Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8341-26.04.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61-63-րդ կետերով՝

61) բաժանորդային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին եւ դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը եւ նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, համացանցն օգտագործողի կամ բաժանորդի նույնականացման տվյալները, հաղորդակցման ընթացքում օգտագործվող սարքավորումների նույնականացման համարը, հեռախոսահամարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, համացանցային հեռախոսազանգն ստացողի անհատականացման տվյալները.

62) փոխանցվող տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում՝ բաժանորդի եւ օգտագործողի մուտքային եւ ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու եւ ավարտելու ժամանակը, վայրը, համացանցային հաղորդակցության, այդ թվում՝ համացանցային հեռախոսային հաղորդակցության եւ համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային եւ ելքային զանգերը, համացանցին միանալու եւ համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տեւողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները,

63) բովանդակային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում՝ հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային եւ այլ հաղորդագրության բովանդակությունը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, համացանցային հաղորդակցության, այդ թվում՝ համացանցային հեռախոսային հաղորդակցության եւ համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը:»:

Հոդված 2. 209-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 232-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամբ կարող են պահանջվել նաեւ բաժանորդային տվյալները:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1.  Բացառապես դատարանի որոշմամբ կարող են պահանջվել փոխանցվող տվյալները:».

3) 4-րդ մասում «Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված» բառերը փոխարինել «Հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին եւ դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը եւ նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 234-րդ հոդվածը լրացնելը հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Եթե բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են էլեկտրոնային սարքեր կամ կրիչներ, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում, ապա դրանցում պարունակվող թվային տվյալների որոնումը կարող է կատարվել միայն թվային խուզարկություն կատարելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու եւ միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի որոշմամբ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 236-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ կարող են պահեստավորված լինել համակարգչային մեկ այլ համակարգում,  որ այդ տվյալների նկատմամբ հասանելիություն հնարավոր է ձեռք բերել սկզբնական համակարգչային համակարգից, եւ որ հապաղումը կարող է հանգեցնել վարույթի համար նշանակություն ունեցող տվյալների կորստի կամ ոչնչացման, ապա թվային խուզարկությունը կարող է տարածվել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համակարգչային այդ համակարգի նկատմամբ»:

Հոդված 6. Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«2. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են բովանդակային տվյալները:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն