Հոդված 1. «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-90-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 21-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 22-րդ, 23-րդ եւ 24-րդ կետերով.
22) էլեկտրոնային գրադարան ՝ տարատեսակ էլեկտրոնային փաստաթղթերի հավաքագրված ժողովածու կամ տվյալների շտեմարան, որն օժտված է որոնման եւ ուղորդող հարմարանքներով: Այն կարող է լինել վեբ կայքի կամ էլեկտրոնային կրիչների տեսքով.
23) էլեկտրոնային հրատարակություն ՝ էլեկտրոնային ձեւով ներկայացված տեղեկություն կամ ժողովածու, որն անցել է խմբագրական եւ հրատարակչական մշակում.
24) մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն ՝ համայնքի մշակութային կյանքի ակտիվացման, հանրային ընթերցանության, գեղագիտական եւ մշակութային կրթության զարգացման, համայնքի բնակչության որակյալ ու բովանդակալից կյանքի կազմակերպման վայր:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 8-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2) 1-ին մասը լրացբել նոր 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«9) նպաստում է գրադարանից օգտվողների մշակութային, մտավոր, գեղագիտական կյանքի խթանմանը ու հանգստի կազմակերպմանը:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 13-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2) 1-ին մասը լրացնել նոր 14-րդ, 15-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«14) ապահովում է արտերկրի գրադարաններում հայկական գրավոր հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման աշխատանքները եւ հայագիտական ֆոնդի համալրումը՝ այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում.
15) սահմանում է գրադարանային աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը.
16) հաստատում է պետական գրադարանային աշխատողների ատեստավորման կարգը.
17) ապահովում է հանրային գրադարանների նկատմամբ մշտադիտարկում:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21.1-ին հոդվածով.
«Հոդված 21.1 Գրադարանների օգտագործումը
1.Գրադարանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային եւ հանգստի կազմակերպման նպատակներով, ինչպես նաեւ իրենց գործառնական նշանակությամբ:
2. Գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով (հուշանվերների պատրաստում եւ վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում եւ այլ հրատարակչական գործունեություն, գրասենյակային թղթե պիտույքների պատրաստում ու իրացում, կինո- ու տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի իրականացում, առեւտրային ցուցահանդեսների կազմակերպում, սրճարանային գործունեություն, թայմ-շեր ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում գրադարանի գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում), սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տեղերի ապահովում եւ այլն) թույլատրվում է մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ՝ եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը:»:
Հոդված 5. եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: