Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին կետը «դրամական միջոցները,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվները,» բառով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 143.1-րդ հոդվածով.
«Հոդված 143.1. Կրիպտոակտիվը
1. Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, եւ որը կարող է փոխանցվել եւ պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով:
2. Սույն հոդվածի իմաստով ապակենտրոնացված գրանցամատյանը էլեկտրոնային գրանցամատյան է, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները եւ դրանց մասին տվյալները, եւ որը սինխրոնիզացվում է եւ պահպանվելուն զուգընթաց հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի ներսում՝ կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ:
3. Սույն հոդվածի իմաստով փոխհամաձայնության մեխանիզմը կանոնների եւ գործընթացների ամբողջություն է, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման եւ գրանցման պայմանների վերաբերյալ:
4. Սույն հոդվածի իմաստով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցը սարքավորումների կամ գործընթացների ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակի պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները եւ դրանց մասին տվյալները:
5. Օրենքի խախտմամբ, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումը առոչինչ է:»:
Հոդված 3. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Անձը կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում՝
1) ապակենտրոնացված գրանցամատյանում դրա կանոնների համաձայն կրիպտոակտիվ ստացող անձի հասցեում գրանցման պահից, եթե կրիպտոակտիվ ստացող անձը կամ նրա կողմից նշված անձն օրինական տիրապետում է կրիպտոակտիվին հասանելիություն ապահովող միջոցը.
2) օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվի պահառուի մոտ կրիպտոակտիվը ստացող անձի անունով գրանցման պահից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 470-րդ հոդվածի 2-րդ մասում «արժեթղթերի» բառից հետո լրացնել «,կրիպտոակտիվների» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 589-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք): Սույն կետի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առոչինչ է:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում