Armenian ARMSCII Armenian
Կ-823-17.04.2024-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետը «քրեակատարողական ծառայողների» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների, արտաքին հետախուզության ծառայության ծառայողների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով.

«9. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, համապատասխան միջոցներն իրեն սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

10. Սոցիալական վճար կատարելը վերսկսելու՝ սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմումի ձեւը եւ այն ներկայացնելու կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

11. Սոցիալական վճար կատարելը վերսկսելու՝ սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում ներկայացրած անձը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ձեռք բերելու օրվանից համարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձ եւ սոցիալական վճարները կատարում է սույն հոդվածի 1-ին մասի այն կետի համաձայն, որով սոցիալական վճարն այդ անձը կատարել է մինչեւ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելը: Այս դեպքում սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձի համար կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով):»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 3-րդ մասի 2-րդ կետում, 4-րդ մասի 4-րդ կետում, 5-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 5-րդ մասի 1-ին կետում «շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում» բառերը փոխարինել «շրջանառության հարկի համակարգում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «բացելու» բառից հետո լրացնել «կամ մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացվելու» բառերով:

Հոդված 5. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասից հանել «՝ մեկ տարվա ընթացքում,» բառերը:

Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասից հանել «չի ներկայացվել սահմանված ժամկետում կամ» բառերը:

Հոդված 7. Օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ մասով.

«14. Մինչեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերի եւ փրկարար ծառայության սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնելը իր համար (օգտին) կուտակային հատկացումներ կատարված լինելու դեպքում անձը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով կամ միանվագ՝ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն արտաքին հետախուզության ծառայության ծառայողների մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից հետո, եւ սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների անձնավորված հաշվառումը դադարեցվում է: