Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-780-20.02.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 16-ին:

Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Երկու երկրների միջեւ հարաբերությունները հիմնված են կառուցողական համագործակցության եւ փոխադարձ հարգանքի վրա:

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ շփումների ինտենսիվությունը, փոխգործակցության ակտիվությունը վկայում են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների կարեւորության մասին:

 Հայաստանը կարեւորում է Հայաստանի ընդգրկումը Տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարության «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում, ինչը հիանալի հնարավորություն է՝ ապահովելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների եւ ծրագրերի կայուն շարունակությունը:

Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) եւ Վերակառուցման եւ զարգացման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: GIZ եւ KfW տեղական գրասենյակների ստեղծումը միանշանակ նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ զարգացման համագործակցությանը:

Հայ-գերմանական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Վերոնշյալ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով գերմանական կողմից հայկական կողմին տրամադրել 12 000 000 (տասներկու միլիոն) եվրո՝ «Վերականգնվող էներգիայի ընդլայնում եւ էներգախնայողություն. փուլ III» ծրագրի համար:

Համաձայնագիրն ուժի մեջ է դրա 4-րդ հոդվածով սահմանված կարգով, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ   ընթացակարգերի կատարման մասին:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022Թ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:

Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, ինչը, սակայն, հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2023թ. օգոստոսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» hամաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 1-ին հոդվածի համաձայն՝ նախատեսվում է մինչեւ 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն (վարկ) տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում եւ էներգախնայողություն. փուլ III» ծրագրի իրականացման համար: Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է կնքել առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագիր:

Հաշվի առնելով Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը (եթե վարկառուն կամ ֆինանսական օժանդակություն ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա Վերականգնման վարկերի բանկին տալիս է երաշխիք կնքվելիք պայմանագրերից բխող պարտավորությունների համար)՝ հիշյալ պայմանների ի հայտ գալը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ



 
 

ՀՀ  էկոնոմիկայի նախարար
Վ. Քերոբյանին
ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին
Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության
2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 01/16135-2023 գրության

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջեւ 2022թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝   Գ. Սանոսյան

ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության

Հայ-գերմանական հարաբերությունները հիմնված են բարեկամության ընդհանուր արժեքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման երաշխիքն է: Այսօր ակտիվ եւ բազմավեկտոր համագործակցություն է ընթանում երկու երկրների կառավարությունների, գերատեսչությունների եւ տարածքային միավորումների միջեւ:

Հայաստանը շահագրգռված է ընդլայնել եւ ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

2023թ. օգոստոսի 16-ն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման եւ կողմերի միջեւ համագործակցության համար:

Համաձայնագրով նախատեսվում է մինչեւ 12.000.000 (տասներկու միլիոն) եվրոյի ֆինանսական օժանդակություն (վարկ) տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում եւ էներգախնայողություն. փուլ III» ծրագրի իրականացման համար, նաեւ անհրաժեշտության դեպքում տրամադրել այնպիսի լրացուցիչ դրամաշնորհներ, որոնք պետք է ուղղվեն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ծրագրերի նախապատրաստմանը կամ անհրաժեշտ հարակից միջոցառումներին:

Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գումարի օգտագործումը եւ այն պայմանները, որոնցով այդ գումարը տրամադրվում է, սահմանվում են Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ-KfW) եւ վարկեր ընդունողների միջեւ կնքվող պայմանագրերով, որոնք ենթարկվում են ԳԴՀ օրենսդրությանը: Եթե նշված պայմանագրերը չեն կնքվում հատկացման հաջորդող հինգ տարիների ընթացքում, ապա 1-ին հոդվածով նշված գումարի հատկացումն անփոխարինաբար չեղարկվում է: Այդ գումարի համար սահմանված ժամկետն ավարտվում է 2027թ. հոկտեմբերի 13-ին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծի 1-ին հոդվածում եւ 2-րդ հոդվածում նշված պայմանագրերի կնքման եւ իրականացման հետ:

Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայնեցման եւ փոխհամաձայնեցման աշխատանքներում ներգրավված են եղել մի շարք շահագրգիռ գերատեսչություններ:

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններն են.

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. ՀՀ ֆինանսների նախարարություն

3. ՀՀ արդարադատության նախարարություն

4. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

5. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

6. ՀՀ կենտրոնական բանկ

7. ՀՀ պետական եկամուտների կոմիտե
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն