Armenian ARMSCII Armenian
Կ-769-30.01.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը սահմանում է ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականության մշակման՝ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների դասակարգման, տեխնիկական վիճակի գնահատման, գրանցման տնտեսական, իրավական եւ կազմակերպական հիմքերը, ճանապարհների նախագծման, շինարարության (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման (նորոգման), դրանց կահավորման ու պահպանման, հսկողության, վերահսկողության, ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման, ավտոմոբիլային ճանապարհների եւ թունելների անվտանգության աուդիտի իրականացման նկատմամբ հիմնական պահանջներն ու սահմանափակումները:».

2) 3-րդ մասի «նորոգման» բառը փոխարինել «միջին նորոգման (նորոգման)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) «օտարման շերտ» եւ «հողային պաստառ» հասկացությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«օտարման շերտ՝ հողատարածք (հողամասի նշանակությունից անկախ), որը նախատեսված է ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի եւ ճանապարհային շինությունների (կառուցվածքների) տեղակայման համար: Ընդ որում՝ օտարման շերտն ընդգրկում է հողային պաստառը եւ հողային պաստառի զույգ կողմերից մեկ մետրի չափով հավելյալ գոտիները, իսկ ավտոմոբիլային ճանապարհների փոխհատումների եւ միացումների տեղերում՝ աջ շրջադարձերի թեւերի արտաքին եզրագծով տարածությունը՝ սահմանափակված մեկ մետր լայնությամբ պահպանիչ գոտիներով.

հողային պաստառ` օտարման շերտի այն տարածքը, որտեղ կատարվել են հողային աշխատանքներ, որն ընդգրկում է ճանապարհի երթեւեկային մասը, կողնակները կամ մայթերը, հեծանվային արահետները, լիցքի եւ հանույթի շեպերն ու կողային առուները.».

2) «արհեստական կառույցներ» հասկացության «եւ այլն» բառերը փոխարինել «եւ նմանատիպ այլ կառույցներ» բառերով.

3) «ճանապարհային ծառայություն» հասկացության «նորոգման» բառը փոխարինել «միջին նորոգման (նորոգման)» բառերով, իսկ «ճանապարհային ծառայության շինություններ» հասկացության «նորոգմանը» բառը՝ «միջին նորոգմանը (նորոգմանը)» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ճանապարհի կառուցում՝ ավտոմոբիլային ճանապարհի կամ դրա հատվածի շինարարության նպատակով իրականացվող տեխնոլոգիական, ենթակառուցվածքային եւ կառավարման գործընթացների ամբողջականություն.

ճանապարհի վերակառուցում՝ ճանապարհի շինարարական աշխատանքների ամբողջություն, որի ընթացքում կատարվող աշխատանքների արդյունքով փոխվում են ավտոմոբիլային ճանապարհի, դրա հատվածների պարամետրերը, եւ որը հանգեցնում է ավտոմոբիլային ճանապարհի նշանակության եւ կարգի կամ դրանցից մեկի փոփոխությանը, կամ որի արդյունքով փոփոխվում են ճանապարհի օտարման շերտի չափերը.

ճանապարհի հիմնանորոգում՝ ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների կամ դրանց մասերի կառուցվածքային տարրերի փոխարինման կամ վերականգնման աշխատանքների ամբողջություն, որի իրականացմամբ պահպանվում են ճանապարհի համար նախկինում սահմանված նշանակության կամ կարգի պարամետրերը եւ տեխնիկական բնութագրերը, եւ որի իրականացման արդյունքով ապահովվում են ճանապարհի հուսալիության եւ անվտանգության կառուցվածքային եւ այլ բնութագրերի պահանջները, եւ փոփոխության չեն ենթարկվում ճանապարհի օտարման շերտի չափերը.

միջին նորոգում (նորոգում)՝ ավտոմոբիլային ճանապարհների տրանսպորտային եւ գործառնական բնութագրերը վերականգնելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտը վերականգնելու, ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների, ինչպես նաեւ ճանապարհային կահավորանքի շինարարական նորմերով նախատեսված սկզբնական որակական ցուցանիշների ապահովման նպատակով իրականացվող նորոգման աշխատանքներ, որոնց իրականացումն ազդեցություն չի ունենում ճանապարհի կառուցվածքային եւ այլ բնութագրերի հուսալիության եւ անվտանգության վրա.

ճանապարհների պահպանում՝ ավտոմոբիլային ճանապարհների, այդ թվում՝ ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, տրանսպորտային հանգույցների, կահավորանքի եւ ինժեներական շինությունների առկա տեխնիկական վիճակի պահպանման, դրա տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների ամբողջություն, որը համապատասխանում է անվտանգ եւ անխափան երթեւեկության ապահովման պահանջներին.

ճանապարհային տեխնոլոգիական կապ՝ ավտոմոբիլային ճանապարհների կապի համակարգ, որն ապահովում է ավտոմոբիլային ճանապարհների եւ արհեստական կառույցների շահագործման, նախագծման եւ կառուցման աշխատանքների գործառնական կառավարումը, որի հիմնական նպատակն է օպերատիվ տեղեկատվություն ստանալ ավտոմոբիլային ճանապարհների եւ արհեստական կառույցների, դրանց առանձին տարրերի աշխատանքի վիճակի մասին: Ճանապարհային տեխնոլոգիական կապի համակարգի մեջ մտնում են ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի վիճակի եւ հիդրոօդերեւութաբանական պայմանների վերահսկման տեխնիկական, ռադիոհեռախոսային կապի, երթեւեկության հոսքերի վերահսկման տեխնիկական միջոցները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնների մշտադիտարկման կայանները եւ արտակարգ իրավիճակների կանչի կետերը.

ճանապարհային ակտիվների կառավարման համակարգ՝ ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների եւ դրանց կառուցվածքային տարրերի տվյալների հավաքման, կառավարման եւ վերլուծության համակարգ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհային ցանցի պահպանման եւ զարգացման ծրագրերի կազմման եւ դրանց իրականացման բնականոն գործընթացի ապահովման համար.

ճանապարհի տեխնիկական վիճակի գնահատում՝ ճանապարհների վերանորոգման միջոցառումների անհրաժեշտությունը որոշելու, ինչպես նաեւ ճանապարհի վիճակը հետագա շահագործման ընթացքում գնահատելու եւ կանխատեսելու նպատակով ճանապարհի եւ ճանապարհի արհեստական կառույցների կառուցվածքային տարրերի պարամետրերի եւ վիճակի, երթեւեկության հոսքերի բնութագրերի, տեղեկատվության ուսումնասիրություն, հավաքում եւ վերլուծություն.

ճանապարհային ենթակառուցվածք՝ ճանապարհային ֆիզիկական ակտիվների համակարգի ամբողջություն, որն ընդգրկում է ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտը՝ ֆիզիկապես ներառված բոլոր տարրերով, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքը, ճանապարհային ծառայության շինությունները եւ ճանապարհային ինժեներական շինությունները.

ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարում` ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավմանն ուղղված գործողությունների ամբողջականություն, որը ներառում է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության քաղաքականության իրականացումը, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ բնութագրերի, ինչպես նաեւ երթեւեկության խոցելի խմբերի վերաբերյալ քանակական եւ պարբերական հետազոտությունների իրականացումը, ճանապարհների անվտանգության վիճակի հսկողությունը եւ բարելավումը, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը, ճանապարհային անվտանգության նպատակային եւ պարբերական հետազոտությունների իրականացումը, ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացումը, ճանապարհային ցանցի անվտանգության ամբողջական գնահատման եւ անվտանգության մակարդակի գնահատման նպատակով հսկողության իրականացումը եւ ընթացիկ մշտադիտարկումը.

ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատում` ճանապարհային ցանցի անվտանգության ցուցանիշների համապատասխանության նկատմամբ նոր կառուցվող ճանապարհի անվտանգության ցուցանիշների կամ գործող ճանապարհային ցանցի անվտանգության ցուցանիշների էական փոփոխության ազդեցության համեմատական վերլուծություն.

ճանապարհային անվտանգության աուդիտ՝ ճանապարհի անվտանգության պահանջների համապատասխանության անկախ եւ օբյեկտիվ գնահատման գործընթաց, որը նախատեսված է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգությունն ու գործառնությունը (ֆունկցիոնալությունը) բարձրացնելու համար.

ճանապարհային անվտանգության վարկանիշ՝ գործող ճանապարհային ցանցում ընդգրկված ճանապարհահատվածների անվտանգության չափանիշների դասակարգումը՝ ըստ կարգերի.

ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություն՝ ավտոմոբիլային ճանապարհների կամ դրանց հատվածների նպատակային հետազոտություն, որը պետք է բացահայտի ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հնարավոր ռիսկերը, նպաստող պայմանները, թերությունները եւ խնդիրները.

ճանապարհային անվտանգության պարբերական հետազոտություն՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհների կամ դրանց հատվածների անվտանգության համապատասխան մակարդակների ապահովման նպատակով պարբերաբար կատարվող հետազոտություն.

ճանապարհային երթեւեկության մասնակիցների խոցելի խումբ՝ հետիոտները, հեծանվորդները, երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաեւ շարժիչով աշխատող երկանիվ տրանսպորտային միջոցներից օգտվողները.

ճանապարհի վթարավտանգ հատվածներ՝ ավտոմոբիլային ճանապարհի վրա գտնվող՝ վթարների կուտակման վայրեր կամ հատվածներ, որտեղ կենտրոնացած են եղել ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք պատճառ են դարձել մարդկային զոհերի կամ վիրավորների.

ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց (զոհվածների եւ վիրավորների), ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների, ինչպես նաեւ ավտոմոբիլային ճանապարհների տվյալների հաշվառման, պահպանման, վերլուծության, նույնականացման եւ մշտադիտարկման միասնական էլեկտրոնային համակարգ, որն ընդգրկում է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների, ավտոմոբիլային ճանապարհների տվյալների, ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկված տրանսպորտային միջոցների տվյալների եւ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով անձանց առողջությանը վերաբերող տվյալների շտեմարանները:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի «եւ ապահովում են» բառերը փոխարինել «, եւ որոնք կարող են ապահովել» բառերով.

2) 8-րդ մասը «շրջանցները,» բառից հետո լրացնել «միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն իրար կապող ավտոմոբիլային ճանապարհները,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա», «դ» եւ «ե» կետերի «նորոգման ու պահպանման» բառերը փոխարինել «միջին նորոգման (նորոգման), պահպանման» բառերով.

2) «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) իր իրավասության սահմաններում, սույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կահավորանքին ներկայացվող պահանջներին համապատասխան, համաձայնություն է տալիս ճանապարհի առանձին տեղամասերում ճանապարհային կահավորանքի տեղադրման համար.».

3) «է» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը-իե» կետերով.

«ը) հսկողություն է իրականացնում իր տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց երթեւեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման, միջին նորոգման (նորոգման) ու պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունների պայմանագրերի կատարման նկատմամբ.

թ) իր իրավասության սահմաններում ընդունում է ճանապարհային ենթակառուցվածքի եւ ճանապարհային անվտանգության ոլորտները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.

ժ) մշակում եւ հաստատում է իր տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի եւ դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը.

ժա) մշակում է ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը.

ժբ) իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարումը, ճանապարհների տեխնիկական վիճակի գնահատումը, տվյալների հավաքումը, վերլուծությունը: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարման, տվյալների հավաքման եւ վերլուծության իրականացման կարգը հաստատում է պետական ճանապարհային մարմինը.

ժգ) իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ճանապարհաշինության ոլորտում ներդրումային ծրագրեր՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

ժդ) իրականացնում է ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորումը.

ժե) ապահովում է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարումը՝ սույն օրենքին, ճանապարհային անվտանգության ստանդարտներին, շինարարական նորմերին, տեխնիկական կանոնակարգերին եւ ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան.

ժզ) ուսումնասիրում եւ վերլուծում է ճանապարհային երթեւեկության մասնակիցների խոցելի խմբի ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բնագավառում ի հայտ եկած կարիքները, ինչպես նաեւ ճանապարհային անվտանգության բարձրացման նպատակով երթեւեկության տարբեր մասնակիցների խմբերի վարքագծի բարելավման ուղղությամբ այլ իրավասու մարմինների հետ համատեղ մշակում եւ իրականացնում է կրթական եւ իրազեկման արշավներ.

ժէ) իրականացնում է ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը.

ժը) իրականացնում է ճանապարհային անվտանգության նպատակային եւ պարբերական հետազոտություններ ու զննություն եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ճանապարհային ցանցի անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ.

ժթ) ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության ապահովման նպատակով կազմում է ճանապարհային անվտանգության ռիսկերի վրա հիմնված առաջնահերթ գործողությունների տարեկան ծրագիր եւ իր իրավասության սահմաններում իրականացնում է ռիսկերի կրճատման միջոցառումներ.

ի) իրականացնում է թունելների անվտանգության գնահատումը, մշտադիտարկումը եւ այդ պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը.

իա) թունելների անվտանգության ապահովման նպատակով մշակում է վթարների արագ արձագանքման միջոցառումների ծրագիր.

իբ) սահմանում է թունելի վթարային իրավիճակի դեպքում դրա շահագործումն անհապաղ կասեցնելու, սահմանափակելու կամ դադարեցնելու կարգը.

իգ) ապահովում է թունելների անվտանգության պարբերական փորձարկման եւ զննության իրականացումը եւ դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն, ինչպես նաեւ առաջարկություններ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.

իդ) ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշների հավաքման, դրանց հետեւանքով տուժած (մահացած եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած) անձանց վերաբերյալ տվյալները հաշվառող, ինչպես նաեւ դրանց հաշվառման վիճակագրական տվյալների վերլուծությունն իրականացնող պետական շահագրգիռ մարմինների տրամադրած տեղեկատվության հիման վրա իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով կրած վնասների միջին հանրային ծախսերի հաշվարկ եւ վերլուծություն: Ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հավաքման, դրանց հետեւանքով կրած վնասի, միջին հանրային ծախսերի հաշվարկման եւ վերլուծության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

իե) սահմանում է թունելների անվտանգության նվազագույն պահանջները:»:

Հոդված 5. Օրենքում «դրանց տնօրինողների» բառերը փոխարինել «ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների» բառերով:

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «ճանապարհների կառուցման» բառերից հետո լրացնել «, վերակառուցման» բառով:

Հոդված 7. Օրենքի 2-րդ գլխում, 7-րդ, 8-րդ եւ 16-րդ հոդվածների վերնագրերում, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ, 16.1-ին եւ 19-րդ հոդվածներում, 13-րդ հոդվածի 3-րդ մասում, 15-րդ մասի «գ» եւ 16-րդ մասի «զ» կետերում «նորոգում» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «միջին նորոգում (նորոգում)» բառերով:

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «իրականացվում են ըստ գործող շինարարական նորմերի» բառերը փոխարինել «իրականացվում են նորմատիվ իրավական եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն» բառերով.

2) 3-րդ մասի «առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքային ժամկետներում» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ տարածքները ենթակա են օտարման «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորման ենթակա ճանապարհաշինական ծրագրերի իրականացման դեպքում ծրագրերի մշակման եւ նախապատրաստման փուլերում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է կիրառելու ենթակառուցվածքային ծրագրերը ֆինանսավորող միջազգային կազմակերպությունների սոցիալական երաշխիքների քաղաքականությունը եւ դրա պահանջներին համապատասխան սահմանելու տարաբնակեցման եւ փոխհատուցման սկզբունքները եւ շրջանակը, ինչպես նաեւ հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը:»:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով եւ հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով, հեծանվորդների համար առանձնացված գոտիներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ երթեւեկելի մասի աջ եզրով:».

2) 6-րդ մասի «ա» կետը «ասֆալտբետոնե» բառից հետո լրացնել «, ցեմենտբետոնե» բառով, «ե» կետը «կողնակների» բառից առաջ՝ «երթեւեկելի մասի, բաժանիչ գոտու եւ» բառերով, իսկ «ը» կետը «նախագծումը» բառից հետո՝ «, շինարարությունը եւ շահագործումը» բառերով:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության եւ էլեկտրականության գծերով, խողովակաշարերով եւ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով եւ երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման եւ վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող եւ վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաեւ դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը եւ պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 3-րդ մասի «դրանց սեփականատիրոջ հաշվին» բառերը փոխարինել «հաղորդակցուղու սեփականատիրոջ հաշվին, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.

«5. Նոր կառուցվող եւ վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցումն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցումն իրականացվում է նոր կառուցվող եւ վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի հիմքով հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար կառուցված դիտահորերը, խրամուղիները, հենասյուները կամ դրանց հատվածները հեռահաղորդակցության օպերատորներին տրամադրվում են վարձակալությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հետ կնքելով վարձակալության պայմանագիր:

8. Կառուցված եւ վերակառուցված ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների առկայության դեպքում հեռահաղորդակցության օպերատորները հաղորդակցուղիները պետք է անցկացնեն միայն դրանց միջով:»:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել.

2) 2-րդ մասի «ա» կետի «1-ին կարգի» բառերը փոխարինել «միջպետական նշանակության ավտոմոբիլային» բառերով, «բ» կետի «2-րդ եւ 3-րդ կարգի» բառերը՝ «հանրապետական նշանակության ավտոմոբիլային» բառերով, իսկ «գ» կետի «4-րդ կարգի» բառերը՝ «մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային» բառերով.

3) 6-րդ մասում՝

ա. «պաշտպանական գոտիներում» բառերից հետո լրացնել «եւ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերով,

բ. «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) կառուցել, վերակառուցել շենքեր եւ շինություններ, այդ թվում՝ ինժեներական ենթակառուցվածքների հաղորդակցուղիներ, կատարել ինժեներաերկրաբանական, ինժեներագեոդեզիական հետազննություններ, արդյունահանման աշխատանքներ.»,

գ. «դ» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) կառուցել ճանապարհին միացնող ուղիներ, իջատեղեր, մուտքեր եւ ելքեր:».

4) 7-րդ մասը «կառուցվածքները» բառից հետո լրացնել «՝ գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան» բառերով.

5) 8-րդ մասի «ցանկապատվի տեսանելի պարսպով եւ կահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով» բառերը փոխարինել «կահավորվի համապատասխան պաշտպանիչ, խոչընդոտող, պարսպող հարմարանքներով եւ ճանապարհային նշաններով» բառերով.

6) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով կամ ճանապարհի օդային տարածքով, օտարման գոտիով ճանապարհային տեխնոլոգիական կապից եւ լուսավորումից բացի, որեւէ այլ հաղորդակցուղու տեղադրումն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բացառիկ դեպքերի:».

7) 12-րդ մասի «կապի» բառը փոխարինել «էլեկտրոնային հաղորդակցության» բառերով.

8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-15.3-րդ մասերով.

«15.1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային եւ ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների եւ թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների եւ թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները եւ պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաեւ բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման եւ աշխատանքների ընդունման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

15.2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհների վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման (նորոգման) եւ պահպանության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտների ցանկը, նկարագիրը, առանձնահատկությունները եւ դրանց ներկայացվող պահանջները:

15.3. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտիներում կառուցապատման արդյունքով անհրաժեշտ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումն իրականացվում է կառուցապատողի միջոցների հաշվին՝ կառուցապատվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածների երթեւեկության կազմակերպման գծապատկերները կամ երթեւեկության կազմակերպման սխեմաները նախապես համաձայնեցնելով պետական ճանապարհային մարմնի եւ երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ:»:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «հանրապետության քաղաքային համայնքներում նախատեսվող օբյեկտների համար պետական ճանապարհային մարմին են ներկայացնում քաղաքապետը, իսկ գյուղական համայնքներում կամ դրանցից դուրս` մարզպետը» բառերը փոխարինել «պետական ճանապարհային մարմին է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարը» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում, ինչպես նաեւ բնակավայրի միջով անցնող հատվածներում շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխությունը, ինչպես նաեւ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Ընդ որում` համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման առաջարկությունները նախապես համաձայնեցվում են պետական ճանապարհային մարմնի եւ երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ:»:

Հոդված 14. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 4.1

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 19.1. Ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի անվտանգության կառավարումը եւ ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը

1. Ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի անվտանգության կառավարումն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը: Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման եւ ճանապարհային անվտանգության վարկանիշավորման արդյունքների հիման վրա իրականացվում են ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություններ՝ ճանապարհների վթարավտանգ հատվածների հայտնաբերման եւ բարելավման աշխատանքներ կատարելու նպատակով:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ենթակա են ճանապարհային անվտանգության ազդեցության պարտադիր գնահատման:

3. Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման գործընթացում պետք է հաշվի առնվեն ճանապարհային երթեւեկության խոցելի խմբերի՝ ճանապարհից անվտանգ օգտվելու իրավունքները:

4. Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման եւ ճանապարհային անվտանգության վարկանիշավորման, ճանապարհային ցանցի անվտանգության տվյալների կառավարման եւ ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշների սահմանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Պետական ճանապարհային մարմինը պետք է հասանելիություն ունենա երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային համակարգի տվյալներին, բացառությամբ անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձնական տվյալների:

6. Ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի տվյալների հաշվառման, վերլուծության, մշտադիտարկման եւ գնահատման միջոցով իրականացվում են ճանապարհային անվտանգության քաղաքականության մշակմանը եւ բարելավմանն ուղղված միջոցառումներ:

7. Ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձեւավորման, վարման, տվյալների ինտեգրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 19.2. Ճանապարհային անվտանգության աուդիտը

1. Ճանապարհային անվտանգության աուդիտը ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման գործընթացի անբաժանելի մասն է:

2. Ճանապարհային անվտանգության աուդիտն իրականացվում է ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում՝ ճանապարհի նախագծումից մինչեւ ճանապարհի սպասարկման մեկ տարի երաշխիքային ժամկետը:

3. Ճանապարհային անվտանգության աուդիտորը ենթակա է պարտադիր որակավորման: Որակավորումն իրականացնում եւ վկայականը տրամադրում է պետական ճանապարհային մարմինը:

4. Ճանապարհային անվտանգության աուդիտոր կարող է լինել այն անձը, որը՝

1) ունի ճանապարհների, կամուրջների, թունելների նախագծման կամ ճանապարհային անվտանգության կամ ճանապարհային երթեւեկության կազմակերպման ինժեների (ճարտարագետի) առնվազն հինգ տարվա փորձ.

2) պետական ճանապարհային մարմնի կողմից ստացել է որակավորման վկայական:

5. Ճանապարհային անվտանգության աուդիտ կարող է իրականացնել ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը:

6. Եթե ճանապարհային անվտանգության աուդիտն իրականացնում է կազմակերպությունը, ապա այդ կազմակերպության առնվազն երկու անդամ պետք է ունենա սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որակավորման վկայականը:

7. Ճանապարհային անվտանգության աուդիտորը չի կարող ներգրավված լինել ճանապարհային անվտանգության աուդիտի ենթակա ավտոմոբիլային ճանապարհի նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության, ինչպես նաեւ շինարարության իրականացման գործընթացներում:

8. Ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները եւ պարտականությունները, ճանապարհային անվտանգության աուդիտորի որակավորման պահանջները, վերապատրաստման իրականացման կարգը, որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը եւ ժամկետներն ու լրացուցիչ աուդիտի նշանակման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 19.3. Թունելներին ներկայացվող անվտանգության նվազագույն պահանջները

1. Ճանապարհային երթեւեկության մասնակիցների անվտանգության ապահովման համար պետական ճանապարհային մարմինը քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ մշակում է թունելների անվտանգության նվազագույն պահանջները, որոնք պետք է ուղղված լինեն մարդկանց կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի եւ թունելների կոնստրուկտիվ տարրերի, կառույցների, սարքավորումների համար հնարավոր վտանգ ներկայացնող դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաեւ պատահարների դեպքում՝ անվտանգության ապահովմանը:

2. Թունելի անվտանգության նվազագույն պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը, իսկ թունելների անվտանգության միջոցառումներն ապահովում է թունելի պահպանումն իրականացնող կապալառու կազմակերպությունը:

3. Պետական ճանապարհային մարմինն իրավասու է կասեցնելու կամ սահմանափակելու թունելների շահագործումը, եթե դրանք չեն բավարարում անվտանգության պահանջները: Թունելների անվտանգության նվազագույն պահանջների ապահովման, թունելների անվտանգության կանխարգելման եւ պաշտպանական միջոցառումներ սահմանելու կարգը հաստատում է պետական ճանապարհային մարմինը:

4. Կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման կամ շահագործման փուլերում գտնվող թունելների անվտանգության պահանջների պահպանման համար պատասխանատու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված՝ տվյալ թունելի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման կամ շահագործման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունը:

5. Թունելներով երթեւեկող տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ թունելները շահագործող անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառու կազմակերպությունը յուրաքանչյուր թունելի համար նշանակում է թունելի անվտանգության գծով մեկ պատասխանատու՝ նախապես համաձայնեցնելով պետական ճանապարհային մարմնի հետ:

6. Թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման, նշանակման եւ պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Թունելների անվտանգության պարբերական փորձարկման եւ զննության իրականացումը, ինչպես նաեւ թունելներում տեղի ունեցած վթարների վերաբերյալ հաշվետվության ձեւը եւ ներկայացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Թունելների անվտանգության նվազագույն պահանջների համապատասխանությունն ապահովելու նպատակով պետական կառավարման մարմինն իրականացնում է պարբերական զննում:

9. Թունելի անվտանգության համապատասխան մակարդակները պահպանելու նպատակով իրականացվող երկու հաջորդական զննումների միջեւ ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի վեց տարին:»:

Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում՝ միջպետական նշանակության ճանապարհների մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, հանրապետական նշանակության ճանապարհների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից, մարզային (տեղական) նշանակության ճանապարհների մասով՝ 2028 թվականի հունվարի 1-ից, իսկ 19.3-րդ հոդվածով սահմանված դրույթների մասով՝ նոր կառուցվող ճանապարհային թունելների համար՝ 2024 թվականի հուլիսի 1-ից:

5. Մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը կառուցված եւ շահագործման մեջ գտնվող միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող թունելների անվտանգության պահանջները ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի 19.3-րդ հոդվածով սահմանված դրույթներին:

6. Սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանապարհային անվտանգության ազդեցության առաջին գնահատումը պետք է իրականացվի մինչեւ 2029 թվականի հունվարի 1-ը:»:

Հոդված 16. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով լրացվող «ժ», «ժբ», «իբ», «իդ» եւ «իե» կետերով, 8-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածներով եւ 14-րդ հոդվածով լրացվող 19.1-ին հոդվածի 4-րդ մասով եւ 19.3-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 24-ամսյա ժամկետում, 14-րդ հոդվածով լրացվող 19.2-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12-ամսյա ժամկետում, իսկ 14-րդ հոդվածով լրացվող 19.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 36-ամսյա ժամկետում: