Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8353-26.04.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի 27-րդ հոդվածը լրացնել 9-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«9. Կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող այն ավտոբուսների եւ միկրոավտոբուսների, որոնցում տեսահսկման սարքերով կահավորումը նախատեսված է տվյալ տրանսպորտային միջոցի գործարանային տեխնիկական բնութագրով, ուղեսրահները պետք է ապահովված լինեն անընդմեջ եւ բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը եւ  ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ: Պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը նշված պարտադիր տեսահսկման համակարգերին: Ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահում պետք է փակցված լինի «Ուղեսրահը տեսագրվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություն:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

2. Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասնութամսյա ժամկետում:

3. Օպերատորները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հասանելիության տրամադրումը սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահներում տեղադրված տեսանկարահանող սարքերին: