Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.
«Հոդված 31.1. Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը
1. Հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական վերահսկողություն Ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ: Սույն հոդվածի իմաստով՝ հասարակական վերահսկողությունը ներառում է ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների, Ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնների պահպանման եւ ապաստան հայցողների այլ իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողական գործառույթները:
2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով:
3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:
4. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավասությունների շրջանակը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը: