Armenian ARMSCII Armenian
Պ-7262-27.11.2023,26.02.2024-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 182.9-րդ հոդվածով.

«Հոդված 182.9. Հաշվեքննիչ պալատի կամ հաշվեքննողի գործունեությունը խոչընդոտելը

1. Հաշվեքննության շրջանակում Հաշվեքննիչ պալատին կամ հաշվեքննողին էլեկտրոնային շտեմարաններին հասանելիություն չապահովելը, պահանջվող նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, ինչպես նաեւ հետհսկողության ընթացքում միջոցառումների պլանը եւ դրա կատարման ընթացքի վերաբերյալ պահանջված տեղեկությունները «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով չտրամադրելը կամ ոչ լիարժեք տրամադրելը կամ հաշվեքննողներին աշխատելու համար բավարար պայմաններով ապահովված աշխատանքային տարածք չհատկացնելը կամ հաշվեքննության ընթացակարգերի կատարումը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի  223-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ կետով.

«5.2) սույն օրենսգրքի 182.9-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի հայցադիմումով.»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: