Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8041-22.03.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «հարաբերություններ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պետական մարմիններին հատկացված աշխատավարձի եւ պարգեւատրման ֆոնդերի վերլուծության հետ կապված հարաբերություններ:» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետների, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 27.1-ին հոդվածի դրույթները:»

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասում «երեք տարին մեկ, եւ որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

«Հոդված 27.1. Աշխատավարձի եւ պարգեւատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվող վարձատրության վերլուծությունը

1. Պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգեւատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը պետական մարմիններից պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարված վարձատրության վերաբերյալ ստանում է տեղեկատվություն եւ վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարձատրությունը ներառում է աշխատավարձը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի ֆոնդից տրվող բոլոր վճարները:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2019 թվականի մարտի 11-ին ընդունվել է Փոխվարչապետի թիվ 97-Ն որոշումը, որով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները:

Ներկայումս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով անձնական գործ ունենալու կամ անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու որեւէ իրավական կարգավորում կամ իրավական ընթացակարգ նախատեսված չէ:

Հաշվի առնելով, որ քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները, ըստ էության, նույնական են Փոխվարչապետի թիվ 97-Ն որոշմամբ սահմանված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունների հետ, Նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը կսահմանի նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու ընթացակարգը:

Բացի այդ, Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 28-ի N 1716-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածով հաստատված Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների (ՊՖԿՀԲ) ռազմավարության (այսուհետ՝ նաեւ Ռազմավարություն) 10-րդ բաղադրիչով նախատեսված է իրականացնել աշխատավարձի ֆոնդի հսկողություններ, որի նպատակն է ապահովել հանրային ծառայողների աշխատավարձի վճարման, կառավարման, փոփոխությունների կատարման, անձնակազմի կառավարման հետ կապված տվյալների հաշվառման եւ դրանց փոխկապակցվածության համապատասխանությունը, ինչպես նաեւ աշխատավարձի եւ դրան հավասարեցվող վճարումների հաշվարկման հաշվետվողականությունը:

Ռազմավարության 10-րդ բաղադրիչով սահմանված նպատակների ձեռք բերման համար Որոշման N 2 հավելվածով հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված է «Մարդկային ռեսուրսների բազայի/տվյալների հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակում» 25.1-ին միջոցառումը, որը բխում է Պետական ծախսերի եւ ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ/PEFA) գնահատման զեկույցներից: Մարդկային ռեսուրսների բազայի տվյալները հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ պետական մարմիններում բոլոր աշխատողների անձնական գործերը վարվեն էլեկտրոնային եղանակով, մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածով միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու պահանջ է սահմանված:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխությունն իրականացվում է բազային աշխատավարձի եւ (կամ) գործակիցների փոփոխության միջոցով` ըստ մասնագիտությունների եւ տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության հիման վրա, որն իրականացվում է երեք տարին մեկ, եւ որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշում):

Եվրոպական միության Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» նախաձեռնության կողմից իրականացված Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցում անդրադարձ է կատարվել Օրենքի վերոնշյալ դրույթով նախատեսված աշխատաշուկայի վերլուծությանը՝ նշվելով, որ Օրենքով նախատեսվում է պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի կանոնավոր փոփոխություն՝ համապատասխան հատվածների աշխատաշուկայի վերլուծության հիման վրա, որը պետք է իրականացվի երեք տարին մեկ, սակայն անցումային շրջանում գտնվող երկրի համար սա թերեւս չափազանց երկար ժամանակ է:

Միաժամանակ, Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ N 1 հավելվածով հաստատված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ որպես պետական համակարգի վարձատրության հիմնախնդիր է նշվել այն, որ պետական եւ մասնավոր հատվածների աշխատաշուկայի վերլուծության պարբերականությունը մեծ է՝ 3 տարի, (...) վարձատրության ամբողջական եւ մանրամասն տեղեկատվությունը հասանելի չէ (Հենասյուն 4, կետ 30):

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացումը բխում է Արժույթի միջազգային հիմնադրամի («ԱՄՀ») աշխատակազմի կողմից տեխնիկական խորհրդատվության 2022 թվականի զեկույցում ներկայացված առաջարկություններից: Հիշյալ զեկույցում փորձագետները մասնավորապես նշում են, որ աշխատավարձի ֆոնդի մասին սահմանափակ տեղեկատվությունը եւ զբաղվածության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությունը խոչընդոտում են իշխանությունների՝ բարելավման միջոցառումներ մշակելու կարողությանը: (...) քաղաքականության առաջարկների արժեքի հիմնավորման նպատակով անհրաժեշտ վերլուծություն անելու համար կպահանջվեն զգալիորեն ավելի շատ տվյալներ: Եռամյա ուսումնասիրությունները/վերանայումները կենտրոնանում են աշխատավարձերի վրա, այլ ոչ թե ընդհանուր փոխհատուցման վրա, ինչը նվազեցնում է դրանց օգտակարությունը եւ՛ որպես մարդկային ռեսուրսների կառավարման, եւ՛ հարկաբյուջետային քաղաքականության գործիք:

Իշխանություններին խրախուսվում է հիմնվել սույն զեկույցի արդյունքների վրա՝ ձգտելով աշխատավարձի ֆոնդի վերլուծության համար օգտագործել մանրամասն տեղեկատվական բազան պետական հատվածի բոլոր աշխատողների վերաբերյալ:

Ստեղծել համակարգեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու եւ վերլուծելու եւ վարձատրության եւ զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար: Տեղեկատվությունը պետք է հավաքագրվի սիստեմատիկորեն եւ ունենա բավարար մանրամասներ վերլուծություններ իրականացնելու համար: Մանրամասն տեղեկատվության մեջ պետք է ներառվեն աշխատավարձի ֆոնդի ընդհանուր ծախսերը, միջին փոխհատուցումը` բաժանված ըստ վարձատրության տեսակի, եւ զբաղվածությունը՝ ըստ տարբեր կատեգորիաների եւ բյուջետային ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունների: Վերլուծությունը պետք է ուղղված լինի աշխատավարձի ծախսումները որոշող հիմնական գործոնների բացահայտմանը:

2. Կարգավորման նպատակը

Եվրոպական միության Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» նախաձեռնության կողմից իրականացված Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցում Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված, ըստ մասնագիտությունների եւ տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության ժամկետի վերաբերյալ դիտարկումը (Օրենքով նախատեսվում է պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի կանոնավոր փոփոխություն՝ համապատասխան հատվածների աշխատաշուկայի վերլուծության հիման վրա, որը պետք է իրականացվի երեք տարին մեկ, սակայն անցումային շրջանում գտնվող երկրի համար սա թերեւս չափազանց երկար ժամանակ է), ինչպես նաեւ Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ N 1 հավելվածով հաստատված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ պետական համակարգի վարձատրության առնչվող հիմնախնդիրը (պետական եւ մասնավոր հատվածների աշխատաշուկայի վերլուծության պարբերականությունը մեծ է՝ 3 տարի) հաշվի առնելով Նախագծով առաջարկվում է աշխատաշուկայի վերլուծության իրականացման ժամկետը սահմանել ամենամյա պարբերականությամբ:

Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի («ԱՄՀ») աշխատակազմի կողմից տեխնիկական խորհրդատվության 2022 թվականի զեկույցում ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները հիմք ընդունելով, (մասնավորապես հետեւյալ առումներով. աշխատավարձի ֆոնդի մասին սահմանափակ տեղեկատվությունը եւ զբաղվածության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությունը խոչընդոտում են իշխանությունների՝ բարելավման միջոցառումներ մշակելու կարողությանը, քաղաքականության առաջարկների արժեքի հիմնավորման նպատակով անհրաժեշտ վերլուծություն կատարելու համար պահանջվում են զգալիորեն ավելի շատ տվյալներ, եռամյա ուսումնասիրությունները/վերանայումները կենտրոնանում են աշխատավարձերի վրա, այլ ոչ թե ընդհանուր փոխհատուցման վրա, ինչը նվազեցնում է դրանց օգտակարությունը եւ՛ որպես մարդկային ռեսուրսների կառավարման, եւ՛ հարկաբյուջետային քաղաքականության գործիք, ուստի իշխանություններին խրախուսվում է աշխատավարձի ֆոնդի վերլուծության համար օգտագործել մանրամասն տեղեկատվական բազա պետական հատվածի բոլոր աշխատողների վերաբերյալ, ստեղծել համակարգեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու եւ վերլուծելու եւ վարձատրության եւ զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար, տեղեկատվության մեջ պետք է ներառվեն աշխատավարձի ֆոնդի ընդհանուր ծախսերը, միջին փոխհատուցումը` բաժանված ըստ վարձատրության տեսակի, եւ զբաղվածությունը՝ ըստ տարբեր կատեգորիաների եւ բյուջետային ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունների, վերլուծությունը պետք է ուղղված լինի աշխատավարձի ծախսումները որոշող հիմնական գործոնների բացահայտմանը) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ նախատեսվում է ապահովել համապատասխան իրավական հիմքեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու եւ վերլուծելու, վարձատրության եւ զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար: Վերոնշյալ տեղեկատվությունը հավաքագրելու եւ վերլուծելու կարգը նախատեսվում է սահմանել Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման առանձին հավելվածով:

Նախագծային կարգավորումներով նաեւ կսահմանվի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով անձնական գործ ունենալու կամ անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու իրավական ընթացակարգ, որն էլ հնարավորություն կտա մարդկային ռեսուրսների բազայի տվյալները հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակման եւ գործարկման համար, ինչը բխում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի ապահովման, ինչպես նաեւ Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության 10-րդ բաղադրիչով սահմանված թիրախների լիարժեք ձեռք բերման նպատակներից:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով, որը հնարավորություն կտա ապահովել Ռազմավարության 10-րդ բաղադրիչով սահմանված նպատակների ձեռքբերումը (աշխատավարձի վճարման, կառավարման, փոփոխությունների կատարման, անձնակազմի կառավարման հետ կապված տվյալների հաշվառման եւ դրանց փոխկապակցվածության համապատասխանություն, աշխատավարձի եւ դրան հավասարեցվող վճարումների հաշվարկման հաշվետվողականություն), ինչպես նաեւ կապահովվի պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով նախատեսված քանակից ավելի հաստիքներ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում փորձագետներ չներգրավելու մեխանիզմներ:

Բացի այդ, ըստ մասնագիտությունների եւ տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ պետական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությունը կստացվի համապատասխան հաշվապահական ծրագրերից, որը կնվազեցնի սխալ տեղեկատվություն ներկայացնելու հավանականությունը, ինչպես նաեւ կբացառի ծառայողների կողմից կրկնակի աշխատանքի կատարումը: Միաժամանակ, աշխատավարձի ֆոնդերի վերլուծության նպատակով պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված փորձագետների վարձատրության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար հավաքագրման, վերլուծության համար անհրաժեշտ մեխանիզմների ապահովման միջոցով, աշխատանքի վարձատրության ոլորտի քաղաքականության մշակման ժամանակ առաջարկները կձեւավորվեն դինամիկ տվյալների, փաստերի վրա, աշխատանքի վարձատրության եւ զբաղվածության քաղաքականությունը ավելի արդյունավետ կինտեգրվի բյուջետային գործընթացում:

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 28-ի N 1716-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների (ՊՖԿՀԲ) ռազմավարությունից եւ Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը եւ արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» N 691-Լ որոշումից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն