Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-784-27.02.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

«Հոդված 31.1. Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը

1. Հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական վերահսկողություն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ: Սույն հոդվածի իմաստով հասարակական վերահսկողությունը ներառում է  ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների, ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնների պահպանման եւ ապաստան հայցողների այլ իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողական գործառույթները:

2. Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով:

3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:

4. Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավասությունների շրջանակը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը ընդունում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) տալիս է իրավական հնարավորություն ՀՀ կառավարությանը ապաստան տրամադրվել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց խմբերին, որոնք օրենքով նախատեսված պատճառների հետեւանքով լքել են իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության պետության տարածքները: Օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ կացարանի կարիք ունեցող ապաստան հայցողները տեղավորվում են ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ միաժամանակ նախատեսելով այնտեղ տեղավորված անձանց կենսաապահովման պայմանների տրամադրման կարգը եւ չափանիշները:

Օրենքի 2-րդ գլուխը սահմանում է ապաստան հայցողների իրավունքները: Բացի ներպետական օրենսդրությունից առկա են միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ստանդարտներ, որոնք ապաստան հայցողների առնչությամբ ՀՀ-ն պարտավոր է ապահովել: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1951 թ. «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» կոնվենցիայի անդամ պետություն: Հայաստանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Գործադիր Կոմիտեի լիիրավ անդամ է 2015 թվականից եւ պետք է միջոցներ ձեռնարկի կոնվենցիայով սահմանված փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության համար: ՄԱԿ ՓԳՀ-ն սահմանում է ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքները՝ նրանց «ընդունելության նվազագույն ստանդարտները»: Դրանք են՝ ընդունելություն իրավունքը ապաստան հայցելու երկիր ժամանելուն պես, տեղեկատվություն եւ իրավաբանական խորհրդատվություն ստանալու իրավունքը, տեղաշարժի ազատությունը եւ ազատության կամայական սահմանափակման անթույլատրելիությունը, փաստաթղթեր եւ ժամանակավոր կարգավիճակ ստանալու իրավունքը, նյութական աջակցության եւ կացարանի իրավունքը, բժշկական օգնություն ստանալու իրավունքը, ընտանիքի հետ միավորվելու իրավունքը եւ այլն:

ՄԱԿ ՓԳՀ-ն նշում է, որ Էական է, որ պետությունները ապահովեն ապաստան հայցողների հիմնարար իրավունքները ապաստանի տրամադրման ընթացակարգի ընթացքում եւ հույս է հայտնում, որ պետությունները կառաջնորդվեն առաջարկվող չափորոշիչներով՝ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը եւ ապաստան ստանալու ընթացակարգը լիովին համապատասխանեցնելով միջազգային իրավունքին եւ չափորոշիչներին:

Ապաստան հայցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիքներ են հանդիսանում դատական պաշտպանության, իրենց առնչությամբ կայացված որոշումները վերադասության կարգով բողոքարկման, ՄԱԿ ՓԳՀ-ին, մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եւ իրավունքների պաշտպանության այլ օրենքով չարգելված միջոցներ ձեռնարկելու իրավունքները: Սակայն նման կացարանում բնակվող անձանց խոցելիությամբ եւ իրավունքների պաշտպանության առաջնահերթությամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նախատեսելու նաեւ լրացուցիչ այլ միջոցներ եւ ընթացակարգեր՝ ուղղված նման կացարանում բնակվող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսմանը:

Այդպիսի լրացուցիչ երաշխիք կարող է հանդիսանալ քաղաքացիական հասարակության ներգրավումը ապաստան հայցող անձանց ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը: Այդ նպատակով «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել  հասարակական դիտորդների խմբի կազմավորման իրավական հիմքեր: Նման կարգավորումը ուղղված է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչպես նաեւ դրանով իսկ հասարակական կազմակերպությունների եւ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համագործակցության ամրապնդմանը:

Նշենք նաեւ, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված դիտորդական խմբեր նախատեսված են ՀՀ Քրեակատարողական օրենսգրքով՝ պատիժ կատարող հիմնարկների եւ մարմինների գործունեությանը օժանդակելու նպատակով, եւ  «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով՝ ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով: Վերոնշյալ դիտորդական խմբերի գործունեության նպատակը հասարակական վերահսկողության միջոցով պետական վերահսկողության ներքո գործող մարմինների եւ հիմնարկների գործունեության թափանցիկ եւ հաշվետու գործելաոճի ապահովումն է՝ հաշվի առնելով, որ նման հիմնարկների եւ մարմինների գործունեությունը սերտորեն կապված է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հետ: Հասարակական դիտորդների խմբերի գործունեությունը նպաստել է պատիժ կատարող հիմնարկների եւ մարմինների, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի հանրային հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը: Պատիժ կատարող հիմնարկների եւ մարմինների, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի հասարակական դիտորդների խմբերի դրական փորձը փաստում է, որ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման անհրաժեշտ լրացուցիչ երաշխիք կարող է լինել նման հասարակական դիտորդների խումբ ստեղծելու համար անհրաժեշտ լիազորող նորմ սահմանելը Օրենքում: Բացի այդ՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման հիմքում ընկած հիմնական սկզբունքներից է նախարարության գործունեության նկատմամբ նաեւ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման անհրաժեշտությունը, եւ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը հասարակական դիտորդների խմբի մասնակցությունը կարող է հանդիսանալ այդ գաղափարի իրագործման գործիքներից մեկը:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծով առաջարկվում է Օրենքը լրացնել «Հասարակական վերահսկողությունը ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում» վերտառությամբ 31.1-րդ հոդվածով: Հոդվածի կարգավորումներով նախատեսվում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ, ինչը նպատակ է հետապնդում հասարակական վերահսկողության միջոցով ապահովելու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը: Նման վերահսկողության առկայությունը նաեւ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները եւ այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերը ավելի արդյունավետորեն վեր հանել՝ թիրախային պլանավորելով ժամանակավոր տեղավորման  կենտրոնի բարելավմանը ուղղված հետագա աշխատանքները:

Նախագիծը սահմանում է, որ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով: Նույն մարմնի ղեկավարը սահմանում է նաեւ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, խմբի կազմը եւ իրավասությունների շրջանակը: Այսինքն՝ Նախագծի ընդունման արդյունքում պետք է ընդունվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրաման, որով մանրամասն կսահմանվեն դիտորդների խմբի կազմավորման եւ գործունեության համար անհրաժեշտ կարգավորումները:

Առաջարկվող հոդվածի 3-րդ մասը սահմանում է հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը եւ խմբի անդամների առավելագույն թիվը: Դիտորդական խմբի անդամի լիազորությունների երեք տարի ժամկետը եւ խմբի անդամների առավելագույն թիվը սահմանվել են` հաշվի առնելով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ եւ ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբերի վերաբերյալ գործող կարգավորումները: Փորձը փաստում է, որ երեք տարին լիազորությունների այն ժամկետն է, որը հնարավորություն կտա դիտորդների խմբին կայուն մանդատի շրջանակներում արդյունավետ կերպով իրականացնել իրենց լիազորությունները:

Նախագծի ընդունումը չի նախատեսում այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ լրացումների կատարում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերը ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների եւ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համագործակցությունը եւ հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ  ԵՎ  ԱՊԱՍՏԱՆԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն