Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-739-05.12.2023,08.04.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը՝ ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով՝ հաշվի առնելով սույն մասով սահմանված սահմանափակումները:

Սույն մասով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցում չի կատարվում, եթե շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա եւ (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ Օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որեւէ մեկով խախտում:

Սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումներին վերաբերող ստուգման կամ այլ վարչական ակտի վարչական կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում ստուգման կամ այլ վարչական ակտի ուժի մեջ մնալը հիմք չէ սույն մասով նախատեսված դիմումների հիման վրա եկամտային հարկի փոխհատուցված գումարները պետական բյուջե վերադարձնելու համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից եւ կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո հարկային մարմին ներկայացված՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումների հիման վրա եկամտային հարկի գումարները փոխհատուցելու հարաբերությունների վրա: