Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-777-13.02.2024-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1-ին կետով.

«30.1)անասնագերեզմանոց՝ սպանդի ոչ ենթակա, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, համաճարակի հետեւանքով անկած կամ հոգեվարքի վիճակում գտնվող կենդանիների, սպառման համար չնախատեսված եւ ոչնչացման ենթակա կենդանական ծագման կողմնակի արտադրանքի համար երկարատեւ թաղման համար նախատեսված, հատուկ գետնահորերով (խրամներով) եւ (կամ) կենսաջերմային հորերով (Բեկարի հորերով) հագեցած ցանկապատված հողատարածք.»:

Հոդված 2. 6-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2. 24-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«24) սպանդանոցներին ներկայացվող պահանջները, սպանդանոցների գործունեության կասեցման եւ դադարեցման, սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման եւ սպանդային մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը.»:

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33-րդ, 34-րդ եւ 35-րդ կետերով.

«33) Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, օգտագործմանը եւ վարակազերծմանը ներկայացվող պահանջները.

34) գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները.

35) անասնագերեզմանոցներին ներկայացվող պահանջները.:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: