Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-823-17.04.2024-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում «պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների եւ փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ հարկադիր կատարողների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերի եւ փրկարար ծառայության սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերով.

«9. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն՝ իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, եւ համապատասխան միջոցներն իրեն սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված՝ սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի ձեւը եւ ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված՝ սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացրած անձը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ձեռք բերելու օրվանից համարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձ եւ սոցիալական վճարները կատարում է որպես սույն հոդվածի 1-ին մասի այն կետում նշված անձ, որով սոցիալական վճարը կատարել է մինչեւ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելը: Այս դեպքում սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձի համար կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով):»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 3-րդ մասի 2-րդ կետում, 4-րդ մասի 4-րդ կետում, 5-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 5-րդ մասի 1-ին կետում «շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում» բառերը փոխարինել «շրջանառության հարկի համակարգում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «բացելու» բառից հետո լրացնել «կամ մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացվելու» բառերով:

Հոդված 5. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասից հանել «՝ մեկ տարվա ընթացքում,» բառերը:

Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասում «եթե դիմումը» բառերից հետո հանել «չի ներկայացվել սահմանված ժամկետում կամ» բառերը:

Հոդված 7. Օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ մասով.

«14. Մինչեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերի եւ փրկարար ծառայության սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնելը իր համար (օգտին) կուտակային հատկացումներ կատարված լինելու դեպքում անձը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով կամ միանվագ՝ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների, արտաքին հետախուզության ծառայության ծառայողների անձանավորված հաշվառումը դադարեցվում է: