Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակը, գործունեության նպատակն ու երաշխիքները, Հաշվեքննիչ պալատի գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ հաշվեքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Հաշվեքննիչ պալատը
1. Հաշվեքննիչ պալատն արտաքին պետական հաշվեքննություն (այսուհետ՝ հաշվեքննություն) իրականացնող անկախ պետական մարմինն է:
2. Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից՝ Հաշվեքննիչ պալատի նախագահից եւ վեց անդամից:
3. Հաշվեքննիչ պալատը մշակում, հաստատում եւ իրականացնում է արտաքին պետական հաշվեքննության ոլորտում քաղաքականությունը:
4. Հաշվեքննիչ պալատի նստավայրը Երեւան քաղաքն է:
Հոդված 3. Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը
1. Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հաշվեքննությունների իրականացմամբ հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության եւ արդյունավետության պահպանման վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ժամանակին, մասնագիտական ու անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները սույն օրենքի իմաստով ունեն հետեւյալ նշանակությունը՝
1) հաշվեքննություն՝ հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով եւ (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված չափանիշների ու պահանջների եւ (կամ) Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության մեթոդաբանությանը եւ (կամ) ուղեցույցներին համապատասխան ընտրված այլ չափանիշների պահպանման գնահատում եւ հաշվեքննության արդյունքում ներկայացված առաջարկությունների կատարման հետհսկողություն: Սույն օրենքում հաշվեքննությանը վերաբերող կարգավորումները տարածվում են ինչպես հաշվեքննությունների, այնպես էլ՝ ստուգումների վրա, իսկ ստուգման կարգավորումները՝ բացառապես ստուգումների.
2) հաշվեքննության շրջանակ՝ հանրային սեփականության կառավարում.
3) հանրային սեփականություն՝ պետական եւ համայնքային սեփականություն, այդ թվում՝ պետական եւ համայնքային բյուջեների միջոցներ (մուտքեր ու ելքեր), Ազգային ժողովի կողմից հաստատված՝ Կենտրոնական բանկի վարչական ծախսեր եւ կապիտալ ներդրումներ.
4) հաշվեքննության առարկա՝ հաշվեքննության շրջանակի գնահատվող մաս.
5) հաշվեքննության (ստուգման) օբյեկտ՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին (2-րդ) մասով սահմանված սուբյեկտ.
6) հաշվեքննող՝ հաշվեքննություն իրականացնող պաշտոնատար անձ.
7) փորձագետ՝ պայմանագրային հիմունքներով հաշվեքննության աշխատանքներում ներգրավվող՝ համապատասխան բնագավառի հատուկ գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ.
8) անհամապատասխանություն՝ հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով եւ (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված պահանջների չպահպանման դեպք.
9) խեղաթյուրում՝ ֆինանսական հաշվետվությունում գումարի, դասակարգման, ներկայացման կամ բացահայտման ու դրանց համար ֆինանսական հաշվետվությունների պատրաստման կիրառելի հիմունքներով սահմանված պահանջների միջեւ տարբերություն.
10) ֆինանսական հաշվետվություն՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջեների կատարման հաշվետվություն, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ֆինանսական հաշվետվություն.
11) հետհսկողություն (follow-up)՝ հաշվեքննության արդյունքում ներկայացված առաջարկություններից բխող միջոցառումների կատարման վերաբերյալ տեղեկատվության ստացում (ներառյալ՝ հաշվեքննության օբյեկտից), վերլուծություն եւ ամփոփում.
12) ֆինանսական հաշվեքննություն՝ հաշվեքննության առարկայի վերաբերյալ կազմված ֆինանսական հաշվետվությունների գնահատում՝ իրավական ակտերով եւ (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված այլ գործարքներով սահմանված չափանիշների եւ պահանջների համեմատությամբ.
13) համապատասխանության հաշվեքննություն՝ հաշվեքննության առարկայի՝ իրավական ակտերով եւ (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված այլ գործարքներով սահմանված չափանիշներին եւ պահանջներին համապատասխանության գնահատում.
14) կատարողականի հաշվեքննություն՝ հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով եւ (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված չափանիշների ու պահանջների եւ (կամ) Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության մեթոդաբանությանը եւ (կամ) ուղեցույցներին համապատասխան ընտրված այլ չափանիշների միջոցով հաշվեքննության առարկայի՝ տնտեսող եւ (կամ) ռեսուրսային եւ (կամ) նպատակային արդյունավետ լինելու գնահատում.
15) տնտեսում (economy)՝ սկզբունք, որով գնահատվում են ձեռք բերված ռեսուրսներին ուղղված ծախսերը՝ դրանց հնարավոր լավագույն գնի համեմատությամբ.
16) ռեսուրսային արդյունավետություն (efficiency)՝ սկզբունք, որով գնահատվում է հանրային սեփականության օգտագործման դիմաց առավելագույն չափելի արդյունքների ստացումը.
17) նպատակային արդյունավետություն (effectiveness)՝ սկզբունք, որով գնահատվում են սահմանված նպատակներին հասնելու աստիճանն ու ակնկալվող արդյունքների ստացման չափը.
18) զննում՝ հաշվեքննողի կողմից հաշվեքննության առարկային վերաբերող փաստացի վիճակի ուսումնասիրության աշխատանքների իրականացում.
19) դիտարկում՝ հաշվեքննության առարկային վերաբերող գործընթացի կամ ընթացակարգի կատարմանը ականատես լինելը (ներառյալ՝ հաշվեքննության օբյեկտում).
20) հարցում՝ հաշվեքննության օբյեկտի պատասխանատու անձանց գրավոր կամ բանավոր կարգով տեղեկատվության տրամադրման պահանջի ներկայացում.
21) արտաքին հաստատում՝ հաշվեքննության օբյեկտից բացի այլ մարմնին, հիմնարկին կամ օրենքով սահմանված կարգով պետական գործառույթով օժտված իրավաբանական անձին տեղեկատվության տրամադրման պահանջի ներկայացում.
22) վերլուծական ընթացակարգ՝ հաշվեքննության առարկան բնութագրող ցուցանիշների գնահատում՝ դրանց հետ փոխկապակցված այլ տվյալների հետ համեմատման եւ համադրման միջոցով.
23) վերահաշվարկ՝ ելակետային տվյալների հիման վրա հաշվարկի ճշտության գնահատում.
24) վերակատարում՝ հաշվեքննության օբյեկտի ներքին հսկողության ընթացակարգերի վերարտադրում հաշվեքննողի կողմից.
25) հաշվեքննության հաշվետվություն՝ փաստաթուղթ, որտեղ ամփոփվում են թեմատիկ հաշվեքննության հիմնական արդյունքները եւ որի հաստատմամբ ավարտվում է հաշվեքննությունը.
26) ընթացիկ եզրակացություն՝ պետական բյուջեի տարեկան կատարման ֆինանսական հաշվեքննության ընթացքում կազմվող փաստաթուղթ, որտեղ ամփոփվում են հաշվեքննության միջանկյալ արդյունքները.
27) Միջազգային խմբի անդամ հանդիսացող եւ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպություն՝ աուդիտորական կազմակերպությունների վարկանշմամբ զբաղվող միջազգային ճանաչում ունեցող համացանցային կայքերում գրանցված կամ վարկանշված, համընդհանուր միջազգային ճանաչում ունեցող 10 խոշորագույն անկախ աուդիտորական կազմակերպություններից մեկը.
28) Թեմատիկ հաշվեքննություն՝ պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության կազմման նպատակով իրականացվող՝ հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական հաշվեքննությունից բացի Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրով նախատեսված հաշվեքննությունների այլ ծրագրային կետեր.
29) Աուդիտորի որակավորում՝ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորում:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 5. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) ընտրությունը
1. Հաշվեքննիչ պալատի նախագահ (անդամ) կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն եւ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված աուդիտորի որակավորում (այսուհետ՝ աուդիտորի որակավորում) ունեցող յուրաքանչյուր ոք, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին աուդիտորական կազմակերպությունում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում պաշտոնավարման ստաժ կամ ֆինանսների ոլորտում նվազագույնը 7 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին՝ ղեկավարի պաշտոնում կամ հանրային ծառայության ոլորտում նվազագույնը 7 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն հինգ տարին՝ ղեկավարի պաշտոնում:
2. Հաշվեքննիչ պալատի նախագահին (անդամին) Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ:
3. Հաշվեքննիչ պալատի նախագահն (անդամն) իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետեւյալ երդմամբ.
«Ստանձնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին՝ նպաստել հանրային հարստության կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը՝ հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անկախ ու անաչառ, առավելագույն բարեխղճությամբ ու ջանասիրությամբ:»:
4. Հաշվեքննիչ պալատի նախագահն (անդամն) իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ Հաշվեքննիչ պալատի նախորդ նախագահի (անդամի) պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) ընտրվելու պահին Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնը թափուր է, ապա Հաշվեքննիչ պալատի նախագահն (անդամն) իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից:
5. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) ընտրություններն անցկացվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներում:
Հոդված 6. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարելը եւ դադարեցնելը
1. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարում են՝
1) լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
4) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
5) հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող՝ Կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություն ձեռք բերելու դեպքում.
6) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.
7) նրա մահվան դեպքում.
8) նրա հրաժարականի դեպքում:
2. Հաշվեքննիչ պալատի նախագահն (անդամն) իր հրաժարականի դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին Ազգային ժողովի նախագահը տեղեկացնում է Հաշվեքննիչ պալատին: Այդ տեղեկությունը տեղադրվում է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունների դադարման՝ հրաժարականից բացի այլ հիմքեր ի հայտ գալու դեպքում, Հաշվեքննիչ պալատի նախագահն այդ հիմքերն ի հայտ գալու վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում, Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Հոդված 7. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնավարման անհամատեղելիության պահանջները
1. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:
2. Հաշվեքննիչ պալատի նախագահն (անդամն) իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8. Հաշվեքննիչ պալատի լիազորությունները
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հիմնարկների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված պետական գործառույթներով օժտված այլ անձանց նկատմամբ՝ անկախ դրանց գործունեությունն արտահայտող ֆինանսական գործառնությունների՝ պետական եւ համայնքային բյուջեներում արտացոլված լինելու հանգամանքից կամ եղանակից:
2. Հաշվեքննիչ պալատը ստուգում է իրականացնում իրավաբանական անձի մոտ, եթե՝
1) ոչ առեւտրային իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ (կամ) համայնքի կողմից.
2) առեւտրային իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի 50 տոկոսից ավելին պետական եւ (կամ) համայնքային մասնակցությամբ է.
3) իրավաբանական անձը հիմնադրվել է սույն մասի 1-ին եւ (կամ) 2-րդ եւ (կամ) 10-րդ կետերում նշված իրավաբանական անձանց կողմից.
4) պետությունը կամ համայնքն իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ՝ օրենքով չարգելված ձեւով հնարավորություն ունի կանխորոշելու այդ իրավաբանական անձի որոշումները.
5) իրավաբանական անձին իրավական ակտով կամ պայմանագրով վերապահվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների իրականացում՝ միայն այդ իրավական ակտի կամ պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար.
6) իրավաբանական անձն իրավական ակտով կամ պայմանագրով պետական կամ համայնքային աջակցության որեւէ եղանակով (ներառյալ՝ բյուջետային վարկերը, փոխառությունները, երաշխիքները, հարկային արտոնություններն ու այլ ֆինանսական եւ ոչ ֆինանսական գործիքները) ստացել է միջոցներ՝ միայն այդ իրավական ակտի կամ պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար.
7) իրավաբանական անձը պայմանագրով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների կողմից ստացել է դրամաշնորհներ կամ սուբսիդիաներ՝ միայն այդ պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար.
8) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է ընդերքօգտագործում՝ ընդերքօգտագործման մասով.
9) իրավաբանական անձն իրավական ակտով կամ հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիոն համաձայնությամբ (այդ թվում՝ պայմանագրով, համաձայնագրով կամ թույլտվությամբ) պետական եւ (կամ) համայնքային սեփականության (գույքի) հավատարմագրային կառավարիչ կամ կոնցեսիոներ է՝ միայն հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիայի հետ կապված իրավական ակտերի կամ համաձայնության (այդ թվում՝ պայմանագրի, համաձայնագրի կամ թույլտվության) պահանջների կատարումը ստուգելու համար.
10) իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից եւ օժտված է պետական կամ տեղական ինքնակառավարման գործառույթներով եւ (կամ) լիազորություններով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-9-րդ կետերով սահմանված դեպքերում Հաշվեքննիչ պալատը ստուգումն իրականացնում է ստուգման օբյեկտում միայն այն դեպքում, երբ ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկատվությունը հասանելի չեն դառնում պետական եւ (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
4. Հաշվեքննության իրականացման ժամկետում հաշվեքննության շրջանակի վերաբերյալ առերեւույթ հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում Հաշվեքննիչ պալատն ընդունում է որոշում առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ուղարկելու վերաբերյալ: Այդ մասով Հաշվեքննիչ պալատը կարող է դադարեցնել հաշվեքննությունը:
Հոդված 9. Հաշվեքննիչ պալատի նիստերը
1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:
2. Հաշվեքննիչ պալատի նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ամիսը մեկ անգամ:
3. Հաշվեքննիչ պալատի նիստը հրավիրվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից: Հաշվեքննիչ պալատի անդամները կարող են ներկայացնել Հաշվեքննիչ պալատի նիստի օրակարգում ընդգրկվող հարցերի առաջարկություններ: Հաշվեքննիչ պալատի նիստի օրակարգը Հաշվեքննիչ պալատի նախագահի ներկայացմամբ հաստատում է Հաշվեքննիչ պալատը:
4. Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Հաշվեքննիչ պալատի առնվազն չորս անդամ:
5. Նիստում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ առնվազն չորս կողմ ձայնի առկայության դեպքում:
6. Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
7. Հրապարակման ենթակա որոշման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում, հատուկ կարծիքը, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, դրա վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի նիստի արձանագրությունից քաղվածքը, կցվում է որոշմանն ու հրապարակվում:
8. Նիստերն արձանագրվում են: Նիստերը կազմակերպվում, անցկացվում են եւ դրանց ընթացքում ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով:
Հոդված 10. Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող հարցերի շրջանակը
1. Հաշվեքննիչ պալատը հաստատում է՝
1) Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման ծրագիրը.
2) Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը (այսուհետ՝ գործունեության ծրագիր).
3) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը.
4) հաշվեքննության հաշվետվությունները.
5) ընթացիկ եզրակացությունները.
6) հետհսկողության հաշվետվությունները.
7) Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (այսուհետ՝ տարեկան հաղորդում).
8) Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը եւ Հաշվեքննիչ պալատի բյուջեի կատարման հաշվետվությունը, սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում նշված ֆոնդից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումները.
9) հաշվեքննության առաջադրանքը.
10) հաշվեքննության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որոշումները.
11) Հաշվեքննիչ պալատի ներքին իրավական ակտերը եւ դրանցում փոփոխություններն ու լրացումները.
12) Հաշվեքննիչ պալատի կանոնադրությունը.
13) Հաշվեքննիչ պալատի ներքին աուդիտի ստորաբաժանման կանոնադրությունը եւ գործունեության տարեկան ծրագիրը.
14) հաշվեքննության գործառույթին առնչվող մեթոդաբանություններն ու ուղեցույցները.
15) Հաշվեքննիչ պալատի անդամների եւ հաշվեքննողների՝ հաշվեքննության էթիկայի կանոնները, Հաշվեքննիչ պալատի ներքին կարգապահական կանոնները.
16) փորձագետների ներգրավման կարգը.
17) Հաշվեքննիչ պալատի անդամներին եւ հաշվեքննողներին խրախուսման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի իրավասու պաշտոնատար անձին ուղղված միջնորդությունները.
18) հաշվեքննության էթիկայի կանոնների խախտման կամ հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքներում բավարար հիմքերի առկայության դեպքերում հաշվեքննողների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի իրավասու պաշտոնատար անձին ուղղված միջնորդությունները.
19) մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրերը.
20) հաշվեքննողներին աշխատանքի ընդունման՝ սույն օրենքի 38րդ հոդվածով սահմանված նվազագույն պահանջներից բացի լրացուցիչ պահանջները.
21) Հաշվեքննիչ պալատի հաստիքացուցակն ու պաշտոնների անձնագրերը.
22) արտաքին պետական հաշվեքննության օրենսդրության կատարելագործմանն ուղղված հայեցակարգերն ու առաջարկություններ պարունակող այլ փաստաթղթերը.
23) օրենքով նախատեսված այլ հարցեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-8-րդ, 10-16-րդ եւ 19-22-րդ կետերով սահմանված որոշումները հրապարակվում են Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված որոշումները Հաշվեքննիչ պալատի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում ներկայացվում են Ազգային ժողով եւ Կառավարություն, եթե օրենքով այլ ժամկետներ սահմանված չեն:
Հոդված 11. Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները
1. Հաշվեքննիչ պալատի նախագահն ապահովում է Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը:
2. Հաշվեքննիչ պալատի նախագահը՝
1) հրավիրում եւ նախագահում է Հաշվեքննիչ պալատի նիստերը, ստորագրում է Հաշվեքննիչ պալատի որոշումները եւ Հաշվեքննիչ պալատի նիստերի արձանագրությունները.
2) ներկայացնում է Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում.
3) հաստատում է Հաշվեքննիչ պալատի անդամների միջեւ աշխատանքների բաշխումը, Հաշվեքննիչ պալատի աուդիտի, էթիկայի եւ որակի հսկողության կոմիտեներից յուրաքանչյուրի կազմը.
4) հաստատում է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման բաշխումը.
5) հաստատում է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը եւ սահմանված կարգով կատարում կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաեւ հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման) կանոնադրությունները, ծախսերի նախահաշիվը.
6) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում եւ ազատում է Հաշվեքննիչ պալատի համապատասխան աշխատողներին, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
7) սահմանում է Հաշվեքննիչ պալատի անունից հանդես եկող անձի լիազորությունների շրջանակը, տալիս լիազորագիր.
8) Հաշվեքննիչ պալատի անդամներից մեկին նախապես վերապահում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունների կատարումը: Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինողի բացակայության դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինում է Հաշվեքննիչ պալատի անդամի առավել երկար ստաժ ունեցող անդամը.
9) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը թափուր լինելու, լիազորությունների իրականացման անհնարինության, ինչպես նաեւ բացակայության դեպքերում Հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունների կատարումը վերապահում է Հաշվեքննիչ պալատի մեկ այլ անդամի.
10) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 100 օր առաջ այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին.
11) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմնի ղեկավարի համար սահմանված այլ լիազորություններ.
12) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.9-րդ հոդվածով նախատեսված դեպքում հայցադիմում է ներկայացնում վարչական դատարան:
3. Հաշվեքննիչ պալատի նախագահը Հաշվեքննիչ պալատի անդամների միջեւ աշխատանքները բաշխելիս նախատեսում է՝
1) օրինականության սկզբունքին առնչվող հաշվեքննությունները (ֆինանսական եւ համապատասխանության տեսակների) համակարգող Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի.
2) արդյունավետության սկզբունքին առնչվող հաշվեքննությունները (կատարողականի տեսակի) համակարգող Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի.
3) գործադիր իրավասություններից անկախ Հաշվեքննիչ պալատի չորս անդամի:
4. Հաշվեքննիչ պալատի նախագահն իր լիազորությունների իրականացման համար ընդունում է անհատական եւ ներքին իրավական ակտեր (հրամաններ):
Հոդված 12. Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները
1. Հաշվեքննիչ պալատի անդամը՝
1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի շրջանակներում՝
ա. համակարգում է հաշվեքննության խմբերի աշխատանքները.
բ. ապահովում է հաշվեքննության խմբի միջոցով հաշվեքննության իրականացումն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան.
գ. Հաշվեքննիչ պալատի հաստատմանն է ներկայացնում հաշվեքննության առաջադրանքների, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության, ընթացիկ եզրակացությունների, հաշվեքննության հաշվետվությունների եւ իր կողմից համակարգվող հաշվեքննությանը վերաբերող այլ նախագծերը.
2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի շրջանակներում՝
ա. հանդիսանում է Հաշվեքննիչ պալատի աուդիտի եւ (կամ) էթիկայի եւ (կամ) որակի հսկողության կոմիտեների անդամ՝ ապահովելով դրանց իրավասությունների իրականացումը.
բ. սույն կետի «ա» ենթակետում նշված իրավասությունների իրականացման նպատակով Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից կարող է իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստանալ պարզաբանումներ՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով խորհրդակցություններ:
3) Հաշվեքննիչ պալատի աուդիտի եւ (կամ) էթիկայի եւ (կամ) որակի հսկողության կոմիտեների նախագահ կարող է լինել տվյալ կոմիտեի անդամներից մեկը: Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ կարող է միաժամանակ լինել միայն մեկ կոմիտեի նախագահ:
Հոդված 13. Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումները եւ Հաշվեքննիչ պալատում հաստիքների առավելագույն քանակը
1. Հաշվեքննիչ պալատում հաշվեքննություններն իրականացվում են մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումների կողմից: Մասնագիտացված է համարվում հաշվեքննություն իրականացնող այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի անվանումը պարունակում է հղում հաշվեքննության մեկ կամ երկու տեսակի, մասնավորապես՝
1) ֆինանսական եւ համապատասխանության կամ
2) կատարողականի:
2. Հաշվեքննիչ պալատի գործառույթներն ապահովելու նպատակով Հաշվեքննիչ պալատում սահմանվում են հաշվեքննությանն առնչվող, ինչպես նաեւ աջակցող մասնագիտական ստորաբաժանումներ եւ ներքին աուդիտի ստորաբաժանում: Աջակցող մասնագիտական ստորաբաժանումներից բացի, մնացած կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են հիմնական:
3. Հաշվեքննիչ պալատի աուդիտի, էթիկայի եւ որակի հսկողության կոմիտեների գործունեության ապահովման համար Հաշվեքննիչ պալատում սահմանվում է հաշվեքննությանն առնչվող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:
4. Հաշվեքննիչ պալատում հաստիքների առավելագույն քանակը որոշվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:
Հոդված 14. Հաշվեքննիչ պալատի ներքին աուդիտը
1. Ներքին աուդիտը Հաշվեքննիչ պալատի ներքին հսկողության եւ Հաշվեքննիչ պալատի կառավարման արդյունավետության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատին անկախ եւ անաչառ գնահատական տրամադրող գործառույթ է:
2. Հաշվեքննիչ պալատում ներքին աուդիտի գործառույթն անկախ է Հաշվեքննիչ պալատի այլ գործառույթներից: Ներքին աուդիտի ստորաբաժանումը հաշվետու է Հաշվեքննիչ պալատին:
3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին նշանակում եւ ազատում է Հաշվեքննիչ պալատը:
4. Ներքին աուդիտի ստորաբաժանումն իր գործունեությունն իրականացնում է սույն օրենքի եւ իր կանոնադրության համաձայն եւ առաջնորդվում է Ներքին աուդիտորների ինստիտուտի հրապարակած ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներով եւ էթիկայի կանոններով:
5. Ներքին աուդիտի ստորաբաժանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հաշվեքննիչ պալատի աուդիտի կոմիտեի կողմից:
Հոդված 15. Հաշվեքննիչ պալատի արտաքին աուդիտը
1. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են ամենամյա արտաքին աուդիտի՝ մրցութային հիմունքներով ընտրված՝ միջազգային խմբի անդամ հանդիսացող եւ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից՝ աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում, նոր մրցույթում գնման գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող աուդիտորական բոլոր կազմակերպությունները:
3. Միեւնույն արտաքին աուդիտորական կազմակերպությունը չի կարող ավելի քան երեք տարի անընդմեջ իրականացնել Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամենամյա արտաքին աուդիտը:
4. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության մրցույթը կազմակերպում է Ազգային ժողովի աշխատակազմը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
5. Յուրաքանչյուր տարի Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից հրապարակվում է դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:
Հոդված 16. Հաշվեքննիչ պալատի աուդիտի կոմիտեն
1. Աուդիտի կոմիտեն գործադիր իրավասություններից անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատի ներքին աուդիտի գործառույթի նկատմամբ, Հաշվեքննիչ պալատի արտաքին աուդիտի ընթացքում համագործակցում է Հաշվեքննիչ պալատի արտաքին աուդիտորի հետ, նպաստում է վերջինիս եւ Հաշվեքննիչ պալատի միջեւ արդյունավետ փոխգործակցությանը, դիտարկում է արտաքին աուդիտի աշխատանքի արդյունքները, ինչպես նաեւ իրականացնում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ աուդիտի կոմիտեին վերապահված այլ գործառույթներ:
2. Աուդիտի կոմիտեն բաղկացած է Հաշվեքննիչ պալատի երեք անդամից: Աուդիտի կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Հաշվեքննիչ պալատի անդամ:
3. Աուդիտի կոմիտեի անդամ չեն կարող լինել Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները:
4. Աուդիտի կոմիտեի քննարկումներին եւ աշխատանքներին չեն կարող մասնակցել աուդիտի կոմիտեի անդամ չհանդիսացող Հաշվեքննիչ պալատի անդամները:
5. Աուդիտի կոմիտեն հաշվետու է Հաշվեքննիչ պալատին:
6. Աուդիտի կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ:
Հոդված 17. Հաշվեքննիչ պալատի էթիկայի կոմիտեն
1. Էթիկայի կոմիտեն գործադիր իրավասություններից անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատված հաշվեքննության էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ, դիտարկում է հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, ուսումնասիրում է հաշվեքննողների ու հաշվեքննության խմբի ղեկավարի կամ հաշվեքննության խմբի ղեկավարի ու հաշվեքննությունը համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամի միջեւ մասնագիտական դատողությունների էական տարբերության դեպքերը, դրանց հիման վրա Հաշվեքննիչ պալատին է ներկայացնում մասնագիտական եզրակացություններ, ինչպես նաեւ իրականացնում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ էթիկայի կոմիտեին վերապահված այլ գործառույթներ:
2. Էթիկայի կոմիտեն բաղկացած է Հաշվեքննիչ պալատի երեք անդամից: Էթիկայի կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Հաշվեքննիչ պալատի անդամ:
3. Էթիկայի կոմիտեի անդամ չեն կարող լինել Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները:
4. Էթիկայի կոմիտեի քննարկումներին եւ աշխատանքներին չեն կարող մասնակցել էթիկայի կոմիտեի անդամ չհանդիսացող Հաշվեքննիչ պալատի անդամները:
5. Էթիկայի կոմիտեն հաշվետու է Հաշվեքննիչ պալատին:
6. Էթիկայի կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ:
Հոդված 18. Հաշվեքննիչ պալատի որակի հսկողության կոմիտեն
1. Որակի հսկողության կոմիտեն գործադիր իրավասություններից անկախ մարմին է, որը որակի հսկողության անկախ վերանայում է իրականացնում հաշվեքննության առանձին փուլերի արդյունքների նկատմամբ եւ դրանց հիման վրա Հաշվեքննիչ պալատին է ներկայացնում մասնագիտական եզրակացություններ ինչպես նաեւ իրականացնում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ որակի հսկողության կոմիտեին վերապահված այլ գործառույթներ:
2. Որակի հսկողության կոմիտեն բաղկացած է Հաշվեքննիչ պալատի երեք անդամից: Որակի հսկողության կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Հաշվեքննիչ պալատի անդամ:
3. Որակի հսկողության կոմիտեի անդամ չեն կարող լինել Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները:
4. Որակի հսկողության կոմիտեի քննարկումներին եւ աշխատանքներին չեն կարող մասնակցել որակի հսկողության կոմիտեի անդամ չհանդիսացող Հաշվեքննիչ պալատի անդամները:
5. Որակի հսկողության կոմիտեն հաշվետու է Հաշվեքննիչ պալատին:
6. Որակի հսկողության կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ:
Հոդված 19. Հաշվեքննիչ պալատի գործադիր կոմիտեն
1. Հաշվեքննիչ պալատի գործադիր կոմիտեն կազմված է Հաշվեքննիչ պալատի նախագահից եւ հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամներից:
2. Հաշվեքննիչ պալատի գործադիր կոմիտեն՝
1) քննարկում եւ Հաշվեքննիչ պալատին է ներկայացնում կարծիք Հաշվեքննիչ պալատի կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի վերաբերյալ.
2) Հաշվեքննիչ պալատի նախագահի դիմումի հիման վրա քննարկում եւ Հաշվեքննիչ պալատի նախագահին է ներկայացնում կարծիք Հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի վերաբերյալ.
3) քննարկումներ է կազմակերպում եւ կարծիք է ներկայացնում Հաշվեքննիչ պալատի իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ:
3. Հաշվեքննություններ չհամակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները չեն կարող մասնակցել Հաշվեքննիչ պալատի գործադիր կոմիտեի քննարկումներին եւ աշխատանքներին:
4. Գործադիր կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ:
Հոդված 20. Հաշվեքննիչ պալատի կանոնադրությունը
1. Հաշվեքննիչ պալատը հաստատում է իր կանոնադրությունը՝ սույն օրենքով սահմանված իր գործունեության ապահովման համար:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. Գործունեության ծրագիրը
1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեության՝ արտաքին պետական հաշվեքննության տարեկան ծրագիրը հաստատում է բյուջետային տարին սկսելուց առնվազն 30 օր առաջ:
2. Գործունեության ծրագիրը ներառում է սույն օրենքով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակի իրագործման համար անհրաժեշտ՝ Հաշվեքննիչ պալատի հաստատած կարգով նախատեսված ծրագրային համապատասխան դրույթներ:
3. Գործունեության ծրագրում ներառված թեմատիկ հաշվեքննության կատարումը տվյալ տարում չավարտվելու կամ մեկ տարուց ավելի կատարման ժամկետով պլանավորված լինելու դեպքերում, այդ թեմաները ներառվում են հաջորդ տարվա գործունեության ծրագրում:
Հոդված 22. Հաշվեքննության գործընթացը
1. Հաշվեքննության գործընթացը բաղկացած է հաշվեքննության իրականացման (այդ թվում՝ պլանավորման, կատարման եւ հաշվետվության) ու հետհսկողության փուլերից:
2. Հաշվեքննության գործընթացը պետք է կազմակերպվի օրինականության, տնտեսման, ռեսուրսային ու նպատակային արդյունավետության սկզբունքների համաձայն:
3. Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ քրեաիրավական որակում չի տալիս եւ դրանց քրեաիրավական հետեւանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում:
4. Հաշվեքննության առաջադրանքի, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության, ընթացիկ եզրակացության եւ հաշվեքննության հաշվետվության նախագծերի կազմման, վավերացման եւ Հաշվեքննիչ պալատի հաստատմանը ներկայացման կարգը, դրանց կառուցվածքին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հաշվեքննության կազմակերպման եւ իրականացման այլ ներքին ընթացակարգերը սահմանվում են Հաշվեքննիչ պալատի կողմից:
Հոդված 23. Հաշվեքննության իրականացումը
1. Հաշվեքննություններն իրականացվում են ֆինանսական եւ (կամ) համապատասխանության եւ (կամ) կատարողականի հաշվեքննության տեսակներով:
2. Հաշվեքննության իրականացման ընթացքում կարող են կիրառվել հարցման, արտաքին հաստատման, զննման, դիտարկման, վերահաշվարկի, վերակատարման եւ (կամ) վերլուծական ընթացակարգերը:
3. Հաշվեքննությունն իրականացվում է հաշվեքննության առարկայի համար իրավական ակտերով եւ (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո:
4. Յուրաքանչյուր հաշվեքննության իրականացման համար հաստատվում է հաշվեքննության առաջադրանք, որը ներառում է հաշվեքննության օբյեկտը, առարկան, տեսակը, իրականացման ժամկետը, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը, իրականացնող խմբի կազմը՝ խմբի ղեկավարը, այլ հաշվեքննողները եւ փորձագետները, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, հաշվեքննության չափանիշներն ու Հաշվեքննիչ պալատի սահմանած այլ տեղեկություններ: Հաշվեքննության առանձնահատկությունից ելնելով՝ հաշվեքննությունն իրականացնող խմբի կազմում կարող է ընդգրկվել նաեւ այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման հաշվեքննող:
5. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության իրականացման ժամկետի սկզբից առնվազն երեք աշխատանքային օր առաջ հաշվեքննության օբյեկտի ղեկավարին է ուղարկում հաշվեքննության առաջադրանքը:
6. Հաշվեքննության իրականացումն ավարտվում է հաշվեքննության հաշվետվության կամ պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության հաստատմամբ կամ հաշվեքննությունը դադարեցնելու մասին որոշմամբ:
7. Մինչեւ Հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը Հաշվեքննիչ պալատի անդամներին, հաշվեքննողներին, փորձագետներին եւ հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է հաշվեքննության վերաբերյալ որեւէ ձեւով նախնական գնահատականների եւ եզրակացությունների հրապարակումը:
Հոդված 24. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը
1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմվում է հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական հաշվեքննության միջոցով՝ օգտագործելով այդ տարվա պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման ֆինանսական հաշվեքննության (այսուհետեւ՝ եռամսյակային հաշվեքննություններ) ընթացիկ եզրակացությունները:
2. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը ներառում է պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք, որի շրջանակներում կարող է տրամադրվել հետեւյալ չորս կարծիքներից մեկը՝
1) չձեւափոխված կարծիք, եթե ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, պատրաստված են ֆինանսական հաշվետվությունների պատրաստման կիրառելի հիմունքների համաձայն.
2) վերապահումով կարծիք, եթե ստացվել են բավարար (քանակապես) ու hամապատասխան (որակապես) հաշվեքննության ապացույցներ, որոնցից կարելի է եզրակացնել, որ հայտնաբերված խեղաթյուրումներն, առանձին կամ միասին վերցրած, էական են, սակայն համատարած չեն ֆինանսական հաշվետվություններում կամ եթե անհնար է եղել ստանալ բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) հաշվեքննության ապացույցներ, սակայն կարելի է եզրակացնել, որ չհայտնաբերված խեղաթյուրումների հնարավոր հետեւանքը ֆինանսական հաշվետվությունների վրա կարող է լինել էական, սակայն ոչ համատարած.
3) բացասական կարծիք, եթե ստացվել են բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) հաշվեքննության ապացույցներ եւ կարելի է եզրակացնել, որ խեղաթյուրումները, առանձին կամ միասին վերցրած, էական եւ համատարած են ֆինանսական հաշվետվություններում.
4) կարծիքից հրաժարում, եթե անհնար է եղել ստանալ բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) հաշվեքննության ապացույցներ եւ կարելի է եզրակացնել, որ չհայտնաբերված խեղաթյուրումների հնարավոր հետեւանքը ֆինանսական հաշվետվությունների վրա կարող է լինել էական եւ համատարած կամ եթե առկա են բազմաթիվ անորոշություններ պարունակող այնպիսի հանգամանքներ, երբ չնայած յուրաքանչյուր անորոշության համար ձեռք են բերվել բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) հաշվեքննության ապացույցներ, հնարավոր չէ կարծիք կազմել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ՝ ելնելով անորոշությունների հնարավոր փոխկապակցվածությունից եւ ֆինանսական հաշվետվությունների վրա դրանց հնարավոր հանրագումարային ազդեցությունից:
3. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության կողմից պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունն Ազգային ժողով ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 25. Ընթացիկ եզրակացությունը
1. Եռամսյակային հաշվեքննության իրականացման արդյունքում կազմվում է հաշվեքննության միջանկյալ հաշվետվություն՝ ընթացիկ եզրակացություն, որը ներկայացվում է Ազգային ժողովին, Կառավարությանը, ինչպես նաեւ վերաբերելի մասով՝ հաշվեքննության օբյեկտներին՝ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանի ավարտման օրվանից հետո չորս ամսվա ընթացքում:
Հոդված 26. Հաշվեքննության հաշվետվությունը
1. Թեմատիկ հաշվեքննությունների իրականացման արդյունքում կազմվում է հաշվեքննության հաշվետվություն:
2. Թեմատիկ ֆինանսական հաշվեքննության հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարծիքներից մեկը:
3. Թեմատիկ համապատասխանության հաշվեքննության հաշվետվությունը ներառում է ամփոփ տեղեկատվություն օրինականության սկզբունքի պահպանման վերաբերյալ:
4. Թեմատիկ կատարողականի հաշվեքննության հաշվետվությունը ներառում է ամփոփ տեղեկատվություն հատուցման դիմաց արժեքի ստեղծման (տնտեսման եւ (կամ) ռեսուրսային արդյունավետության եւ (կամ) նպատակային արդյունավետության սկզբունքների պահպանման) վերաբերյալ:
Հոդված 27. Հաշվեքննության արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունները
1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության եւ ընթացիկ եզրակացության նախագծերը ներկայացվում են Կառավարությանը, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, հաշվեքննության օբյեկտի ղեկավարներին, իսկ հաշվեքննության հաշվետվության նախագիծը՝ հաշվեքննության առաջադրանքում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, որոնք նախագիծը ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող են ներկայացնել գրավոր մեկնաբանություններ նախագծում ներկայացված փաստերի, առաջարկությունների եւ այլ տեղեկությունների վերաբերյալ:
Հոդված 28. Հաշվեքննության կասեցումը եւ դադարեցումը
1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունների կատարման անհնարինության, ինչպես նաեւ հաշվեքննության ընթացքում հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը նախաքննության մարմինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքում Հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կասեցվում է: Կասեցման հիմքերի վերացումից հետո Հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով:
2. Հաշվեքննությունը կարող է դադարեցվել, եթե կասեցված հաշվեքննության կասեցման հիմքերը կասեցմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում չեն վերացել կամ եթե հաշվեքննության իրականացման ընթացքում պարզվել է, որ հաշվեքննության տվյալ թեման այլեւս չունի բավարար արդիականություն, էականություն կամ բարելավման ներուժ:
Հոդված 29. Հետհսկողությունը
1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը եւ ընթացիկ եզրակացությունը հաստատումից հետո ներկայացվում է Ազգային ժողովին ու Կառավարությանը, իսկ հաշվեքննության հաշվետվությունը՝ հաշվեքննության օբյեկտի ղեկավարներին, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, հաշվեքննության առարկային առնչվող այլ մարմինների ղեկավարներին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերում ներկայացված առաջարկությունների հասցեատեր հանդիսացող հաշվեքննության օբյեկտների ղեկավարները, նշված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, պարտավոր են Հաշվեքննիչ պալատին տրամադրել իրենց հասցեագրված առաջարկությունների կատարման վերաբերյալ միջոցառումների ծրագիր, որը պետք է պարունակի տեղեկատվություն յուրաքանչյուր միջոցառման կատարման պատասխանատուի եւ վերջնաժամկետի վերաբերյալ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հաշվեքննիչ պալատի առաջարկությունների հասցեատեր հանդիսացող հաշվեքննության օբյեկտների ղեկավարները պարտավոր են Հաշվեքննիչ պալատի առաջարկած ժամկետում ներկայացնել տեղեկատվություն առաջարկությունների եւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Հոդված 30. Տարեկան հաղորդումը
1. Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն պարունակող տարեկան հաղորդում:
2. Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովում՝ առանց որոշում ընդունելու:
Հոդված 31. Հաշվեքննողի իրավունքներն ու պարտականությունները
1. Հաշվեքննողն իրավասու է տվյալ հաշվեքննության առարկայի շրջանակներում՝
1) հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձից պահանջելու առկա էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային շտեմարաններին հասանելիություն, փաստաթղթեր, դրանց վավերացված պատճեններ, անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման վերաբերյալ, դրանցից դուրս գրելու տեղեկություններ: Օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվությանը հաշվեքննողը կարող է ծանոթանալ տվյալ գաղտնիքի համար օրենքով սահմանված կարգով.
2) հաշվեքննության ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձից ստանալու բանավոր եւ գրավոր պարզաբանումներ.
3) մուտք գործելու հաշվեքննության օբյեկտի տարածքներ.
4) անհրաժեշտության դեպքում հաշվեքննության գործընթացին ներգրավելու հաշվեքննության օբյեկտի ներկայացուցիչներին, այդ թվում՝ պահանջելով հաշվեքննության իրականացման ընթացքում իր մասնակցությամբ հաշվառման (գույքագրման) իրականացում.
5) պահանջել հաշվեքննության օբյեկտից՝ հաշվեքննության օբյեկտի հետ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքների մյուս կողմ հանդիսացած անձից, իր իրավասությունների շրջանակներում պահանջել եւ Հաշվեքննիչ պալատին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն.
6) հաշվեքննության առարկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ իրավաբանական անձանցից:
2. Հաշվեքննողը պարտավոր է՝
1) անաչառ եւ համակողմանի հավաքել ու արձանագրել հաշվեքննության առարկային առնչվող տեղեկություններն ու փաստերը.
2) իրականացնել հաշվեքննության գործընթացի փաստաթղթավորում.
3) չխոչընդոտել հաշվեքննության օբյեկտի բնականոն աշխատանքին.
4) հաշվեքննության ընթացքում հանցագործության առերեւույթ հատկանիշների ի հայտ գալու պարագայում տեղեկացնել հաշվեքննությունը համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին եւ Հաշվեքննիչ պալատին:
Հոդված 32. Փորձագետը
1. Հաշվեքննիչ պալատն իրավասու է սույն օրենքով եւ Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով հաշվեքննության գործընթացում ներգրավել փորձագետի:
2. Փորձագետն իրավասու է հաշվեքննության ընթացքում իրականացնել սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով սահմանված իրավունքները եւ պետք է կրի սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունները:
Հոդված 33. Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները
1. Հաշվեքննության առաջադրանքում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարն իրավասու է՝
1) ծանոթանալու հաշվեքննության հաշվետվության նախագծին եւ ներկայացնելու իր գրավոր մեկնաբանությունները դրա վերաբերյալ.
2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հաշվեքննողների գործողությունները:
2. Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձը պարտավոր է՝
1) հաշվեքննողներին հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով.
2) հաշվեքննողի առաջարկած ժամկետում, որը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից, տրամադրել հաշվեքննության առարկայի վերաբերյալ ամբողջական եւ ճշգրիտ տեղեկատվությունը եւ փաստաթղթերը.
3) կազմակերպել եւ ապահովել հաշվեքննողի մասնակցությամբ հաշվեքննության ընթացակարգերի իրականացումը, այդ թվում՝ հաշվեքննողի պահանջով կազմակերպել հաշվեքննողի մասնակցությամբ հաշվառման (գույքագրման) իրականացում, ստորագրել բանավոր հարցման արձանագրությունները՝ ըստ անհրաժեշտության արձանագրությանը կից ներկայացնելով արձանագրության բովանդակության վերաբերյալ գրավոր առարկություններ.
4) չխոչընդոտել հաշվեքննության ընթացքին:
3. Հաշվեքննողի՝ հաշվեքննությանը վերաբերող, սույն օրենքով սահմանված իրավունքներից բխող պահանջները պարտադիր են հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց համար:
4. Հաշվեքննության առաջադրանքին կից հաշվեքննության օբյեկտին ներկայացվում է հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ տեղեկատվություն:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 34. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) անձեռնմխելիությունը
1. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:
2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) կարող է ազատությունից զրկվել գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հաշվեքննիչ պալատի համաձայնությամբ՝ Հաշվեքննիչ պալատի նիստերում որոշումների ընդունման կարգին համապատասխան: Հաշվեքննիչ պալատի նախագահն (անդամն) առանց Հաշվեքննիչ պալատի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել 72 ժամից ավելի: Հաշվեքննիչ պալատի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հաշվեքննիչ պալատի նախագահը:
Հոդված 35. Հաշվեքննիչ պալատի գործունեության ֆինանսավորումը
1. Հաշվեքննիչ պալատին վերապահված գործառույթների (հաշվեքննություն եւ ստուգում) իրականացման համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակի կատարումը երաշխավորող ֆինանսավորում:
2. Հաշվեքննիչ պալատի բյուջեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մաս է:
3. Հաշվեքննիչ պալատը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով յուրաքանչյուր տարի կազմում եւ Կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշվի նախագիծը):
4. Հաշվեքննիչ պալատի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ անփոփոխ ներկայացվում է Ազգային ժողով:
5. Կառավարությունն Ազգային ժողով եւ Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը:
6. Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար, չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով, նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է պետական բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի երկու տոկոսին:
Հոդված 36. Հաշվեքննության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը
1. Հաշվեքննիչ պալատին անհատույց եւ ազատ կերպով առցանց հասանելի են հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հիմնարկների կողմից վարվող էլեկտրոնային ու ոչ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններն ու համակարգերը, տեղեկություններն ու փաստաթղթերը:
2. Հաշվեքննության իրականացման ժամկետում Հաշվեքննիչ պալատին առցանց հասանելի են սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սուբյեկտներին պատկանող՝ հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ էլեկտրոնային շտեմարանները:
3. Հաշվեքննիչ պալատի գործառույթներն իրականացնելիս Հաշվեքննիչ պալատի համար ապահովվում է, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տվյալների մշակողների կողմից վարվող՝ հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ տվյալների բազաների, տեղեկատվական համակարգերի եւ տվյալների շտեմարանների, ինչպես նաեւ հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ՝ օրենքով պահպանվող գաղտնիքի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրենքով պահպանվող տվյալները եւ տեղեկությունները, Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի), հաշվեքննողի եւ փորձագետի կողմից հրապարակումը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված՝ Հաշվեքննիչ պալատի գործառույթների հետ չառնչվող ցանկացած այլ ձեւով օգտագործումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 37. Պատասխանատվությունը Հաշվեքննիչ պալատի գործունեությանը խոչընդոտելու համար
1. Հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ էլեկտրոնային շտեմարաններին հասանելիությունը, հաշվեքննության շրջանակում պահանջված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, ինչպես նաեւ հետհսկողության ընթացքում միջոցառումների պլանը եւ դրա կատարման ընթացքի վերաբերյալ պահանջված տեղեկությունները սույն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով Հաշվեքննիչ պալատին չտրամադրելը կամ ոչ լիարժեք տրամադրելը կամ հաշվեքննության ընթացակարգերի կատարմանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
2. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության ընթացքում կամ արդյունքում կարող է հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, ինչպես նաեւ վերադաս ունենալու դեպքում՝ վերադասին, առաջարկել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց, եթե վերջիններս չեն կատարում սույն օրենքի պահանջները:
3. Հաշվեքննիչ պալատը կարող է Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով հրապարակել եւ Ազգային ժողովին ներկայացնել սույն օրենքի պահանջները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկատվություն՝ համապատասխան դեպքի նկարագրությամբ:
ԳԼՈՒԽ 6
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ
Հոդված 38. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական ծառայողներին ներկայացվող պահանջները
1. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում պետք է ներառվեն նաեւ առնվազն հետեւյալ պահանջները.
1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված աուդիտորի որակավորում.
2) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի կողմից սահմանված առնվազն 4 առարկաների հանձնած լինելը.
3) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի կողմից սահմանված առնվազն 2 առարկաների հանձնած լինելը:
ԳԼՈՒԽ 7
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 39. Հաշվեքննիչ պալատի համագործակցությունն այլ մարմինների եւ անձանց հետ
1. Իր նպատակի ապահովման ու լիազորությունների իրականացման ընթացքում Հաշվեքննիչ պալատը համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, այդ թվում՝ հաշվեքննության ապացույցների ստացման նպատակով այլ սուբյեկտների հետ:
2. Հաշվեքննիչ պալատի հարցման կամ արտաքին հաստատման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու օրենքով սահմանված կարգով պետական գործառույթով օժտված իրավաբանական անձինք տրամադրում են Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննությանը վերաբերող պահանջված տեղեկատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ստացած նյութերի հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է Հաշվեքննիչ պալատին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Հաշվեքննիչ պալատի կողմից հրապարակված եզրակացությունները, ընթացիկ եզրակացությունները եւ հաշվեքննության հաշվետվությունները եւ դրանցում առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է Հաշվեքննիչ պալատի հետ:
Հոդված 40. Միջազգային համագործակցությունն ու ստանդարտները
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությանն առնչվող մեթոդաբանությունների ու ուղեցույցների մշակմանը եւ հաշվեքննությունների իրականացմանը վերաբերող հարցերում համագործակցում է այլ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների եւ դրանց միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ:
2. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություններին առնչվող մեթոդաբանություններ եւ ուղեցույցներ մշակելիս հիմք է ընդունում Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքները, ստանդարտներն ու ուղեցույցները:
3. Հաշվեքննիչ պալատը բարձրագույն հաշվեքննիչ մարմինների եւ դրանց միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ կարող է իր իրավասության շրջանակներում կնքել միջազգային պայմանագիր չհանդիսացող համագործակցության պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր եւ այլ փաստաթղթեր՝ այդ մասին նախապես ծանուցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին: Սույն մասով նախատեսված փաստաթղթերը ստորագրում է Հաշվեքննիչ պալատի նախագահը կամ նրա կողմից լիազորված այլ անձը:
4. Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված լիազորությունների շրջանակներում եւ կարգով ինքնուրույն կամ այլ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների հետ համատեղ իրականացնում է այդ պայմանագրերով ստանձնված պարտավորություններ:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 41. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս անց:
3. Հաշվեքննիչ պալատի պաշտոնավարող քաղաքացիական ծառայողներին վերաբերող աուդիտորի որակավորման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2028 թվականի հուլիսի 1-ից:
4. Հաշվեքննիչ պալատի պաշտոնավարող՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնող անձանց համար սահմանված որակավորման քննությունների պահանջն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից, իսկ Հաշվեքննիչ պալատի պաշտոնավարող՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնող անձանց համար՝ 2026 թվականի հուլիսի 1-ից:
5. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահին Հաշվեքննիչ պալատում չպաշտոնավարող անձանց վրա:
6. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված ժամկետները չեն տարածվում սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված որակավորման եւ որակավորման քննությունների պահանջներին սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված ժամկետներից ավելի վաղ համապատասխանող անձանց վրա:
Հոդված 42. Հաշվեքննիչ պալատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի առանձնահատկությունները
1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահին, Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների այն քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են սույն հոդվածի 81-րդ մասով սահմանված որակավորման քննության պահանջին կամ ունեն աուդիտորի որակավորում, առանց մրցույթի շարունակում են պաշտոնավարել՝ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պաշտոններում: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահից դադարում (դադարեցվում) է Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների՝ աուդիտորի որակավորում չունեցող այն քաղաքացիական ծառայողների պաշտոնավարումը, որոնք չեն բավարարում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված որակավորման քննության պահանջին:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահից հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման)՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջին բավարարող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել հետեւյալ պաշտոններում՝
1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 4-րդ ենթախմբի պաշտոնում.
2) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 4-րդ ենթախմբի պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոնում.
3) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել նույն ենթախմբի պաշտոնում:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջին բավարարող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել նույն ենթախմբի պաշտոնում:
4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահից հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը դադարում է, բացառությամբ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով պաշտոնավարման շարունակությունը տեղի է ունենում նոր ձեւավորված՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումում:
6. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետից հետո՝ տվյալ պաշտոնի համար սահմանված աուդիտորի որակավորման պահանջին չհամապատասխանելու եւ սույն օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներից հետո՝ տվյալ պաշտոնի համար սահմանված որակավորման քննությունների պահանջներին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր հաջորդ 18 ամսվա ընթացքում աուդիտորի որակավորման՝ տվյալ պաշտոնի համար սահմանված եւ դեռեւս չհանձնած քննություններից առնվազն 2 քննության անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում, Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայողների պաշտոնավարումը դադարում (դադարեցվում) է:
7. Հաշվեքննիչ պալատում աշխատանքային ստաժի ժամանակահատվածն ընդգրկում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում աշխատելու ժամանակահատվածը:
8. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով, որակավորման քննության պահանջ է համարվում «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որակավորման քննությունների ծրագրով սահմանված առաջին առարկայի («Ֆինանսական հաշվառման հիմունքներ») կամ դրան համարժեք համարվող՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցացիայի (ACCA) քննության («Ֆինանսական հաշվառում»)՝ անցողիկ միավորով հանձնումը:
Հոդված 43. Գործառույթների իրականացման առանձնահատկությունները
1. Հաշվեքննիչ պալատի 2023 եւ 2024 թվականների գործունեության ծրագրերով նախատեսված հաշվեքննությունների արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունների, 2023 եւ 2024 թվականների պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներգրավված փորձագետների ու մասնագետների նկատմամբ կիրառվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:
2. Սույն օրենքով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի աուդիտի, էթիկայի, որակի հսկողության եւ գործադիր կոմիտեներին վերաբերող կարգավորումները, 11-րդ հոդվածի 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ տարածվելով Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի եւ հաջորդող տարիների գործունեության ծրագրերի կատարման վրա: Հաշվեքննիչ պալատի 2023 եւ 2024 թվականների գործունեության ծրագրերով նախատեսված հաշվեքննությունների խմբերի համակարգումները շարունակում են իրականացվել հաշվեքննության առաջադրանքներում նշված Հաշվեքննիչ պալատի անդամների կողմից:
3. Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրում Կենտրոնական բանկի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների հաշվեքննություն (ստուգում) նախատեսվելու դեպքում, տվյալ հաշվեքննության (ստուգման) առաջադրանքը պետք է ղեկավարի աուդիտորի որակավորում ունեցող քաղաքացիական ծառայողը:
Հոդված 44. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը
1. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնութ ամսվա ընթացքում:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված Հաշվեքննիչ պալատի որոշումները համապատասխանեցնել սույն օրենքին՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնութ ամսվա ընթացքում:
Հոդված 45. Իրավահաջորդությունը
1. Հաշվեքննիչ պալատը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավահաջորդը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ