Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6931-30.10.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 82.4-րդ հոդվածի 5-րդ մասը «մերժելու մասին որոշում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 82.9-րդ հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 82.6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «տույժի)» բառից հետո « եւ » բառը փոխարինել « , » նշանով, եւ «տոկոսների» բառից հետո լրացնել «եւ այլ վճարների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 82.7.-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «մասում » բառը փոխարինել «կամ 2-րդ մասերում» բառերով.

Հոդված 4. Օրենքի 82.9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետը «որոշում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի» բառերով.

բ. 2-րդ կետի «սահմանված ժամկետում չի վերացրել» բառերը փոխարինել «սույն օրենքի 82.7-րդ հոդվածի 1-ն մասով նախատեսված հիմքով վերադարձրած դիմումը կրկին ներկայացրել է նոտարին՝ սահմանված ժամկետում չվերացնելով» բառերով.

գ. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) գործարքի՝ պահանջի հիմքում ընկած որեւէ էական պայման առ ոչինչ է.».

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-6-րդ կետերով.

«5) դիմումը ներկայացվել է մինչեւ դիմում ներկայացնելը մահացած ֆիզիկական անձի կամ լուծարված իրավաբանական անձի դեմ.

6) ներկայացվել է պարտապանի կողմից իր պարտավորությունը կատարելու վերաբերյալ ապացույց:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1.-ին մասով.

«1.1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մասին պարտապանին ծանուցելուց հետո մինչեւ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ կարգադրություն արձակվելը կամ դիմումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից մեկով մերժվելը, դիմողը կարող է ներկայացնել ներկայացված պահանջից հրաժարվելու դիմում: Նշված դիմումը ստանալուց հետո նոտարը եռօրյա ժամկետում մերժում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը:».

3) 2-րդ մասից՝

ա. հանել «պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում» բառերը.

բ. 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում ներկայացրել է առարկություն կամ կատարել է վճարման պահանջը.

2) մահացել է ֆիզիկական անձ պարտապանը կամ լուծարվել է իրավաբանական անձ պարտապանը.»:

3) 4-րդ մասը «իրավունքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի: Սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված հիմքով նոտարի կողմից դիմումը մերժելու դեպքում նույն պահանջով կրկին ներկայացված դիմումը ենթակա է քննության նոտարի կողմից» բառերով.

Հոդված 5. Օրենքի 82.10-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) նշում բռնագանձվող գումարի ընդհանուր չափի վերաբերյալ, առանձին նշելով՝ բռնագանձվող գումարի ընդհանուր չափի մեջ ընդգրկված հիմնական պարտավորության, տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների կամ այլ վճարների չափերը, ինչպես նաեւ այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տուժանքները (տուգանքներ, տույժեր) տոկոսները կամ այլ վճարները, դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը եւ ամսաթիվը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում, ինչպես նաեւ մինչեւ պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությամբ հարկադիր կատարման ուղարկելը ընկած ժամանակահատվածում պարտապանի պարտավորության կատարման վերաբերյալ ապացույց ներկայացվելու դեպքում նոտարը կարգադրությունը չի ուղարկում հարկադիր կատարման՝ այդ մասին համակարգում կատարելով համապատասխան նշում եւ ծանուցելով դիմողին:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ