Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-784-27.02.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

«Հոդված 31.1. Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը

1. Հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական վերահսկողություն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ: Սույն հոդվածի իմաստով հասարակական վերահսկողությունը ներառում է  ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների, ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնների պահպանման եւ ապաստան հայցողների այլ իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողական գործառույթները:

2. Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով:

3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:

4. Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավասությունների շրջանակը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը ընդունում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը: