Հոդված 1. 2004թ. նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (Այսուհետ՝ օրենսգիրք) 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 21-րդ հոդվածի «ա» կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, կամ եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաեւ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին անչափահաս ամուսնու համաձայնության բացակայության դեպքում» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ինչպես նաեւ սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, » բառերը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի կողմից՝ շահագրգիռ մարմինների հետ մի շարք աշխատանքային քննարկումների, խորհրդարանական լսումների իրականացման արդյունքում:
Ամուսնությունն ընտանիք կազմելու նպատակով տղամարդու ու կնոջ կամավոր միություն է: Կինն իր կամքի ազատ արտահայտությամբ պետք է ընտրի ամուսին եւ կազմի ընտանիք, ընդ որում, սույն հարցում արգելվում է սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով իրավունքների որեւէ սահմանափակում: Ամուսնանալիս ամուսնացողներից յուրաքանչյուրը պետք է դրսեւորի գիտակցված ու մտածված ցանկություն, համաձայնությունը պետք է տրված լինի ազատ եւ անկախ` առանց սպառնալիքի, բռնության կամ հարկադրանքի ազդեցության: Շատ կարեւոր է, որ անձը գիտակցի ընտանիք կազմելու պատասխանատվությունը եւ դրա հետեւանքները: Առերեւույթ գիտակցված կարող է համարվել նաեւ 16 տարեկանների ամուսնությունը, առավել եւս, որ ըստ էության գործող կարգավորումները լրիվ գործունակության, քրեական պատասխանատվության տարիքային շեմի առումով ունեն վերաբերելի դրույթներ: Սակայն ակներեւ է, որ ամուսնության շուրջ առաջացող իրավահարաբերությունների բնույթն ու կարեւորությունը, անձի` իր կամքի ազատ արտահայտությամբ ամուսին ընտրելու, ամուսնանալու իրավունքը չի կարող եւ չպետք է խոչընդոտի անձի մի շարք այլ իրավունքների իրացմանը (կրթության իրավունք, առողջության պահպանման եւ այլ հիմնարար իրավունքներ):
ՀՀ գործող օրենսդրության համաձայն ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր օրենքների հիմքում որպես այդպիսին երեխայի լավագույն շահն է, իսկ երեխայի իրավունքներից ամենակարեւորները նրա առողջության, կրթության, սոցիալական իրավունքներն են: Պետության պարտականությունն է բոլոր դեպքերում ապահովել երեխայի լավագույն շահը եւ ստեղծել պայմաններ, որ երեխան մեծանա առողջ, կիրթ եւ բարեկեցիկ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` «Բռնի ամուսնությունների եւ երեխաների ամուսնությունների մասին» 2005 թվականի թիվ 1468 բանաձեւի 3-6-րդ կետերում նշված է. «Վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ առկա են իշխանություններ, որոնք գաղթական համայնքների մշակույթի եւ ավանդույթների նկատմամբ հարգանքի քողի լույսի ներքո հանդուրժողականություն են ցուցաբերում բռնի ամուսնությունների եւ երեխաների ամուսնությունների նկատմամբ` չնայած նրան, որ վերջիններս խախտում են յուրաքանչյուր զոհի հիմնարար իրավունքները: Վեհաժողովը բռնի ամուսնությունը սահմանում է որպես երկու անձանց միություն, որոնցից առնվազն մեկը չի տվել ամուսնանալու` իր լիարժեք եւ ազատ համաձայնությունը: Հաշվի առնելով այն, որ բռնի ամուսնությունը խախտում է անհատի հիմնարար իրավունքները` այն որեւէ կերպ չի կարող արդարացված համարվել: Վեհաժողովը ընդգծում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` 1954 թվականի դեկտեմբերի 17-ի 843 (IX) բանաձեւի կարեւորությունը, որով հայտարարվել է, որ որոշ սովորույթները, ամուսնությանն ու ընտանիքին վերաբերող հնացած օրենքները եւ պրակտիկան անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությունում եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքներին:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված 73/153 բանաձեւի համաձայն՝
Գլխավոր Ասամբելան ի թիվս այլնի խստորեն կոչ է անում պետություններին ընդունել, կիրառել եւ պահպանել օրենքներ ու ռազմավարություններ, որոնք ուղղված են երեխաների, վաղ եւ հարկադիր ամուսնությունների կանխարգելմանը եւ վերացմանը, ռիսկի խմբում գտնվող անձանց պաշտպանությանը եւ այս խնդրով տուժած անձանց կարիքների բավարարմանը եւ գործել այդ օրենքների եւ ռազմավարությունների տեղական համաձայնեցման ուղղությամբ՝ ապահովելով, որ ամուսնությունները տեղի ունենան միայն ապագա ամուսինների գիտակցված, ազատ եւ ամբողջական համաձայնության հիման վրա: Գլխավոր Ասամբելան նաեւ կոչ է անում պետություններին ընդունել, կիրառել եւ պահպանել ամուսնության նվազագույն տարիքի մասին օրենքները, վերահսկել դրանց իրականացումը եւ համակարգված փոփոխություններ կատարել օրենքներում՝ ամուսնության նվազագույն տարիքը եւ/կամ չափահասության տարիքը մինչեւ 18 տարեկանը բարձրացնելու համար եւ ներգրավել բոլոր համապատասխան իշխանության մարմիններին՝ այդ օրենքների լայն ճանաչում ունենալը ապահովելու համար:
Անչափահաս երեխայի ամուսնությունը երեխայի իրավունքների խախտում է եւ արգելված է միջազգային իրավունքով: Այն զրկում է հատկապես աղջիկներին իրացնելու առողջության, կրթության եւ բնականոն զարգացման իրենց հիմնարար եւ հավասար իրավունքները:
Մանկական ամուսնությունը, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սահմանման, պաշտոնապես կնքված ամուսնությունն է կամ ոչ պաշտոնական միությունը 18 տարին չլրացած անձի հետ: Որոշ երկրներում օրենքով սահմանված ամուսնության նվազագույն տարիքը 18 տարեկանից ցածր է, մյուսներում՝ թույլ է տրվում մինչեւ 18 տարեկանն ամուսնանալ ծնողների համաձայնությամբ՝ հղիությամբ կամ այլ հատուկ հանգամանքներով պայմանավորված, երրորդում՝ մշակութային ավանդույթները կարող են ավելի զորեղ լինել, քան պաշտոնական իրավական նորմերը:
Վաղամուսնություններ կնքելու պատճառները տարբեր են՝ սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, տեղական մշակութային ավանդույթներ, վաղ ամուսնություններ թույլատրող օրենքներ, կրոնական եւ սոցիալական ճնշում, կրոնական կանոններ, ինչպես նաեւ կրթական ցածր ցենզ:
ԱՄՆ-ում չափահասության տարիքը համարվում է 21 տարեկանը, իսկ ամուսնության նվազագույն տարիքը սահմանվում է ամեն նահանգի կամ համայնքի կողմից՝ հաշվի առնելով իրավական, սոցիալական եւ կրոնական նորմերը: Որպես այդպիսին, ոլորտը կարգավորող դաշնային օրենք չկա, սակայն, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում քաղաքացին կարող է առանց ծնողի, հոգաբարձուի կամ խնամակալի թույլտվության ամուսնանալ 18 տարեկանից սկսած (բացառությամբ Նեբրասկայի եւ Միսսիսիպիի, որտեղ նվազագույն թույլատրելի տարիքը համապատասխանաբար 19 եւ 21 տարեկան է):
Սինգապուրում նվազագույն ամուսնության տարիքը 21 տարեկանն է եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց համար: Առանց ծնողների համաձայնության ամուսնանալու համար անհատները պետք է լինեն առնվազն 21 տարեկան:
Այնուամենայնիվ, 18-ից 21 տարեկան անձինք կարող են ամուսնանալ նաեւ ծնողների համաձայնությամբ: Սակայն եթե անհատը 18 տարեկանից ցածր է, ամուսնության համար պահանջվում է իշխանությունների կողմից հատուկ հաստատում, եւ դա սովորաբար չի տրվում, բացառությամբ բացառիկ դեպքերի:
Ըստ ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության օրենսդրական մոնիտորինգի եւ տեղեկատվական բաժնի տվյալների՝ նրանց կողմից ուսումնասիրված երկրների ցանկում առանց բացառությունների ամուսնության օրինական նվազագույն տարիքային շեմը 18 տարեկան սահմանված է միայն Դանիայի Թագավորության եւ Շվեդիայի Թագավորության օրենսդրությամբ:
Վաղամուսնությունները խոչընդոտում են երեխայի մի շարք հիմնարար իրավունքների, առաջին հերթին պարտադիր կրթության իրավունքի իրացմանը: Հայաստանի Հանրապետությունում 12-ամյա կրթությունը պարտադիր է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող 1319 ազգությամբ եզդի աղջիկներից միայն 2023 թ. ընթացքում 171 ը դուրս է եկել կրթական համակարգից: Երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժն առավել ակնհայտ է ավագ դպրոցում. մասնավորապես 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ նկատվում է սովորողների 52,7% չափով նվազում, 11-րդ դասարանում՝ 69,5%, 12-րդ դասարանում՝ 88,2%: Խնդիրը համատարած բնույթ է կրում, անչափահասների ամուսնութունն առկա է ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլ նաեւ ազգությամբ հայերի շրջանում:
2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 30 անչափահասի ամուսնության ակտային գրանցում, իսկ 2023 թվականի ընթացքում՝ 27:
Վաղամուսնությունը կարող է երկարաժամկետ բացասական հետեւանքներ ունենալ՝ ներառյալ սոցիալական մեկուսացումը, ընտանեկան բռնությունը եւ ծննդաբերության հետ կապված բարդությունները՝ պայմանավորված անչափահաս կնոջ թերզարգացած օրգանիզմով: Պատանի առաջնածին կինը մանկաբարձական տեսանկյունից գտնվում է ռիսկի խմբում:
Վաղ հղիությունը եւ ծննդաբերությունն ավելի բարդացած ընթացք են ունենում, դրանք էնդոկրին, ոսկրային, մկանային եւ օրգանիզմի ադապտացման համակարգերի ոչ բավարար զարգացման, օրգանիզմի ֆիզիոլոգիական իմաստով հղիության անպատրաստվածության արդյունք են: Վաղ սեռական կյանքը եւ վաղ հղիությունները, ոչ բավարար գիտելիքները սեռական կյանքի եւ սեռավարակների վերաբերյալ բացասական հետեւանքներ են ունենում կնոջ հետագա գինեկոլոգիական եւ վերարտադրողական առողջության վրա: Առողջապահական տեսանկյունից կարեւոր է գնահատել վաղ ծննդաբերությունների բացասական ազդեցությունները նաեւ մանկան վրա՝ նրա ճիշտ եւ լիարժեք խնամքն ապահովելու նպատակով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը: Հետազոտությունները փաստում են, որ մանկական մահացությունների ցուցանիշներն ավելի բարձր են կրթական ցածր ցենզ ունեցող մայրերի մոտ: Դեռահասը, զրկվելով պարտադիր կրթության իրավունքից, միաժամանակ վտանգում է ոչ միայն իր, այլ նաեւ իր երեխայի առողջությունը:
Հարկ է նաեւ նշել, որ ըստ ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության օրենսդրական մոնիտորինգի եւ տեղեկատվական բաժնի կողմից տրված տեղեկատվության՝ մինչեւ 18 տարին լրացած եւ ամուսնացած մայրերի ծնունդների թիվը ըստ տարիների ունի հետեւյալ պատկերը՝
2018թ. 18
2019թ. 19
2020թ. 13
2021թ. 24
2022թ. 18
2023թ. 22
2018 թվականից 2022 թվականն ընկած ժամանակահատվածում մայրանալու միջին տարիքը 27.3-ից դարձել է 28.7:
Վաղամասնությունները բացասաբար են անդրադառնում անչափահաս կանանց վրա նաեւ սոցիալական տեսանկյունից. խախտվում են նրանց սոցիալական պաշտպանության, պատշաճ կենսամակարդակի, կացարանի եւ սննդի, առողջության պահպանման, սոցիալական ապահովություն հետապնդող իրավունքները: Առաջանում են ֆիզիկական, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ, սոցիալական խնդիրներ՝ սկսած ռիսկային սոցիալական վարքագծից, սոցիալական, առողջապահական ծառայությունների հասանելիության բացակայությունից, սոցիալական մեկուսացումից:
Վերջին տասնամյակում պետական եւ միջազգային կազմակերպությունների կողմից արված ուսումնասիրություններն արձանագրել են, որ երեխաների իրավունքների խախտումներից ամենագլխավորը վաղամուսնությունն է, ինչը կարող է նույնիսկ կործանարար հետեւանքներ ունենալ 2 սեռերի համար:
Ամփոփելով հարկ է նկատել, որ օրենսդրի այն տրամաբանությունը, ըստ որի ՀՀ ընտանեկան օրենսգրքում սահմանվել են ամուսնության տարիքային շեմի առումով բացառություններ՝ վերոնշյալ հիմնավորմամբ պայմանավորված չի կարող արդարացված համարվել:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը:
Բացի այդ, առաջարկվում է ընտանեկան օրենսգրքի 21-րդ հոդվածի «ա» կետը ուժը կորցրած ճանաչել: Ընտանեկան օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, կամ եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաեւ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին անչափահաս ամուսնու համաձայնության բացակայության դեպքում» բառերը: Ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ինչպես նաեւ սահմանված կարգով երեխաների ամուսնանալու,» բառերը:
Հաջորդիվ առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: Քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի «եւ 3-րդ կետերին» բառերը փոխարինել «կետին» բառերով: Քաղաքացիական օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Անչափահասի նկատմամբ հոգաբարձությունն առանց հատուկ որոշման դադարում է նրա տասնութ տարին լրանալիս, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:»:
Առաջարկվող իմպերատիվ կարգավորման նպատակը վաղամուսնությունների բացառումն է, ինչը բնականաբար միայն սույն իրավական ակտերի ընդունմամբ չի կարող իրագործվել եւ պահանջելու է հետեւողական աշխատանք նաեւ իրավակիրառ մարմինների կողմից: Այնուամենայնիվ օրենքով սահմանելով ավելի բարձր տարիքային շեմ՝ էականորեն սահմանափակվում են երեխաների օրինական կերպով ամուսնանալու հնարավորությունները:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ եզդի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ այլ մարմիների հետ համագործակցության արդյունքում:
4. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը
ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
Ամուսնության տարիքային շեմի բարձրացման արդյունքում առավել խիստ մոտեցմամբ պայմանավորված որպես այդպիսին հնարավոր կլինի բացառել վաղամուսնությունները:
Ներկայացվող փոփոխությունները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին առավել արդյունավետ կերպով իրականացնել երեխաների կրթական, առողջապահական պետական վերաբերելի քաղաքականությունը, իսկ վերջնարդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետորեն ապահովել հասուն, գիտակից եւ առողջ քաղաքացու սահմանադրորեն հռչակված ամուսնանալու ազատությունը: