Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-793-07.03.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասում «գույքահարկի գծով» բառերից հետո լրացնել «ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմնական նպատակը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների համար ավելի հարմար, իրատեսական եւ առավել արդար պայմանների ապահովումն է՝ պահպանելով փոխադրամիջոցի հերթական տեխնիկական զննության անցկացման ժամանակ տվյալ փոխադրամիջոցի՝ ընթացիկ հարկային տարվանը նախորդող հարկային տարիների գույքահարկի ամբողջական վճարման նկատմամբ հսկողության վերաբերյալ ՀՀ հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված առանձնահատկությունը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Օրենսգիրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Միեւնույն ժամանակ՝ Օրենսգրքի նույն հոդվածի 2-րդ մասը ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչեւ փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Հաշվի առնելով նշված կարգավորումները եւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների մեծ մասը տեխնիկական զննության են ենթակա ամենամյա պարբերականությամբ՝ գործնականում ֆիզիկական անձանց բացարձակ մեծամասնությունը զրկված են օրենքով սահմանված՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունները կատարելու հնարավորությունից եւ ստիպված են վճարել դեռեւս չավարտված հարկային տարվա համար հաշվարկվող գույքահարկը ամբողջությամբ, ինչը առաջացնում է փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների մասսայական դժգոհությունը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Առկա խնդիրների լուծման նպատակով ներկայացված նախագծով առաջարկվում է՝

փոխադրամիջոցների գույքահարկի վճարման գործընթացում բացառել երկիմաստ կամ տարընկալման ենթակա կարգավորումները (Օրենսգրքի 251 հոդված)՝

փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց, առանց բացառության, հնարավորություն ընձեռել այն վճարելու մինչեւ ընթացիկ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,

տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացումը որպես համայնքային բյուջե գույքահարկի հավաքագրման գործիք կիրառել միայն տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացմանը նախորդող հարկային տարվա գույքահարկի պարտավորությունների կատարման շրջանակում:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացների փոխկապակցվածության իրավական կարգավորումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավորների եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մասնագետների համագործակցությամբ:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց՝ մինչեւ ընթացիկ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ գույքահարկը վճարելու հնարավորությունը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացումը փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկող գործիք կիրառելով միայն տեխնիկական զննություն անցկացման հարկային տարվան նախորդող հարկային տարիների գույքահարկի ամբողջական վճարման վրա:

7. Օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին. Հաշվի առնելով, որ փոխադրամիջոցների գույքահարկը վճարվում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե՝ Օրենքի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի կատարվի: Կարող է փոփոխվել համայնքային բյուջե փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման ժամկետները:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



06.03.2024թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը;

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ