Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-767-25.01.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 38.2-րդ հոդվածով` հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 38.2. ՍԵՅՖ պայմանագիրը

1. ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել եւ մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի եւ դասի բաժնետոմսեր:

2. ՍԵՅՖ պայմանագրի կնքման դեպքում ներդրողը` պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերությանը հանձնում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, սակայն Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխան չափով տեղի է ունենում միայն պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում: ՍԵՅՖ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահին, սակայն դրա հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:

3. ՍԵՅՖ պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է 60-օրյա ժամկետում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը թողարկել եւ ներդրողի օգտին տեղաբաշխել:

4. ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:

5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմակերպությունների կողմից ներդրումներ ներգրավելու կամ ներդրումներ կատարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

6. ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաեւ պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման, ինչի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում եւ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում տեղի չի ունենում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաեւ սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամաբ տոկոսներ:

7. ՍԵՅՖ պայմանագիրը հանդիսանում է արժեթուղթ:»

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:»:

Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «25.1)» կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«25.1) ՍԵՅՖ պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը.»:

Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել նոր «4.1)» մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.1-ին կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:»

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն