Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-804-22.03.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 10. Պետական մարմիններում փորձագետ ներգրավելը

1. Պետական մարմինները առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ:

2. Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը եւ դեպքերը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 11. Քաղաքացիական աշխատանքը եւ տեխնիկական սպասարկում իրականացնելը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում

1.Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:

2. Տեխնիկական սպասարկումը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունն է:

3. Քաղաքացիական աշխատանք կատարող անձի եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: