Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-765-22.01.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 2021 թվականի հունիսի 30-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 98-րդ հոդվածում՝

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 98. Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնումը, տնօրինումը եւ տվյալների հրապարակումը»:

2) 2-րդ մասում, 5-րդ մասի 3-րդ կետում եւ 6-րդ մասի 2-րդ կետում «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը փոխարինել «դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը» բառերով.

3) Lրացնել նոր 10-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«10. Կառավարության որոշմամբ սահմանվում են՝

1) պետությանը եւ համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման եւ ծախսերի   կազմակերպման,

2) պետությանը եւ համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,

3) քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,

4) քրեական վարույթներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է, որը մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով շարժական գույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձեւով պահատվության է փոխանցվում համապատասխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ, իսկ Հայաստանի Հանրապետության դրամի ձեւով՝ մինչդատական վարույթի փուլում պահատվության է փոխանցվում դատախազության դեպոզիտային հաշվին, դատական վարույթի փուլում՝ դատարանի դեպոզիտ հաշվին: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող թանկարժեք մետաղները եւ քարերը, արտարժույթը, արժեթղթերը պահպանման համար հանձնվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին, իսկ Հայաստանի Հանրապետության դրամը դատական վարույթի ընթացքում մուծվում է դատարանի դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտ:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում «դատարանի դեպոզիտ» բառերից հետո լրացնել «, իսկ մինչդատական վարույթում դատախազության դեպոզիտային հաշվին» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Կառավարության որոշմամբ սահմանվում է պետությանը եւ համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման եւ ծախսերի  կազմակերպման, պետությանը եւ համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաեւ նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով ՀՀ վարչապետի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 40-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) եւ հաստատվել դրա անհատական կազմը, աշխատանքային խմբի աշխատակարգը: Աշխատանքային խումբը ղեկավարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, խմբի անդամներ են հանդիսացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պետի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը, ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության պետը, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման եւ գնումների բաժնի պետը:

Աշխատանքային խմբի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պետությանը եւ համայնքին պատճառված վնասի վերականգման գործընթացում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնք որոշակի խոչընդոտներ են ստեղծում վերականգնված գումարները տնօրինելիս եւ հաշվառելիս:

Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ իրավասու մարմիններում քննվող/քննված քրեական գործերով/վարույթներով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնվում է ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը (օր.՝ տարբեր ՊՈԱԿ-ներ՝ դպրոցներ, բժշկական կենտրոններ եւ այլն), իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին:

Պարզվել է նաեւ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործերով պատճառված վնասների գումարները մուտքագրվում են տարբեր հաշվեհամարներին, որոշ դեպքերում՝ հանձնվում կանխիկ եղանակով, քանի որ նշված նախաքննական մարմինը չունի դեպոզիտային հաշվեհամար:

Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին, որոնց տնօրինումը եւ հաշվառումը գործնականում եւս բարդություն են առաջացնում:

Բացի այդ, տարբեր հաշվեհամարներին նման բնույթի կատարվող վճարումները դժվարացնում են նաեւ Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, քանի որ վերջինս, ըստ էության, հնարավորություն չունի դիտարկելու այդ գումարների գոյացման աղբյուրը:

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կոմիտեի դեպոզիտ հաշիվը սկսվել է վարվել 2014թ.-ի հոկտեմբեր ամսից, իսկ վճարումները կատարված են 2015թ.-ից սկսած: Դեպոզիտում առկա գումարը կուտակվել է քրեական վարույթներով պարզված վնասների, կիրառված խափանման միջոցներ՝ երաշխավորության եւ գրավի, գույքի արգելադրման, ինչպես նաեւ վարութային ծախսերի (հիմնականում փորձաքննությունների արժեքների) արդյունքում կատարված վճարումներից:

Կոմիտեի գործունեության ընթացքում դեպոզիտ հաշվին վճարված ընդհանուր գումարը կազմել է 7.165.690.757 դրամ գումար, որից ելքագրվել է 3.043.769.692 դրամ գումար, իսկ 2022թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ մնացորդը կազմում է 4.121.921.058 ՀՀ դրամ գումար:

2015թ.-ից սկսած առկա են վճարումներ, որոնք կատարվել են 2022թ. դեկտեմբերի 16-ը ներառյալ:

Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին առկա 4.121.921.058 ՀՀ դրամ գումարի գերակշռող մասը պետությանը, համայնքին եւ ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերաբերյալ է, որոնց մի մասի վճարման անդորրագրերում հստակ նշված չէ, թե վնասը կոնկրետ ում է պատճառվել եւ դրանց տարբերակումը գտնվում է ուսումնասիրությունների փուլում: Դեպոզիտ հաշվի գումարից շուրջ 3.800.000.000 ՀՀ դրամ գումարը գոյացել է պետությանը, համայնքին եւ ֆիզիկական անձանց պատճառված վնասի հատուցման արդյունքում:

Դեպոզիտ հաշվի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա են մի շարք գումարներ, որոնց վճարման անդորրագրերի նպատակ դաշտում որեւէ գրառում կատարված չէ, քրեական վարույթի համարը նույնպես նշված չէ, ինչի արդյունքում վճարման նպատակը հնարավոր չի եղել պարզել, այն հետագայում հնարավոր կլինի իդենտիֆիկացնել միայն վճարած անձի տվյալների եւ ամսաթվի համադրությունների արդյունքում: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա է շուրջ 166.569.519 ՀՀ դրամ գումար, որոնց վճարման անդորրագրի նպատակ դաշտում որեւէ գրառում կատարված չէ, սակայն հնարավոր նույնականացման նպատակով ուսումնասիրությունները շարունակվում են:

Դեպոզիտ հաշվի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա են գրավ եւ անձնական երաշխավորություն խափանման միջոցների արդյունքում կատարված վճարումներ, որոնց ընդհանուր չափը կազմել է շուրջ 116.730.220 ՀՀ դրամ գումար:

Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ դատական ծախսերի ապահովման նպատակով քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին եւս կատարվել են վճարումներ, որոնց ընդհանուր չափը կազմվել է շուրջ 9.007.667 ՀՀ դրամ գումար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝

Ճշտվել է, որ 2022 թվականի ընթացում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից որպես վնասի վերականգնում ՀՀ գանձապետական 900005028155 հաշվեհամարին փոխանցվել է 307 մլն դրամ: Ճշտվել են այն քրեական գործերը, որոնցով վճարվել են այդ գումարները:

Ճշտվել է, որ համապատասխան ակտերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունից որպես վնասի վերականգնում գանձապետական 900005028155 հաշվեհամարին փոխանցվել է 188 մլն դրամ:

Տվյալներ են ստացվել նաեւ ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտից:

ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խմբի պարբերաբար կայացած հանդիպումների արդյունքում որոշվել է պետությանը եւ համայքներին պատճառված վնասի վերականգնման միասնական մոտեցումներ սահմանելու նպատակով հիմք ընդունել հետեւյալ հայեցակարգային մոտեցումները.

- Առաջարկվել է պետությանը եւ համայնքներին պատճառված վնասների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազության, նախկին հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի դեպոզիտային հաշիվներին վճարված գումարները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեհամարում առկա գումարները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ի պահ հանձնված գումարները եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված/քննվող գործերով/վարույթներով վերականգնված եւ փաստացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում գտնվող գումարները ինչպես նաեւ այն գումարները, որոնց ծագման աղբյուրը օբյեկտիվորեն հնարավոր չէ պարզել, փոխանցել պետությանը պատճառված վնասի վերականգման մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին:

- Առաջարկվել է նախաքննական մարմինների դեպոզիտ հաշիվներին առկա՝ գույքի արգելադրման կամ որպես գրավ փոխանցված գումարները փոխանցել  դատախազության դեպոզիտ հաշվին:

- Առաջարկվել է քրեական վարույթի բոլոր փուլերում պետությանը եւ համայնքներին, ինչպես նաեւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին պատճառված վնասը վերականգնել Հայաստանի Հանրապետության  ֆինանսների նախարարության կողմից վարվող մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին:

Բացառություն են կազմելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 285-րդ, 286-րդ, 288-րդ կամ 290-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները, որոնց հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը վերականգնվելու է կամ հարկ վճարողի միասնական հաշվին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վարվող մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Նշված բացառությունը պայմանավորված է հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վնասը փաստացի վերականգնելու դեպքում հնարավոր տույժ-տուգանքներից խուսափելու նկատառումներով:

- Առաջարկվել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով գումարները վերականգնել, որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամը մուծել, իսկ որպես գրավ՝ դրամական միջոցները պահատվության հանձնել Հայաստանի Հանրապետության դատախազության դեպոզիտ հաշվին: Դատական վարույթի փուլում առաջարկվում է որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամը մուծել, իսկ որպես գրավ՝ դրամական միջոցները պահատվության հանձնել այն դատարանի դեպոզիտ, որի վարույթում գտնվում է գործը:

- Առաջարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը հնարավորություն ընձեռել տնօրինելու մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին առկա գումարները, իսկ դրանք վերականգնած անձի ռեաբիլիտացիայի կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ վերականգնված գումարները վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին:

- Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանել մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին կամ դատախազության կողմից վարվող դեպոզիտային հաշվին վճարումներ ընդունելու վճարման անդորրագրի օրինակելի ձեւ եւ շրջաբերականով ուղարկել  բոլոր առեւտրային բանկերին: Նշված անդորրագիրը պարտադիր պետք է ներառի նախաքննական մարմնի անվանումը, վարույթի համարը, մեղադրյալի տվյալները (առկայության դեպքում), վճարման նպատակը

- Առաջարկվել է սահմանել նաեւ հաշվետվողականության եւ հրապարակայնության կառուցակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը մինչեւ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին պետությանը եւ համայնքներին պատճառված վնասների վերականգնման նպատակով փոխանցված գումարների վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատախազության դեպոզիտ հաշվին մուծված՝ որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի, ինչպես նաեւ որպես գրավ՝ պահատվության հանձնված գումարների մասին՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը մինչեւ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում դատարանների դեպոզիտներ մուծված՝ արգելադրված կամ որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների վերաբերյալ:

Ընդ որում, հարկ է արձանագրել, որ տվյալների պարբերական հրապարակումը նպատակ ունի ապահովելու անհրաժեշտ թափանցիկությունը եւ հանրային վերահսկողությունը վերականգնված գումարների նկատմամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ՝ սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման եւ հաշվառման, ինչպես նաեւ որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների եւ արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվի անհրաժեշտ օրենսդրական հիմք ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտով՝ ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի մշակած հայեցակարգային մոտեցումները կյանքի կոչելու համար:

Բացի այդ, Նախագծի ընդունմամբ անհրաժեշտ օրենսդրական հիմք կստեղծվի քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաեւ նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  ընդունման կապակցությամբ անհրաժեշտ կլինի ընդունել ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտեր:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն