Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 122-րդ հոդվածի 1.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.2. «Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որեւէ մեկի կիրառման մասին որոշման պատճենը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը.»:
Հոդված 3. Օրենսգրքի 234.1-ին հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի բնակության վայրի կամ վերջինիս համաձայնությամբ հայցադիմում ներկայացնող աջակցության կենտրոնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:»:
Հոդված 4. Օրենսգրքի 234.2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայցադիմումը ներառում է նաեւ՝
1) «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերելի դրույթները.
2) տեղեկություններ պատասխանողի եւ ենթադրաբար ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձի միջեւ ընտանեկան եւ (կամ) արյունակցական կապերի կամ զուգընկերային հարաբերությունների մասին.
3) ընտանեկան եւ կենցաղային բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը հիմնավորող տեղեկություններ.
4) «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում.
5) պատասխանողի՝ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Առկայության դեպքում հայցադիմումին կցվում են «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ պատասխանողի նկատմամբ ընդունված նախազգուշացման եւ (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները:»:
Հոդված 5. Օրենսգրքի 234.3-րդ հոդվածի 3-րդ մասի «տասնօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 234.4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պաշտպանական որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը:
Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել՝
1) ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտություն.
2) ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնություն գործադրած անձի կողմից:».
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ եթե հայցադիմումը ներկայացրել է ոչ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձը, ապա նաեւ՝ այն ներկայացրած անձին: Դատական ակտի պատճենները տրամադրվում են ոստիկանությանը, «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված լիազոր մարմնին եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե դատական ակտն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմին:».
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաեւ ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: