Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Եթե «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել պետական տուրքի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար օրենքով սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում, եթե համապատասխան պահանջի բավարարումը հանգեցնում է պայմանագրի անվավերության կամ ազդում է պայմանագրի գնի վրա, ապա դատարանը դատական ակտով անդրադառնում է պայմանագրի գնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:».
2) 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.
«6) հայցադիմումում ձեւակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (հայցն ակնհայտորեն ենթակա է լինելու մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից).
7) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա: