Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-830-23.04.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8.1-ին հոդվածի 1-ին մասում «տեղեկատվության» բառից հետո լրացնել «եւ ընտրողների ցուցակների» բառերը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ նախադասությունը:

Հոդված 3. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից (ներառյալ արտահերթ ընտրությունների դեպքում) 7 օր առաջ տեղադրվում է համացանցում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության համացանցային կայքերում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների վերջնական ցուցակը՝ որոնման հնարավորությամբ, պետք է պարունակի տեղեկատվություն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան (հայրանունը՝ համապատասխան անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի եւ տեղամասային կենտրոնի հասցեի մասին:»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 4-դ մասը սահմանում է, որ համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինը քվեարկությանը նախորդող իններորդ օրվանից քվեարկության նախորդ օրը ներառյալ ընտրողներին ծանուցում է քվեարկության օրվա, իրենց ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի եւ ժամանակի մասին՝ նպատակ ունենալով իրազեկել ընտրողներին ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության մասին: Միաժամանակ ծանուցման կարգը սահմանելու որոշումը թողնված է լիազոր մարմնին:

Համարելով, որ իրազեկման այդ պահին առկա տարբերակներից անհատական փոստային ծանուցումը ամենաարդյունավետն է՝ լիազոր մարմինը ընտրել էր ընտրողներին իրազեկելու այդ տարբերակը: Այսպիսով, մինչ այժմ ընտրողների ծանուցումները նշված դրույթի շրջանակներում իրականացվել են անհատական թղթային ծանուցմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով: Նշված եղանակով իրազեկումը արդարացված համարելու համար անհրաժեշտ է համոզված լինել, որ ընտրված եղանակը ընտրողներին ընտրության մասին համապատասխան տեղեկությունները տրամադրելու ամենաարդյունավետ եղանակն է: Մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ նման եղանակով իրականացվող ծանուցումներն անարդյունավետ են եւ չեն ծառայում իրենց նպատակին: Մասնավորապես, մեծամասամբ այդ ծանուցումները հետ են ստացվում՝ հասցեատերերի տեղափոխված լինելու հիմքով կամ «Չպահանջված» նշումով: Չնայած դրան՝ հարցումները փաստում են, որ նույնիսկ փաստացի չծանուցված ընտրողները մեծամասամբ, ընտրություններին մասնակցելու նախկին փորձը հաշվի առնելով, գիտեն իրենց ընտրատեղամասը եւ այլ մանրամասներ կամ համապատասխան տեղեկատվությունը փնտրում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Այսինքն՝ ընտրողների ցուցակները եւ ընտրությունների մասին այլ տեղեկատվությունը հասանելի դարձնելու ձեւաչափի փոփոխությունը չի կարող էականորեն ազդել ընտրություններին մասնակցության վրա, ընդհակառակը՝ գործող կարգի փոփոխությունը կնպաստի տեղեկատվության առավել մատչելիությանը եւ թափանցիկությանը:

Արդյունքում, փոստային եղանակով ծանուցումներ ուղարկելը փաստացի չի նպաստում ընտրողների՝ իրենց ընտրական իրավունքների եւ ընտրության անցկացման մանրամասների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը կամ ընտրողների՝ ընտրական գործընթացին առավել ակտիվ կերպով ներգրավմանը: Վարչարարությունը պարզեցնելու ու ավելի թափանցիկ դարձնելու տեսանկյունից ժամանակակից պայմաններում առավել նպատակահարմար է օգտագործել ընտրողներին իրազեկելու այլ միջոցներ:

Որպես այլընտրանք մի շարք երկրներում (ԱՄՆ մի շարք նահանգներ, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ եւ այլն) տարածված է էլեկտրոնային տարբեր միջոցների համակցությամբ ընտրողներին ծանուցելու կամ ընդհանրապես չծանուցելու եւ այլ միջոցներով համապատասխան տեղեկատվությունը հասանելի դարձնելու պրակտիկան: Միջազգային փորձը փաստում է, որ ժամանակակից իրականության պայմաններում փոստային առաքումներով ծանուցումները տարածված չեն եւ արդյունավետ միջոց չեն համարվում, քանի որ հաճախ առձեռն փոստային առաքումները անհնարին են կամ հուսալի չեն:

Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայի 25-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու ընտրություններին մասնակցություն ունենալու իրավունքը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հոդված 25-ի վերաբերյալ հրապարակած ընդհանուր մեկնաբանություններում սահմանում է, որ պետությունները պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարողանան օգտվել այդ իրավունքից: Պետության կողմից ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց ընտրելու իրավունքից օգտվելը ապահովելու հստակ կարգ սահմանված չէ եւ բացակայում է պարտադիր պահանջը, որ իրավունքի ապահովման արդյունավետ միջոցները պետք է ներառեն անհատական կարգով թղթային ծանուցումներ ուղարկելը: Այսպիսով, ներպետական օրենսդրությամբ փոստային եղանակով թղթային անհատական ծանուցումներ ուղարկելու կարգը իրազեկման այլ եղանակով փոխարինելը չի կարող հանդիսանալ խոչընդոտ ընտրական իրավունքի արդյունավետ իրացման համար եւ չի կարող խաթարել ընտրելու իրավունքի բուն էությունը:

Հաշվի առնելով վերոգրյալ խնդիրները եւ նպատակ ունենալով երաշխավորել ընտրողների ցուցակների հասանելիությունը եւ ընտրական ամբողջ գործընթացի թափանցիկությունը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ նախատեսելով ընտրողների ցուցակները եւ համապատասխան տեղեկությունները հրապարակելը եւ հանրամատչելի դարձնելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքի միջոցով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքում ցուցակների հրապարակումը նպատակահարմար է նաեւ հաշվի առնելով կայքի օգտագործման արդեն իսկ առկա փորձառությունը: Մասնավորապես՝ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակվում են կայքում, ինչպես նաեւ կայքում առկա է որոնման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անձնական տվյալները հավաքելու արդյունքում տեղեկություն ստանալ անձի ընտրատեղամասի մասին: Ընտրություններից առաջ ընտրողների ցուցակները նույն կայքում հրապարակելը գործընթացը առավել թափանցիկ եւ մատչելի դարձնելու լրացուցիչ երաշխիք է:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի միջոցով մինչեւ քվեարկությունը ընտրողների ցուցակի տեղադրում, որում պետք է պարունակվի տեղեկատվություն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան (hայրանունը` համապատասխան անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի մասին՝ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը երաշխավորելու նպատակով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին, այդ թվում՝ ընտրատեղամասին, որտեղ պետք է քվեարկեն՝ առավել արդյունավետ կերպով ապահովելով ընտրողների՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի իրացումը:

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարել փոփոխություններ այլ իրավական ակտերում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծի ընդունումը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:


ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների փոփոխություններ չեն նախատեսվում, իսկ ծախսերի մասով նախատեսվում է նվազում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն