Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-823-17.04.2024-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում «պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների եւ փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ հարկադիր կատարողների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերի եւ փրկարար ծառայության սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերով.

«9. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն՝ իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, եւ համապատասխան միջոցներն իրեն սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված՝ սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի ձեւը եւ ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված՝ սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացրած անձը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ձեռք բերելու օրվանից համարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձ եւ սոցիալական վճարները կատարում է որպես սույն հոդվածի 1-ին մասի այն կետում նշված անձ, որով սոցիալական վճարը կատարել է մինչեւ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելը: Այս դեպքում սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձի համար կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով):»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 3-րդ մասի 2-րդ կետում, 4-րդ մասի 4-րդ կետում, 5-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 5-րդ մասի 1-ին կետում «շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում» բառերը փոխարինել «շրջանառության հարկի համակարգում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «բացելու» բառից հետո լրացնել «կամ մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացվելու» բառերով:

Հոդված 5. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասից հանել «՝ մեկ տարվա ընթացքում,» բառերը:

Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասում «եթե դիմումը» բառերից հետո հանել «չի ներկայացվել սահմանված ժամկետում կամ» բառերը:

Հոդված 7. Օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ մասով.

«14. Մինչեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերի եւ փրկարար ծառայության սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնելը իր համար (օգտին) կուտակային հատկացումներ կատարված լինելու դեպքում անձը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով կամ միանվագ՝ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների, արտաքին հետախուզության ծառայության ծառայողների անձանավորված հաշվառումը դադարեցվում է:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների, արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու եւ նրանց՝ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածով սահմանված են նախքան մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու դեպքերը:

Սակայն, նախատեսված չեն այն դեպքերը, երբ կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, եւ համապատասխան միջոցները իրեն Օրենքով սահմանված կարգով վճարվելուց հետո մասնակիցը (այդ թվում՝ Օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում նշված՝ 1964 թվականից հետո ծնված անձը) կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար:

Մեկ այլ խնդիր առկա է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ մարման արդյունքում ստացված միջոցները ժառանգին՝ միանվագ վճարի տեսքով վճարելու կարգում՝ դիմելու ժամկետների մասով:

Գործող կարգով սահմանված է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգության վկայականը ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ միանվագ վճարի տեսքով վճարելու դիմում ներկայացնելու պահանջ:

Տվյալ իրավակարգավորման պարագայում տասներկու ամսվա ժամկետային սահմանափակման իրավապայմանը բացառում է այդ ժամկետը որեւէ պատճառով բաց թողնելու դեպքում մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելու հնարավորությունը:

Հարկ է նկատի ունենալ, որ նույնաբովանդակ կարգավորում նախատեսված է եղել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 36-րդ հոդվածով՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար, որը Սահմանադրական դատարանի դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴՈ-1167 որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել:

Սահմանադրական դատարանի որոշմամբ ներկայացվել է իրավական դիրքորոշում, որի համաձայն՝ «...ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պետությունը ճանաչում է նաեւ ժառանգման իրավունքը, որը ներառում է ոչ միայն ժառանգություն տալու, այլ նաեւ ժառանգություն ստանալու իրավունքները:

Ժառանգական իրավունքն ապահովում է սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը նաեւ նրա մահից հետո՝ հնարավոր դարձնելով նրա սեփականատիրական իրավազորությունների հաջորդայնությունը: Միեւնույն ժամանակ, այն ժառանգի համար առաջացնում է ժառանգատուի սեփականության հանդեպ իրավահաջորդության սահմանադրորեն պաշտպանված հնարավորություն»:

Նման իրավակարգավորման բացակայությունը խոչընդոտում է սեփականության սահմանադրական իրավունքի լիարժեք իրականացմանը, մասնավորապես, այդ իրավունքի՝ ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներով սահմանված պաշտպանությանը՝ ժառանգության ընդունման ժամկետի հետ կապված հարաբերություններում:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգության վկայականը ստանալուց հետո` ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ միանվագ վճարի տեսքով վճարելու դիմում ներկայացնելու ժամկետները վերանայել (հանել մեկ տարվա ընթացքում դիմում ներկայացնելու պահանջը):

Բացի այդ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է ստացվել հակակոռուպցիոն կոմիտեի գրությունը, որով առաջարկում է կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների տվյալները համարել որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն՝ պահպանելով նրանց սոցիալական վճար կատարելու հնարավորությունը կամ այդ տարբերակի անհնարինության դեպքում առաջարկել այլ տարբերակ՝ նրանց սոցիալական երաշխիքներն ապահովելու համար:

Նույն խնդիրը իր համակարգի աշխատակիցների համար լուծելու նպատակով Արտաքին հետախուզական ծառայությունը եւս շրջանառել է համապատասխան իրավական ակտի նախագիծ, որի վերաբերյալ Աշխատանքի եւ սոցիալական նախարարության կարծիքը ստանալուց հետո ուղարկել է գրություն՝ սույն նախագծով նաեւ Արտաքին հետախուզական ծառայություն ծառայողներին առնչվող հարաբերությունները կարգավորելու առաջարկով:

Այս դեպքում հաշվի են առնվել՝

1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն,

2. «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կառուցվածքի, անձնակազմի քանակի, հաստիքացուցակի եւ անվանացանկի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով եւ 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Ծառայությունը գաղտնի մեթոդների, ձեւերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնում է արտաքին հետախուզական գործունեություն: Բացի այդ, «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված է արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, ինչով ամրագրվում է արտաքին հետախուզական գործունեության իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձեւերի, մեթոդների, ուժերի եւ միջոցների գաղտնիության, արտաքին հետախուզական գործունեության աղբյուրների անվտանգության անվերապահ ապահովման սկզբունքը:

3. ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ եթե անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը եւ (կամ) եկամտային հարկի հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Կառավարության սահմանած կարգով:

Այսինքն, Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Արտաքին հետախուզական ծառայության առաջարկների համաձայն՝ նշված մարմինների համապատասխան աշխատակիցների տվյալները հարկ է համարել որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ինչն իր հերթին հանգցնում է նրան, որ այդ աշխատակիցները չեն կարող հանդիսանալ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ, քանի որ համակարգի հիմքում դրված է մասնակցի վերաբերյալ անձնավորված տեղեկատվության առակությունը:

Այս հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի դիրքորոշման համաձայն՝ Բանկը կարեւորում է վարձու աշխատող հանդիսացող բոլոր անձանց համար կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցության ապահովումը, այդ թվում՝ այն անձանց մասնակցության վերաբերյալ համակարգային լուծումների մշակումը՝ ովքեր ներառված են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «վարձու աշխատող» հասկացության բացառության մեջ (պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների եւ փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողներ, քրեակատարողական ծառայողներ եւ հարկադիր կատարողներ):

Պետական եկամուտների կոմիտեն բացառել է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության պարագայում անձանց՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից լինելը, քանի այն ենթադրում է անձնավորված տեղեկատվության առկայություն:

Գրության կապակցությամբ շահագրգիռ մարմինների՝ Ազգային անվտանգության ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից ստացված դիրքրոշումներով բացառվել է նշված համակարգերի զինծառայողների վերաբերյալ անձնավորած տեղեկատվության տրամադրումը:

Սա նշանակում է, որ կենտրոնական բանկի առաջարկը նշված անձանց եւս ներառել կուտակային կենսաթշոակային համակարգ, գործնականում անհնար է:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն՝ գործատուի հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, բացառությամբ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների եւ փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողները, քրեակատարողական ծառայողների եւ հարկադիր կատարողները, հանդիսանում վարձու աշխատողներ (կատարում են սոցիալական վճարներ եւ հանդիսանում են կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ):

Հաշվի առնելով ստացված դիտողություններն ու առաջարկությունները, որոնցով բացառվել է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության պարագայում անձանց՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից լինելը, նպատակահարմար է թողնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված՝ վերոնշյալ բացառությունները, դրանում ներառելով նաեւ կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներին եւ արտաքին հետախուզական ծառայության ծառայողներին:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի`

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կկարգավորվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին տվյալները կդիտարկվեն սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն եւ չեն հանդիսանա կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից:

Կապահովվի հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների, արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը եւ աշխատակիցների, աշխատանքի ձեւերի, մեթոդների, ուժերի եւ միջոցների գաղտնիությունը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերը եւ եկամուտները կնվազեն՝ ի հաշիվ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների աշխատակիցների կողմից կատարվող սոցիալական վճարների (եկամուտների մասով) եւ այդ վճարների հիման վրա կատարվող կուտակային հատկացումների (ծախսերի մասով):
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն