Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-820-16.04.2024-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 2-րդ կետի Ալավերդի համայնքի բնակավայրերի ցանկի «Ջիլիզա գյուղ» տողից հետո լրացնել «Սանահին գյուղ» տողը.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Ալավերդի բնակավայրի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղը)՝ որպես բնակավայր առանձնացնելու վերաբերյալ: Ալավերդի համայնքի ավագանին 2023 թվականի մարտի 17-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի մաս կազմող Սանահին թաղամասին բնակավայրի կարգավիճակ տալու մասով հանրային նախաձեռնությանը հավանություն տալու մասին» N 20-Ա որոշումը:

Սանահին գյուղն ունի հազարամյա պատմություն: Գյուղը 1967 թվականից կազմում է Ալավերդի քաղաքի մաս: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը հանդիսանում ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Սանահինի պատմությունն սկսվում է վանական համալիրի հիմնադրմամբ՝ 10-րդ դարից: Սանահինը հայտնի է եղել որպես հայ միջնադարյան հոգեւոր, մշակութային եւ գիտակրթական նշանավոր կենտրոն: Վանական համալիրը հիմնադրվել է Բագրատունիների կողմից, ապա 12-րդ դարում դարձել է Զաքարյան իշխանական տոհմի սեփականությունը (Զաքարյան իշխանների տոհմական տապանատունը' դամբարանը, այժմ էլ պահպանվում է Սանահինի վանական համալիրի տարածքում): 2001 թվականին Սանահինի վանական համալիրը Հաղպատի վանական համալիրի հետ ընդգրկվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների գրանցամատյանում»: Սանահին գյուղում են ծնվել ու մեծացել աշխարհահռչակ Միկոյան եղբայրները: Այժմ Սանահինում գործում է եղբայրների տուն-թանգարանը, որը հիմնադրվել է 1971 թվականին: Թանգարան եւ վանական համալիր այցելող զբոսաշրջիկների թիվը գերազանցում է տարեկան 50.000-ը:

Ներկայումս գյուղն ունի 273 տնային տնտեսություն:

Համաձայն բնակչության ռեգիստրի տվյալների՝ գյուղում հաշվառված է 800 բնակիչ, որից 200-ը' անչափահաս: Մշտապես բնակվում է շուրջ 200 ընտանիք: Սանահինում գործում է Ա. Միկոյանի անվ. թիվ 4 հիմնական դպրոցը՝ կառուցված 1959 թվականին: Ներկայումս դպրոցում սովորում է 132 աշակերտ: Սանահինում գործում է նաեւ թիվ 5 մանկապարտեզը, որն ունի 26 սան:

2023 թվականի ապրիլի 19-ին Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Ալավերդի քաղաքից առանձնացվող Սանահին թաղամասը որպես նոր բնակավայր «Սանահին գյուղ» անվանակոչելու հարցը, որը միաձայն ստացել է դրական եզրակացություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ Ալավերդի բազմաբնակավայր համայնքի կազմում ներառվում է «Սանահին» անվամբ բնակավայր:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կապահովվի Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդությունը եւ Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից եւ կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր:

5. Տեղեկանք լրացուցիչ ֆինանսական միջոցների մասին

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն