Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-739-05.12.2023,08.04.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը՝ ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով՝ հաշվի առնելով սույն մասով սահմանված սահմանափակումները:

Սույն մասով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցում չի կատարվում, եթե շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա եւ (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ Օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որեւէ մեկով խախտում?

Սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումներին վերաբերող ստուգման կամ այլ վարչական ակտի վարչական կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում ստուգման կամ այլ վարչական ակտի ուժի մեջ մնալը հիմք չէ սույն մասով նախատեսված դիմումների հիման վրա եկամտային հարկի փոխհատուցված գումարները պետական բյուջե վերադարձնելու համար:»?

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի  հուլիսի 1-ից եւ կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո հարկային մարմին ներկայացված՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումների հիման վրա եկամտային հարկի գումարները փոխհատուցելու հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման հիմքում հարկային կարգապահական չափորոշիչների ներդրման անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Մինչեւ ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ «Եկամտային հարկի մասին»  օրենքին համապատասխան ֆիզիկական անձանց ստացված շահաբաժինները նվազեցվել են համախառն եկամտից (չեն հարկվել եկամտային հարկով):

ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան՝ 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ ենթակա են հարկման եկամտային հարկով:

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվեց նաեւ, որ ստացված շահաբաժինները, դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրվելու դեպքում ներդրված գումարը՝ ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից ենթակա են փոխհատուցման: Ընդ որում, նշված կարգավորումները օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից, իսկ ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինների մասով՝ 2018 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթի կիրառման արդյունքում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ֆիզիկական անձինք հիմնականում ստացված շահաբաժիններից ներդրումները կատարել են շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների չափով եւ ամբողջությամբ այդ գումարները պետական բյուջեից վերադարձրել են: Այսինքն՝ ստացվում է, որ, ըստ էության, այդ ներդրումները կատարվում են պետական բյուջեի եկամուտների հաշվին:

Ընդ որում, շահաբաժիններից վճարված եկամտային հարկի վերադարձված գումարներն ըստ տարիների աճում են: Մասնավորապես, 2019-2023թթ. շահաբաժին ստացած ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները կազմել են 36,8 մլրդ դրամ, որից 2019թ.-ին՝ 4,1 մլրդ դրամ, 2020թ.-ին՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ.-ին՝ 9,6 մլրդ դրամ, 2022թ.-ին՝ 10,5 մլրդ դրամ, իսկ 2023թ. հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը՝ 8,2 մլրդ դրամ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների: Մասնավորապես, առաջարկվում է փոխհատուցում չկատարել, եթե շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա եւ (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ Օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որեւէ մեկով խախտում.

4. Կարգավորման առարկան. շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համակարգի վերանայման միջոցով հարկ վճարողների հարկային կարգապահության խթանումը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից, որից ակնկալվում է միջազգային փորձին համապատասխան հարկային պլանավորման չարաշահման կանխարգելման կանոնների ներդրում:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ:

7. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների՝ շահաբաժին վճարող կազմակերպության հարկային կարգապահական չափորոշիչների բավարարման դեպքում փոխհատուցումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահաբաժնից պահված եկամտային հարկի գումարը չի վերադարձվելու, եթե շահաբաժին վճարող՝ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա եւ (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ Օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որեւէ մեկով խախտում:

Առաջարկվում է սահմանել նաեւ, որ վերոնշյալ խախտումներին վերաբերող ստուգման կամ այլ վարչական ակտի վարչական կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում ստուգման կամ այլ վարչական ակտի ուժի մեջ մնալը հիմք չէ նույն մասով նախատեսված դիմումների հիման վրա եկամտային հարկի փոխհատուցված գումարները պետական բյուջե վերադարձնելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման եւ չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ամփոփաթերթ