Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-767-25.01.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր 38.2-րդ հոդվածով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 38.2. ՍԵՅՖ պայմանագիրը

1. ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել եւ մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի եւ դասի բաժնետոմսեր:

2. ՍԵՅՖ պայմանագրի կնքման դեպքում ներդրողը՝ պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերությանը հանձնում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, սակայն Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխան չափով տեղի է ունենում միայն պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում: ՍԵՅՖ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահին, սակայն դրա հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:

3. ՍԵՅՖ պայմանագրով սահմանված՝ Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է 60-օրյա ժամկետում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը թողարկել եւ ներդրողի օգտին տեղաբաշխել:

4. ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:

5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմակերպությունների կողմից ներդրումներ ներգրավելու կամ ներդրումներ կատարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

6. ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաեւ պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման, ինչի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում եւ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում տեղի չի ունենում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաեւ սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամաբ տոկոսներ:

7. ՍԵՅՖ պայմանագիրը հանդիսանում է արժեթուղթ:»

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:»:

Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «25.1)» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«25.1) ՍԵՅՖ պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը.»:

Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել նոր «4.1)» մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.1-ին կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը՝ Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:»

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: