Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-779-16.02.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2023թ.նոյեմբերի 27-ին ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը՝ 66,100,000 եվրո արժողությամբ:

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր»-ն իրականացվում է ՀՀ եւ ԱԶԲ միջեւ 2015թ. հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016թ. եւ նախատեսված է մինչեւ 2026թ. մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար: Ի տարբերություն այլ ծրագրերի, վերջինս հանդիսանում է արդյունքահեն, ինչը ենթադրում է, որ համապատասխան ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում են վարկային համաձայնագրով նախատեսված արդյունքների ապահովման պարագայում:

Ծրագրի հիմնական եւ առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը եւ շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաեւ ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում եւ 15 մասնագետների վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում՝ սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ եւ այլ գործառույթներ:

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ ավարտվել են 16 դպրոցի կառուցման աշխատանքները: Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ: 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքերի իրականացման տարբեր փուլերում:

Համաձայն վարկային պայմանագրի՝ ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն եւ ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով: Այս համատեքստում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր փորձաքննություններից բացի միջազգային փորձաքննության է ենթարկվում յուրաքանչյուր դպրոցի նախագիծը: Դպրոցի կառուցումը նույնպես իրականացվում է միջազգային փորձագետների հսկողության ներքո: Կառուցման աշխատանքների իրականացման ավարտից հետո դպրոցները անցնում են միջազգային փորձաքննություն եւ ստանում 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով համապատասխան վկայական:

Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 10,700 աշակերտի համար: Մշակվել են նաեւ տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման եւ տարհանման պլանները: Ծրագրի շրջանակներում մշակված եւ հաստատված են նաեւ ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերը, սեյսմակայուն շինարարության ուղեցույցը, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզը:

Մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80%-ը:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ անհնար է դառնում մնացած ֆինանսական միջոցներով իրականացնելու ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները՝ պայմանավորված հետեւյալ հիմնական գործոններով.

ա) ի սկզբանե վարկային պայմանագրով նախատեսված է եղել որոշակի թվով դպրոցների ամրացում եւ որոշակի թվով դպրոցների կառուցում: Ամրացման դեպքում ենթադրվել է ֆինանսական միջոցների ավելի քիչ ծախս՝ կառուցման համեմատ: Սակայն, ծրագրում ընդգրկված 46 դպրոցներից 45-ը, համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզավորված կազմակերպությունների կողմից տրված եզրակացության, նպատակահարմար է համարվել կառուցել՝ ամրացման փոխարեն: Որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ծրագրում ընդգրկված դպրոցների կոնստրուկտիվ լուծումները, տեխնիկական վատ վիճակները, ինչպես նաեւ գնահատվել է նորի կառուցման դեպքում մի շարք առավելությունների հնարավորությունները, որոնք անհնար է ապահովել ամրացման դեպքում: Որպես նոր շենքի կառուցման առավելություն, դիտարկվել է ճարտարապետական լուծումների ընտրության հնարավորությունների մեծացումը՝ ավելի գրավիչ կրթական պայմանների ստեղծման առումով, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության ապահովումը, որը ոչ միշտ է հնարավոր ամրացման պարագայում եւ այլ գործոններ:

բ) ծրագրի վրա զգալիորեն բացասական ազդեցություն է ունեցել փոխարժեքի կուրսի տատանումը: Խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ ծրագրի շրջանակներում բոլոր պայմանագրերը կնքվել են, կնքվում են եւ ապագայում կնքվելու են բացառապես ՀՀ դրամով: Մասնավորապես՝ վարկային պայմանագրի մեկնարկի ժամանակ մեկ ԱՄՆ դոլարը կազմել է 489 ՀՀ դրամ:

գ) ծրագրի վրա էապես ազդել է նաեւ շինարարական նյութերի թանկացումը: Մասնավորապես, եթե ծրագրի շրջանակներում մեկնարկած առաջին երեք դպրոցներում մեկ աշակերտի հաշվով ծախսը կազմում էր 2,053,000 դրամ, իսկ մեկ ք/մ-ի արժեքը 211,000 դրամ, ապա ներկայումս թանկացումներով պայմանավորված այդ գումարը կազմում է 4,482,000 դրամ մեկ աշակերտի հաշվով եւ 359,000 դրամ՝ մեկ ք/մ-ի հաշվով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ իրականացված վերլուծությունների արդյունքում ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,100,000 եվրոյի չափով:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ)»ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին:

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն» օժանդակում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրին, որը հանդիսանում է Աղետների ռիսկի նվազեցման Հայաստանի ազգային ռազմավարության հիմնական ուղենիշերից մեկը:

Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ անդամ երկիր, 2015 թվականին միացել է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին, որը սահմանում է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային եւ միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում: Ծրագիրն ընդգծում է դպրոցներում եւ կրիտիկական այլ ենթակառուցվածքներում աղետների ռիսկի կանխարգելման եւ նվազեցման կառուցվածքային, ոչ կառուցվածքային եւ ֆունկցիոնալ միջոցառումների միջոցով հանրային ներդրումների կարեւորությունը:

Ծրագիրն իրականացնելու նպատակով  ԱԶԲ-ն համաձայնել է իր սովորական կապիտալ միջոցներից Հայաստանին տրամադրվել վաթսունվեց միլիոն հարյուր հազար եվրոյի (€66,100,000) չափով վարկ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա 5-րդ՝ «Ուժի մեջ մտնելը», հոդվածով սահմանված կարգով.

«Կետ 5.01. Վարկային կանոնակարգերի 10.04 կետի նպատակներով սույն Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Վարկային համաձայնագրի ամսաթվից 90 օր հետո»:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝   ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ - LՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝    ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2023թ.նոյեմբերի 27-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության (Վարկառու) եւ Ասիական զարգացման բանկի (Բանկ) միջեւ 2023թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրի նախագծի (Համաձայնագիր) համաձայն՝ Բանկը համաձայնում է  Վարկառուին տրամադրել 66.1 մլն եվրո գումարի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով.

1. փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի,

2. փոխարկել վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի եւ հակառակը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սանոսյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջեւ 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝           ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ամաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ իրականացնող մարմինը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն