Armenian ARMSCII Armenian
Կ-829-23.04.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 20-րդ հոդվածում՝

1)4-րդ մասը «գաղտնի» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված տեղեկատվության» բառերով:

2)լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքի հիմնադրած, ինչպես նաեւ 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններին առնչվող՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը ոչ գաղտնի է եւ ենթակա է տրամադրման օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Լիցենզավորված անձինք սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունների շրջանակում հարկային մարմնին իրավասու են բացահայտելու նաեւ սպառողներին նույնականացնող տվյալները: Սույն կետով նախատեսված տեղեկատվության ցանկը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: