Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաեւ 57-րդ հոդվածի 12-րդ մասում «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը,» բառերից եւ կետադրական նշանից հետո լրացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները,» բառերով եւ կետադրական նշանով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2020 թվականին օրենսդիրը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով եւ լրացումներով հստակ արձանագրել է քրեկան ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա:
Օրենսդիրը նաեւ արձանագրել էր, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, դրա կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսեւորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակում:
Այս համատեքստում հատկապես կարեւոր է կանխարգելել եւ արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, որքանով որ այս պահին թույլ է տալիս օրենսդրությունը:
Օգտագործելով «քրեական ենթամշակույթի քարոզ» բառակապակցությունը՝ նկատի ունենք քրեական ենթամշակույթի, քրեական ենթամշակույթի ռոմանտիզացված կերպարների տարածումը ապահովելը՝ տեսալսողական մեդիայի միջոցով:
Ցավով պետք է արձանագրել, որ հաճախակի հեռուստառադիոեթերում կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների:
Քրեական ենթամշակույթի բաղադրատարրեր պարունակող տեսալսողական հաղորդումները, որտեղ, մասնավորապես, դրականացվում, հերոսացվում են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների կերպարները, ազդում են անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա:
Վերոնշյալ տեսալսողական հաղորդումները պարունակում են գռեհկաբանություն եւ հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը եւ քարոզում անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության եւ դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացիային:
Հաճախ անչափահասները ունենում են ցանկություն քրեական ենթամշակույթ կրող անձանց կերպարների, վարքի, բառպաշարի, ապրելակերպի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող կամ քրեական հեղինակություն) համարվող անձի կրկնօրինակման, որն էլ հանգեցնում է դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցության՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ավարտ է ունենում քրեական ենթամշակույթի բաղադրատարր պարունակող տեսալսողական հաղորդումը:
Նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություններով եւ լրացումներով սահմանել արգելք 6.00-00.00 ընկած ժամանակահատվածում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրման համար:
2. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք եւ վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երեւույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:
Քրեական ենթամշակույթի բաղադրատարր պարունակող տեսալսողական հաղորդումները եթեր հեռարձակելով ժամը 24.00-6.00-ն ընկած ժամանակահատվածում՝ նվազագույնի ենք հասցնում կրթությանը, դաստիարակությանը, բարոյականությանը, համամարդկային արժեքներին, մտքին, խղճին եւ դավանանքին սպառնացող հնարավոր վտանգները:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ