Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-789-04.03.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 78-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ ՝

«78) QR գծիկավոր կոդ՝ մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել 2.1. մասով հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չունեն:»:

Հոդված 3. Օրենսգրքի 311-րդ հոդվածը լրացնել 6-րդ եւ 7-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

 «6. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու կամ ներբեռնելու հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում առկա փաստաթղթերը, ինչպես նաեւ QR գծիկավոր կոդ պարունակող այն փաստաթղթերը, որոնց ցանկը հաստատում է  հարկային մարմնի ղեկավարը: QR գծիկավոր կոդ պարունակող արտատպված կամ ներբեռնված փաստաթղթում արտածվում է արտատպման կամ ներբեռնման պահի դրությամբ առկա տեղեկատվությունը: Արտատպված եւ ներբեռնված փաստաթղթերը պարունակում են QR գծիկավոր կոդ եւ նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն: QR գծիկավոր կոդ պարունակող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության, ընդունվում են կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից:»:

 «7. QR գծիկավոր կոդ պարունակող՝ արտատպվող կամ ներբեռնող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասում «անձնական հաշվի» բառերից հետո լրացնել «(QR գծիկավոր կոդ պարունակող)» բառերը:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից  վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոնակարգումները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հարկ վճարողների հարցումներին ի պատասխան հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը տրամադրվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ ՊԵԿ պաշտոնատար անձանց (ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, ՊԵԿ գլխավոր քարտուղարի, ՀՎՍ վարչության պետի) կողմից հաստատված կից գրությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը, եւ նպատակ ունենալով վերանայել հարկային մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի առաջիկայում նախատեսվող բազմակողմանի եւ էական փոփոխությունները, Նախագծով նախատեսվում է կանոնակարգել՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից  վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները:

Նշված գործընթացը կանոնակարգելու նպատակով Նախագծով սահմանվել է QR կոդի հասկացությունը, մասնավորապես՝ QR գծիկավոր կոդ՝ մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը:

Ինչպես նաեւ, հարկ վճարողի սպասարկման՝ հարկային մարմնի  գործառույթներում սահմանվել  է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չունեն:

Միեւնույն ժամանակ, քանի որ հարկ վճարողը հնարավորություն ունի իրական ժամանակում առցանց եղանակով դիտելու իր անձնական հաշվի քարտը, Նախագծով նախատեսվել է, որ հարկ վճարողը հնարավորություն ունի նաեւ արտատպելու իր անձնական հաշվի քաղվածքը (QR գծիկավոր կոդ պարունակող) հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում առկա փաստաթղթերը, ինչպես նաեւ QR գծիկավոր կոդ պարունակող այն փաստաթղթերը, որոնց ցանկը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: QR գծիկավոր կոդ պարունակող արտատպված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն եւ, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կնախատեսվի կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն