար չէ դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար.

6)   հիմնական պարտապանը մահացել է, եւ չկա արգելադրված գույք:

ԳԼՈՒԽ 15

ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 87. Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելը

1.    Սույն օրենքի իմաստով դրամական միջոցներ են համարվում պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության արժույթով եւ արտարժույթով հետեւյալ դրամական միջոցները.

1)    կանխիկ դրամական միջոցները.

2)    բանկային հաշիվներում (ներառյալ՝ մետաղական) եւ ավանդներում առկա դրամական միջոցները.

3)   վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցները.

4)    առեւտրի, ծառայությունների մատուցման, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) եւ այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում առկա միջոցները (միավորները)` այնքանով, որքանով դրանք, ըստ էլեկտրոնային հարթակի (պարտապանի հետ կնքված պայմանագրի) կանոնների, ենթակա են վերադարձման պարտապանին նրա առաջին իսկ պահանջով:

2.    Պարտապանի դրամական միջոցները տիրապետող անձինք, ստանալով այդ միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, անհապաղ կիրառում են արգելանքը համապատասխան չափով դրամական միջոցների նկատմամբ՝ դրանք թողնելով պարտապանի բանկային (անձնական) հաշվին, կամ եռօրյա ժամկետում այդ միջոցները փոխանցում են պարտապանի անձնական հաշվին կցված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առեւտրային բանկում բացված բանկային հաշվին, կամ նույն ժամկետում դրանք փոխանցում են Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին:

3.   Կենտրոնական բանկի կողմից լիզենզավորվող կազմակերպությունների կողմից դրամական միջոցների վրա արգելանք դնելու եւ բռնագանձում տարածելու հերթականությունը՝ ըստ դրամական միջոցների տեսակների եւ արժույթի, սահմանվում է սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

4.    Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումներն այդ միջոցները տիրապետող անձանց կողմից կատարվում են ըստ այդ որոշումների ստացման հերթականության՝ պարտապանի չարգելադրված (այդ թվում՝ այլ մարմինների ակտերի հիման վրա) կամ արգելանքից ազատված միջոցների նկատմամբ:

5.    Կանխիկ դրամական միջոցները ոչ ուշ, քան առգրավվելուց հետո հաջորդ աշխատանքային օրը մուտքագրվում են Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին:

6.    Արտարժույթով անկանխիկ դրամական միջոցների վրա բռնագանձում տարածվելու դեպքում պարտապանի դրամական միջոցները տիրապետող անձինք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին են փոխանցում Հայաստանի Հանրապետությունում գործող որեւէ բանկում արտարժույթի վաճառքից ստացված դրամը, իսկ դրա անհնարինության դեպքում կամ արտարժույթով կանխիկ դրամական միջոցներ առգրավելու դեպքում արտարժույթով դրամական միջոցների վաճառքը կազմակերպում է հարկադիր կատարողը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող որեւէ բանկի միջոցով:

7.    Հատուկ բանկային հաշիվների դրամական միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում: Ուսումնական ավանդի դրամական միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 905.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում:

8.   Կենտրոնական բանկի կողմից սահմանված վճարային կամ արժեթղթերի հաշվարկային համակարգում վերջնահաշվարկի ապահովման նպատակով այդ համակարգերի մասնակիցների բանկային հաշիվներում, արժեթղթերի հաշիվներում  փաստացի դեպոնացված դրամական միջոցները եւ արժեթղթերը  չեն արգելադրվում եւ բռնագանձվում մինչեւ տվյալ համակարգով համապատասխան վերջնահաշվարկի ավարտը:

Հոդված 88. Ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելը

1.    Ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքում (ընդհանուր գույք) պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու նպատակով հարկադիր կատարողն արգելանք է դնում պարտապանի բաժնի վրա, եթե բաժինը որոշված է, կամ ընդհանուր գույքի վրա, եթե պարտապանի բաժինը որոշված չէ: Արգելանքը կիրառելուց հետո հարկադիր կատարողն ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցներին գրավոր ծանուցում է սույն հոդվածով սահմանված կանոնների մասին:

2.    Ընդհանուր գույքում պարտապանի բաժինը դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով բնեղենով առանձնացվում է հարկադիր կատարողի որոշմամբ, եթե այն հնարավոր է բնեղենով առանձնացնել: Հարկադիր կատարողի որոշումը հիմք է համապատասխան իրավունքների գրանցման (հաշվառման) համար, եթե դրանք օրենքով ենթակա են գրանցման (հաշվառման):

3.   Ընդհանուր գույքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորությունը, իսկ հնարավորության դեպքում՝ առանձնացման եղանակը որոշելու նպատակով հարկադիր կատարողը կարող է նշանակել փորձաքննություն: Եթե ընդհանուր գույքն անշարժ է, ապա փորձաքննություն նշանակելը պարտադիր է, բացառությամբ սույն օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքի:

4.    Ընդհանուր գույքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ընդհանուր գույքի վրա արգելանք դնելու եւ այն իրացնելու մասին՝ իրացումից ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջեւ` նրանց բաժիններին համաչափ, իսկ պարտապանի բաժինն ուղղելով կատարման ենթակա պահանջի բավարարմանը: Ընդհանուր գույքն իրացնելու մասին որոշումը կատարվում է սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված կանոններով:

5.    Ընդհանուր սեփականությունում պարտապանի բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեցող այլ մասնակցի միջնորդությամբ հարկադիր կատարողը մեկ անգամ մինչեւ մեկ ամիս ժամկետով հետաձգում է ընդհանուր գույքի առաջիկա (ոչ ընթացիկ) աճուրդը (կրկնաճուրդը)՝ պարտապանի բաժինն ընդհանուր սեփականության այդ մասնակցին վաճառելու նպատակով, եթե միջնորդություն ներկայացրած անձը պարտապանի բաժնի՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված շուկայական արժեքի 3 տոկոսի չափով գումար է վճարում Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին:

6.   Եթե սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջնորդություն ներկայացրած անձը ընդհանուր գույքի աճուրդի հետաձգման ժամկետի ընթացքում Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին է վճարում պարտապանի բաժնի շուկայական արժեքի մնացած մասը, ապա հարկադիր կատարողն այդ անձի հետ կնքում է պարտապանի բաժնի առուվաճառքի պայմանագիր: Եթե պարտապանի բաժինը գնելու նախապատվության իրավունքից սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով օգտվում են մեկից ավելի անձինք, ապա պարտապանի բաժինն այդ անձանց վաճառվում է ընդհանուր գույքում նրանց ունեցած բաժինների չափերին համամասնորեն:

7.    Եթե ընդհանուր գույքի աճուրդի հետաձգման ժամկետի ընթացքում պարտապանի բաժինը չի օտարվում, ապա դեպոզիտ վճարված գումարն ուղղվում է կատարման ենթակա պահանջի բավարարմանը, իսկ եթե կատարման ենթակա պահանջը մինչ այդ դադարել է, ապա դեպոզիտ վճարված գումարը վերադարձվում է այն վճարած անձին:

8.   Հարկադիր կատարողն ընդհանուր գույքի վրա արգելանք դնելու եւ այն իրացնելու մասին որոշում է կայացնում նաեւ ընդհանուր գույքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության դեպքում, եթե այդ մասին մինչեւ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելը միջնորդել են ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցները, եւ եթե հիմքեր կան ենթադրելու, որ ընդհանուր գույքի իրացումից ստացված գումարի պարտապանի բաժինն ավելին կլինի, քան բնեղենով առանձնացված բաժնի իրացումից ստացված գումարը: Այս դեպքում ընդհանուր գույքի իրացումից ստացված գումարը բաշխվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, իսկ 5-րդ մասով նախատեսված՝ աճուրդի հետաձգման հնարավորությունը չի գործում:

9.   Եթե ընդհանուր գույքում պարտապանի բաժինը որոշված չէ, ապա դրա վրա բռնագանձում տարածելիս ընդհանուր սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դատական ակտով կամ մինչեւ ընդհանուր գույքի վրա արգելանք դնելը մասնակիցների կնքած համաձայնությամբ:

10.  Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր գույքի նկատմամբ:

Հոդված 89. Բազմաբնակարան շենքի բնակարանում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կանխավարկածը

1.    Բազմաբնակարան շենքում ընդհանուր սեփականության ներքո գտնվող բնակարանում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելը համարվում է անհնար, քանի դեռ պարտապանը կամ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները հարկադիր կատարողին չեն ներկայացրել պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության եւ դրա եղանակի մասին սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող անձի տված մասնագիտական եզրակացություն՝ պարտապանի բաժինն այդ եղանակով առանձնացնելու միջնորդությամբ: Միջնորդությանը կցվում է դրա եւ մասնագիտական եզրակացության պատճենները պահանջատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույց:

2.    Պահանջատերը պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին:

3.   Հարկադիր կատարողը կարող է, իսկ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին մասնագիտական եզրակացության վերաբերյալ պահանջատիրոջ առարկության դեպքում պարտավոր է փորձաքննություն նշանակել մասնագիտական եզրակացության արժանահավատությունն ստուգելու նպատակով:

4.    Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական եզրակացության հիման վրա, իսկ փորձաքննություն նշանակված լինելու դեպքում՝ փորձաքննության արդյունքներով որոշում է բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը կամ հարկադիր իրացնել ընդհանուր գույքը՝ սույն օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կանոններով:

5.    Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը ներկայացվել է ընդհանուր գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելուց հետո, ապա հարկադիր կատարողը հետաձգում է առաջիկա (ոչ ընթացիկ) աճուրդը մինչեւ սույն հոդվածով նախատեսված գործողությունների ավարտը: Եթե ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորությունը չի հաստատվում, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է ընդհատման պահից:

Հոդված 90. Պայմանագրային ֆոնդի փայի վրա բռնագանձում տարածելը

1.    ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրային ֆոնդում պարտապանի մասնակցության դեպքում բռնագանձման ենթակա է ֆոնդի փայը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ ֆոնդում պարտապանի բաժինը չի առանձնացվում:

2.    Պայմանագրային ֆոնդի փայի վրա արգելանք դնելու դեպքում հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավորեցնում է ֆոնդի կառավարչին՝ ֆոնդի ակտիվների կառավարման արդյունքում պարտապանին հասանելիք շահաբաժինները, ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից պարտապանի մասնաբաժինը տրամադրելիս գրանցման ոչ ենթակա շարժական գույքը հանձնել հարկադիր կատարողին, իսկ դրամական միջոցները փոխանցել պարտապանի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին:

3.   Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին ստացված դրամական միջոցների եւ հարկադիր կատարողին հանձնված շարժական գույքի չարգելադրված մասը վերադարձվում է պարտապանին:

4.    Պայմանագրային ֆոնդի կառավարիչը պարտավոր է հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրել պարտապանի փայի գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ:

Հոդված 91. Կոոպերատիվներում եւ առեւտրային կազմակերպություններում մասնակցության հետ կապված իրավունքների վրա բռնագանձում տարածելը

1.    Տնտեսական ընկերակցությունների բաժնեհավաք կապիտալում ընկերակցության լիակատար ընկեր կամ ավանդատու պարտապանի բաժնեմասի, տնտեսական ընկերությունների կանոնադրական կապիտալում պարտապանի բաժնեմասի, բաժնետոմսերի, կոոպերատիվների փայերի վրա արգելանք դնելու դեպքում հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավորեցնում է համապատասխան իրավաբանական անձին՝ պարտապանին հասանելիք շահաբաժինները, իրավաբանական անձի գործունեության եւ լուծարման արդյունքում պարտապանին այլ գույք տրամադրելիս գրանցման ոչ ենթակա շարժական գույքը հանձնել հարկադիր կատարողին, իսկ դրամական միջոցները փոխանցել պարտապանի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին:

2.    Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին ստացված դրամական միջոցների եւ հարկադիր կատարողին հանձնված շարժական գույքի չարգելադրված մասը վերադարձվում է պարտապանին:

3.   Համապատասխան իրավաբանական անձը պարտավոր է հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրել պարտապանի բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) գնահատման համար անհրաժեշտ՝ իրավաբանական անձի գործունեության, ակտիվների եւ պարտավորությունների մասին տեղեկություններ:

4.    Եթե օրենքով սահմանված որոշակի անձինք օգտվում են պարտապանի բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) գնելու նախապատվության իրավունքից, ապա հարկադիր կատարողը գրավոր ծանուցում է համապատասխան իրավաբանական անձին՝ բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրա շուկայական արժեքով գնելու իրավունքի վերաբերյալ նախապատվության իրավունք ունեցող անձանց ծանուցելու նպատակով: Գնելու նախապատվության իրավունք ունեցող անձանց պատշաճ ծանուցելու պարտականությունը եւ այդ պարտականությունը չկատարելու բացասական հետեւանքների ռիսկը կրում է բացառապես հարկադիր կատարողի ծանուցումը սույն օրենքով սահմանված կարգով ստացած իրավաբանական անձը:

5.     Եթե սույն հոդվածի 4-րդ մասի հիման վրա հարկադիր կատարողի ծանուցումը իրավաբանական անձի կողմից ստանալուց հետո վեց շաբաթվա ընթացքում գնելու նախապատվության իրավունք ունեցող անձը դիմում է հարկադիր կատարողին՝ պարտապանի բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) ձեռք բերելու նպատակով, ապա հարկադիր կատարողը դրանք շուկայական արժեքով վաճառում է այդ անձին՝ դիմումը ստացվելուց հետո հնգօրյա ժամկետում՝ պայմանով, որ գնման գինը նախապես վճարվել է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին: Եթե հարկադիր կատարողին դիմում են գնելու նախապատվություն իրավունք ունեցող մեկից ավելի անձինք, ապա պարտապանի բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) վաճառվում է այդ անձանց ունեցած բաժնեմասի (բաժնետոմսերի, փայի) չափերին համամասնորեն, իսկ եթե նման կերպ հնարավոր չէ որոշել համամասնությունը, ապա՝ հավասար չափերով:

6.   Եթե պարտապանի բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) չի վաճառվում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետներում եւ կարգով, ապա այն հարկադիր իրացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

7.    Եթե տնտեսական ընկերակցության լիակատար ընկեր պարտապանի բաժնեմասը, սահմանափակ պատասխանատվությամբ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության մասնակից պարտապանի բաժնեմասը չեն վաճառվում սույն հոդվածի 6-րդ մասի հիման վրա անցկացված հինգ հարկադիր աճուրդի արդյունքում, ապա համապատասխան իրավաբանական անձը հարկադիր կատարողի պահանջով մեկամսյա ժամկետում իր գույքից առանձնացնում է պարտապանի բաժնեմասի շուկայական արժեքին համապատասխանող գույք՝ դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով: Հարկադիր կատարողը կարող է նշանակել փորձաքննություն՝ առանձնացված գույքի արժեքի եւ պարտապանի բաժնեմասի արժեքի համապատասխանությունը ստուգելու նպատակով:

8.   Սույն հոդվածի 7-րդ մասի հիման վրա առանձնացված գույքի նկատմամբ հարկադիր կատարողի որոշմամբ ծագում է պարտապանի սեփականության իրավունքը: Հարկադիր կատարողի որոշումը հիմք է սեփականության իրավունքի գրանցման (հաշվառման) համար:

9.   Եթե իրավաբանական անձը պատշաճ չի կատարում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իր պարտականությունը, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտապանի բաժնեմասի շուկայական արժեքը բռնագանձում է այդ իրավաբանական անձից:

10.   Եթե պարտապանը տնտեսական ընկերակցության միակ լիակատար ընկերն է կամ սահմանափակ պատասխանատվությամբ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակիցը, ապա սույն հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված կանոնները չեն կիրառվում:

Հոդված 92. Ընդհանուր դրույթներ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին

1.    Եթե բռնագանձման ենթակա գույքը (ներառյալ՝ հիմնական պարտավորությամբ պարտապան չհանդիսացող երրորդ անձ գրավատուի գույքը) ծանրաբեռնված է պահանջատեր չհանդիսացող անձանց գրավի իրավունքներով, ապա հարկադիր կատարողն այդ գույքի վրա արգելանք դնելուց հետո պահանջատեր չհանդիսացող գրավառուներին ծանուցում է կատարման ենթակա ակտի, այդ ակտով սահմանված պարտքի մնացորդի, դրան հաշվեգրվող գումարների եւ գրավի առարկայի վրա արգելանք դնելու որոշման մասին:

2.    Գրավի առարկայի՝ պահանջատեր չհանդիսացող գրավառուները (բացառությամբ գրավառու պահանջատիրոջ նկատմամբ հաջորդող գրավառուների) պարտավոր են հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրել իրենց գրավի իրավունքով ապահովված պարտավորության էական պայմանների, պարտքի մնացորդի եւ դրան հաշվեգրվող գումարների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ գրավի իրավունքին եւ գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու կարգին վերաբերող պայմանագրերի պատճենները:

3.   Գրավի առարկան հարկադիր կատարողի կողմից իրացվելու դեպքում առուվաճառքի պայմանագրում նշվում են գույքը գրավառուի պահանջով կամ գրավով չապահովված պահանջատիրոջ պահանջով իրացվելու, ինչպես նաեւ գույքը պանջատեր չհանդիսացող գրավառուի գրավի (նախորդող գրավի) իրավունքով ծանրաբեռնված վիճակում իրացվելու մասին տվյալներ:

Հոդված 93. Պահանջատեր չհանդիսացող անձի գրավով (նախորդող գրավով) ծանրաբեռնված գույքի վրա բռնագանձում տարածելը

1.    Պահանջատիրոջ պահանջի կատարման ապահովման համար գրավ չդրված, բայց արգելադրված գույքի գրավառուն իրավունք ունի ներկայացնելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարման եւ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջ: Այդ իրավունքից օգտվելու դեպքում գրավառուն պարտավոր է սույն օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում այդ մասին հայտնել հարկադիր կատարողին՝ ներկայացնելով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու գործընթացը սկսելու վերաբերյալ ապացույցներ, իսկ դրանից հետո հարկադիր կատարողի պահանջով ներկայացնել բռնագանձման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:

2.    Եթե գրավառուն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից օգտվում է դատական կարգով, եւ նրա հայցը բավարարվում է, ապա նրա պահանջը կատարողական վարույթում այդ գույքի իրացումից բավարարվում է առաջնահերթ:

3.   Գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն պարտավոր է գործընթացն ավարտել այն սկսելուց հետո չորս ամսվա ընթացքում՝ այն իրականացնելով գրավի առարկայի վրա արգելանք դնելու պահին գործող պայմանագրային պայմաններին համապատասխան, բացառությամբ եթե դրանք հակասում են օրենքին:

4.    Գրավառուի կողմից գրավի առարկայի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում պահանջատերն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու այդ բռնագանձման օրինականությունը, ներառյալ՝ գրավով ապահովված պահանջի չափը:

5.    Գրավառուն պարտավոր է գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացն ավարտելուց հետո հնգօրյա ժամկետում գրավի առարկայի արտադատական իրացման գնի եւ իր պահանջի չափի դրական տարբերությունը փոխանցել Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին:

6.   Գրավի առարկան հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթում իրացվում է պահանջատեր չհանդիսացող անձի գրավի իրավունքով ծանրաբեռնված վիճակում եւ համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, եթե՝

1)    գրավառուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի օգտվում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից.

2)    գրավառուն պատշաճ չի կատարում սույն հոդվածով կամ սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները.

3)   գրավառուն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից օգտվել է դատական կարգով, բայց սույն օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց երկու ամիս անց նրա հայցադիմումը դատարանի վարույթ ընդունված չէ՝ այն վերադարձվելու կամ դրա ընդունումը մերժվելու պատճառով, բացառությամբ եթե հայցադիմումը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկվում է.

4)     գրավառուն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից օգտվել է դատական կարգով, բայց նրա հայցը մերժվել է, թողնվել է առանց քննության, կամ գործի վարույթը կարճվել է:

7.    Գրավի առարկան կատարողական վարույթում պահանջատեր չհանդիսացող անձի գրավի իրավունքով ծանրաբեռնված վիճակում իրացվելու դեպքում պահանջատերն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու գրավառուի պահանջի վավերությունը եւ չափը:

8.   Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաեւ այն դեպքերում, երբ գույքը գրավ է դրված պահանջատիրոջ պահանջի կատարման ապահովման համար, սակայն դրա նկատմամբ կան պահանջատեր չհանդիսացող նախորդ գրավառուներ: Այդ դեպքում գրավառու պահանջատերը եւ նախորդ գրավառուները համապատասխանաբար օգտվում են սույն հոդվածով նախատեսված գրավով չապահովված պահանջատիրոջ եւ պահանջատեր չհանդիսացող գրավառուի իրավունքներից եւ կրում են նրանց պարտականությունները:

9.   Եթե գույքի նկատմամբ գրավի իրավունքներ ունեն պահանջատեր չհանդիսացող մեկից ավելի գրավառուներ (գրավառու պահանջատիրոջ նկատմամբ նախորդ գրավառուներ), ապա սույն հոդվածով նախատեսված գրավառուի իրավունքներից նրանք օգտվում են ըստ իրենց գրավի իրավունքների հաջորդականության:

Հոդված 94. Գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելը գրավառու պահանջատիրոջ կողմից

1.    Եթե պահանջատերը բռնագանձման ենթակա գույքի միակ կամ առաջնահերթ գրավառուն է, ապա կարող է գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իր մտադրության մասին հարկադիր կատարողին հայտնել մինչեւ այդ գույքի հարկադիր իրացման մասին որոշում կայացվելը` ներկայացնելով գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացը սկսելու եւ սույն օրենքի 28-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վճարը վճարելու վերաբերյալ ապացույցներ: Այդ դեպքում գույքը կատարողական վարույթում չի իրացվում:

2.    Եթե գրավի առարկան ենթակա է բռնագանձման նաեւ այլ պահանջատիրոջ պահանջով հարուցված կատարողական վարույթով, ապա դրա վրա գրավառու պահանջատիրոջ կողմից արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացի, ներառյալ՝ գրավառու պահանջատիրոջ եւ այլ պահանջատերերի իրավունքների եւ պարտականությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 93-րդ հոդվածի կանոնները:

3.   Գրավառու պահանջատերն իրավունք ունի դադարեցնելու գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելը եւ հարկադիր կատարողին խնդրելու դրա վրա բռնագանձում տարածել կատարողական վարույթում:

Հոդված 95. Պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուների իրավունքների պաշտպանությունը

1.    Եթե կատարողական վարույթով կամ արտադատական կարգով գրավառուի պահանջը բավարարվելուց եւ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները գանձելուց հետո Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին առկա է գրավի առարկայի իրացման գումարի մնացորդ, ապա այդ մնացորդի եւ դրա չափի վերաբերյալ հարկադիր կատարողը ծանուցում է պահանջատեր չհանդիսացող այն անձանց, որոնք մինչեւ գրավի առարկայի իրացումը դրա նկատմամբ ունեցել են հաջորդող գրավի՝ հանրային գրանցամատյաններում գրանցված (հաշվառված) իրավունքներ:

2.    Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց երկու ամիս հետո հարկադիր կատարողը դեպոզիտ հաշվին մնացած դրամական միջոցները բաշխում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե նրան չի ներկայացվել դա բացառող դատական ակտ:

Հոդված 96. Գույքային իրավունքների վրա բռնագանձում տարածելը

1.    Պարտապանի գույքային իրավունքների (ներառյալ՝ պահանջի իրավունքների, այլ անձանց պատկանող գույքի նկատմամբ իրավունքների, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ գույքային իրավունքների) վրա բռնագանձում տարածվում է, եթե՝

1)    պարտապանի կողմից տվյալ գույքային իրավունքի օտարումը սահմանափակված չէ օրենքով կամ այդ գույքային իրավունքը սահմանող պարտավորության՝ գույքային իրավունքի վրա արգելանք դրվելու պահին գործող պայմաններով.

2)    պարտապանի կողմից տվյալ գույքային իրավունքի օտարումը, օրենքի կամ այդ գույքային իրավունքը սահմանող պարտավորության պայմանների համաձայն, կախված է այդ պարտավորության մյուս կողմի համաձայնությունից, եւ այդ անձը տվել է իր համաձայնությունն այդ գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար.

3)   տվյալ գույքային իրավունքի բովանդակությունը գույք (այդ թվում՝ դրամական միջոցներ) ստանալու պահանջի իրավունքն է, որը պայմանավորված չէ պարտապանի հանդիպական պարտավորության կատարմամբ, կամ այդպիսի պարտավորությունը կատարվել է. այս դեպքում պահանջի իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար պարտավորության մյուս կողմի համաձայնությունը չի պահանջվում՝ անկախ այդ պարտավորության պայմաններից:

2.    Պարտապանի գույքային իրավունքները սահմանող պարտավորության մյուս կողմերը պարտավոր են հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրել պարտավորության բովանդակության, դրա կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար:

3.   Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման նպատակով պարտավորության մյուս կողմի համաձայնությունը ստանալու համար հարկադիր կատարողը պահանջատիրոջը ծանուցում է գույքային իրավունքի, պարտավորության բովանդակության, դրա մյուս կողմի եւ գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար վերջինիս համաձայնությունը ստանալու անհրաժեշտության վերաբերյալ: Եթե ծանուցումն ուղարկելուց հետո երեք շաբաթվա ընթացքում հարկադիր կատարողը պարտավորության մյուս կողմից չի ստանում տվյալ պարտավորության պայմաններին համապատասխանող համաձայնություն գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ, ապա կարող է բռնագանձում տարածել հաջորդ հերթի գույքի վրա: Նշված ժամկետից հետո համաձայնություն ստանալը խոչընդոտ չէ տվյալ գույքային իրավունքի վրա բռնագանձում տարածելու համար:

4.    Գույքային իրավունքի վրա արգելանք դրվելու դեպքում դրա տնօրինման արգելքով պարտապանին, մասնավորապես, արգելվում է՝

1)    միակողմանիորեն կամ գույքային իրավունքը սահմանող պարտավորության մյուս կողմի հետ համատեղ գործողությամբ տվյալ պարտավորությունը դադարեցնելը, դրա պայմանները փոփոխելը, բացառությամբ եթե փոփոխությունը չի նվազեցնում գույքային իրավունքի արժեքը եւ իրացվելիությունը.

2)    պարտքը ներելը, գույքային իրավունքն այլ անձի հատուցմամբ կամ անհատույց փոխանցելը, ներառյալ՝ պահանջը զիջելը.

3)   գույքային իրավունքը գրավ դնելը կամ որպես ավանդ ներդնելը տնտեսական ընկերակցությունների եւ ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում.

4)    պարտապանի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված այլ անձի գույքը ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը.

5)    մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ լիցենզային պայմանագիր կնքելը:

5.    Գույքային իրավունքի վրա դրված արգելանքն այդ իրավունքը սահմանող պարտավորության մյուս կողմի համար խոչընդոտ չէ օրենքով կամ պայմանագրով սահմանված իր իրավունքներն իրականացնելու համար:

6.   Գույքային իրավունքի վրա արգելանք դնելու դեպքում հարկադիր կատարողը պարտավորության մյուս կողմին իր որոշմամբ պարտավորեցնում է տվյալ պարտավորության կատարման շրջանակներում պարտապանին դրամական միջոցներ կամ այլ գույք տրամադրելիս գրանցման ոչ ենթակա շարժական գույքը հանձնել հարկադիր կատարողին, իսկ դրամական միջոցները փոխանցել պարտապանի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին: Սույն մասով նախատեսված հիմքերով Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին ստացված դրամական միջոցների եւ հարկադիր կատարողին հանձնված շարժական գույքի չարգելադրված մասը վերադարձվում է պարտապանին:

7.    Գույքային իրավունքները հարկադիր իրացնելիս դրանց առուվաճառքի պայմանագրի ձեւի նկատմամբ կիրառվում են քաղաքացիական օրենսդրության պահանջները:

8.   Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաեւ այն դեպքում, երբ գույքային իրավունքների փոխանցումը միաժամանակ ենթադրում է համապատասխան պարտավորությամբ (պայմանագրով) պարտականությունների փոխանցում: Այդ դեպքում գույքային իրավունքների ձեռք բերողին են փոխանցվում նաեւ համապատասխան պարտականությունները՝ ըստ տվյալ պարտավորության (պայմանագրի) պայմանների:

9.   Պարտապանի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները բռնագանձման ենթակա չեն:

Հոդված 97. Մաքսային ընթացակարգերով հայտարարագրված գույքի վրա բռնագանձում տարածելը

1.  Հարկադիր կատարողը պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումներն ուղարկում է մաքսային մարմին:

2.  Պարտապանի գույքը մաքսային որեւէ ընթացակարգով հայտարարագրվելու դեպքում մաքսային մարմինը հարկադիր կատարողին հայտնում է հայտարարված մաքսային ընթացակարգի, գույքի, դրա քանակական եւ որակական հատկանիշների, մաքսային արժեքի մասին՝ այդ տեղեկություններն ուղարկելուց հետո հինգ օրվա ընթացքում ձեռնպահ մնալով տվյալ գույքի բաց թողումից, եթե սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթաշրջանառության եւ տվյալների փոխանակման կարգով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Եթե նշված ժամկետի ընթացքում հարկադիր կատարողը մաքսային մարմնին չի ներկայացնում պարտապանի գույքն առգրավելու մասին որոշում, ապա այն բաց թողնելու՝ սույն մասով նախատեսված սահմանափակումը վերանում է:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում մաքսային մարմինը հարկադիր կատարողից ստանում է պարտապանի գույքն առգրավելու մասին որոշում, ապա՝

1)  պարտապանի գույքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղափոխելու հետ կապված մաքսային ընթացակարգի հայտարարման դեպքում գույքը հանձնվում է հարկադիր կատարողին.

2)  այլ մաքսային ընթացակարգերի հայտարարման դեպքում գույքը հարկադիր կատարողին է հանձնվում մաքսային մարմնի համապատասխան գործառույթների իրականացումից հետո:

ԳԼՈՒԽ 16

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 98. Ընդհանուր դրույթներ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու մասին

1.    Պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների վրա բռնագանձում տարածվում է, եթե՝

1)    դա նախատեսված է բռնագանձման հերթականությամբ.

2)    բռնագանձվում են պարբերական վճարումներ.

3)   չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ, եւ պարտապանի եկամուտների չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար:

2.    Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով պարտապանի եկամուտների բռնագանձումը շարունակվում է նաեւ այն դեպքում, երբ բռնագանձումը տարածվել է եկամուտներին հաջորդող հերթի գույքի վրա:

3.   Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար, սակայն ինքնին հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար:

4.    Պարտապանի ամուսնու եկամուտները բռնագանձման ենթակա չեն:

Հոդված 99. Պարբերական վճարումների բռնագանձումը

1.    Ալիմենտների եւ պարբերական այլ վճարումների (կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ եւ հանցագործությամբ պատճառված վնասներ) բռնագանձման կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե առկա է պարբերական վճարումների պարտք (նախորդ ժամանակաշրջանի համար սահմանված վճարումներ, կետանցված երկու կամ ավելի հաջորդական վճարումներ կամ մեկ տարվա մեջ կետանցված երեք վճարում), որն ընթացիկ վճարումների կատարմանը զուգահեռ հնարավոր չէ առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարել պարտապանի եկամուտների հաշվին:

2.    Պարբերական վճարումների բռնագանձման կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որ իրացումից ստացված միջոցները բավարարեն պարբերական վճարումների պարտքի մարման եւ հետագա վճարումների կատարման համար երեք տարվա ընթացքում, սակայն ոչ ավելի, քան մինչեւ պարբերական վճարումների ժամկետի ավարտը: Սույն մասում նշված անհրաժեշտ գումարը բռնագանձելուց հետո պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացվում են:

3.   Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով սկսված գործընթացը դադարեցվում է, ներառյալ՝ վերացվում են կիրառված արգելանքները, եթե պարտապանն ամբողջությամբ մարում է պարբերական վճարումների պարտքը եւ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին է փոխանցում առաջիկա երեք տարվա վճարումների գումարի (բայց ոչ ավելի, քան մինչեւ պարբերական վճարումների ժամկետի ավարտը) չափով կանխավճար:

4.  Բռնագանձված գումարները եւ պարտապանի վճարած կանխավճարները փոխանցվում են Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարման ենթակա ակտով սահմանված չափով եւ պարբերականությամբ:

5.  Եթե մինչեւ դեպոնացված միջոցների լրիվ բաշխումը ծագել է կատարողական վարույթի կարճման կամ սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ավարտման հիմք, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին:

Հոդված 100. Պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափը

1.    Պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից, հեղինակային պայմանագրերով վարձատրությունից, կրթաթոշակից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի: Սույն մասով նախատեսված եկամուտներ են համարվում պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար եւ դրանից հետո հաշվարկված աշխատավարձը, դրան հավասարեցված վճարները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը եւ կրթաթոշակը:

2.  Սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտներից կարող է պահվել մինչեւ յոթանասունհինգ տոկոսը, եթե բռնագանձվում է ալիմենտ, կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ կամ հանցագործությամբ պատճառված վնասի գումար:

3.   Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի:

4.  Պարտապանի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչեւ նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը: Կուտակային կենսաթոշակներից (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի:

5.  Պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի:

Հոդված 101. Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը

1.    Պարտապանին եկամուտներ վճարող անձինք պարտավոր են՝

1)    հարկադիր կատարողի պահանջով հայտնել եկամուտների վճարման հիմքերի, չափի, ժամկետների եւ պարբերականության վերաբերյալ տեղեկություններ.

2)    հարկադիր կատարողի որոշման հիման վրա պահել եւ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին, իսկ հարկադիր կատարողի որոշմամբ նախատեսված դեպքում՝ պահանջատիրոջը փոխանցել եկամուտների պահանջվող մասը.

3)   պարտապանին եկամուտների վճարման դադարման, ինչպես նաեւ նոր եկամուտներ վճարելու մասին հայտնել հարկադիր կատարողին:

2.    Եթե պարտապանին եկամուտ վճարող անձը չի կատարում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պարտականությունը, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ այդ անձից բռնագանձում է համապատասխան չափով դրամական միջոցներ:

3.   Պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:

ԳԼՈՒԽ 17

ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 102. Բռնագանձված գումարների բաշխման հերթականությունը եւ կարգը

1.    Բռնագանձված գումարները մեկից ավելի պահանջատերերի միջեւ հարկադիր կատարողի որոշմամբ բաշխվում են պահանջների հետեւյալ հերթականությամբ.

1)    գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները՝ միայն գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին.

2)    գրավով ապահովված պահանջները՝ միայն գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին.

3)   ալիմենտային, կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ եւ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները.

4)    աշխատանքային պայմանագրերով աշխատողի եւ հեղինակային պայմանագրերով հեղինակի պահանջները.

5)    Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին հատուցման ենթակա դատական եւ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ չկապված կատարողական վճարները.

6)   մինչեւ 100 հազար դրամի չափով այլ պահանջները, բայց 300 հազար դրամը չգերազանցող ընդհանուր չափով.

7)    սույն մասում չնշված այլ պահանջները.

8)   կատարողական վարույթի ընթացքում պարտապանի նկատմամբ նշանակված տուգանքի գումարը:

2.    Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:

3.   Միեւնույն հերթի պահանջները բավարարվում են ըստ պահանջների ներկայացման ժամանակագրական հաջորդականության: Ընդ որում, պահանջների ներկայացման օր է համարվում՝

1)    սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարման դիմում ներկայացվելու օրը.

2)    եթե հարկադիր կատարման դիմում ներկայացվելու օրվա դրությամբ առկա է տվյալ դրամական պահանջի ապահովման չկարճված վարույթ, ապա՝ դրամական պահանջի ապահովման վարույթի հարուցման հիմք հանդիսացած հարկադիր կատարման դիմում ներկայացվելու օրը.

3)   հարկադիր կատարողի որոշման հարկադիր կատարման դեպքում՝ այդ որոշման կայացման օրը:

4.    Նույն օրը ներկայացված միեւնույն հերթի պահանջները բավարարվում են դրանց չափերին համամասնորեն:

5.    Բոլոր պահանջները բավարարելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:

ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐԿՐՈՐԴ

ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 18

ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 103. Ընդհանուր դրույթներ որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ

1.    Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է այդ պահանջների կատարման (ներառյալ՝ արգելված գործողությունները դադարեցնելու) ողջամիտ ժամկետ, եթե կատարման ենթակա ակտով նման ժամկետ չի սահմանվել, կամ սահմանված ժամկետը լրացել է: Հարկադիր կատարողը կարող է երկարաձգել իր սահմանած ժամկետը, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք վկայում են պարտավորության կատարման համար ավելի երկար ժամկետի անհրաժեշտության մասին:

2.  Եթե պարտապանը կատարման ենթակա ակտից բխող պահանջը չի կատարում դրանով կամ հարկադիր կատարողի կողմից սահմանված ժամկետում, ապա հարկադիր կատարողը կազմակերպում է հարկադիր կատարումը հարկադիր կատարման միջոցներով:

3. Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով կատարողական վարույթով պարտապանի գույքի պահպանության անհրաժեշտության դեպքում այն իրականացվում է սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 104. Գույքը պահանջատիրոջը հանձնելու պահանջի հարկադիր կատարումը

1.  Շարժական գույքը պահանջատիրոջը հանձնելու պահանջի վերաբերյալ կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը սույն օրենքով սահմանված կարգով արգելանք է դնում տվյալ գույքի վրա:

2.   Գույք հանձնելու պահանջը սույն օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում հարկադիր կատարողն ապահովում է անշարժ գույքի տիրապետումը պահանջատիրոջ կողմից, հանձնման ենթակա շարժական գույքն առգրավում է եւ հանձնում է պահանջատիրոջը, իսկ եթե գույքի հանձնումը ենթադրում է դրա նկատմամբ իրավունքների գրանցում (հաշվառում), ապա իր որոշմամբ պարտավորեցնում է գրանցող մարմնին կատարել համապատասխան գրանցում (հաշվառում): Եթե իրավունքների գրանցման (հաշվառման) համար պահանջվում է պարտապանի կողմից որոշակի գործողությունների կատարում, ապա հարկադիր կատարողը պարտապանի անունից այդ գործողությունները կատարում է սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:

3.  Եթե հարկադիր կատարողը կատարողական գործողությունների ընթացքում հայտնաբերել է կատարման ենթակա ակտի նկարագրությանը համապատասխանող՝ պահանջատիրոջը հանձնման ենթակա շարժական գույքը, ապա պարտապանը, եթե պնդում է, որ դա հանձնման ենթակա գույքը չէ, պետք է ապացուցի այդ փաստը:

4.     Կատարման ենթակա ակտով բռնագրավման ենթակա գույքն անհատապես որոշված լինելու դեպքում գույքի բռնագրավումը կատարվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ բռնագրավման ենթակա միայն այն գույքի նկատմամբ, որի վրա այլ պահանջներով բռնագանձում (ներառյալ՝ արգելանք) չի տարածվել: Այլ պահանջները հաշվի չեն առնվում, եթե դրանց հիման վրա հարուցված կատարողական (ներառյալ՝ ապահովման) վարույթով արգելանքը կիրառվել է ավելի ուշ, քան բռնագրավման պահանջով կամ վերջինիս ապահովման վարույթով կիրառված արգելանքը:

Հոդված 105. Երեխայի տեսակցության եւ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումը

1.    Երեխայի տեսակցության եւ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումն իրականացվում է երեխայի լավագույն շահերի առաջնայնությամբ՝ բացառելով երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական որեւէ հարկադրանքի գործադրում կատարողական վարույթի որեւէ սուբյեկտի կողմից:

2.    Կատարողական գործողություններն իրականացնելիս հարկադիր կատարողը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնում նրա կարծիքը՝ առանց դուրս գալու կատարման ենթակա ակտի պահանջի սահմաններից:

3.   Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները հարկադիր կատարողի (Ծառայության) միջնորդագրի հիման վրա մասնակցում են՝

1)    երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու (երեխայի բնակության վայրը որոշելու) հետ կապված կատարողական գործողությունների իրականացմանը.

2)    երեխայի տեսակցության կազմակերպմանն առնչվող կատարողական գործողությունների իրականացմանը` անհրաժեշտություն առաջանալու դեպքում:

4.    Սույն հոդվածով նախատեսված պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանվում է Արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 106. Աշխատանքում վերականգնելու պահանջի հարկադիր կատարումը

1.    Աշխատանքում վերականգնելու պահանջը համարվում է կատարված՝ աշխատողին իր նախկին աշխատանքին փաստացի ներգրավելու պահից, որը հաջորդել է աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ անհատական իրավական ակտը վերացնելուն:

Հոդված 107. Վտարումը

1.  Վտարումը կատարման ենթակա ակտում նշված անշարժ գույքը պարտապանից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գրանցված օգտագործման իրավունք կամ օրենքի հիման վրա անկախ գրանցումից ճանաչվող օգտագործման իրավունք չունեցող անձանցից եւ նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված անշարժ գույքից օգտվելն արգելելն է:

2.  Հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է հարկադիր վտարման օրվա եւ ժամի մասին: Պատշաճ ծանուցված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունն արգելք չեն կատարողական գործողություններն իրականացնելու համար:

3.  Պարտապանի բացակայությամբ վտարում իրականացնելիս հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի ամբողջ գույքի գույքագրումը՝ հետագայում անհրաժեշտության դեպքում կազմակերպելով դրա պահպանությունը սույն օրենքով սահմանված կարգով:

4.  Հարկադիր կատարողը կարող է վտարման մասին որոշում կայացնել նաեւ սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելու դեպքում:

5.    Սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի հարկադիր իրացման դեպքում գույքի նոր սեփականատիրոջ դիմումով հարկադիր կատարողը կայացնում է վտարման մասին որոշում, եթե նախկին սեփականատերը կամ օգտագործման իրավունք չունեցող անձինք հարկադիր կատարողի սահմանած ժամկետում հրաժարվում են ազատել անշարժ գույքը: Գույքի նոր սեփականատերը նման պահանջով հարկադիր կատարողին կարող է դիմել տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո մեկ տարվա ընթացքում:

Հոդված 108. Բնակեցումը

1.  Բնակեցումը կատարման ենթակա ակտում նշված բնակելի տարածություն պահանջատիրոջ անարգել մուտք գործելու եւ այնտեղ բնակվելու ապահովումն է:

2.  Հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է բնակեցման օրվա եւ ժամի մասին: Պատշաճ ծանուցված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունն արգելք չեն կատարողական գործողություններն իրականացնելու համար:

3.   Եթե պարտապանը բնակեցման պահանջով կատարողական վարույթի կարճումից հետո, ըստ էության խախտելով կատարման ենթակա ակտը, խոչընդոտում է պահանջատիրոջ բնակվելուն, ապա հարկադիր կատարողը պահանջատիրոջ միջնորդությամբ վերսկսում է կարճված կատարողական վարույթը: Պահանջատերը կարող է նման միջնորդություն ներկայացնել կատարողական վարույթի կարճումից հետո մեկ տարվա ընթացքում:

ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐՐՈՐԴ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

ԳԼՈՒԽ 19

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 109. Ապահովման վարույթի իրականացման կարգը

1.  Ապահովման վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոնների, իսկ դրամական պահանջի ապահովման վարույթը՝ այդ թվում դրամական պահանջների հարկադիր կատարման կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք նախատեսված են սույն գլխի դրույթներով:

Հոդված 110. Արգելանքի առանձնահատկություններն ապահովման վարույթում

1.    Ապահովման վարույթով արգելադրված գույքի օգտագործման իրավունքը չի կարող սահմանափակվել, եւ այն չի կարող առգրավվել, բացառությամբ եթե՝

1)    դա նախատեսված է կատարման ենթակա ակտով.

2)    արգելադրվել է սույն օրենքով պարտադիր առգրավման ենթակա գույք.

3)   պարտապանը խախտել է արգելանքից բխող սահմանափակումները:

2.    Ապահովման վարույթով, ի լրումն սույն օրենքով բռնագանձման ոչ ենթակա գույքի, արգելադրման ենթակա չեն նաեւ պարտապանի եկամուտները:

Հոդված 111. Դրամական պահանջի ապահովման վարույթով գույքի արգելադրման հերթականությունը

1.    Եթե այլ բան նախատեսված չէ կատարման ենթակա ակտով, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով պարտապանի գույքի վրա արգելանք է դրվում հետեւյալ հերթականությամբ՝

1)    պարտապան ֆիզիկական անձի պարագայում՝

ա. անշարժ գույք.

բ. շարժական գույք.

գ. դրամական միջոցներ.

2)    պարտապան իրավաբանական անձի եւ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝

ա. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված անշարժ գույք.

բ. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված շարժական գույք.

գ. սույն կետի մյուս ենթակետերում չնշված գույք.

դ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ.

ե. պատրաստի արտադրանք.

զ. դրամական միջոցներ:

Հոդված 112. Դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքի փոխարինումը եւ գույքն արգելանքից հանելը պարտապանի միջնորդությամբ

1.    Եթե կատարման ենթակա ակտով չի արգելադրվել կոնկրետ գույք, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով պարտապանը կարող է հարկադիր կատարողին միջնորդություն ներկայացնել արգելանքն այլ անձանց իրավունքներով չծանրաբեռնված եւ իրեն միանձնյա սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա դնելու կամ կատարման ենթակա ակտով ապահովված պահանջի (այսուհետ սույն հոդվածում՝ ապահովված պահանջ) չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու մասին` կցելով այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` ապահովված պահանջի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը՝ տրված սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող անձի կողմից, եւ միջնորդության ու գույքի գնահատման եզրակացության պատճենները պահանջատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույց:

2.    Գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություն ներկայացնել հարկադիր կատարողին:

3.   Հարկադիր կատարողն առարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, գնահատման եզրակացության արժանահավատությունն ստուգելու նպատակով նշանակում է փորձաքննություն:

4.    Եթե փորձաքննության արդյունքներով հաստատվում է առաջարկվող կամ արգելադրված գույքի՝ ապահովված պահանջի չափից պակաս լիկվիդացիոն արժեքը, ապա պարտապանի միջնորդությունը մերժվում է:

5.    Եթե պարտապանի միջնորդության մեջ նշված գույքի լիկվիդացիոն արժեքը համապատասխանում կամ գերազանցում է ապահովված պահանջի չափին, ապա հարկադիր կատարողն արգելանք է դնում միջնորդությամբ նշված գույքի վրա եւ արգելանքից հանում է նախկինում արգելադրված կամ ապահովված պահանջի չափը գերազանցող գույքը:

6.   Հարկադիր կատարողն արգելանքից հանում է պարտապանի գույքը եւ արգելանք է դնում Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում պարտապանի բանկային (ներառյալ՝ ավանդային) հաշվին առկա կամ պարտապանի կողմից Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին վճարված՝ ապահովված պահանջին համարժեք դրամական միջոցների վրա, եթե այդ մասին միջնորդել է պարտապանը:

7.    Հարկադիր կատարողը պարտապանի միջնորդությամբ արգելանքից հանում է պարտապանի գույքը, եթե ներկայացվել է ապահովված պահանջի չափին համարժեք բանկային երաշխիք՝ տրված Հայաստանի Հանրապետությունում գործող բանկից:

8.   Սույն հոդվածով սահմանված կանոնները եւ սույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը դրամական պահանջի ապահովման վարույթով կիրառվում են միմյանցից անկախ:

Հոդված 113. Միեւնույն պարտապանի նկատմամբ դրամական պահանջի ապահովման վարույթի եւ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթի հարաբերակցությունը

1.    Եթե դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից առաջ, ապա այլ դրամական պահանջի հարկադիր կատարումն իրականացվում է (ներառյալ՝ դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքը կարող է հարկադիր իրացվել) միայն դրամական պահանջի ապահովման վարույթով կատարման ենթակա ակտի կատարման առաջնահերթությունից ելնելով:

2.    Եթե դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից հետո, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով կիրառված արգելանքները խոչընդոտ չեն այլ դրամական պահանջն ընդհանուր կարգով հարկադիր կատարելու համար:

Հոդված 114. Ավարտված ապահովման վարույթի վերսկսումը եզրափակիչ դատական ակտի եւ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի հիման վրա

1.  Եթե հարկադիր կատարման է ներկայացվել եզրափակիչ դատական ակտը կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտը, որոնց կատարումն ապահովելու համար կայացվել էր ապահովման վարույթի հարուցման հիմք հանդիսացած կատարման ենթակա ակտը, ապա ավարտված ապահովման վարույթը սույն օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վերսկսվում է որպես համապատասխան եզրափակիչ դատական ակտի կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի կատարման վարույթ:

2.  Ապահովման վարույթով կիրառված արգելանքները սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում գործում են որպես համապատասխան եզրափակիչ դատական ակտի կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի կատարման վարույթով կիրառված արգելանքներ, եւ դրանց նկատմամբ տարածվում են սույն օրենքով սահմանված՝ արգելանքներին վերաբերող ընդհանուր կանոնները:

ԲԱԺԻՆ 4

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 20

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

Հոդված 115. Հարկադիր կատարողի որոշումների եւ պահանջների պարտադիրությունը

1.  Հարկադիր կատարողի որոշումները, պահանջները եւ հանձնարարականները պարտադիր են բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար եւ ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հոդված 116. Վարչական եւ քրեական պատասխանատվությունը կատարողական վարույթում թույլ տրված իրավախախտումների համար

1.    Եթե կատարողական վարույթի իրականացման առնչությամբ կատարողական վարույթի սուբյեկտների կամ այլ անձանց գործողությունները կամ անգործությունը պարունակում են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ, ապա հարկադիր կատարողը (Ծառայությունը)՝

1)    իր որոշմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ, եթե նման միջոցներ կիրառելու իրավասությունն օրենքով վերապահված է հարկադիր կատարողին.

2)    իր իրավասության սահմաններում նախաձեռնում է այլ մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ընթացակարգ.

3)   օրենքով սահմանված կարգով ներկայացնում է առեւերույթ հանցանքի մասին հաղորդում:

Հոդված 117. Տուժանքը ոչ դրամական պահանջը չկատարելու համար (աստրենտ)

1.    Դատարանը պահանջատիրոջ պահանջով կարող է պարտապանից հօգուտ պահանջատիրոջ բռնագանձման ենթակա դրամական տուժանք (աստրենտ) նշանակել քաղաքացիական (բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ բաժնի հինգերորդից յոթերորդ ենթաբաժիններով քննվող գործերի) եւ վարչական գործերով կայացված եզրափակիչ դատական ակտերով հաստատված ոչ դրամական պահանջը չկատարելու համար:

2.    Աստրենտ նշանակելու պահանջ ներկայացրած պահանջատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվում, իսկ պատճառվող վնասի չափն աստրենտ նշանակելիս եւ դրա չափը փոփոխելիս հաշվի չի առնվում:

3.   Աստրենտը նշանակվում է համապատասխան ոչ դրամական պահանջը սահմանող եզրափակիչ դատական ակտով, եթե դրա մասին ներկայացվել է առանձին հայցապահանջ (նախնական աստրենտ):

4.    Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը կարող է աստրենտ նշանակել պահանջատիրոջ դիմումով, եթե նախնական աստրենտ չի նշանակվել, ինչպես նաեւ պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով կարող է փոփոխել նշանակված աստրենտի չափը կամ դադարեցնել այն: Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո աստրենտ նշանակելը եւ նախնական աստրենտի չափը փոփոխելը համարվում են վերջնական աստրենտի նշանակում:

5.    Աստրենտ չի նշանակվում, եթե կատարման ենթակա ակտով հաստատված ոչ դրամական պահանջը բխում է քաղաքացիաիրավական պայմանագրից, եւ օրենքով կամ այդ պայմանագրով տվյալ պահանջը չկատարելու համար վնասի հատուցման կամ տուժանքի (տույժի, տուգանքի) այլ չափ է նախատեսված: Սույն մասով սահմանված կանոնը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների դեմ նրանց հաճախորդների պահանջների, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված հանրային ծառայությունների մատուցման պայմանագրերով ծառայություն ստացողների պահանջների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի իմաստով արտադրողների (կատարողների, վաճառողների) դեմ սպառողների պահանջների եւ աշխատանքային պայմանագրերից բխող աշխատողների պահանջների նկատմամբ:

6.   Վերջնական աստրենտ չի նշանակվում, իսկ նշանակված աստրենտը դատարանի որոշմամբ դադարեցվում է, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում կատարման ենթակա ակտով հաստատված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

7.    Եթե կատարման ենթակա ակտով պահանջատերերը կամ պարտապանները մեկից ավելին են, ապա դատարանն աստրենտ նշանակելիս որոշում է համապատասխանաբար այն վճարելու պարտականության եւ ստանալու իրավունքի բաժինները կամ դրանց համապարտությունը եւ համիրավությունը: Բոլոր դեպքերում աստրենտ չի կարող նշանակվել այն պարտապանի նկատմամբ, որի դեմ նման պահանջ չի ներկայացվել, եւ այն պահանջատիրոջ օգտին, որը նման պահանջ չի ներկայացրել:

Հոդված 118. Աստրենտի չափը եւ դրա հաշվարկը

1.    Նախնական աստրենտը սահմանվում է՝

1)    որոշակի գործողություններ կատարելու պահանջի առաջին խախտման համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ կետանցի յուրաքանչյուր հաջորդ օրվա համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.

2)    պարբերական գործողություններ կատարելու պահանջի խախտման առաջին դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ խախտման յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.

3)   որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջի խախտման առաջին դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ խախտման յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Եթե արգելված գործողությունների կատարումը կրում է տեւող բնույթ, ապա խախտման դեպք է համարվում խախտման յուրաքանչյուր օրը:

2.    Նախնական աստրենտը հաշվարկվում է սույն օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:

3.   Վերջնական աստրենտ նշանակելիս դատարանը սահմանում է դրա չափը պարտավորության կատարման կետանցի յուրաքանչյուր օրվա, իսկ պարբերական գործողություններ կատարելու եւ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իմաստով: Դատարանը պահանջատիրոջ միջնորդությամբ կարող է սահմանել նաեւ աճողական աստրենտ, որի պարագայում աստրենտի չափն աճում է կատարման կետանցի որոշակի ժամկետ (հաջորդական ժամկետներ) կամ պահանջի խախտման դեպքերի որոշակի քանակ (հաջորդական քանակներ) լրանալուց հետո:

4.    Վերջնական աստրենտի չափը որոշում է դատարանը՝ այն հաշվով, որ այն բավարար լինի պարտապանին ոչ դրամական պարտավորության կատարմանը հակելու համար:

5.    Վերջնական աստրենտի չափը որոշելիս, մասնավորապես, գործի հանգամանքներից կախված եւ համապատասխան տվյալների առկայության դեպքում հաշվի են առնվում պարտավորությունը հարկադիր կատարման միջոցներով կատարելու իրավական եւ փաստացի հնարավորությունը, ներառյալ՝ այն ջանքերը եւ ծախսերը, որոնք կարող են պահանջվել հարկադիր կատարման համար, պարտապանի գույքային դրությունը, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանի հասույթի եւ շահույթի չափերը, պարտավորությունը չկատարելու հարցում պարտապանի անբարեխղճության աստիճանը, պահանջատիրոջ համար պարտավորության կատարման նշանակությունը, հրատապությունը եւ դատարանի կողմից կարեւորվող այլ հանգամանքներ:

6.   Վերջնական աստրենտի չափը բոլոր դեպքերում կետանցի մեկ օրվա (խախտման մեկ դեպքի) համար սահմանվում է ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի եւ ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Եթե աճողական աստրենտը կետանցի որոշակի ժամանակահատվածից հետո գերազանցում է օրական (խախտման մեկ դեպքի համար) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա աստրենտը հաշվարկվում է օրական (խախտման մեկ դեպքի համար) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

7.  Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու եւ աստրենտը դադարեցնելու մասին դատարանի որոշումները կիրառվում են դրանց օրինական ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ:

8.   Աստրենտ չի հաշվարկվում ոչ դրամական պահանջի կատարումը սույն օրենքի 55-րդ հոդվածի հիման վրա հետաձգված կամ տարաժամկետված լինելու, ինչպես նաեւ տվյալ կատարողական վարույթը սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված հիմքերով կասեցված լինելու ժամանակահատվածներում:

9.   Ոչ դրամական պահանջով կատարողական վարույթի կարճումը դադարեցնում է աստրենտի հաշվարկը՝ վարույթի կարճման պահից, առանց դրա մասին դատարանի հատուկ որոշման:

10.  Աստրենտի հաշվարկը դատական ակտի հիման վրա կատարում է հարկադիր կատարողը:

Հոդված 119. Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու եւ աստրենտը դադարեցնելու կարգը

1.  Վերջնական աստրենտ նշանակելու (ներառյալ՝ նախնական աստրենտի չափը փոփոխելու), աստրենտը դադարեցնելու դիմումները ներկայացվում են համապատասխան ոչ դրամական պահանջով հայցը քննած առաջին ատյանի դատարան (վարչական դատարան): Նախնական աստրենտ նշանակված չլինելու դեպքում վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել եզրափակիչ դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտման պահից հետո մեկ տարվա ընթացքում:

2.  Դիմումը ներկայացնելու, այն քննելու եւ լուծելու հարցերի նկատմամբ կիրառվում են համապատասխան դատավարական օրենսգրքի կանոնները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Դիմումը վարույթ ընդունելու մասին առանձին որոշում չի կայացվում, եւ այն քննվում է նախկինում հարուցված դատական գործի շրջանակներում:

3. Դիմումին կցվում է դրա օրինակը եւ դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի այն կողմին ուղարկելու վերաբերյալ ապացույց, որի շահերին առնչվում է դիմումը: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին դիմողը տեղեկացվում է դիմումը դատարանում ստացվելուց հետո եռօրյա ժամկետում:

4.  Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում՝ իր նախաձեռնությամբ Ծառայությունից պահանջելով ոչ դրամական պահանջի կատարման վարույթի բոլոր նյութերի պատճենները: Դատարանն ըստ անհրաժեշտության կարող է կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, ինչպես նաեւ հրավիրել դատական նիստ: Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցվում են միայն դիմողը եւ կատարողական վարույթի այն կողմը, որի դեմ ներկայացվել է դիմումը:

5.  Վերջնական աստրենտ նշանակվելուց հետո կատարողական վարույթի կողմը կարող է դիմել այն նշանակած դատարան՝ աստրենտի չափը փոփոխելու կամ այն դադարեցնելու դիմումով, եթե այդ պահանջի հիմքերը նախկինում չեն քննարկվել դատարանի կողմից: Նման դիմումները ներկայացվում եւ քննվում են սույն հոդվածով սահմանված կանոններով:

6.  Աստրենտի չափը նվազեցնելու կամ այն դադարեցնելու մասին պարտապանի դիմումն ստանալուց հետո դատարանը կարող է պարտապանի միջնորդությամբ որոշում կայացնել այդ դիմումի պահանջը լրիվ կամ մասնակի ժամանակավորապես բավարարելու մասին՝ մինչեւ դիմումի ըստ էության քննության արդյունքներով որոշումն օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանի նման որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ բողոքարկման ենթակա չէ: Եթե դիմումի ըստ էության քննության արդյունքներով դատարանը մերժում է պարտապանի դիմումը, ապա սահմանում է նաեւ աստրենտի ժամանակավոր նվազեցման կամ դադարեցման ժամանակահատվածում չվճարված աստրենտի գումարի չափը, որը ենթակա է բռնագանձման հօգուտ պահանջատիրոջ:

7.  Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց եւ այդ ժամկետում կարող է բողոքարկվել:

ԳԼՈՒԽ 21

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 120. Գույքն արգելանքից հանելու հայցը

1.  Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ կամ այդ գույքի նկատմամբ պարտապանի սեփականության իրավունքի դադարեցման պահանջ ենթադրող վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու հայց ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով՝ ընդդեմ պարտապանի եւ պահանջատիրոջ:

2.  Գույքն արգելանքից հանելու հայց կարող է ներկայացնել այն անձը, որն իրեն է համարում այդ գույքի սեփականատեր կամ հավակնում է ձեռք բերել նման իրավունք:

3.  Դատարանը գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն վարույթ ընդունելու օրվանից եռամսյա ժամկետում:

Հոդված 121. Հարկադիր աճուրդի իրավաչափությունը վիճարկելը

1.    Հարկադիր աճուրդը դրա արձանագրությունը Ծառայության աճուրդի ինտերնետային կայքում հրապարակելուց հետո երկու ամսվա ընթացքում կարող է վիճարկվել եւ դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվել շահագրգիռ անձի պահանջով, եթե այն անցկացվել է օրենքի խախտմամբ, եւ թույլ տրված խախտումն ազդել է կամ կարող էր ազդել հարկադիր աճուրդի արդյունքների վրա:

2.    Հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու հետեւանքով աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը չի կարող հետ պահանջվել գնորդից՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցը բավարարվելու դեպքի: Հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելն ինքնին հիմք չէ աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ այդ պայմանագրի հիման վրա ծագած՝ գնորդի սեփականության իրավունքը դադարեցնելու (իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու, առկա պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու) համար:

3.   Գույքի նախկին սեփականատեր հայցվորը կարող է ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր աճուրդով իրացված գույքն իրեն վերադարձնելու պահանջ ներկայացնել, եթե՝

1)  սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով վերացվել է (են) աճուրդի ավարտի օրվա դրությամբ պարտապանի նկատմամբ հարուցված եւ չկարճված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի երեք քառորդից ավելին սահմանող կատարման ենթակա ակտ(եր)ը, կամ ոչ իրավաչափ է ճանաչվել աճուրդի ավարտի օրվա դրությամբ պարտապանի նկատմամբ հարուցված եւ չկարճված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի երեք քառորդից ավելին սահմանող կատարողական վարույթ(ներ)ի հարուցումը.

2)  օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ աճուրդի ավարտի օրվա դրությամբ պարտապանի նկատմամբ հարուցված եւ չկարճված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի երեք քառորդից ավելին սահմանող կատարողական վարույթ(ներ)ը կարճելու հիմք(եր)ի առկայությունը մինչ գույքը հարկադիր աճուրդով իրացնելը հարկադիր կատարողին հայտնի լինելու պայմաններում այդ վարույթ(ներ)ը ոչ իրավաչափ կերպով չի (չեն) կարճվել.

3)  օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ հարկադիր իրացված գույքը պատկանել է ոչ թե կատարողական վարույթով պարտապանին, իսկ կատարման ենթակա ակտով երրորդ անձ գրավատուի գույքի վրա բռնագանձում տարածելը թույլատրված լինելու դեպքում՝ գրավատուին, այլ տվյալ դատական գործով հայցվորին:

4.  Եթե հարկադիր աճուրդը ճանաչվել է ոչ իրավաչափ, սակայն աճուրդով իրացված գույքը սույն հոդվածով սահմանված հիմքերով պարտապանին (գույքի նախկին սեփականատիրոջը) վերադարձման ենթակա չէ, ապա պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք ունի Ծառայությունից պահանջելու հատուցել ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր աճուրդով իրեն պատճառված վնասը՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

5.    Հարկադիր աճուրդի մասնակցի կամ ոչ իրավաչափ կերպով աճուրդին մասնակցելու հնարավորություն չստացած անձի պահանջով աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայցվորն իրավունք ունի Ծառայությունից պահանջելու հատուցել ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր աճուրդով իրեն պատճառված վնասը՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով: Սույն մասով վնասի առկայությունը կամ չափը չհիմնավորվելու դեպքում հայցվորին տրամադրվում է փոխհատուցում՝ ոչ իրավաչափ ճանաչված հարկադիր աճուրդով լոտի իրացման գնի 10 տոկոսի, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի եւ ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով:

6.   Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցը բավարարվելու դեպքում՝

1)  կարճված կատարողական վարույթը վերսկսվում է.

2)  դատական ակտի հիման վրա դադարում է գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը, եւ նույն պայմանագրի հիմքով գնորդի սեփականության իրավունքի նոր գրանցում կատարվել չի կարող.

3) հայցվորի սեփականության իրավունքը, իրացման հետեւանքով դադարած գույքային իրավունքները եւ սահմանափակումները վերականգնվում են (գրանցվում, հաշվառվում են), իսկ  իրացման հետեւանքով կատարված իրավունքների պետական գրանցումներն իրենց իրավաբանական ուժը կորցնում են բացառապես սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցը բավարարող դատական ակտի հիման վրա, եթե չկան սույն կետում նշված իրավունքների, սահմանափակումների եւ պետական գրանցումների դադարման (ուժը կորցնելու)` օրենքով նախատեսված այլ հիմքեր.

4)  գնորդի կողմից գույքը վերադարձնելուց հետո եռօրյա ժամկետում Ծառայությունը նրան է վերադարձնում դրա գնման գինը.

5)  պահանջատերը, պարտապանը եւ այլ անձինք գույքի հարկադիր իրացումից ստացված գումարներն իրենց ստացած չափով հարկադիր կատարողի որոշման հիման վրա վերադարձնում են Ծառայությանը, եւ պահանջատիրոջ պահանջի բավարարված մասը նվազեցվում է իր վերադարձրած գումարի չափով:

7.   Հարկադիր կատարողի՝ սույն հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշումը հիմք է վերադարձման ենթակա գումարը բռնագանձելու համար, ընդ որում՝ աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու հետեւանքով պարտապանին (գրավատուին) վերադարձված գույքի նոր իրացումից ստացված գումարն առաջին հերթին ուղղվում է Ծառայության պահանջի բավարարմանը:

Հոդված 122. Կատարման շրջադարձը

1.    Եթե լրիվ կամ մասնակի ի կատար ածված դատական ակտը բեկանվել է, եւ կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու, գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին նոր դատական ակտ (այսուհետ սույն հոդվածում՝ նոր դատական ակտ), ապա նոր դատական ակտով գույքը համապատասխանաբար լրիվ կամ մասնակի վերադարձվում է պարտապանին կամ շահագրգիռ այլ անձին (այսուհետ սույն հոդվածում երկուսը միասին՝ շահագրգիռ անձ), կամ շահագրգիռ անձի օգտին բռնագանձվում են դրամական միջոցներ: Եթե անհնար է գույքը շահագրգիռ անձին վերադարձնել բնեղենով, ապա նրա օգտին դատական ակտով ենթակա են բռնագանձման համարժեք դրամական միջոցներ:

2.  Դատական ակտի կատարման շրջադարձի հարցը լուծում է գործը քննած առաջին ատյանի դատարանը՝ շահարգիռ անձի դիմումով, տվյալ դատական գործի շրջանակներում, եթե նոր դատական ակտ կայացրած դատարանը շրջադարձի հարցը չի լուծել: Շահագրգիռ անձը կարող է դատական ակտի կատարման շրջադարձի դիմում ներկայացնել նոր դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

3.   Դատարանը դատական ակտի կատարման շրջադարձի դիմում ներկայացրած անձի միջնորդությամբ կիրառում է այդ դիմումի պահանջի ապահովման միջոցներ՝ համապատասխան դատավարական օրենքով սահմանված հայցի ապահովման միջոցների կիրառման կանոններով:

4.  Դատարանը դատական ակտի կատարման շրջադարձի դիմումը քննում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում այն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու՝ իր նախաձեռնությամբ Ծառայությունից պահանջելով բեկանված դատական ակտի կատարման վարույթի բոլոր նյութերի պատճենները: Դատարանը սույն մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:

5.  Դիմումի քննության արդյունքներով դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց եւ այդ ժամկետում կարող է բողոքարկվել:

6.   Ոչ դատական ակտերի կատարման շրջադարձի անհրաժեշտության դեպքում շահագրգիռ անձն իր պահանջը կարող է ներկայացնել առանձին հայցով կամ օրենքով նախատեսված այլ ընթացակարգով:

ԲԱԺԻՆ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 22

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 123. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2.    Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը:

3.   Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

4.  Սույն օրենքը կիրառվում է՝

1)  սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմումների հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ.

2)  սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված կատարողական թերթ տալու դիմումներով տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ.

3)   ավարտված կամ կարճված կատարողական վարույթները վերսկսելու վերաբերյալ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումների քննության եւ լուծման, ինչպես նաեւ ավարտված կամ կարճված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերսկսված կատարողական վարույթների նկատմամբ.

4)  սույն մասի 1-3-րդ կետերում նշված կատարողական վարույթներով հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման նկատմամբ:

5.  Սույն հոդվածի 4-րդ մասում չնշված կատարողական վարույթների նկատմամբ կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը:

6.   Մինչեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումը կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության՝ կատարողական թերթ տալու համար դիմում ներկայացնելու եւ դրա քննության, դրա ժամկետների, այդ ժամկետների վերականգնման, կատարողական թերթ տալու, դրա բովանդակության, կատարողական թերթը վերադարձնելու, կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ կանոնները: Սույն մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչեւ 2025 թվականի ապրիլի 1-ը:

7.    Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված կատարողական վարույթների վերսկսման նկատմամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետային սահմանափակումը:

8.   Սույն օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման եւ կատարողական վճարների գանձման կանոնները կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերում նշված կատարողական վարույթների եւ այդ վարույթների շրջանակներում հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման դեպքում: Այլ կատարողական վարույթներով կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման կանոնները:

9.   Բռնագանձված գումարները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկից ավելի պահանջատերերի միջեւ բաշխվում են սույն օրենքով սահմանված կանոններով, եթե պահանջատերերից թեկուզ մեկի պահանջով հարուցված (վերսկսված) կատարողական վարույթի նկատմամբ կիրառվում է սույն օրենքը:

10.  Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ, կարճվելու դեպքում կատարողական վճարներ չեն գանձվում նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առանց սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ Կառավարության որոշման ընդունման:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կատարողական վարույթի մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն