Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-773-06.02.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածի`

1) 1-ին մասի առաջին նախադասությունում, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը.

2) 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգում կարող է հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողի համար սահմանվել ատեստավորումը վերահանձնելու հնարավորություն, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:»:

Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 18.1-ին մասում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու, ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողներին համապատասխան գնահատումը վերահանձնելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաեւ գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի վարձատրության գործակիցների սահմանման միջոցով արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման, ծառայության գրավչության եւ հանրային ծառայության այլ տեսակների հետ ընտրանքային (մրցակցային) հնարավորությունների ընդլայնման կարեւորագույն բաղադրիչ է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան: Միաժամանակ, այդ մոտիվացիան անմիջական ազդեցություն ունի թե զինծառայության արդյունավետ իրականացման, եւ թե քաղաքացիներին զինծառայությանը ներգրավման շրջանակներում առավել որակյալ ընտրություն կատարելու հնարավորության վրա: 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-505-Ն եւ ՀՕ-506-Ն օրենքներով ատեստավորման եւ դրա արդյունքներով հավելավճարի հաշվարկման համակարգ է սահմանվել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշումներով կանոնակարգվել են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման անցկացման կարգը եւ հավելավճարների չափերը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնների անվանացանկը: Դրա արդյունքում ՀՀ զինված ուժերում գործող պաշտոնների գերակշիռ մասը ներառվել է ատեստավորման նոր համակարգում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համեմատությամբ այլ չափանիշներով (կրակային պատրաստության եւ մասնագիտական կարողությունների ստուգում) ատեստավորման եւ առավել ցածր չափերով հավելավճարների համակարգ նախատեսել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող ԶՈՒ մնացած պայմանագրային զինծառայողների համար: Այդ նպատակով անհրաժեշտ է օրենքում պահպանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող եւ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոնների ատեստավորման ենթակա լինելու տարանջատումը, որպեսզի հնարավոր լինի սահմանել ատեստավորման տարբեր պայմաններ եւ հավելավճարների տարբեր չափեր` կախված մարտական խնդիրների իրականացման կամ պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունենալու կամ չունենալու հանգամանքից:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 162-Ն որոշմամբ սահմանված ատեստավորման կարգի համաձայն անցկացվող ատեստավորումները ցույց են տվել, որ առկա են մի շարք դեպքեր, երբ զինծառայողն անբավարար գնահատական է ստացել համապատասխան գնահատման աստիճաններից միայն մեկից, իսկ գնահատման մյուս ուղղություններից ստացել է դրական գնահատական, որի պարագայում արդարացված է զինծառայողին համապատասխան անբավարար գնահատականը վերահանձնելու հնարավորության ընձեռումը, որպեսզի միայն մեկ «անբավարար» գնահատականի առկայությունը զինծառայողին չզրկի ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականներին համապատասխանող չափով հավելավճար ստանալու իրավունքից:

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 126.3-րդ եւ 126.4-րդ ու 140.3-րդ եւ 140.4-րդ հոդվածներով սահմանվել են համապատասխանաբար գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնները եւ նրանց իրավունքներն ու պարտականությունները, սակայն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հավելվածով սահմանված «ավագ ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով զինվորական պաշտոնների խմբերի ցանկում չեն ներառվել գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի վարձատրության գործակիցները՝ 9/5 խմբով նախատեսելով վաշտի սերժանտի պաշտոնի գործակիցները, քանի որ նշված պաշտոնների 9/7 եւ 9/6 խմբերը զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկում ներառվել են ՀՀ կառավարության 26.11.2020թ. N 1857-Ն որոշմամբ: Այդ կապակցությամբ, որպեսզի հնարավոր լինի ՀՀ զինված ուժերում ներդնել գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնները եւ դրանցում կատարել նշանակումներ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաեւ այդ պաշտոնների վարձատրության գործակիցները:

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու նաեւ ատեստավորման ու հավելավճարի մասով համապատասխան կարգավորումներ նախատեսել ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 162-Ն եւ N 166-Ն որոշումներում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ատեստավորման համակարգ եւ ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաեւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար, հնարավորություն է սահմանվում ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողների համար՝ վերահանձնելու անբավարար գնահատված ատեստավորման արդյունքը,ինչպես նաեւ սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 9-րդ կետի 9.1 ենթակետի պահանջների կատարման հետ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը 2024 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչեւ 6 մլրդ դրամ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն