Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պարտապանի աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե`
1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.
2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:
2. Մինչեւ 200,000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական եւ անշարժ գույքի առկայությունից:
3. 200,000 դրամ եւ ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի` աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար՝ անկախ շարժական եւ անշարժ գույքի առկայությունից:
4. Պարտապանի աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:
5. Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար եւ դրանից հետո հաշվարկված եւ պարտապանի ստացած աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների նկատմամբ:
6. Պարտապանի ամուսնու՝ սույն գլխով նախատեսված եկամուտները բռնագանձման ենթակա չեն:»:
Հոդված 2. Օրենքի 58-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին նախադասությունում «մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը» բառերից հետո լրացնել «, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ նախադասությունում «կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը» բառերը փոխարինել « մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ հաշվի առնելով սույն մասով նախատեսված սահմանափակումը» բառերով.
3) 2-րդ մասի 2-րդ նախադասությունում «յոթանասունհինգ տոկոսը» բառերից հետո լրացնել «, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից» բառերով.
4) 3.1.-ին մասում «լրիվ մարումը» բառերից հետո լրացնել «, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի ՀՀ կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից»:
Հոդված 3. Օրենքի 59-րդ հոդվածում հանել «եւ գործազրկության» բառերը:
Հոդված 4. Օրենքի 60-րդ հոդվածում 5-րդ կետը «սոցիալական աջակցություն» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծի ընդունումը պայմանավորված է կատարողական վարույթի շրջանակներում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների նախատեսման, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից:
2. Առկա իրավիճակը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի ներկայիս կարգավորմամբ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածվում է միայն եթե վերջինս չունի սեփականության իրավունքով պատկանող գույք (բացառությամբ մինչեւ 200.000 ՀՀ դրամ բռնագանձման ենթակա պահանջների) կամ կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ: Այսինքն, 200.000 ՀՀ դրամը գերազանցող պահանջների դեպքում պարտապանի գույքը ենթակա է բռնագանձման (այդ թվում՝ հարկադիր իրացման) նույնիսկ այն դեպքերում, երբ պարտապանն ունի բավարար չափով եկամուտ՝ պահանջը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու համար:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով, ըստ էության, նախատեսվում է հնարավորություն, պահանջատիրոջ համաձայնության դեպքում անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձումը նախ տարածել վերջինիս եկամուտների վրա, օրինակ, եթե չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ, եւ պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար:
Նշված կարգավորումը, չանտեսելով կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման կարեւորությունը, լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտապանության համար, քանի որ եկամուտների վրա բռնագանձում տարածելն արդեն իսկ հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար:
Այսպես, նախագծով առաջարկվում է, նաեւ որ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանի օրենքի տվյալ գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, քանի որ ներկայումս պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն, որոշ դեպքերում նաեւ յոթանասունհինգ, արդյունքում՝ պարտապանը կարող է զրկվել կենսաապահովման նվազագույն միջոցներից: Ուստի, Նախագծով առաջարկվող կարգավորումը լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական երաշխիքների ապահովման բնագավառում:
Նախագծով նաեւ սահմանվում է, որ պարտապանի ամուսնու՝ նույն գլխով նախատեսված եկամուտները, այսինքն՝ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը, կրթաթոշակը եւ կենսաթոշակը բռնագանձման ենթակա չեն: Նշված փոփոխության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ օրենքի նշված գլուխը կարգավորում է բացառապես պարտապանի տվյալ գլխով նախատեսված եկամուտների բռնագանձման հետ կապված հարաբերությունները եւ դրանով նախատեսված բռնագանձման առանձնահատկությունները կիրառելի չեն կատարողական վարույթի շրջանակներում պարտապան չհանդիսացող ամուսնու տվյալ տեսակի գույքային իրավունքների նկատմամբ (հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ օրենքը այլ տեսակի գույքի բռնագանձման դեպքում նախատեսում է պարտապանի ամուսնու գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորություն), ուստի գործնականում ամուսնու եկամուտների վրա բռանգանձում տարածելու մասին որոշումները դառնում են խոցելի, ինչի հիմքով էլ դատական պրակտիկան ձեւավորվել է այն տրամաբանությամբ, որ պարտապանի ամուսնու եկամուտների վրա բռնագանձում տարածելու մասին որոշումն իրավաչափ չէ (ՎԴ/3905/05/20, ՎԴ/8533/05/20 եւ այլն):
Միաժամանակ, կարեւորելով պահանջատիրոջ օրինական շահերը՝ Նախագծով սահմանվել է, որ դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պարտապանի` աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել պահանջատիրոջ համաձայնությամբ, եթե պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար:
Ավելին, գործող օրենքի «Սոցիալական նպաստների վրա բռնագանձում տարածելը» վերտառությամբ 59-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության եւ գործազրկության համար վճարվող սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ եւ առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս: Մինչդեռ օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են որպես պետական նպաստ կամ սոցիալական աջակցություն: Ուստի նախագծով նախատեսվում է սահմանել բացառություն օրենքի տարբեր նորմերի մեջ հակասությունը վերացնելու նպատակով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետով սահմանված՝ կատարողական վարույթի արդյունավետության բարձրացման միջոցառման իրականացմամբ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում